Աստծո և ազգի կամոք 1999 թվականին ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում Լուսավորչի աթոռի 132-րդ գահակալ է ընտրվում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը` Բարձրյալ Աստծուն անմնացորդ ծառայելու հավատարմության ուխտով ստանձնում հոգևոր առաջնորդի պատասխանատու
առաքելությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության տարիները լեցուն են եկեղեցաշեն ձեռքբերումներով ու հաջողություններով, որոնք շարունակությունն են մեր լուսավոր նախնյաց սուրբ գործի: Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց Հայրապետը Տիրոջ անսահման սերն է բաշխում բյուրա
վոր հայ զավակներին, քանզի Աստված սեր է և կյանք, կյանք և փրկություն, որի մարմնավորումը եղավ Գարեգին Բ Հայրապետը մեր ազգի համար:
Եթե Վեհափառ Հայրապետի գահակալության տարիները ձեռքբերումներով ու հաջողություններով մեր աչքի առաջ են, ապա դպրոցական ու ճեմարանական տարիների մասին տեղեկանում ենք արդեն խունացած նկարներից ու մեկ էլ ընկերների պատմածներից, որոնց միջոցով ճանաչում ենք Կտրիճ անունով «խելացի, անվախ ու հավատարիմ ընկերոջը»:
Ալբերտ Աբգարյանն ու Մանվել Մանուկյանը դասընկերներ են եղել: Գյուղի հոգսաշատ առօրյան թույլ չի տալիս, որ երբեմնի մտերիմ ընկերներն հաճախ հանդիպեն: Սակայն, երբ առիթն ընձեռվում է, նրանց զրույցը, մանկության ու պատանեկության թանկ հիշողություններով, ձգվում է մինչեւ ուշ երեկո: Հիշում են խաղողի անծայր այգիները, ուր ընկերներով մտնում էին ու «կորում», Զանգուն` ձկների խիտ վտառներով եւ, իհարկե, իրենց մյուս ընկերոջը, ում շուրջն են հյուսվում մանկական չարաճճի պատմությունները: «Մեր երրորդ ընկերը` այսօրվա Վեհափառ Հայրապետն է»: Սա առանձնակի պարծանքով է հնչում նրանց շուրթերից: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ծնվել է Էջմիածնի Ոսկեհատ գյուղում 1951 թվականի օգոստոսի 21-ին: Ալբերտի եւ Մանվելի հետ Վեհափառ Հայրապետը նույն դպրոցում է սովորել, որը նախկինում բավական շուքով է եղել, իսկ այսօր ծառայում է գյուղացիներին որպես կացարան: Նորին Սուրբ Օծության հայրական տունը դպրոցին մոտ է եղել, ընդամենը մի այգի է բաժանել դպրոցը տնից: Ընկերները պատմում են, որ հաճախ են դասերից հետո այդտեղ հավաքվել, խաղացել ու հաց կերել:
-Լավ էին ընդունում և ազատ էինք զգում մեզ այնտեղ: Բարի մայր ուներ Վեհափառ Հայրապետը: Հիմա, երբ մտորում եմ, թե հատկապես ինչն էր մեզ ձգում, հասկանում եմ, որ դա ընտանեկան ջերմությունն էր,-պատմում է Մանվել Մանուկյանը, ով արդեն երկար տարիներ գյուղի դպրոցի տնօրենն է:
Վեհամոր` Խաթուն մայրիկի բարության եւ պատրաստած համեղ կերակուրների մասին հիշում են նաեւ ճեմարանական տարիների ընկերները:
Տ. Արտակ ավագ քահանա Սիմոնյանը, ով այժմ ծառայում է Էջմիածնի Շողակաթ եկեղեցում, պատմում է.
-Ճեմարանական ընկերներով որ ժամին գնայինք, անպայման Խաթուն մայրիկի յուրահատուկ համեղ ճաշերը պիտի ուտեինք: Յուրահատուկ էին նաև նրա խոսքն ու օրհությունը: Տարբերություն չէր դնում այդ պահին իր զավակն է, թե մեկ ուրիշը, բոլորը հավասար էին, բոլորի համար հոգ էր տանում և լավագույն, համեղ բաներն էր բերում հյուրասիրելու:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանում սովորելու ժամանակ, իսկ դա եղել է 1966-ից 1971 թվականներին, սաները, որպես ուխտավորներ գնում էին Հայաստանի պատմական եկեղեցիներ աղոթելու: Տ.Արտակը պատմում է Հաղարծնում տեղի ունեցած մի դեպքի մասին.
-Հիացած Հաղարծնով խոսում էինք մեր խնկաբյուր եկեղեցիների մասին: Ես ասացի` երազանքս է մի օր նորոգել այս եկեղեցին ու ծառայել հենց այստեղ, ի պատասխան և ի զարմանս ինձ Կտրիճն ասաց`գիտես, ես կուզեի ամբողջ Հայաստանի եկեղեցիները նորոգել ու շենացնել:
Կտրիճ սարկավագի` Հայաստանյայց հնամենի եկեղեցիները նորոգված տեսնելու լուսավոր երազանքը իրականություն է դառնում սեփական նախաձեռնությամբ ու օրհնությամբ: 1972 թվականին, ձեռնադրվելով կուսակրոն քահանա, Գարեգին աբեղան Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Ա տնօրինությամբ մեկնում է Բոնն, ապա Վիեննա աստվածաբանական ուսումը շարունակելու: 1979 թ. վերադառնում է Մայր Աթոռ եւ Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ այս անգամ մեկնում Զագորսկ` ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում:Գարեգին աբեղա Ներսիսյանն իր աշխատասիրության, նվիրյալ հոգևորականի կերպարով վայելում էր Վազգեն Ա Հայրապետի սերն ու վստահությունը: «Վազգեն Առաջինը որդու նման սիրում ու գուրգուրում էր Տ. Գարեգին աբեղա Ներսիսյանին»,- պատմում է Տ. Արտակ ավագ քահանա Սիմոնյանը: Եւ պատահական չէ, որ արտասահմանյան ուսումնառությունից վերադառնալուց անմիջապես հետո, 1980 թվականին Վազգեն Ա նրան նշանակում է Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդի օգնական, իսկ 3 տարի անց` փոխանորդ: Նույն տարում, 1983 թվականին Գարեգին վարդապետ Ներսիսյանը ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ 1992 թ.-ին ստանում արքության պատիվ եւ տիտղոս:
Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի Արարատյան Հայրապետական թեմում պաշտոնավարության 16 տարիները համընկան հայ ժողովրդի ամենածանր շրջանի հետ` երկրաշարժ, Խորհրդային Միության փլուզում, արցախյան պատերազմ….եւ ազգային վերազարթոնք: Այս ծանր տարիներին Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ կառուցվում ու նորոգվում են եկեղեցիներ, կյանքի է կոչվում Սեւանի Վազգենյան դպրանոցը, Երեւանում բացվում են 3 հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ սկսում են հոգեւոր ու գեղագիտական կրթություն ստանալ: Հայորդյաց տներին կից բացվում են բարեգործական ճաշարաններ, ստեղծվում են եկեղեցասիրաց միություններ, աշխատանքն է սկսում է Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնը: Եկեղեցու պայծառացմանն ուղղված ջանքերը նույն եռանդով ու նվիրումով շարունակվում են, երբ Գարեգին արքեպիկոպոսը 1999 թվականին ընտրվում է Ամենայն հայոց հայրապետ:
Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին Հայոց Եկեղեցին զարթոնք ապրեց, կառուցվեցին ու վերաօծվեցին Հայաստանում և սփյուռքում հարյուրից ավելի եկեղեցիներ, հոգևոր անդաստանը համալարվեց իմաստուն ու ազնիվ նոր հոգևորականներով, վերականգվեց վանական կյանքը Հայոց աշխարհում, ամրապնդվեցին միջեկեղեցական հարաբերությունները, բարեզարդվեց ու ընդարձակվեց Մայր Աթոռի տարածքը, նոր հզորությամբ սկսեց աշխատել Ս.Էջմիածնի տպագրատունը, որն այսօր իր հրատարակած կրոնական ու պատմական գրքերի որակով ու քանակով առաջիններից է հանրապետությունում:
Բազում գործերով ու հանդիպումներով լեցուն օրերի մեջ Նորին Սուրբ Օծության համար հանգիստ չկա: «Դա լինում է միայն այն պահերին,- ասում է Վեհափառ Հայրապետը: Երբ գտնվում եմ աղոթական վիճակում, երբ ամբողջությամբ կտրվում եմ բոլոր հոգսերից ու գործերից»:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը շարունակում է մեր սուրբ հայրերի գործը, նախանձախնդրորեն և սրբորեն պահում Հայրապետական իր ուխտը և աշխարհասփյուռ միլիոնավոր հայությանն առաջնորդում մեր Սուրբ Եկեղեցու դավանության և աստվածպաշտության կանոններին համաձայն:
Այսօր, սակայն, ամենակուլ վտանգներով լի խռովահույզ օրեր է ապրում հայ ժողովուրդը: Զավակներից ոմանք իրենց ըմբոստ կեցվածքով, հայ քրիստոնյային անվայել ու անհարիր պահվածք են դրսևորում Եկեղեցու նկատմամբ, լուտանքներ թափում ոչ միայն Եկեղեցու, այլև Հայոց Հայրապետի հասցեին: Սակայն շատ շուտ պատռվում է կեղծ եկեղեցասերների ու ազգասերների դիմակը, որի տակ թաքնված էր «անառակ որդու» ներաշխարհով, անձնական շահը ազգային ու բարոյական արժեքներից առավել գերադասող մի խումբ մարդկանց իրական դեմքը:
Չհուսալքվեց Հայոց Հայրապետը, անվրդով մնաց իր առաքելության մեջ, որը սիրելն ու ներելն է, ներելն ու խրատելը: Նա հայրաբար ասում է.
–Մեր ազգի, ինչպես նաև ողջ մարդկության հարատևության գրավականը սերն է առ Աստված, հայրենիքը և եկեղեցին:Հենց դրա մեջ է մարդու արժեքը:Սակայն սրան զուգահեռ ես կցանկանայի հայորդիների մեջ տեսնել նախանձախնդրություն և պատասխանատվության գիտակցում կյանքում իրենց արարքի, կոչումի և որդեգրած առաքելության հանդեպ, որովհետև միայն այդպես մեր ազգը կարող է ապրել բարգավաճ, ազատ և լուսավոր:
Այսպիսին է մեր հոգևոր առաջնորդը`լայնախոհ, իմաստուն և խաղաղարար:
Այսօր, օգոստոսի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է:
Նորին Սուրբ Օծությանը ջերմորեն շնորհավորում ենք, մեր որդիական սերն ու խոնարհումն են բերում Վեհափառ Հայրապետին` մաղթում արևշատություն և ինչպես Հայրապետական մաղթերգում է ասվում. «Ով Աստված, երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց հոր»: