Մի քրիստոնյա տեսիլք է տեսնում, թե հրեշտակների կերպարանքով դևեր են մոտենում ու ասում.
-Բարձրացիր առջևդ գտնվող դեպի ամպերը ձգվող այս ապակե շենքի վերին հարկը և կգտնես այն, ինչ փնտրում ես…
Քրիստոնյան ապակեպատ վերելակով արագորեն ընթանում է դեպի վերին հարկերը, սակայն, հասնելով հսկայական բարձրության, վերելակի պարանը կտրվում է, և այն մեծ արագությամբ սլանում է դեպի ցած: Մարդը օգնություն փնտրող հայացքով նայում է չորս կողմը և տեսնում իր առջև հեռվում լույսի մեջ Հիսուսին: Փրկություն աղերսող հայացքով նայում է Աստծուն, բայց որևէ պատասխան չկա.., իսկ վերելակն ավելի մեծ արագություն հավաքելով ներքև է սլանում: Մահվան, երկյուղի, ցած սլացող վերելակի արագությունը ամբողջովին համակում է մարդուն: Նա կրկին նայում է Հիսուսին, բայց Հիսուս լուռ է… և քրիստոնյան ասում է.
-Թող քո կամքը լինի, եթե կամենում ես, որ այսպես լինի…
Վերելակն արդեն մոտենում է առաջին հարկին, իսկ մարդը` գլուխը խոնարհած, խաղաղությամբ սպասում է…: Սակայն վերելակի ընթացքը սկսում է դանդաղել, այն մի պահ կանգնում է, այնուհետև դանդաղորեն սկսում է վեր բարձրանալ: Մարդը նայում է դեպի լույսը, Հիսուս ժպտում է, իսկ վերելակը շարունակում մեղմորեն վեր բարձրանալ…
Կատարյալ վստահությունն առ Աստված կյանք է և խաղաղություն… Աստված մարդու համար միշտ բարին է կամենում…
Հովհանննես սարկավագ Մանուկյան