Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում ներկա գտնվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 89-րդ համաժողովին և Միության 110-ամյակին նվիրված միջոցառումներին:
Համաժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ՀԲԸՄ անդամներին։
«Հայրապետական սիրով ողջունում ենք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյա հոբելյանի հանդիսավոր միջոցառման մասնակիցներիդ և բերում Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Ուրախություն է Հայոց Հայրապետիս համար վերստին գնահատանքի խոսքով անդրադառնալ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ավելի քան մեկդարյա գործունեությանը, որը բարեզարդված է ազգաշահ ու եկեղեցանվեր արգասալի իրագործումներով: Միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի և երախտարժան անդամների նվիրումով ու ջանքերով զորացած ազգային այս հաստատությունն իր բարեգործություններն է սփռել հանուր հայ կյանքում և այսօր հավատարիմ իր կոչմանը` շարունակում է կարևոր իր առաքելությունը` 110-ամյա մեծ վաստակով:
Բարեգործականը միշտ եղել է ազգային մեր կյանքի հրամայականների կենտրոնում, ընդառաջ ելել ժամանակի պահանջներին` աշխարհի բոլոր կողմերում հաստատված իր կառույցների միջոցով սատարելով մեր ժողովրդի զավակներին, ծառայելով ի սփյուռս աշխարհի հայության համախմբմանը, նվիրվելով նոր սերնդի կրթությանը, հոգալով ազգային ու եկեղեցական մեր կյանքի շենացման համար: Իր գործունեությունը ծավալելով հիմնականում սփյուռքում, Բարեգործականը միշտ եղել է Մայր հայրենիքի կողքին, սատարել մեր Եկեղեցում միության վերահաստատմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջանքերին և զորավիգ եղել ու նպաստել նրա առաքելության արգասավորմանը: Խորհրդային տարիներին Հայկական Բարեգործականը՝ հատկապես ի դեմս երախտարժան նախագահ հոգելույս Ալեք Մանուկյանի, ջանացել է արթուն պահել կապը հայրենիքի և Սուրբ Էջմիածնի հետ: Անկախ պետականության վերականգնումից հետո նրա արժանավոր, մեծազնիվ դստեր՝ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի նախագահության շրջանում Միության կողմից ամեն ջանք գործադրվեց մեծ դժվարությունների առջև կանգնած մեր երկրին ու հայրենաբնակ մեր ժողովրդին աջակցելու համար: Բարօր ու ապահով հայրենիքի տեսիլքով Բարեգործականը մեծ աջակցություն է բերել Հայաստանի և Արցախի զորացմանն ու առաջընթացին, գնահատելի ավանդ՝ առողջապահական, կրթական, մշակութային, երիտասարդական ծավալուն ծրագրերի հովանավորության գործում: Ազգային և հայրենական մեր կյանքին Միությունն այսօր բարի արդյունքներ է պարգևում քաջեռանդ նախագահությամբ հարգարժան տիար Պերճ Սեդրակյանի: Մեր Եկեղեցու բարեպաշտ, եկեղեցասեր ու ազգասեր զավակին ճանաչում ենք որպես Բարեգործականի առաքելության նվիրյալի, որ տարիներ ի վեր իր ավանդն ու ջանքերն է բերում Բարեգործականի առաքելության արդյունավորմանը:
Մենք ուրախությամբ ենք հաստատում, որ Մեր հոգևոր ծառայության ընթացքին ի մոտո ծանոթ ենք եղել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գործունեությանը: Արարատյան Հայրապետական թեմի փոխառաջնորդության տարիներին լինելով Կենտրոնական վարչության անդամ` Մենք ականատես ենք եղել Միության անխոնջ մշակների նախանձախնդիր գործունեությանը, ազգային հոգսերին արձագանքելու պատրաստակամությանն ու նվիրումին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազում ձեռնարկներ, հատկապես կրթական և խնամատար նախաձեռնություններ, իրականացվել են Բարեգործական Ընդհանուր Միության աջակցության, նրա անդամների սիրահոժար հանձնառությունների շնորհիվ: Մենք բազմիցս առիթն ու ուրախությունն ենք ունեցել Հայրապետական Մեր կոնդակներով բարձրորեն գնահատելու Միության նվիրյալ անդամների և աշխատակիցների ազնիվ ավանդն ու կորովի ծառայությունները մեր ազգային և եկեղեցական անդաստանում:
Բարեգործականի սիրելի նվիրյալներ, այսօր նույնպես հայրենիքն զգում է իր զավակների աջակցության կարիքը: Ապրիլյան դեպքերը վկայեցին մեր բանակի բարձր ոգին ու քաջությունը, բայց նաև ի հայտ բերեցին հայրենի մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման հրամայականը: Անհրաժեշտ է, որ զորավիգ լինենք մեր հայրենյաց պաշտպաններին, ովքեր անառիկ կանգնած են Հայաստանի և Արցախի սահմաններում, օժանդակենք մեր բանակի զորացմանը, ձեռք մեկնենք բժշկական աջակցության և այլ կարիքներ ունեցող զինվորներին ու սպաներին: Ամեն կարելիություն շարունակեք բերել մեր հայրենիքում առկա դժվարությունների հաղթահարման և մեր երկրի հզորացման գործին: Ազգային մեր կյանքում ծառացող բոլոր հրամայականներին դիմակայելու համար, սիրելիներ, արթուն պիտի պահենք բարեգործության ոգին:
Աստծո շնորհն ու օրհնությունն ենք հայցում ձեր կյանքին ու գործերին: Աղոթում ենք, որ Տերը առատապես օրհնի առաքելությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և խաղաղ երկնքի ներքո բարօրություն պարգևի մեր ժողովրդին, բարգավաճում` մեր հայրենիքին և հավետ պայծառություն` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն:
«Աստուած յուսոյ լի արասցէ զձեզ ամենայն խնդութեամբ և խաղաղութեամբ, առաւելուլ Ձեզ յուսով` զօրութեամբ Հոգւոյն Սրբոյ» (Հռոմ. 15:13). ամեն», – ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։
Այս առիթով Նորին Սրբությունը «Ասպետ Ս․ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան շնորհեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին՝ ազգին մատուցած աստվածահաճո ծառայությունների և Ս․ Էջմիածնի պայծառությանը բերած բացառիկ ավանդի համար։
Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթել է, որ Բարձրյալ Տերը հանապազ օրհնությամբ միշտ զորակից և ապավեն լինի տիար Պերճ Սեդրակյանին և Սեդրակյան ազգասեր և եկեղեցանվեր բարեգործ ընտանիքին։