Այսպես է կոչվում Եկեղեցու պաշտոնյաների նվիրական, այսինքն՝ սրբազան իշխանությունը, որը շնորհվում է ի վերուստ՝ ձեռնադրության եւ օծման միջոցով:
Վաղ Եկեղեցու նվիրապետությունը հիմնականում ունեցել է երեք աստիճան՝ սարկավագություն, քահանայություն եւ եպիսկոպոսություն: Ժամանակի ընթացքում նվիրապետական աստիճանները շատացել են, եւ ձեւավորվել է առավել բարդ աստիճանակարգության: Հայ Եկեղեցու նվիրապետությունը, հրեշտակների 9 դասերի նմանությամբ, ունի 9 աստիճան՝ դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն, կաթողիկոսություն: Սակայն այսօր այս դասակարգումը փաստորեն պայմանական բնույթ է կրում, քանի որ առաջին 4 աստիճանները տրվում են միանգամից՝ ի դեմս դպիրի, իսկ հաջորդ՝ կիսասարկավագության եւ սարկավագության աստիճանները շնորհվում են գրեթե միաժամանակ: Փոխարենը առաջացել է ուրարակրի աստիճանը, որով դպիրի դերը մոտենում է սարկավագին: Իսկ բարձր հոգեւոր դասերում զանազանվում են առավել գերակա տիտղոսակիրներ՝ ըստ վարչական պատասխանատվության կամ վաստակի, ինչպիսիք են ավագ քահանան եւ արքեպիսկոպոսը, որոնք նվիրապետական աստիճաններ չեն, սակայն կարեւոր գործառույթներ ունեն Եկեղեցու կյանքում: Հայ Եկեղեցու նվիրապետության բարձրագույն աստիճանը եպիսկոպոսապետն է կամ կաթողիկոսը: Եպիսկոպոսապետի կամ հայրապետի դեր են կատարում նաեւ պատրիարքները՝ իբրեւ տվյալ աթոռի նվիրապետներ, սակայն պատրիարքությունը նվիրապետական աստիճան չի համարվում:
Ըստ հոգեւոր կոչման՝ քահանաների մեջ առավել պատվավոր դիրք են գրավում կուսակրոն քահանաները՝ աբեղաները, իսկ վերջիններիս մեջ՝ վարդապետները, որոնցից ոմանց, իրենց վաստակից կախված, շնորհվում է ավելի պատվավոր՝ ծայրագույն վարդապետի տիտղոսը:
Այսուհանդերձ, ըստ բուն հոգեւոր նշանակության, Եկեղեցու նվիրապետության հիմնական աստիճաններն են մնում սարկավագությունը, քահանայությունը եւ եպիսկոպոսությունը, որոնք ներկայացնում են հոգեւոր սպասավորության ամբողջությունը՝ ապահովելով շնորհի փոխանցումը ժողովրդին եւ նրա հաղորդակցությունը երկնային բարիքների հետ:
Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան: