1 ԻՍՐԱՅԷԼԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ
1 Տէրը Սինայի անապատում, վկայութեան խորանում, Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի առաջին օրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Մէկ առ մէկ հաշուառման ենթարկեցէք իսրայէլացի ամբողջ ժողովրդին ըստ ազգատոհմերի, ըստ նահապետների տների: 3 Դու եւ Ահարոնը հաշուառման կ՚ենթարկէք քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց, որոնք կարող են զէնք վերցնել Իսրայէլի բանակի համար: 4 Ձեզ հետ ամէն մի ցեղից՝ նահապետների ընտանիքներից մէկական իշխան թող լինի:
5 Սրանք են այն մարդկանց անունները, որոնք պիտի ներկայանան ձեզ. 6 Ռուբէնի ցեղից՝ Սադիուրի որդի Եղիսուրը, 7 Շմաւոնի ցեղից՝ Սուրիսադայի որդի Սաղամիէլը, 8 Յուդայի ցեղից՝ Ամինադաբի որդի Նաասոնը, 9 Իսաքարի ցեղից՝ Սոգարի որդի Նաթանայէլը, 10 Զաբուղոնի ցեղից՝ Քելոնի որդի Եղիաբը, 11 Յովսէփի որդիներից Եփրեմի ցեղից՝ Եմիուդի որդի Եղիսաման, Մանասէի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիէլը, 12 Բենիամինի ցեղից՝ Գեդէոնի որդի Աբիդանը, 13 Դանի ցեղից՝ Միսադանի որդի Աքիեզերը, 14 Ասերի ցեղից՝ Եքրանի որդի Փագիէլը, 15 Գադի ցեղից՝ Ռագուէլի որդի Եղիսափանը, 16 Նեփթաղիմի ցեղից՝ Ենանի որդի Աքիրէն»:
17 Սրանք են իսրայէլացի նահապետների ցեղերի իշխանները, հազարապետները: 18 Մովսէսն ու Ահարոնը վերցրին յականէ յանուանէ թուարկուած այս այրերին եւ երկրորդ տարուայ երկրորդ ամսի առաջին օրը հաւաքելով ամբողջ ժողովրդին՝ հաշուառման ենթարկեցին ըստ իրենց ցեղերի, ըստ նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ՝ քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց: 19 Ինչպէս որ Տէրը հրամայել էր Մովսէսին, հաշուառման ենթարկեցին մարդկանց Սինայի անապատում:
20 Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 21 կազմեց քառասունվեց հազար հինգ հարիւր հոգի: 22 Շմաւոնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 23 կազմեց յիսունինը հազար երեք հարիւր հոգի:
24 Յուդայի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 25 կազմեց եօթանասունչորս հազար վեց հարիւր հոգի: 26 Իսաքարի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 27 կազմեց յիսունչորս հազար չորս հարիւր հոգի:
28 Զաբուղոնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 29 կազմեց յիսունեօթը հազար չորս հարիւր հոգի: 30 Յովսէփի որդիներից Եփրեմի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 31 կազմեց քառասուն հազար հինգ հարիւր հոգի:
32 Մանասէի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 33 կազմեց երեսուներկու հազար երեք հարիւր հոգի:
34 Բենիամինի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 35 կազմեց երեսունհինգ հազար չորս հարիւր հոգի:
36 Գադի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 37 կազմեց քառասունհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի: 38 Դանի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 39 կազմեց վաթսուներկու հազար եօթը հարիւր հոգի: 40 Ասերի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 41 կազմեց քառասունմէկ հազար հինգ հարիւր հոգի:
42 Նեփթաղիմի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 43 կազմեց յիսուներեք հազար չորս հարիւր հոգի:
44 Ահա այս է աշխարհագիրը, որ կատարեցին Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի տասներկու իշխանները, որոնցից ամէն մէկը մի ցեղից էր՝ իրենց նահապետների ընտանիքներից՝ ըստ ցեղերի: 45 Կատարուեց քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ իսրայէլացիների մարդահամարը207: 46 Հաշուառման ենթարկուածների ընդհանուր թիւը կազմեց վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի: 47 Ղեւտացիների ցեղին պատկանողները, սակայն, իսրայէլացիների հետ հաշուառման չենթարկուեցին:
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
48 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 49 «Տե՛ս, մարդահամար կատարելիս Ղեւիի ցեղը հաշուառման չենթարկես, նրանց թիւը իսրայէլացիների վրայ չգումարես: 50 Ղեւտացիներին կը նշանակես վկայութեան խորանի սպասարկութեան վերակացու, նրա սպասքի եւ այն ամէնի վերակացու, ինչ գտնւում է դրա մէջ: Նրանք կը բարձեն խորանն ու նրա ամբողջ կահկարասին, հոգեւոր սպասարկութիւն կ՚անեն նրա մէջ եւ կը բնակուեն խորանի շուրջը: 51 Խորանը տեղափոխելիս այն կը քանդեն ղեւտացիները, խորանը տեղաւորելիս այն կը կանգնեցնեն ղեւտացիները: Եթէ մի այլազգի մօտենայ դրան, թող մեռնի:
52 Իսրայէլացիներից իւրաքանչիւրն իր զօրքով թող վրան խփի ըստ իր ցեղի, ըստ նահապետների կարգի: 53 Ղեւտացիները վրանները թող խփեն վկայութեան խորանի շուրջը, Տիրոջ դիմաց, միւս իսրայէլացիները չդիպչեն վրանին, որպէսզի մեղք գործած չլինեն: Վկայութեան խորանի պահպանութիւնը թող ղեւտացինե՛րը յանձն առնեն»:
54 Եւ իսրայէլացիներն արեցին այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին:
2 ՑԵՂԵՐԻՆ ՏՐՈՒԱԾ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԻՋԵՒԱՆՈՒՄ
1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2 «Ամէն մէկը թող գնայ իր գնդի դրօշակի ետեւից, ըստ իր նահապետական տների: Իսրայէլացիներից իւրաքանչիւրը թող բանակատեղի հաստատի ըստ իր բանակի:
3 Արեւելեան կողմում առաջինը թող Յուդայի ցե՛ղը բանակատեղի հաստատի իր զօրքով: Յուդայի ցեղի գնդի հրամանատարը Ամինադաբի որդի Նաասոնն է: 4 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է եօթանասունչորս հազար վեց հարիւր հոգուց: 5 Նրանցից յետոյ թող բանակատեղի հաստատի Իսաքարի ցեղը: Իսաքարի ցեղի գնդի հրամանատարը Սոգարի որդի Նաթանայէլն է: 6 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունչորս հազար չորս հարիւր հոգուց: 7 Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Զաբուղոնի ցեղը: Զաբուղոնի ցեղի գնդի հրամանատարը Քելոնի որդի Եղիաբն է: 8 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունեօթը հազար չորս հարիւր հոգուց: 9 Յուդայի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր ութսունվեց հազար չորս հարիւր հոգուց: Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող առաջինը գնան:
10 Ռուբէնի ցեղի գունդն ու զօրքը հարաւային կողմում թող լինեն: Ռուբէնի ցեղի գնդի հրամանատարը Սադիուրի որդի Եղիսուրն է: 11 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունվեց հազար հինգ հարիւր հոգուց: 12 Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Շմաւոնի ցեղը: Շմաւոնի ցեղի գնդի հրամանատարը Սուրիսադայի որդի Սաղամիէլն է: 13 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունինը հազար երեք հարիւր հոգուց: 14 Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Գադի ցեղը: Գադի ցեղի հրամանատարը Ռագուէլի որդի Եղիսափանն է: 15 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգուց: 16 Ռուբէնի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր յիսունմէկ հազար չորս հարիւր յիսուն հոգուց: Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող երկրորդը գնան:
17 Վկայութեան խորանը տեղափոխելիս ղեւտացիների բանակատեղին թող գտնուի բանակատեղիների մէջտեղում: Ինչ կարգով որ բանակատեղի են հաստատել, նոյն կարգով էլ իւրաքանչիւրն ըստ իր իշխանութեան208 թող ճանապարհ ընկնի:
18 Եփրեմի ցեղի գունդն իր սպառազինութեամբ հանդերձ թող բանակատեղի հաստատի արեւմտեան կողմում: Եփրեմի ցեղի գնդի հրամանատարը Էմիուդի որդի Եղիսաման է: 19 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասուն հազար հինգ հարիւր հոգուց: 20 Նրանցից յետոյ թող բանակատեղի հաստատի Մանասէի ցեղը: Մանասէի ցեղի հրամանատարը Փադասուրի որդի Գամաղիէլն է: 21 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է երեսուներկու հազար երեք հարիւր հոգուց: 22 Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Բենիամինի գունդը թող լինի: Բենիամինի գնդի հրամանատարը Գեդէոնի որդի Աբիդանն է: 23 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է երեսունհինգ հազար չորս հարիւր հոգուց: 24 Եփրեմի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր ութ հազար երկու հարիւր հոգուց: Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող երրորդը գնան:
25 Դանի ցեղի գունդն իր սպառազինութեամբ թող բանակատեղի հաստատի հիւսիսային կողմում: Դանի ցեղի գնդի հրամանատարը Ամիսադայի որդի Աքիեզերն է: 26 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է վաթսուներկու հազար եօթը հարիւր հոգուց: 27 Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Ասերի ցեղը թող լինի: Ասերի ցեղի գնդի հրամանատարը Եքրանի որդի Փագիէլն է: 28 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունմէկ հազար հինգ հարիւր հոգուց: 29 Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Նեփթաղիմի ցեղը թող լինի: Նեփթաղիմի ցեղի գնդի հրամանատարը Ենանի որդի Աքիրէն է: 30 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսուներեք հազար չորս հարիւր հոգուց: 31 Դանի ցեղի հաշուառման ենթարկուած զօրքը բաղկացած է հարիւր յիսունեօթը հազար վեց հարիւր հոգուց: Ճանապարհ ընկնելիս նրանք, ըստ իրենց գնդի կարգի, իրենց զօրքով վերջինը թող գնան»:
32 Այս է իսրայէլացիների զօրքի թիւն ըստ իրենց նահապետների ընտանիքների: Հաշուառման ենթարկուած զօրքերի ընդհանուր թիւը բաղկացած է վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգուց: 33 Ղեւտացիները, սակայն, վերոյիշեալ հաշուառման ենթարկուածների մէջ չեն մտնում, ինչպէս որ Տէրն էր պատուիրել Մովսէսին: 34 Իսրայէլացիներն արեցին այն ամէնը, ինչ Տէրը հրամայել էր Մովսէսին: Նրանք բանակատեղիներ հաստատեցին ըստ իրենց գնդերի, եւ ամէն մէկը ճանապարհ էր ընկնում իր ցեղի հետ, ըստ իր նահապետների ընտանիքների:
3 ԱՀԱՐՈՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ
1 Երբ Տէրը Սինայի լերան վրայ խօսում էր Մովսէսի հետ, Ահարոնի ու Մովսէսի յետնորդները հետեւեալներն էին. 2 Ահարոնի որդիների անուններն են. անդրանիկի անունը՝ Նաբադ, միւսներինը՝ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար: 3 Ահա սրանք են Ահարոնի քահանայ օծուած, քահանայանալու շնորհքին արժանացած որդիների անունները: 4 Նաբադն ու Աբիուդը վախճանուեցին Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում պիղծ կրակ էին մատուցում Տիրոջը: Սրանք զաւակներ չունէին, ուստի իրենց հօր՝ Ահարոնի հետ քահանայացան Եղիազարն ու Իթամարը:
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԸ ԿԱՐԳՒՈՒՄ ԵՆ ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ
5 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 6 «Ղեւիի ցեղի մարդկանց բե՛ր Ահարոն քահանայի մօտ, որ ծառայեն նրան. 7 թող կատարեն նրա պահպանութիւնն ու իսրայէլացիների պահպանութիւնը վկայութեան խորանի առջեւ եւ ծառայեն խորանին: 8 Նրանք թող պահպանեն վկայութեան խորանի ամբողջ սպասքը, թող կատարեն իսրայէլացիների պահպանութիւնը եւ խորանի ամբողջ ծառայութիւնը: 9 Ղեւտացիներին կը յանձնես քո եղբայր Ահարոնին ու նրա քահանայ որդիներին. թող նրանք ինձ ընծայուած լինեն իսրայէլացիներից: 10 Ահարոնին ու նրա որդիներին կը նշանակես վկայութեան խորանի սպասարկութեան վրայ, որ կատարեն իրենց քահանայական պաշտօնը եւ այն ամէնը, ինչ վերաբերում է զոհասեղանին ու վարագոյրից ներս եղածին: Եթէ վկայութեան խորանին մի այլազգի մօտենայ, թող մեռնի»:
11 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 12 «Ես, ահա, իսրայէլացիների միջից ղեւտացիներին առանձնացրի բոլոր այն անդրանիկների փոխարէն, որոնք իսրայէլացի կանանց արգանդն են բացել: Ղեւտացիները թող լինեն իսրայէլացիների անդրանիկների փրկագինը եւ ինձ պատկանեն, 13 որովհետեւ ամէն անդրանիկ ծնունդ ինձ է պատկանում: Այն օրը, երբ Եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկ զաւակներին, սրբագործեցի ինձ համար իսրայէլի բոլոր անդրանիկ ծնունդներին, մարդ թէ անասուն, որպէսզի ինձ պատկանեն, քանզի ես եմ Տէրը»:
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ
14 Տէրը Սինայի անապատում խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 15 «Ղեւիի որդիներին հաշուառման ենթարկի՛ր ըստ իրենց նահապետների ընտանիքների, ըստ իրենց գնդերի ու իրենց ցեղերի: Հաշուառման ենթարկի՛ր մէկ ամսական եւ դրանից բարձր բոլոր արու զաւակներին»: 16 Մովսէսն ու Ահարոնը հաշուառումը կատարեցին ըստ Տիրոջ խօսքի, այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրենց: 17 Սրանք են Ղեւիի որդիների անունները. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի: 18 Սրանք են Գեթսոնի որդիների անունները ըստ իրենց գնդերի. Ղոբենի եւ Սեմէի: 19 Կահաթի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են. Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ: 20 Մերարիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են. Մոողի եւ Մուսի:
21 Սրանք են ղեւտացիների գնդերն ըստ իրենց նահապետների ընտանիքների. Գեթսոնի տոհմից՝ Ղոբենիի գունդն ու Սեմէիի գունդը: Սրանք Գեթսոնի գնդերն են: 22 Մէկ ամսական ու դրանից բարձր տարիք ունեցող արու զաւակների ընդհանուր թիւը կազմում է եօթը հազար հինգ հարիւր հոգի: 23 Գեթսոնի այս գնդերը խորանի յետեւի մասում՝ արեւմտեան կողմում բանակատեղի պիտի հաստատեն: 24 Գեթսոնի գնդի նահապետների ընտանիքների առաջնորդը Գեիղի որդի Եղիսափանն է: 25 Վկայութեան խորանում Գեթսոնի որդիների պահպանութեանն են յանձնւում 26 խորանը, վկայութեան խորանի արտաքին վարագոյրները, քօղերը, սրահի առագաստները, խորանի դռան վարագոյրները եւ նրանց բոլոր բաղկացուցիչ մասերը:
27 Կահաթից սերուեցին նախ Ամրամի գունդը, յետոյ՝ Իսահառի գունդը, յետոյ՝ Քեբրոնի գունդը, յետոյ՝ Ոզիէլի գունդը: 28 Սրանք Կահաթի գնդերն են: Այս գնդերի մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արու զաւակների թիւը կազմում է ութ209 հազար երեք հարիւր հոգի, որոնք եւ պիտի հսկէին սրբազան իրերը: 29 Կահաթի որդիների գնդերը բանակատեղի պիտի հաստատեն խորանից հարաւ: 30 Կահաթի գնդի նահապետների ընտանիքների առաջնորդը Ոզիէլի որդի Եղիսափանն է: 31 Նրանց պարտականութիւնն է տապանակի, զոհասեղանի, աշտանակի, զոհարանների եւ ծիսակատարութեան արբազան սպասքի, խորանի վերին ծածկոցի եւ դրանց բոլոր բաղկացուցիչ մասերի պահպանութիւնը: 32 Ղեւտացիների իշխանաց իշխանը Ահարոն քահանայի որդի Եղիազարն է, որի պարտականութիւնն է սուրբ իրերի պահպանութիւնը:
33 Մերարիից սերուեցին Մոողիի գունդն ու Մուսիի գունդը: Սրանք Մերարիի գնդերն են: 34 Սրանց մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր արու զաւակների թիւը կազմում է վեց հազար երկու հարիւր210 հոգի: 35 Մերարիի գնդի նահապետների ընտանիքների իշխանը Աբիքիի որդի Սուրիէլն է: Նրանք թող բանակատեղի հաստատեն խորանից հիւսիս: 36 Մերարիի որդիների պահպանութեանը թող յանձնուեն խորանի խոյակները, նիգերը, սիւները, խարիսխներն ու դրանց բոլոր բաղկացուցիչ մասերը, 37 բակի չորս կողմի բոլոր սիւները, սրանց խարիսխները, ցցերը եւ պարանները:
38 Վկայութեան խորանի դիմաց՝ արեւելեան կողմում թող բանակատեղի հաստատեն Մովսէսն ու Ահարոնը: Վերջինիս որդիները իսրայէլացիներին ծառայելու համար պէտք է պահպանեն սրբութիւնները: Եթէ վկայութեան խորանին մի այլազգի մօտենայ, թող մեռնի: 39 Տիրոջ խօսքով Մովսէսի ու Ահարոնի կողմից հաշուառման ենթարկուած մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի ղեւտացիների թիւը, ըստ իրենց գնդերի, կազմեց քսաներկու հազար հոգի:
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԸ ԳՐԱՒՈՒՄ ԵՆ ԱՆԴՐԱՆԻԿՆԵՐԻ ՏԵՂԸ
40 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Հաշուառման ենթարկի՛ր իսրայէլացիների մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր անդրանիկներին եւ ստացի՛ր նրանց թիւն ըստ իրենց անունների: 41 Իսրայէլացիների բոլոր անդրանիկների փոխարէն ղեւտացիներին ինձ պիտի շնորհես, քանզի ես եմ Տէրը, ինչպէս եւ ղեւտացիների անասունները՝ իսրայէլացիների անասունների առաջին ծնունդների փոխարէն»: 42 Մովսէսը հաշուառման ենթարկեց իսրայէլացիների բոլոր անդրանիկ որդիներին, ինչպէս պատուիրել էր Տէրը: 43 Իսրայէլացիների յականէ յանուանէ հաշուառման ենթարկուած մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր անդրանիկների թիւը կազմեց քսաներկու հազար երկու հարիւր եօթանասուներեք հոգի: 44 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 45 «Ղեւտացիներին կ՚առնես իսրայէլացիների բոլոր անդրանիկ զաւակների փոխարէն, ինչպէս նաեւ ղեւտացիների անասունները՝ նրանց անասունների փոխարէն: Ղեւտացիներն ինձ պիտի պատկանեն, քանզի ես եմ Տէրը: 46 Ղեւտացիների թուի համեմատ թուով աւելի իսրայէլացի երկու հարիւր եօթանասուներեք անդրանիկների դիմաց փրկագին կը վերցնես. 47 իւրաքանչիւրի դիմաց՝ հինգ սիկղ211. ըստ սրբարանում ընդունուած սակագնի մէկ սիկղը հաւասար է քսան դանգի: 48 Դրամը իբրեւ փրկագին կը տաս Ահարոնին ու նրա որդիներին՝ ղեւտացիների թուի համեմատ իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց»: 49 Ղեւտացիների թուի համեմատ իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց դրամն իբրեւ փրկագին առաւ Մովսէսը: 50 Իսրայէլացիների թուով աւելի անդրանիկ որդիների դիմաց նա հազար երեք հարիւր վաթսունհինգ սիկղ դրամ ստացաւ ըստ սրբարանում ընդունուած սիկղի: 51 Իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը, ըստ Տիրոջ խօսքի, Մովսէսը յանձնեց Ահարոնին ու նրա որդիներին: Տէրը այսպէս էր հրամայել Մովսէսին:
4 ՂԵՒԻԻ ՈՐԴԻՆԵՐԻՑ ԿԱՀԱԹԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2 «Ղեւիի ցեղից հաշուառման ենթարկի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 3 քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորելու են վկայութեան խորանում եւ կատարելու են բոլոր անհրաժեշտ գործերը: 4 Ղեւիի որդիների միջից Կահաթի որդիների գործը վկայութեան խորանում ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների թող լինի սրբազան իրերի պահպանութիւնը: 5 Երբ բանակատեղին տեղափոխուելու լինի, Ահարոնն ու իր որդիները պիտի մտնեն վրան, իջեցնեն վարագոյրը եւ դրանով ծածկեն վկայութեան տապանակը: 6 Նրանք դրա վրայ պիտի դնեն կաշուէ կապոյտ ծածկոցը, իսկ նրա վրայ էլ պիտի գցեն համակ կապոյտ կերպասը, ապա պիտի տեղադրեն տապանակի ձողերը: 7 Նուիրաբերութեան սեղանի վրայ պիտի փռեն համակ ծիրանի կերպասը, իսկ դրա վրայ էլ պիտի դնեն ափսէները, տուփերը, գաւաթները եւ մատուցարանները, որոնցով նուիրաբերում են կատարում: Դրա վրայ պիտի դնեն նաեւ հանապազօրեայ հացը, 8 սեղանը պիտի ծածկեն կարմիր կտորով, սրա վրայ էլ պիտի դնեն կաշուէ կապոյտ ծածկոց եւ պիտի տեղադրեն ձողերը: 9 Նրանք պիտի առնեն կապոյտ կերպաս եւ դրանով ծածկեն լոյսի աշտանակը, նրա երկու կանթեղները, նրա ունելիները, նրա ճրագակալները եւ իւղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են: 10 Աշտանակն ու նրա ամբողջ սպասքը պիտի առնեն կաշուէ կապոյտ ծածկոցի տակ եւ դնեն ձողերի վրայ: 11 Ոսկէ զոհասեղանը պիտի ծածկեն կապոյտ կերպասով, դրա վրայ պիտի գցեն կաշուէ կապոյտ ծածկոց եւ պիտի տեղադրեն ձողերը: 12 Պիտի վերցնեն պաշտամունքի ամբողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, եւ պիտի դնեն կապոյտ կերպասի մէջ: Այնուհետեւ դա պիտի ծածկեն կաշուէ կապոյտ ծածկոցով եւ պիտի դնեն ձողերի վրայ: 13 Զոհասեղանի վրայ ծածկոց պիտի փռեն, ապա այն պիտի ծածկեն համակ ծիրանի կերպասով: 14 Վրան պիտի դնեն այն սպասքը, որով պաշտամունք են կատարելու դրա վրայ. այն է՝ կրակամանները, մեծ պատառաքաղները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը: Դրա վրայ պիտի գցեն կաշուէ կապոյտ ծածկոցը եւ պիտի տեղադրեն ձողերը212: 15 Ապա պիտի վերցնեն ծիրանի կերպաս ու դրանով ծածկեն լուացարանն ու նրա պատուանդանները, դրա վրայ էլ պիտի գցեն կապոյտ կաշուէ ծածկոց եւ դնեն ձողերի վրայ: Երբ բանակատեղիի բնակիչները ճանապարհ ընկնեն, Ահարոնն ու նրա որդիները պիտի աւարտած լինեն սրբազան ամբողջ սպասքը ծածկելու գործերը: Դրանից յետոյ միայն պիտի գան Կահաթի որդիները, որ դրանք վերցնեն տանեն: Նրանք, սակայն, սրբազան առարկաներին չպիտի դիպչեն, որպէսզի չմեռնեն: Կահաթի որդինե՛րը պիտի վերցնեն վկայութեան խորանի բոլոր իրերը, 16 իսկ բոլորի վերակացուն պիտի լինի Ահարոն քահանայի որդի Եղիազարը: Նա պիտի հոգայ լուսաւորութեան իւղի, անուշահոտ խնկերի, հանապազօրեայ զոհամատուցման, օծութեան իւղի, խորանին վերաբերող ամէն ինչի, դրա մէջ եղած սրբազան առարկաների ու այնտեղ կատարուող ամէն ինչի մասին»:
17 Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց. 18 «Ղեւտացիներից Կահաթի տոհմի մարդկանց չվերացնէք: Այնպէս արէք, որ նրանք ապրեն եւ սրբազան իրերին մերձենալիս չմեռնեն: 19 Ահարոնն ու նրա որդիները միայն պիտի մտնեն ներս եւ որոշեն, թէ նրանցից իւրաքանչիւրը ինչ պաշտօն է կատարելու: 20 Կահաթի որդիները հէնց այնպէս թող ներս չմտնեն սրբութիւնները տեսնելու համար, թէ ոչ կը մեռնեն»:
ՂԵՒԻԻ ՈՐԴԻՆԵՐԻՑ ԳԵՐՍՈՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
21 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 22 «Հաշուառման ենթարկի՛ր Գերսոնի որդիներին ըստ իրենց նահապետների ընտանիքների, ըստ իրենց գնդերի՝ 23 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորութեան համար վկայութեան խորան պիտի մտնեն: 24 Այս է Գերսոնի գնդի մարդկանց պարտականութիւնը ծառայելիս եւ բեռներ բարձելիս: 25 Նրանք պիտի վերցնեն խորանի ծածկոցը, վկայութեան խորանը, դրա արտաքին վարագոյրները, դրա վրայ գցուող կապոյտ ծածկոցը, վկայութեան խորանի դռան վարագոյրը, սրահի առագաստը, 26 այն, ինչ դրուած է վկայութեան խորանի վրայ, պարանները եւ այն ամբողջ սպասքը, որով պաշտամունք են կատարում: 27 Գերսոնի որդիները պիտի վարուեն այնպէս, ինչպէս կը կարգադրեն Ահարոնն ու նրա որդիները. սպասաւորութիւնը պէտք է կատարուի ըստ նրանց կարգադրութեան: Նրանց հաշուառումը եւ նրանցից իւրաքանչիւրի կրելիք իրերի հաշուառումը կատարեցէ՛ք յականէ յանուանէ: 28 Ահա այս է Գերսոնի որդիների պարտականութիւնը վկայութեան խորանում, որի վերակացուն է Ահարոն քահանայի որդի Իթամարը»:
ՂԵՒԻԻ ՈՐԴԻՆԵՐԻՑ ՄԵՐԱՐԻԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
29 «Հաշուառման կ՚ենթարկէք Մերարիի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 30 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորութեան համար վկայութեան խորան պիտի մտնեն: 31 Նրանց պարտականութիւնն է կրել խորանի հետեւեալ իրերը. խորանի խոյակները, նրա նիգերն ու սիւները, նրա խարիսխները, վարագոյրը, նրա խարիսխները, սիւները, 32 խորանի դռան վարագոյրը, բակի չորս կողմերի սիւները, դրանց խարիսխները, բակի դռան վարագոյրի սիւները եւ սրանց խարիսխներն ու ցցերը, պարանները, ամբողջ կահ-կարասին ու սպասքը: Մէկ առ մէկ կատարեցէ՛ք նրանց եւ փոխադրութեան ենթակայ ամբողջ կահ-կարասու հաշուառումը: 33 Այս է լինելու վկայութեան խորանում Մերարիի տոհմին պատկանող մարդկանց պարտականութիւնն իրենց յանձնարարուած գործերում, որ պիտի կատարուեն Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողութեան ներքոյ»:
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ
34 Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի հրամանատարները հաշուառման ենթարկեցին Կահաթի որդիներին ըստ նրանց տոհմերի, ըստ նրանց նահապետների ընտանիքների՝ 35 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր ենթակայ էին ծառայութեան մէջ մտնելու եւ վկայութեան խորանում սպասաւորութիւն կատարելու: 36 Նրանց թիւը ըստ իրենց տոհմերի եղաւ երկու հազար եօթը հարիւր յիսուն հոգի: 37 Այս է Կահաթի տոհմին պատկանող մարդկանց թիւը, բոլոր նրանց, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու, հաշուառում, որ կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին:
38 Հաշուառման ենթարկուեցին Գերսոնի որդիներն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 39 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկան, բոլոր նրանք, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու: 40 Նրանց թիւն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների եղաւ երկու հազար վեց հարիւր երեսուն: 41 Այս է Գերսոնի տոհմին պատկանող մարդկանց թիւը, բոլոր նրանց, ովքեր սպասաւորելու էին վկայութեան խորանում, հաշուառում, որ կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին:
42 Հաշուառման ենթարկուեցին նաեւ Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 43 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանք, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու: 44 Նրանց թիւն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների եղաւ երեք հազար երկու հարիւր: 45 Այս է Մերարիի տոհմին պատկանող մարդկանց թիւը, որոնց հաշուառումը կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին:
46 Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի հրամանատարների հաշուառման ենթարկած բոլոր ղեւտացիների թիւը ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 47 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր իրաւունք ունէին սպասաւորութիւն կատարելու եւ վկայութեան խորանն ու դրա կահ-կարասին փոխադրելու, 48 Տիրոջ խօսքի համաձայն բոլոր հաշուառման ենթարկուածների թիւը եղաւ ութ հազար հինգ հարիւր ութսուն: 49 Տէրը նրանց հաշուառման ենթարկեց Մովսէսի ձեռքով: Իւրաքանչիւր մարդու համար նշուեց իր կատարելիք սպասաւորութիւնն ու փոխադրելիք կահ-կարասին: Նրանք հաշուառման ենթարկուեցին, ինչպէս որ Տէրը հրամայել էր Մովսէսին:
5 ԱՆՄԱՔՈՒՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Հրամայի՛ր իսրայէլացիներին, որ բանակատեղիից հեռացնեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց եւ բոլոր նրանց, ովքեր դիակի ձեռք տալով պիղծ են դարձել, 3 այր լինեն նրանք թէ կին: Բանակատեղիից արձակեցէ՛ք նրանց, որպէսզի չպղծեն իրենց բանակատեղիները, ուր իջնում բնակւում եմ ես»: 4 Այդպէս էլ արեցին իսրայէլացիները. նրանք բանակատեղիից հեռացրին նրանց: Ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, այդպէս էլ արեցին իսրայէլացիները:
ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍԽԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՐԷՆ
5 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 6 «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. “Այն տղամարդը կամ կինը, որ մարդկային որեւէ մեղք է գործում, խիստ արհամարհած կը լինի Տիրոջը եւ յանցանք գործած կը լինի: 7 Թող նա խոստովանի իր մեղքերը, թող լրիւ հատուցի նրան, ում վնաս է պատճառել եւ վնասի մէկ հինգերորդ մասն էլ աւելացնի հատուցածի վրայ: 8 Եթէ վնաս կրած մարդը մերձաւոր որեւէ մէկը չունի, որ նրան հատուցի իր պատճառած վնասը, ապա յանցանքի դիմաց Տիրոջը հատուցուածը թող պատկանի քահանային, բացի քաւութեան նոխազից, որով նա պէտք է քաւի իր մեղքը:
9 Իսրայէլացիների՝ Տիրոջը մատուցած բոլոր տեսակի պտուղները պիտի պատկանեն քահանային: 10 Տիրոջը մատուցուող ամէն ինչ քահանային պէտք է պատկանի: Իսրայէլացիների՝ քահանային մատուցած ամէն ինչ նրան թող պատկանի”»:
ՕՐԷՆՔ ԱՆԱՌԱԿՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԿԱՍԿԱԾՈՒՈՂ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
11 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 12 «Դիմի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. “Եթէ պատահի, որ ամուսնացած մի կին յանցանք գործի՝ դաւաճանի ամուսնուն, 13 կենակցի մէկի հետ, եւ դա վրիպի ամուսնու աչքից, կինը թաքցնի եղածը, եւ այդ բանի մասին վկայ չլինի, ու կինն էլ յղի չմնայ, միեւնոյնն է, կինը պղծուած է: 14 Նոյնպէս եւ՝ եթէ խանդի ոգին տիրի ամուսնուն, եւ նա խանդի իր կնոջը, բայց կինը մաքուր լինի, կամ եթէ խանդի ոգին տիրի ամուսնուն, ու նա խանդի իր կնոջը, եւ կինը պղծուած լինի, – 15 ապա երկու դէպքում էլ ամուսինն իր կնոջը թող բերի քահանայի մօտ եւ նրա համար մէկ տասներորդ գրիւ213 գարու ալիւր մատուցի: Դրա վրայ իւղ չպէտք է ածել, կնդրուկ չպէտք է դնել, որովհետեւ դա խանդի ընծայաբերում է, յիշատակի ընծայաբերում, մեղքը յիշեցնող ընծայաբերում: 16 Քահանան կնոջը պէտք է բերի ու կանգնեցնի Տիրոջ առջեւ: 17 Քահանան խեցէ մի ամանով սուրբ ջուր պիտի առնի եւ վկայութեան խորանի յատակի հողից մի բուռ վերցնելով՝ պիտի լցնի ջրի մէջ: 18 Քահանան կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջեւ, հանի կնոջ գլխաշորը, նրա ձեռքը տայ մեղքը յիշեցնող ընծայաբերումը, խանդի ընծայաբերումը: Քահանայի ձեռքին պիտի լինի նզովքի յանդիմանութեան ջուրը: 19 Քահանան պիտի երդուեցնի կնոջը եւ ասի նրան. “Եթէ ուրիշի հետ չես կենակցել, յանցանք չես գործել, չես դաւաճանել ամուսնուդ, ապա անմասն լինես նզովքի այս յանդիմանութեան214 ջրից”: 20 Իսկ եթէ ամուսին ունենալով հանդերձ է անառակութիւն արել, դաւաճանել ամուսնուն, 21 այն ժամանակ քահանան թող երդուեցնի կնոջը այս նզովքի երդմամբ եւ ասի նրան. “Տէրը թող քեզ նզովքի ու երդման ենթակայ դարձնի քո ժողովրդի մէջ, հիւծի քո զիստերը եւ ուռեցնի քո որովայնը: 22 Նզովեալ ջուրը թող լցուի քո որովայնը, ուռեցնի քո մէջքը եւ հիւծի քո զիստերը”: Կինը թող պատասխանի. “Թող այդպէս լինի, թող այդպէս լինի”: 23 Քահանան այս նզովքը թող գրի առնի, ապա այդ գրուածքը լուայ նզովքի յանդիմանութեան ջրի մէջ, 24 յանդիմանութեան նզովքի այդ ջուրը խմել տայ կնոջը, որպէսզի այդպիսով նրա մէջ լցուի յանդիմանութեան նզովեալ ջուրը: 25 Թող քահանան կնոջ ձեռքից առնի խանդի ընծայաբերումը, դնի215 Տիրոջ առջեւ եւ մատուցի զոհասեղանի վրայ: 26 Քահանան բռով թող առնի կնոջ մեղքը յիշատակող ընծայաբերումից եւ այն դնի զոհասեղանի վրայ: Դրանից յետոյ կնոջը թող խմել տայ յանդիմանութեան ջուրը: 27 Եթէ կինն իրօք պղծուած է, եւ նա իր արարքը թաքցրել է ամուսնուց, ապա յանդիմանութեան նզովեալ ջուրը թող լցուի նրա մէջ, ուռեցնի նրա որովայնը, հիւծի նրա զիստերը, եւ կինը նզովուած լինի իր ժողովրդի մէջ: 28 Իսկ եթէ կինը պղծուած չէ, մաքուր է, ապա թող նա քաւութիւն գտնի եւ կենակցի իր ամուսնու հետ: 29 Այս է խանդի օրէնքը, երբ կինն ամուսնացած լինելով դաւաճանում է ամուսնուն, 30 կամ երբ խանդի զգացում է տիրում տղամարդուն, եւ նա խանդում է իր կնոջը: Այս դէպքում նա կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջեւ, իսկ քահանան նրա նկատմամբ պէտք է կիրառի վերոյիշեալ օրէնքը: 31 Եթէ կինը յանցաւոր դուրս գայ, այդ դէպքում ամուսինն անմեղ է, իսկ կինը թող կրի իր գործած մեղքի պատիժը”»:
6 ՈՒԽՏԵԱԼՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ նրանց ասա՛. “Այն տղամարդը կամ կինը, որ Տիրոջը նուիրուելու մեծ ուխտ է անում216, 3 պէտք է հրաժարուի գինուց եւ ոգելից խմիչքից: Նա գինուց կամ ոգելից խմիչքից պատրաստուած քացախ չպէտք է խմի, խաղող եւ չամիչ չպէտք է ուտի: 4 Իր ուխտի ամբողջ ընթացքում նա որթատնկից ստացուող ոչ մի բան չպէտք է օգտագործի՝ ոչ գինի, ոչ չամիչ, ոչ իսկ խաղողի կորիզ: 5 Իր ուխտի ամբողջ ընթացքում իր գլխին ածելի չպէտք է կպցնի, մինչեւ Տիրոջն ուխտած օրերը վերջանալը նա մաքուր պէտք է մնայ. իր գլխի մազերին ձեռք չպիտի տայ 6 Տիրոջն ուխտած բոլոր օրերին: Նա չպէտք է մօտենայ 7 հօր կամ մօր, եղբօր կամ քրոջ դիակին: Նրանց դիակին մօտենալով՝ նա չպէտք է պղծուի, որովհետեւ Տիրոջն արած ուխտը իր գլխի վրայ է: 8 Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ պէտք է լինի Տիրոջ համար: 9 Իսկ եթէ որեւէ մէկը յանկարծ մեռնի իր մօտ, ապա այդ դէպքում պղծուած կը լինի նրա ուխտ արած գլուխը. այդ օրն իսկ նա պէտք է ածիլի իր գլուխն ու մաքրուի, իսկ յաջորդ անգամ պէտք է ածիլուի եօթը օր անց: 10 Ութերորդ օրը նա քահանայի մօտ, վկայութեան խորան թող բերի երկու տատրակ եւ աղաւնու երկու ձագ: 11 Քահանան մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը պէտք է ողջակիզի: Այդպիսով քահանան թող քաւած լինի նրա մեղքը, որ կատարել էր դիակ տեսնելով: Նա այդ օրն իսկ թող սրբագործի իր գլուխը, 12 որովհետեւ նա այդ օրն է նուիրւում Տիրոջը իր ուխտի բոլոր օրերում: Դրանից յետոյ նա մի տարեկան գառ թող նուիրաբերի իր մեղքերի քաւութեան համար: Իր ուխտին նախորդած օրերը հաշուի պիտի չառնուեն, որովհետեւ նրա ուխտ արած գլուխը պղծուեց:
13 Այս է ուխտեալին վերաբերող օրէնքը. երբ վերջանան նրա ուխտի օրերը, քահանան նրան վկայութեան խորան թող բերի 14 եւ Տիրոջը մատուցած նրա զոհերն ու նուէրները, այն է՝ մի տարեկան ոչ արատաւոր գառ՝ ողջակէզի համար, մի տարեկան ոչ արատաւոր էգ գառ՝ մեղքերի քաւութեան համար, ոչ արատաւոր մէկ խոյ՝ փրկութեան համար, 15 մէկ զամբիւղ ընտիր ալիւրով հունցուած բաղարջ կարկանդակներ, իւղով շաղուած բաղարջ բլիթներ եւ իւղով հունցուած բաղարջ հացիկներ: 16 Քահանան այս բոլորը թող դնի Տիրոջ առջեւ, կատարի մեղքերի քաւութեան պատարագը: 17 Այնուհետեւ նրա ողջակէզը եւ խոյը բաղարջ հացի զամբիւղի հետ թող մատուցուի Տիրոջը որպէս փրկութան զոհաբերութիւն, եւ քահանան թող մատուցի զոհն ու ընծաները: 18 Վկայութեան խորանի մուտքի մօտ ուխտաւորը թող ածիլի իր ուխտ արած գլուխը եւ մազը դնի այն կրակին, որի վրայ փրկութեան զոհն է: 19 Քահանան թող վերցնի խոյի եփուած թեւը, զամբիւղից վերցնի մի բաղարջ հաց ու մի բաղարջ կարկանդակ եւ դնի ուխտաւորի ձեռքերի վրայ, երբ նա արդէն ածիլած կը լինի իր գլուխը: 20 Քահանան այն իբրեւ ընծայ թող բերի Տիրոջ առջեւ, որից յետոյ ուխտեալը մաքրուած է համարւում: Քահանային են հասնում ողջակէզի կուրծքն ու ազդրը: Դրանից յետոյ ուխտեալը կարող է գինի խմել: 21 Ահա սրանք են իրեն Տիրոջը ուխտած մարդու մասին օրէնքը եւ դրան վերաբերող ծէսը, բացի այն դէպքերից, երբ ուխտեալը ի վիճակի է իր ուխտի համար աւելին անելու: Սա Տիրոջն արած իր ուխտը իր նուիրաբերումի չափով պէտք է կատարի”»
ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ
22 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 23 «Խօսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ եւ ասա՛. “Այսպէ՛ս օրհնեցէք իսրայէլացիներին եւ ասացէ՛ք նրանց. 24 (իմ անունը թող դնեն իսրայէլացիների վրայ, եւ ես՝ Տէրս, կ՚օրհնեմ նրանց). 25 Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, 26 իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ: 27 Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի”»:
7 ՍՐԲԱՐԱՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՍԱՅԼԵՐ
1 Երբ հասաւ այն օրը, որ Մովսէսն աւարտեց խորանի կառուցումը, եւ այն պատրաստ էր կանգնեցուելու, նա օծեց այն ու դրա ամբողջ սպասքը, զոհարանն ու դրա ամբողջ սպասքը, օծեց ու սրբագործեց դրանք: 2 Իսրայէլացի իշխանները՝ նրանց նահապետների ընտանիքների տասներկու հրամանատարները, որոնք գործակալների վերակացուներ էին, նուէրներ մատուցեցին: 3 Նրանք Տիրոջ առջեւ որպէս ընծայ մատուցեցին վեց զարդարուած սայլ ու տասներկու եզ. մէկական սայլ երկու իշխանների կողմից եւ մէկական զուարակ ամէն մի իշխանի կողմից: Նրանք այդ ընծաները բերեցին խորանի առջեւ: 4 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 5 «Ընդունի՛ր նրանցից այդ ընծաները: Դրանք թող ծառայեն վկայութեան խորանի սպասաւորութեանը: Դրանք կը տաս ղեւտացիներին՝ ամէն մէկին ըստ իր սպասաւորութեան»: 6 Եւ Մովսէսն ընդունելով սայլերն ու եզները՝ տուեց ղեւտացիներին: 7 Նա երկու սայլ ու չորս եզ տուեց Գերսոնի որդիներին՝ ըստ նրանց պաշտօնի: 8 Չորս սայլ եւ ութ եզ տուեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց պաշտօնի: Մովսէսն այդ արեց Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով: 9 Կահաթի որդիներին նա ոչինչ չտուեց, որովհետեւ նրանց պարտականութիւնը սրբազան սպասքը իրենց ուսերի վրայ կրելն էր:
10 Զոհասեղանի նաւակատիքի օրը, երբ նա օծեց այն, իշխաններն իրենց ընծաները բերեցին զոհասեղանի առջեւ: 11 Տէրն ասաց Մովսէսին. «Օրական միայն մի իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նաւակատիքին»:
12 Առաջին օրն իր ընծաները մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝ Յուդայի ցեղի իշխանը: 13 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ217 քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ218 քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 14 խնկով լցուած տասը դահեկան219 արժողութեամբ մէկ ոսկէ տուփ, 15 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 16 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 17 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Ամինադաբի որդի Նաասոնի ընծան:
18 Երկրորդ օրն իր ընծաները մատուցեց Սոգարի որդի Նաթանայէլը՝ Իսաքարի ցեղի իշխանը: 19 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 20 խնկով լցուած տուփ՝ տասը դահեկան արժողութեամբ, 21 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 22 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 23 որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Սոգարի որդի Նաթանայէլի ընծան:
24 Երրորդ օրն իր ընծաները մատուցեց Քելոնի որդի Եղիաբը՝ Զաբուղոնի որդիների իշխանը: 25 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 26 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 27 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 28 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 29 որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Քելոնի որդի Եղիաբի ընծան:
30 Չորրորդ օրն իր ընծաները մատուցեց Սեդիուրի որդի Եղիսուրը՝ Ռուբէնի որդիների իշխանը: 31 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 32 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 33 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 34 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 35 որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Սեդիուրի որդի Եղիսուրի ընծան:
36 Հինգերորդ օրն իր ընծաները մատուցեց Սուրիսադայի որդի Սաղամիէլը՝ Շմաւոնի որդիների իշխանը: 37 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 38 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 39 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 40 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 41 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Սուրիսադայի որդի Սաղամիէլի ընծան:
42 Վեցերորդ օրն իր ընծաները մատուցեց Ռագուէլի որդի Եղիսափանը՝ Գադի որդիների իշխանը: 43 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 44 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 45 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 46 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 47 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Ռագուէլի որդի Եղիսափանի ընծան:
48 Եօթներորդ օրն իր ընծաները մատուցեց Եմիուդի որդի Եղիսաման՝ Եփրեմի որդիների իշխանը: 49 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 50 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 51 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 52 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 53 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Եմիուդի որդի Եղիսամայի ընծան:
54 Ութերորդ օրն իր ընծաները մատուցեց Փադասուրի որդի Գամաղիէլը՝ Մանասէի որդիների իշխանը: 55 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 56 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 57 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 58 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 59 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Փադասուրի որդի Գամաղիէլի ընծան:
60 Իններորդ օրն իր ընծաները մատուցեց Գերսոնի որդի Աբիդանը՝ Բենիամինի որդիների իշխանը: 61 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 62 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 63 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 64 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 65 որպէս փրկութեան նուիրաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Գերսոնի որդի Աբիդանի ընծան:
66 Տասներորդ օրն իր ընծաները մատուցեց Ամիսադայի որդի Աքիեզերը՝ Դանի որդիների իշխանը: 67 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերութիւն, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 68 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 69 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 70 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 71 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Ամիսադայի որդի Աքիեզերի ընծան:
72 Տասնմէկերորդ օրն իր ընծաները մատուցեց Եքրանի որդի Փագեէլը՝ Ասերի որդիների իշխանը: 73 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 74 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 75 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 76 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 77 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Եքրանի որդի Փագեէլի ընծան:
78 Տասներկուերորդ օրն իր ընծաները մատուցեց Ենանի որդի Աքիրանը՝ Նեփթաղիմի որդիների իշխանը: 79 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 80 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 81 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 82 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,220 83 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ: Այս է Ենանի որդի Աքիրանի ընծան:
84 Ահա սրանք են զոհասեղանի նաւակատիքի օրը իսրայէլացիների իշխանների մատուցած ընծաները. տասներկու արծաթէ կոնք, տասներկու արծաթէ տաշտ, տասներկու տուփ: 85 Իւրաքանչիւր կոնքի քաշը հարիւր երեսուն սիկղ էր, իւրաքանչիւր տաշտի քաշը՝ եօթանասուն սիկղ: Սպասքի ամբողջ արծաթը, ըստ սրբարանի սիկղի, երկու հազար չորս հարիւր սիկղ էր221: 86 Խնկով լցուած ոսկէ տուփերի թիւը տասներկու էր: Խնկամանների ամբողջ ոսկին հարիւր քսան դահեկան222 էր: 87 Ողջակէզի հորթերի ընդհանուր թիւը տասներկու էր, զուարակներինը՝ տասներկու, խոյերինը՝ տասներկու, մէկ տարեկան ոչ արատաւոր գառներինը՝ տասներկու, դրանց վրայ գումարած անարիւն ընծաները եւ մեղքերի քաւութեան համար այծերի հօտերից բերուած տասներկու նոխազները: 88 Որպէս ողջակէզի զոհաբերութիւն՝ արջառների ընդհանուր թիւը տասներկու էր, երինջներինը՝ քսանչորս, խոյերինը՝ վաթսուն, նոխազներինը՝ վաթսուն, մէկ տարեկան ոչ արատաւոր էգ գառներինը՝ վաթսուն: Ահա սրանք են զոհասեղանի ընծաները, որ բերուեցին նաւակատիքից յետոյ:
89 Երբ Մովսէսը մտաւ վկայութեան խորան Տիրոջ հետ խօսելու համար, նա լսեց Տիրոջ ձայնը, որ խօսում էր իր հետ քաւութեան սեղանի վերեւից, երկու քերովբէների միջեւ դրուած վկայութեան տապանակի վրայ գտնուող տեղից: Երկու քէրովբէների մէջտեղից էր խօսում Տէրը նրա հետ:
8 ԼԱՊՏԵՐՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Խօսի՛ր Ահարոնի հետ եւ ասա՛ նրան. “Երբ կանթեղները տեղադրես, այնպէս արա, որ դրանք լուսաւորեն աշտանակն առջեւի կողմից”»: 3 Ահարոնն այդպէս էլ արեց. նա աշտանակի առջեւի կողմից վառեց կանթեղները, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 4 Այսպիսին էր աշտանակի կառուցուածքը. նրա բունն ու շուշանաձեւ ծաղիկները համակ ձոյլ ոսկի էին: Աշտանակը պատրաստուած էր ըստ այն օրինակի, որ Տէրն էր ցոյց տուել Մովսէսին:
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՒ ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒՄԸ
5 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Ղեւտացիներին առանձնացրո՛ւ իսրայէլացիների միջից եւ սրբագործի՛ր նրանց: 6 Այսպէս կը կատարես նրանց սրբագործումը. 7 նրանց վրայ սրբագործման ջուր կը ցանես: Նրանք թող ածիլեն իրենց ամբողջ մարմինը, լուան իրենց զգեստները եւ մաքուր լինեն: 8 Նրանք նախրից թող վերցնեն մէկ զուարակ, իւղով հունցուած ընտիր ալիւր՝ իբրեւ նուիրաբերում: Նախրից կը վերցնես մեղքերի քաւութեան համար մէկ տարեկան հորթ, 9 ղեւտացիներին կը տանես վկայութեան խորանի առջեւ, կը հաւաքես իսրայէլացի ամբողջ ժողովրդին, 10 ղեւտացիներին կը բերես Տիրոջ առջեւ, եւ իսրայէլացիներն իրենց ձեռքերը կը դնեն ղեւտացիների վրայ: 11 Ահարոնը իսրայէլացիներից կ՚առանձնացնի ղեւտացիներին՝ Տիրոջը նուիրաբերելու համար նրանց, եւ նրանք կը ստանձնեն Տիրոջ սպասաւորութեան գործը: 12 Ղեւտացիներն իրենց ձեռքերը կը դնեն զուարակների գլխին: Դրանցից մէկը կը զոհես մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը Տիրոջը ողջակէզ կ՚անես, որպէսզի քաւուեն նրանց մեղքերը: 13 Ղեւտացիներին կը կանգնեցնես Տիրոջ, Ահարոնի ու նրա որդիների առջեւ եւ կը նուիրաբերես Տիրոջը իբրեւ ընծայ: 14 Ղեւտացիներին կ՚առանձնացնես իսրայէլացիների միջից, եւ նրանք կը պատկանեն ինձ: 15 Այնուհետեւ ղեւտացիները կը մտնեն վկայութեան խորան, որպէսզի կատարեն խորանի սպասաւորութեան գործը: Կը սրբես նրանց եւ, իբրեւ ընծայ, կը նուիրաբերես Տիրոջ առաջ, 16 որովհետեւ նրանք ինձ ընծայ են տրւում իսրայէլացիների միջից: Ես նրանց ընդունել եմ ի դիմաց իսրայէլացի բոլոր անդրանիկ ծնունդների, որոնք արգանդ են բացում, 17 քանի որ իսրայէլացի բոլոր անդրանիկ ծնունդները, մարդ թէ անասուն, ինձ են պատկանում: Այն օրը, երբ Եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, ես ինձ համար սրբագործեցի նրանց 18 եւ ղեւտացիներին վերցրի ի դիմաց իսրայէլացիների բոլոր անդրանիկների: 19 Իսրայէլացիներից ես առանձնացրի ղեւտացիներին եւ նրանց տուեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի վկայութեան խորանում կատարեն իսրայէլացիների սպասաւորութեան գործը եւ սրբութիւններին մերձենալով՝ իսրայէլացիների մեղքերի քաւութեան համար զոհեր մատուցեն»:
20 Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի ամբողջ ժողովուրդը ղեւտացիների հանդէպ վարուեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին: Իսրայէլացիներն այդպէս էլ վարուեցին նրանց հանդէպ: 21 Ղեւտացիները մաքրուեցին, լուացին իրենց զգեստները եւ իրենք իրենց յանձնեցին Ահարոնին իբրեւ նուիրաբերում Տիրոջ առաջ: Եւ Ահարոնը կատարեց նրանց մեղքերի քաւութիւնը՝ սրբագործելու համար նրանց: 22 Այնուհետեւ ղեւտացիները մտան վկայութեան խորան, որպէսզի իրենց սպասաւորութիւնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջեւ: Ինչպէս Տէրը պատուիրել էր Մովսէսին ղեւտացիների վերաբերեալ, այդպէս էլ արեցին նրանց:
23 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 24 «Այս է ղեւտացիներին վերաբերող կարգը. քսանհինգից բարձր տարիք ունեցողները միայն իրաւունք ունեն վկայութեան խորան մտնելու, որպէսզի սպասաւորութիւն կատարեն: 25 Յիսուն տարին լրանալուց յետոյ նրանք պարտաւոր են հեռանալ սպասաւորութիւնից եւ այլեւս չեն աշխատելու: 26 Նրանք կարող են օգնել իրենց ղեւտացի եղբայրներին՝ կատարելու վկայութեան խորանի պահպանութեան գործը, բայց սպասաւորութիւն անելու իրաւունք չունեն: Այսպէս կը կարգաւորես ղեւտացիների սպասաւորութեան գործը»:
9 ԶԱՏԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ՕՐԸ
1 Տէրը Սինայի անապատում, Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Ասա՛, որ իսրայէլացիները զատիկը թող կատարեն իր ժամանակին: 3 Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան թող կատարեն այն. իր ժամանակին, ըստ օրէնքի, ըստ ձեզ տուած իմ պայմանի թող կատարեն»: 4 Մովսէսն այդ յայտնեց իսրայէլացիներին եւ նրանք զատիկը կատարեցին 5 ամսուայ տասնչորսերորդ օրուայ սկզբին223, Սինայի անապատում: Ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին իսրայէլացիները:
6 Սակայն այնտեղ եկան այնպիսիներ, որոնք մարդու դիակի հետ շփուելու պատճառով պղծուած էին եւ իրաւունք չունէին զատիկ կատարելու այդ օրը: 7 Այդ իսկ պատճառով նրանք այդ օրը եկան Մովսէսի ու Ահարոնի մօտ եւ ասացին նրանց. «Մենք մարդու դիակի հետ շփուելու պատճառով անմաքուր ենք: Արդ, իսրայէլացիների մէջ իր ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց յետ չմնանք»: 8 Մովսէսը նրանց ասաց. «Այդտեղ սպասեցէք, տեսնեմ, թէ Տէրը ի՞նչ հրաման կը տայ ձեր վերաբերեալ»:
9 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 10 «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. “Եթէ ձեզանից մէկը մարդու դիակի հետ շփուելու պատճառով պղծուելու է եւ կամ ձեր սերնդից մէկը զատկի օրը հեռաւոր ճանապարհի վրայ գտնուելու պատճառով անմաքուր է, 11 նա Տիրոջ զատիկը թող կատարի երկրորդ ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյեան՝ զատկուայ գառն ուտելով բաղարջ հացով ու դառը խոտով: 12 Գառից յաջորդ առաւօտեան ոչինչ չպէտք է մնայ, դրա ոսկորները չպէտք է ջարդեն: Ըստ զատկի օրէնքի թող կատարեն այն: 13 Բայց այն մարդը, որ մաքուր է ու հեռու ճանապարհի վրայ չի գտնւում եւ ուշանում է զատիկը կատարելուց, թող վերանայ իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհաբերութիւնը իր ժամանակին չի կատարել: Այդ մարդը թող կրի իր պատիժը: 14 Եթէ ձեր երկիրը գայ որեւէ օտարական եւ ցանկանայ կատարել Տիրոջ զատիկը, ապա այն թող կատարի ըստ զատկի օրէնքի: Ըստ այդ պայմանի թող կատարի այն: Նոյն օրէնքն է ձեզ համար՝ եկուոր լինէք թէ բնիկ”»:
ՀՐԵՂԷՆ ԱՄՊԸ
(Ելք 40.34-38)
15 Այն օրը, երբ կանգնեցուեց խորանը, ամպը ծածկեց խորանը՝ վկայութեան տունը: Երեկոյից մինչեւ առաւօտ ամպը խորանի վրայ կրակի տեսք ունէր: 16 Այդպէս լինում էր մշտապէս. ամպն այն ծածկում էր ցերեկը, իսկ գիշերը կրակի տեսք էր ունենում: 17 Երբ ամպը վերանում էր խորանից, իսրայէլացիները ճանապարհ էին ընկնում եւ բանակատեղի դնում ամպի կանգ առած տեղում: 18 Իսրայէլացիները բանակատեղի էին դնում ըստ Տիրոջ հրամանի եւ ըստ Տիրոջ հրամանի էլ ճանապարհ էին ընկնում: 19 Այն բոլոր օրերին, երբ ամպը հովանի էր լինում խորանի վրայ, իսրայէլացիները պէտք է բանակատեղի դնէին, իսկ եթէ ամպը բազում օրեր էր մնում խորանի վրայ, իսրայէլացիները պէտք է պահէին Տիրոջ պատուէրը եւ ճանապարհ չընկնէին: 20 Եթէ պատահէր, որ ամպը խորանի վրայ հովանի անէր քիչ օրեր, նրանք բանակատեղի պէտք է դնէին: Նրանք Տիրոջ հրամանով միայն պէտք է ճանապարհ ընկնէին: 21 Եթէ պատահէր, որ ամպը ծածկէր խորանը երեկոյից մինչեւ առաւօտ, կամ ամպը վերանար առաւօտեան, ապա ճանապարհ պէտք է ընկնէին կա՛մ ցերեկը, կա՛մ գիշերը: Քանի դեռ ամպը չէր վերացել, նրանք չպէտք է ճանապարհ ընկնէին: 22 Եթէ անգամ մէկ ամիս մնար ամպն ու հովանի անէր խորանի վրայ, իսրայէլացիները բանակատեղի պէտք է դնէին ու ճանապարհ չընկնէին: 23 Նրանք միայն Տիրոջ հրամանով պէտք է ճանապարհ ընկնէին: Իսրայէլացիները պահպանեցին Տիրոջ այս հրամանը, որ նա Մովսէսի միջոցով տուել էր իրենց:
10 ԱՐԾԱԹԷ ՇԵՓՈՐՆԵՐԸ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Արծաթից երկու կռածոյ շեփոր կը պատրաստես: Դրանք թող ծառայեն ժողովրդին ի մի հաւաքելու եւ բանակատեղիների բնակիչներին երթի հանելու համար: 3 Երբ երկու շեփոր հնչեցնեն, ամբողջ ժողովուրդը պէտք է հաւաքուի վկայութեան խորանի դռանը: 4 Եթէ մէկ շեփոր հնչեցնեն, թող քեզ ներկայանան իշխանները՝ իսրայէլացիների հրամանատարները: 5 Երբ շեփորը առաջին անգամ հնչեցնեն, ճանապարհ թող ընկնեն արեւելեան մասում բանակատեղի դրած գնդերը: 6 Երբ երկրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն հարաւային մասում բանակատեղի դրած գնդերը: Երբ երրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն արեւմտեան մասում բանակատեղի դրած գնդերը: Երբ չորրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն հիւսիսային մասում բանակատեղի դրած գնդերը: Գնդերը թող ճանապարհ ընկնեն ըստ շեփորի ազդարարութեան: 7 Երբ ժողովրդին հաւաքելու լինէք, շեփոր կը հնչեցնէք, բայց ոչ տագնապի: 8 Շեփորը պէտք է հնչեցնեն քահանաները՝ Ահարոնի որդիները: Դա սերնդէսերունդ փոխանցուող յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեզ համար: 9 Եթէ ձեր երկրում պատերազմի ելնէք ձեզ ընդդիմադիր թշնամիների դէմ, շեփոր կը հնչեցնէք, կը յիշուէք Տիրոջ առաջ եւ կը փրկուէք ձեր թշնամիներից: 10 Շեփոր կը հնչեցնէք ձեր ուրախութեան օրերին, ամսուայ առաջին օրերին224, ինչպէս նաեւ ողջակէզներ եւ փրկութեան համար զոհեր մատուցելիս: Եւ Աստուած կը յիշի ձեզ: Ես եմ ձեր Տէր Աստուածը»:
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿԱՏԵՂԻՆ
11 Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի քսանին ամպը վերացաւ վկայութեան խորանի վրայից: 12 Իսրայէլացիներն իրենց ամբողջ բազմութեամբ դուրս եկան Սինայի անապատից: Ամպը կանգ առաւ Փառանի անապատում: 13 Իսրայէլացիները ճանապարհ էին ընկնում, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսի միջոցով: 14 Նախ ճանապարհ ընկան Յուդայի ցեղին պատկանող գնդերն իրենց զօրքով: Սրանց զօրքի առաջնորդը Ամինադաբի որդի Նաասոնն էր: 15 Իսաքարի ցեղի զօրքի առաջնորդը Սոգարի որդի Նաթանայէլն էր: 16 Զաբուղոնի ցեղի զօրքի առաջնորդը Քելոնի որդի Եղիաբն էր: 17 Սրանց հետեւեցին Գերսոնի ու Մերարիի որդիները, որոնք իջեցնում կամ ուսերի վրայ կրում-տանում էին խորանը: 18 Ապա իրենց զօրքով շարժուեցին Ռուբէնի ցեղի գնդերը: Նրանց զօրքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր: 19 Շմաւոնի ցեղի զօրքի առաջնորդը Սուրիսադայի որդի Սաղամիէլն էր: 20 Գադի ցեղի զօրքի առաջնորդը Ռագուէլի որդի Եղիսափանն էր: 21 Շարժուեցին նաեւ Կահաթի որդիները, որոնք պէտք է փոխադրէին սուրբ սպասքը եւ կանգնեցնէին խորանը, մինչեւ որ հասնէին միւսները: 22 Ապա իրենց զօրքով շարժուեցին Եփրեմի բանակի գնդերը: Նրանց զօրքի առաջնորդը Եմիուդի որդի Եղիսաման էր: 23 Մանասէի ցեղի զօրքի առաջնորդը Փադասուրի որդի Գամաղիէլն էր: 24 Բենիամինի ցեղի զօրքի առաջնորդը Գեդէոնի որդի Աբիդանն էր: 25 Դանի ցեղի գնդերն իրենց զօրքով ճանապարհ ընկան բոլորից յետոյ: Նրանց զօրքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր: 26 Ասերի ցեղի զօրքի առաջնորդը Եքրանի որդի Փագեէլն էր: 27 Նեփթաղիմի ցեղի զօրքի առաջնորդը Ենանի որդի Աքիրանն էր: 28 Ահա սրանք են իսրայէլացիների զօրքերը: Իսրայէլացիները ճանապարհ ընկան իրենց զօրքով:
29 Մովսէսը մադիանացի Ռագուէլի որդի Յոբաբին՝ իր աներոջը, ասաց. «Ահա մենք շարժւում ենք դէպի այն տեղը, որ Աստուած խոստացաւ մեզ տալ: Դու էլ արի՛ մեզ հետ, մենք քեզ լաւութիւն կ՚անենք, որովհետեւ Տէրը բարիք է խոստացել իսրայէլացիներին»: 30 Նա պատասխանեց. «Ես չեմ գնայ այնտեղ, այլ կը գնամ իմ երկիրն ու իմ ազգականների մօտ»: 31 Մովսէսն ասաց նրան. «Մեզ մի՛ լքիր, չէ՞ որ մեզ հետ էիր անապատում: Որպէս աւագ մեր խորհրդատուն կը լինես: 32 Եթէ մեզ հետ գաս, ինչ բարիք որ մեզ անի Տէրը, նոյն բարիքն էլ մենք քեզ կ՚անենք»:
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄԸ
33 Իսրայէլացիները Տիրոջ լեռից հեռացան երեք օրուայ ճանապարհ: Այդ երեք օրուայ ընթացքում Տիրոջ ուխտի տապանակը գնում էր առջեւից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով: 35 Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսէսն ասում էր. «Վե՛ր կաց, Տէ՜ր, որ ցանուցիր լինեն քո թշնամիները, փախուստի մատնուեն բոլոր քեզ ատողները»: 36 Իսկ երբ տապանակը դադար էր առնում, ասում էր. «Տէ՜ր, դարձի՛ր դէպի հազարաւոր ու բիւրաւոր իսրայէլացիները»: 34 225 Բանակատեղիից հեռանալու ժամանակ ամպը ցերեկը հովանի էր անում նրանց վրայ:
11 ԱՅԴ ՎԱՅՐԸ ԿՈՉՈՒԵՑ ՀՐԱՅՐԵԱՑ
1 Ժողովուրդը դառնօրէն տրտնջում էր Տիրոջ դէմ: Տէրը լսեց դա, խիստ բարկացաւ եւ նրանց վրայ կրակ թափելով՝ ոչնչացրեց բանակատեղիի բնակիչների մի մասը: 2 Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսէսի առաջ, Մովսէսն աղօթքով դիմեց Տիրոջը, եւ կրակը դադարեց: 3 Այդ վայրը կոչուեց Հրայրեաց, որովհետեւ Տէրը նրանց վրայ կրակ էր թափել:
4 Նրանց մէջ գտնուող խառնամբոխը սկսեց շատ պահանջներ ներկայացնել: Իսրայէլացիները նստած լաց էին լինում եւ ասում. «Ո՞վ մեզ ուտելու միս կը տայ: 5 Մենք յիշեցինք ձուկը, որ Եգիպտոսում ձրի էինք ուտում, սեխը, ձմերուկը, պրասը, սոխն ու սխտորը: 6 Եւ արդ, մենք կորչում ենք, մեր աչքերը մանանայից բացի ուրիշ ոչինչ չեն տեսնում»: 7 Մանանան գինձի սերմի նման սպիտակ էր ու սառոյցի տեսք ունէր: 8 Ժողովուրդը շրջում էր, մանանան հաւաքում, երկանքով աղում, սանդի մէջ ծեծում, կաթսայի մէջ եփում եւ բլիթ էր պատրաստում: Նա քաղցր էր իւղով ու մեղրով պատրաստուած խորիզի նման: 9 Երբ գիշերը բանակատեղիի վրայ ցօղ էր իջնում, մանանան էլ նրա վրայ էր իջնում:
ՄՈՎՍԷՍՆ ԸՆՏՐՈՒՄ Է ԵՕԹԱՆԱՍՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ
10 Մովսէսը լսեց գնդերի անդամներից իւրաքանչիւրի լացն իր վրանի դռան մօտ: Տէրը դրա համար խիստ բարկացաւ, եւ դա Մովսէսին չարագուշակ երեւաց: 11 Մովսէսը հարցրեց Տիրոջը. «Տէ՜ր, ինչո՞ւ չարչարեցիր ինձ՝ քո ծառային, ինչո՞ւ քո առաջ շնորհք չգտայ, եւ այս ժողովրդի բարկութիւնն ինձ վրայ թափեցիր: 12 Միթէ ե՞ս յղացայ այս ամբողջ ժողովրդին կամ թէ ե՞ս ծնեցի նրան, որ ինձ ասում ես, թէ՝ “Առ նրան քո գիրկը, ինչպէս դայեակն է իր գիրկն առնում ծծկեր երեխային, որպէսզի նրան տանեմ այն երկիրը, որը դու խոստացար իրենց հայրերին”: 13 Արդ, ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, չէ՞ որ նրանք լաց են լինում ինձ մօտ եւ ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”: 14 Ես միայնակ չեմ կարող կրել այս ժողովրդի բեռը, որովհետեւ իմ ուժերից վեր է դա: 15 Եթէ այդպէս ես վարուելու ինձ հետ, սպանի՛ր ինձ միանգամից, եթէ դա հաճելի է քեզ, եթէ շնորհ գտայ եւ ողորմութիւն քո կողմից, որպէսզի չտեսնեմ իմ չարչարանքները»: 16 Տէրը պատասխանեց Մովսէսին. «Իսրայէլացի ծերերի միջից ինձ համար հաւաքի՛ր եօթանասուն տղամարդ, որոնց ճանաչում ես իբրեւ ժողովրդի մէջ ամենածեր մարդիկ եւ իսրայէլացիների գրագիրներ: Նրանց կը բերես վկայութեան խորան, եւ նրանք այնտեղ կը կանգնեն քեզ հետ: 17 Ես կ՚իջնեմ այնտեղ, կը խօսեմ քեզ հետ եւ քեզ տուածս ոգուց կ՚առնեմ ու կը դնեմ նրանց մէջ: Նրանք ի վիճակի կը լինեն կրելու այդ ժողովրդի յանդգնութեան բեռը. եւ դու միայնակ չես կրի դա: 18 Ժողովրդին կ՚ասես. “Մաքրուեցէ՛ք վաղուայ համար, որ միս ուտէք, որովհետեւ լաց լինելով Տիրոջ առջեւ՝ ասում էիք. “Ո՞վ մեզ միս կը տայ ուտելու: Մեզ համար լաւ էր Եգիպտոսում”: Տէրը ձեզ միս կը տայ ուտելու, եւ դուք միս կ՚ուտէք: 19 Կ՚ուտէք ոչ թէ մէկ, երկու, հինգ օր, ոչ էլ տասը կամ քսան օր, 20 այլ կ՚ուտէք ամբողջ ամսուայ բոլոր օրերին, մինչեւ որ ձեր քթից դուրս գայ, մինչեւ որ զզուէք, որովհետեւ արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մէջ է, լաց լինելով նրա առջեւ՝ ասացիք. “Մեր ինչին էր պէտք Եգիպտոսից դուրս գալ”»:
21 Մովսէսն ասաց. «Ժողովուրդն ունի վեց հարիւր հազար հետեւակ, որոնց մէջ եմ նաեւ ես, եւ դու ասում ես, թէ՝ “Միս տամ նրանց, որ մէկ ամիս ուտեն”: 22 Եթէ անգամ մորթենք բոլոր արջառներն ու ոչխարները, կը բաւարարե՞նք նրանց, կամ եթէ հաւաքուի ծովի ամբողջ ձուկը, կը բաւարարե՞նք նրանց»: 23 Տէրը պատասխանեց Մովսէսին. «Մի՞թէ Տիրոջ ձեռքը ի վիճակի չէ դրան: Հիմա կը համոզուես, թէ իմ ասածը կը կատարուի՞, թէ՞՝ ոչ»: 24 Մովսէսն ելաւ ու ժողովրդին հաղորդեց Տիրոջ ասածը: Նա ժողովրդի ծերերի միջից հաւաքեց եօթանասուն տղամարդկանց ու նրանց կանգնեցրեց խորանի շուրջը: 25 Տէրն իջաւ ամպի մէջ, խօսեց Մովսէսի հետ, առաւ նրան տրուած ոգուց եւ դրեց եօթանասուն ծեր տղամարդկանց մէջ: Երբ ոգին հանգչեց նրանց վրայ, նրանք մարգարէացան բանակատեղիում, բայց դա այլեւս չկրկնուեց: 26 Բանակատեղիում այդ ծերերից մնաց երկու մարդ. մէկի անունը Ելդադ էր, իսկ երկրորդինը՝ Մոդադ: Ոգին հանգչեց նրանց վրայ էլ: Նրանք եւս այդ եօթանասուն գրանցուածների մէջ էին, խորան չէին եկել, բայց մարգարէութիւն էին անում բանակատեղիում: 27 Մի պատանի, գալով Մովսէսի մօտ, այդ մասին պատմեց նրան ու ասաց. «Ելդադն ու Մոդադը մարգարէութիւն են անում բանակատեղիում»: 28 Նաւէի որդի Յեսուն՝ Մովսէսի ընտրեալ պաշտօնեան, ասաց. «Տէր Մովսէս, արգելի՛ր նրանց մարգարէութիւն անել»: 29 Մովսէսը նրան պատասխանեց. «Իմ փոխարէն դու մի՛ նախանձիր նրանց226: Երանի թէ Տէրը ամբո՛ղջ ժողովրդին մարգարէներ դարձնէր՝ իր ոգին տալով նրանց»: 30 Դրանից յետոյ Մովսէսն ու իսրայէլացի ծերերը գնացին բանակատեղի:
ՏԷՐԸ ԼՈՐԱՄԱՐԳԻՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ
31 Տէրը քամի բարձրացրեց եւ ծովի կողմից լորամարգիներ բերեց-թափեց բանակատեղիի շուրջը մէկ օրուայ ճանապարհի երկարութեամբ ու գետնից երկու կանգուն բարձրութեամբ: 32 Ժողովուրդը ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը, նաեւ յաջորդ օրը մինչեւ երեկոյ լորամարգի էր հաւաքում: Ամենաքիչ հաւաքողը տաս քոռ227 հաւաքեց: Մորթեցին, ապխտեցին ու փռեցին բանակատեղիի շուրջը: 33 Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին ծամել, որ Տէրը, ժողովրդի վրայ զայրացած, մեծամեծ հարուածներ հասցրեց նրանց: 34 Այդ վայրը կոչուեց Ցանկութեան գերեզմաններ, որովհետեւ այնտեղ թաղեցին բազում անկուշտ մարդկանց: Ցանկութեան գերեզմաններից ժողովուրդը ճանապարհ ընկաւ դէպի Ասերոթ:
12 ՄԱՐԻԱՄԸ ՊԱՏԺՒՈՒՄ Է
1 Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսէսին, քանի որ նա կնութեան էր առել մի եթովպուհու: Մովսէսն, իրօք, եթովպացի կնոջ հետ էր ամուսնացել: 2 Նրանք ասացին. «Միթէ Տէրը միայն Մովսէ՞սի հետ խօսեց, նա նաեւ մեզ հետ չխօսե՞ց»: Տէրը լսեց դա: 3 Մովսէսը, սակայն, շատ աւելի հեզ էր, քան երկրի վրայ ապրող բոլոր մարդիկ: 4 Տէրը միաժամանակ ասաց Մովսէսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ վկայութեան խորան գնացէք:» Նրանք երեքով գնացին վկայութեան խորան: 5 Տէրն իջաւ սիւնակերպ ամպի մէջ եւ կանգնեց վկայութեան խորանի դռան մօտ: Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, եւ նրանք երկուսով դուրս եկան: 6 Տէրն ասաց նրանց. «Լսեցէ՛ք իմ խօսքերը. եթէ ձեզանից որեւէ մէկը Տիրոջ մարգարէ դառնայ, ես տեսիլքով կ՚երեւամ նրան եւ երազի մէջ կը խօսեմ նրա հետ: 7 Ո՛չ այնպէս, ինչպէս իմ ծառայ Մովսէսի հետ, որը իմ ամբողջ տան մէջ իմ հաւատարիմ մարդն է: 8 Ես նրա հետ դէմ առ դէմ, բացէիբաց եմ խօսելու եւ ոչ թէ առակներով: Նա ականատես է եղել Տիրոջ փառքին: Եւ ինչպէ՞ս դուք առանց երկիւղի վատաբանեցիք իմ ծառային՝ Մովսէսին»: 9 Տէրը խիստ բարկացաւ նրանց վրայ: Նրանք գնացին եւ 10 ամպը վերացաւ խորանի վրայից, իսկ Մարիամը բորոտ դարձաւ ձեան նման: Ահարոնը նայեց Մարիամին եւ տեսաւ, որ նա բորոտ է դարձել: 11 Ահարոնն ասաց Մովսէսին. «Խնդրում եմ քեզ, տէ՛ր, մեզ վրայ մեղքեր մի՛ բարդիր, որովհետեւ չիմացանք, որ մեղք գործեցինք: 12 Մարիամը թող չնմանուի այն մեռելածին երեխային, որը, որպէս վիժուածք, ելնում է մօր արգանդից, բայց կիսատ մարմնով: 13 Մովսէսը, աղերսելով Տիրոջը, ասաց. «Խնդրում եմ քեզ, Աստուա՛ծ, բուժի՛ր նրան»: 14 Տէրն ասաց Մովսէսին. «Եթէ Մարիամի հայրը թքէր նրա երեսին, մի՞թէ նա եօթը օր չէր ամաչելու: Ուրեմն եօթը օր նա թող հեռանայ բանակատեղիից եւ յետոյ վերադառնայ»: 15 Մարիամը եօթը օր հեռու պահուեց բանակատեղիից: Ժողովուրդը ճանապարհ չընկաւ, մինչեւ որ մաքրուեց Մարիամը:
13 ՀԵՏԱԽՈՅԶՆԵՐԸ
(Բ Օր. 1.19-33)
1 Դրանից յետոյ ժողովուրդը Ասերոթից ճանապարհ ընկաւ եւ բանակատեղի դրեց Փառանի անապատում:
2 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Մարդիկ ուղարկի՛ր, որ հետախուզեն Քանանացիների երկիրը: 3 Դա ես իսրայէլացիներին եմ տալու իբրեւ կալուածք: Ամէն ցեղից, ըստ իրենց նահապետների ընտանիքների, որպէս գլխաւոր, մէկական մարդ ուղարկիր»: 4 Մովսէսը, ինչպէս Տէրն էր ասել, այդ մարդկանց ուղարկեց Փառանի անապատից: Նրանք բոլորը իսրայէլացիների գլխաւորներն էին: 5 Սրանք են նրանց անունները. Ռուբէնի ցեղից՝ Աքուրի որդի Սաղամիէլ, 6 Շմաւոնի ցեղից՝ Սուրիի որդի Սափատ, 7 Յուդայի ցեղից՝ Յեփոնէի որդի Քաղէբ, 8 Իսաքարի ցեղից՝ Յովսէփի որդի Գաղամ, 9 Եփրեմի ցեղից՝ Նաւէի որդի Օսէս, 10 Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտի, 11 Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Յուդիէլ, 12 Յովսէփի ցեղից՝ Մանասէի յետնորդներից՝ Գադդէ, որ որդին է Սուսիի, 13 Դանի ցեղից՝ Գամայի որդի Ամիէլ, 14 Ասերի ցեղից՝ Միքայէլի որդի Սաթուր, 15 Նեփթաղիմի ցեղից՝ Յաբիի որդի Աբի, 16 Գադի ցեղից՝ Մակքիի որդի Գուդիէլ:
17 Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տէրն228 ուղարկեց Քանանացիների երկիրը հետախուզելու: Մովսէսը Նաւէի որդի Օսէսին վերանուանեց Յեսու: 18 Մովսէսը սրանց առաքեց Փառան անապատից, որպէսզի հետախուզեն Քանանացիների երկիրը, եւ ասաց նրանց. «Անապատով բարձրացէ՛ք լեռը եւ տեսէ՛ք, թէ դա ինչ երկիր է. 19 այդտեղ բնակուող ժողովուրդը հզօ՞ր է արդեօք, թէ՞ առանց ղեկավարի, սակաւաթի՞ւ են, թէ՞ բազմամարդ, 20 ի՞նչ վիճակում է այն երկիրը, որտեղ նրանք բնակւում են, այն բարեբե՞ր է, թէ՞ անբերրի, ի՞նչ վիճակում են այն քաղաքները, ուր բնակւում են նրանք, պարսպապա՞տ են դրանք, թէ՞ անպարիսպ, 21 ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թէ՞ անպէտք, այնտեղ ծառեր կա՞ն, թէ՞՝ ոչ: Աշխատեցէ՛ք հաւաքել երկրի պտուղներից»: Գարնան վերջն էր՝ խաղողի հասունանալու ժամանակը: 22 Նրանք գնացին ու հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչեւ Րոոբ՝ Եփրաթի229 մուտքը: 23 Ապա վերադարձան անապատ եւ եկան մինչեւ Քեբրոն, որտեղ բնակւում էին Աքիմանը, Սեսին եւ Թալամին՝ Ենակի յետնորդները: Քեբրոնը եօթը տարի առաջ էր կառուցուած, քան եգիպտացիների Տայանիս բնակավայրը: 24 Նրանք եկան մինչեւ Ողկոյզի ձորը, հետախուզեցին այն, այնտեղից կտրեցին խաղողի ողկոյզ ունեցող որթատնկի մի ճիւղ եւ ձողերի վրայ դրած տարան: Առան նաեւ նուռ ու թուզ: 25 Իսրայէլացիներն այդ վայրն անուանեցին Ողկոյզի ձոր այն ողկոյզի պատճառով, որ այնտեղից կտրել-տարել էին: 26 Իսրայէլացիները, երկիրը քառասուն օր հետախուզելուց յետոյ, վերադարձան: 27 Նրանք եկան-հասան Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացիների ամբողջ ժողովրդի մօտ, Փառան անապատը, Կադէս: Հետախոյզները տեղեկութիւններ հաղորդեցին նրանց ու ամբողջ ժողովրդին: Նրանք ցոյց տուեցին երկրի բարիքները, պատմեցին նրանց 28 ու ասացին Մովսէսին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում: Ահա սրանք են նրա բարիքները: 29 Այնտեղ բնակուող ժողովուրդը, սակայն, հզօր է, քաղաքները շատ ամուր են, պարսպապատ ու շատ մեծ: Ենակի յետնորդներին էլ տեսանք այնտեղ: 30 Ամաղէկացիները բնակւում են երկրի հարաւային մասում, քետացիները, խեւացիները, յեբուսացիները եւ ամորհացիները՝ լեռնային շրջանում, իսկ քանանացիները՝ ծովեզերքին ու Յորդանան գետի ափին»: 31 Քաղէբը լռեցրեց Մովսէսից դժգոհող ժողովրդին՝ ասելով. «Ո՛չ, առաջ պէտք է շարժուենք ու տիրենք այդ երկրին, որովհետեւ կարո՛ղ ենք նրանց յաղթել»: 32 Նրա հետ հետախուզութեան գնացած մարդիկ, սակայն, ասացին. «Չենք յարձակուի այդ ժողովրդի վրայ, որովհետեւ նրանք մեզանից շատ աւելի հզօր են»: 33 Նրանք իսրայէլացիներին վախեցրին այն երկրով, որ հետախուզել էին, ասելով. «Այն երկիրը, ուր գնացինք հետախուզելու, իր բնակիչներին լափող երկիր է: 34 Այնտեղ մեր տեսած բոլոր մարդիկ աժդահաներ են: Այնտեղ տեսանք նաեւ հսկաներ, որոնց համեմատութեամբ մենք մորեխներ ենք»:
14 ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ
1 Ամբողջ ժողովուրդը աղաղակ բարձրացրեց ու լաց եղաւ այդ ամբողջ գիշեր: 2 Բոլոր իսրայէլացիները տրտնջացին Մովսէսից ու Ահարոնից եւ ասացին. «Աւելի լաւ կը լինէր Եգիպտացիների երկրում մեռած լինէինք կամ հէնց այստեղ՝ անապատում մեռնէինք: 3 Ինչո՞ւ է Տէրը մեզ տանում այդ երկիրը, որպէսզի պատերազմում ընկնենք, իսկ մեր կանայք ու մեր զաւակները յափշտակուեն: Արդ, աւելի լաւ է վերադառնանք Եգիպտոս»: 4 Նրանք իրար ասացին. «Հրամանատար ընտրենք եւ Եգիպտոս վերադառնանք»: 5 Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան բոլոր իսրայէլացիների առջեւ: 6 Երկիրը հետախուզողներից Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը, պատառոտելով իրենց զգեստները, 7 ասացին բոլոր իսրայէլացիներին. «Մեր հետախուզած երկիրը չափազանց լաւ է: 8 Եթէ Աստծուց բարեհաճութիւն ունենանք, նա մեզ կ՚առաջնորդի այդ երկիրը եւ այն կը տայ մեզ: Դա մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում: 9 Միայն թէ Տիրոջ դէմ չապստամբէք եւ այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետեւ մենք կը լափենք նրանց: Տէրն արդէն լքել է նրանց, նա մեզ հետ է: Մի՛ վախեցէք նրանցից»: 10 Ամբողջ ժողովուրդն ասաց. «Եկէք քարկոծենք նրանց»: Այն ժամանակ Տիրոջ փառքը ամպի մէջ երեւաց վկայութեան խորանի վրայ, բոլոր իսրայէլացիների դիմաց:
ՄՈՎՍԷՍԸ ԱՂՕԹՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
11 Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ պիտի ինձ զայրացնի քո այդ ժողովուրդը, մինչեւ ե՞րբ պիտի չհաւատայ այն բոլոր հրաշքներին, որ կատարեցի նրանց մէջ: 12 Թո՛յլ տուր ինձ, որ հարուածեմ մահուամբ եւ կորստեան մատնեմ նրանց, իսկ քեզ ու քո հօր տունը այս ժողովրդից աւելի մեծ ու բազմանդամ դարձնեմ»: 13 Մովսէսն ասաց Տիրոջը. «Այժմ եգիպտացիները իմացան, որ դու ես քո մեծ ուժով այս ժողովրդին հանել իրենց միջից, 14 եւ այս երկրի ամբողջ բնակիչները հասու են դարձել, որ դու ես այս ժողովրդի մէջ այն Տէրը, որ դէմ յանդիման ես երեւում: Տէ՜ր, քո ամպը հովանի է նրանց վրայ, եւ ցերեկը դու ես սիւնակերպ ամպի մէջ գնում նրանց առաջից, իսկ գիշերը՝ կրակէ սեան նման: 15 Արդ, եթէ դու այդ ժողովրդին մի մարդու պէս ոչնչացնես, ապա քո անունը լսած ազգերը կ՚ասեն. 16 “Քանի որ Տէրը չկարողացաւ այս ժողովրդին տանել իր խոստացած երկիրը, նրանց դիակները այս անապատում գետին փռեց”: 17 Արդ, թող բարձրանայ քո ձեռքը, Տէ՜ր, ինչպէս որ խօսեցիր ու ասացիր, 18 թէ՝ “Տէրը համբերատար է, ողորմած ու ճշմարիտ, որ ներում է անօրէնութիւնները, անիրաւութիւններն ու մեղքերը, բայց եւ ամենեւին չի ներում մեղսագործներին, հայրերի մեղքերը հատուցել է տալիս նրանց զաւակներին մինչեւ երրորդ ու չորրորդ սերունդը”: 19 Քո մեծ ողորմութեամբ ների՛ր քո ժողովրդին, ինչպէս ներել ես նրանց Եգիպտոսից ելնելուց մինչեւ հիմա»: 20 Տէրն ասաց Մովսէսին. «Կը ներեմ նրանց, ինչպէս դու ասացիր, 21 բայց կենդանի եմ ես, կենդանի է իմ անունը, եւ Տիրոջ փառքը պիտի լցնի ամբողջ երկիրը: 22 Թէեւ իմ փառքը եւ Եգիպտոսում ու այս անապատում իմ գործած հրաշքները տեսան բոլոր մարդիկ, բայց տասն անգամ փորձեցին ինձ, ու չհաւատացին, 23 թէ կը տեսնեն այն երկիրը, որ ես խոստացայ նրանց հայրերին: Ես երկիրը կը տամ նրանց այն որդիներին, որ այստեղ՝ ինձ հետ են, անտեղեակ են չարին ու բարուն, կը տամ բոլոր անփորձ մանուկներին: Բոլոր նրանք, ովքեր բարկացրին ինձ, այդ երկիրը չեն տեսնի: 24 Բայց ուրիշ հոգի ունեցող եւ ինձ հետեւած իմ ծառայ Քաղէբին ես կը տանեմ այն երկիրը, ուր նա մտաւ հետախուզելու, իսկ նրա յետնորդները կը ժառանգեն այն: 25 Ամաղէկացիներն ու քանանացիները բնակւում են ձորում, բայց դուք վաղը կը վերադառնաք եւ անապատով կը գնաք դէպի Կարմիր ծով»:
ՏԷՐԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
26 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 27 «Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեմ այս վատ ժողովրդին, եւ դրանք պիտի տրտնջան իմ առջեւ: 28 Ես լսեցի իսրայէլացիների տրտունջը ձեր դէմ: Արդ, նրանց կ՚ասես. “Կենդանի եմ ես, – ասում է Տէրը, – եւ ես կը վարուեմ ձեզ հետ այն խօսքերի համաձայն, որ հասան իմ ականջներին. 29 այս անապատում ցրիւ պիտի գան ձեր ոսկորները, գնդերը, հաշուառման ենթարկուած քսան տարեկանից բարձր եւ իմ դէմ բողոքած բոլոր մարդիկ պիտի կոտորուեն այստեղ: 30 Նրանք չպիտի մտնեն այն երկիրը, որի վրայ բարձրացնելով իմ ձեռքը՝ երդուեցի, թէ՝ “Ձեզ կը բնակեցնեմ այնտեղ, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից: 31 Իսկ ձեր զաւակները, որոնց մասին ասացիք, թէ կը յափշտակուեն, նրանց կը տամ այդ երկիրը, նրանք կը ժառանգեն այն, որից դուք նողկանքով յե՛տ քաշուեցիք: 32 Ձեր ոսկորները ցրիւ կը գան այս անապատում, 33 իսկ ձեր զաւակները քառասուն տարի խոտ կը ճարակեն այս անապատում եւ կը հատուցեն ձեր հոգու պոռնկութեան դիմաց, մինչեւ որ ձեր ոսկորները փտեն այս անապատում: 34 Երկիրը հետախուզելու քառասուն օրերի թուի համեմատ ձեր գործած մեղքերի համար քառասուն տարի պիտի պատժուէք, որպէսզի ճանաչէք իմ բարկութիւնն ու ցասումը: 35 Ես՝ Տէրս, ասել եմ, որ իմ դէմ դուրս եկած վատ ժողովրդի նկատմամբ այդպէս էլ կը վարուեմ: Նրանք այս անապատում պիտի հիւծուեն եւ այստեղ էլ պիտի մեռնեն”»: 36 Եւ այն մարդիկ, որոնց Մովսէսն ուղարկել էր երկիրը հետախուզելու, եւ որոնք, վերադառնալով, ժողովրդի մէջ չարախօսեցին այդ երկրի դէմ՝ վատ համբաւ տարածելով նրա մասին, 37 Տիրոջ առաջ չարաչար մեռան: 38 Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկուեցին միայն Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը:
ԿՐԿԻՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ
(Բ Օր. 1.41-46)
39 Մովսէսը բոլոր իսրայէլացիներին հաղորդեց Տիրոջ այս պատգամները, եւ ժողովուրդը մեծապէս սգաց: 40 Վաղ առաւօտեան վեր կենալով՝ մարդիկ բարձրացան լերան գագաթը եւ ասացին Մովսէսին. «Մենք, ահա, պատրաստ ենք գնալու այն տեղը, որ Տէրը խոստացել է մեզ, որովհետեւ մեղք ենք գործել»: 41 Մովսէսը պատասխանեց. «Ինչո՞ւ զանց առաք Տիրոջ խօսքը: Դուք յաջողութիւն չէք ունենայ: 42 Մի՛ գնացէք, որովհետեւ Տէրը ձեզ հետ չէ, դուք կ՚ընկնէք ձեր թշնամիների ձեռքից: 43 Ամաղէկացիներն ու քանանացիները այնտեղ՝ ձեր առջեւն են, եւ դուք կ՚ընկնէք նրանց սրից: Քանի որ հեռացաք Տիրոջից եւ նրան չանսացիք, Տէրը ձեզ հետ չի լինի»: 44 Նրանք, սակայն, չլսեցին ու բարձրացան լերան գագաթը, բայց Տիրոջ ուխտի տապանակն ու Մովսէսը բանակատեղիից չշարժուեցին: 45 Լերան վրայ բնակուող ամաղէկացիներն ու քանանացիները իջան, հարուածելով սրակոտոր արեցին նրանց՝ հետապնդելով մինչեւ Հերմա: 46 Վերապրածները վերադարձան բանակատեղի:
15 ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒՄԻ ԿԱՆՈՆՆԵՐ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Խօսի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. “Երբ մտնէք ձեր բնակութեան երկիրը, որ ես տալու եմ ձեզ, 3 ողջակէզներ արէ՛ք Տիրոջ համար, լինեն դրանք ուխտի առիթով արուող կամաւոր եւ կամ ձեր տօնակատարութիւննրի առթիւ մատուցուող նուիրաբերութիւններ, որպէսզի դրանք, որպէս անուշ բուրմունք, Տիրոջը ընդունելի լինեն: Եթէ զոհաբերութիւնը արջառ է կամ ոչխար, 4 զոհաբերողը Տիրոջը թող մատուցի նաեւ քառորդ հիմէն230 իւղով հունցուած մէկ տասներորդ գրիւ231 ընտիր ալիւր: 5 Ողջակէզ եւ զոհ մատուցելիս կը նուիրաբերէք նաեւ քառորդ հիմէն գինի. իւրաքանչիւր զոհաբերուող գառան համար կը զոհաբերես նրան հասնող չափով գինի, որպէսզի դա Տիրոջ համար անուշ բուրմունք լինի: 6 Խոյ ողջակիզելիս կամ զոհաբերելիս մէկ երրորդ հիմէն իւղով հունցուած երկու տասներորդ ընտիր ալիւր232 կը նուիրաբերես: 7 Կը մատուցես կէս հիմէն գինի որպէս անուշ բուրմունք Տիրոջ համար: 8 Եթէ Տիրոջ փրկութեան ուխտը փառաւորելու համար ողջակէզ կամ զոհ կը մատուցես արջառներից, 9 զուարակի հետ կէս հիմէն իւղով հունցուած երեք տասներորդ ընտիր ալիւր կը նուիրաբերես, 10 որպէս նուէր կէս հիմէն գինի՝ իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար: 11 Նոյն կերպ կը վարուես մէկ զուարակի, մէկ խոյի, մէկ գառան, մէկ ոչխարի կամ այծի դէպքում, ըստ դրանց թուի: 12 Ինչ որ անէք մէկի համար, նոյնը կ՚անէք միւսի համար, ըստ դրանց թուի: 13 Բոլոր իսրայէլացիները այդպէս պէտք է վարուեն՝ նոյնպիսի ընծաներ պէտք է մատուցեն իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար: Եթէ որեւէ օտարական գայ ձեր երկիրը ձեր մէջ բնակուելու համար կամ ծնուած լինի ձեր երկրում, ընծայ թող մատուցի որպէս անուշ բուրմունք Տիրոջ համար: 14 Ինչպէս դուք էք անում, նոյնպէս թող անեն օտարականն ու Տիրոջ ժողովուրդը: 15 Միեւնոյն օրէնքը պէտք է գործի ե՛ւ ձեզ համար, ե՛ւ ձեզ հետ բնակուող օտարականների համար: Դա յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեր բոլոր սերունդների համար: Ինչպիսին դուք էք, այդպիսին էլ պէտք է լինի օտարականը Տիրոջ առջեւ: Միեւնոյն օրէնքը պէտք է գործի, միեւնոյն պարտականութիւնը պիտի ունենաք ե՛ւ դուք, ե՛ւ ձեր մէջ բնակուող օտարականը”»:
16 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 17 «Խօսի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. 18 “Երբ դուք մտնէք այն երկիրը, ուր պիտի տանեմ ձեզ, 19 եւ ուտէք երկրի հացից, 20 Տիրոջը որպէս հաս կը տաք թթխմորով հունցուած հացից: Տիրոջը որպէս հաս հաց կը տանէք, այն կը յատկացնէք Տիրոջը իբրեւ կալից ստացուած ու մատուցուած հաս: 21 Այդ հացը Տիրոջը նուիրաբերուող հաս թող լինի: Այդպէս կը վարուէք սերնդէսերունդ:
22 Եթէ մեղանչէք եւ չկատարէք այն բոլոր պատուիրանները, որ Տէրը տուեց Մովսէսին, 23 ինչպէս նաեւ այն հրամանները, որ Տէրը Մովսէսի միջոցով տուեց ձեզ այն օրը, երբ Տէրը այս պատուիրանները տուեց ձեզ եւ ձեր յետագայ սերունդներին, 24 եթէ ժողովուրդն ակամայ մեղանչի, ապա ժողովուրդը նախրից բերուած ոչ արատաւոր մի զուարակ թող ողջակէզ անի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշ բուրմունք: Նուիրաբերումը պէտք է լինի անարիւն, այլեւ՝ մի նոխազ մեղքերի քաւութեան համար: 25 Քահանան դրանով քաւած կը լինի իսրայէլացի ամբողջ ժողովրդի մեղքերը եւ թողութիւն կը տայ նրանց, որովհետեւ ակամայ էր մեղանչել ժողովուրդը: Նրանք Տիրոջ հանդէպ ակամայ գործած իրենց մեղքերի համար որպէս ընծայ պէտք է Տիրոջը զոհ մատուցեն: 26 Այսպէս թող քաւուեն բոլոր իսրայէլացիների եւ օտարականների մեղքերը, որովհետեւ ակամայ գործած մեղքերը վերաբերում են ամբողջ ժողովրդին:
27 Եթէ մէկը ակամայ մեղք գործի, թող մի տարեկան էգ ուլ մատուցի մեղքերի քաւութեան համար: 28 Քահանան դրանով քաւած կը լինի ակամայ մեղանչած անձի՝ Տիրոջ առջեւ ակամայ մեղք գործողի մեղքերը, որպէսզի քաւութիւն լինի նրա համար: 29 Տեղաբնակ իսրայէլացիների եւ նրանց մէջ բնակութիւն հաստատած օտարականի համար թող գործի միեւնոյն օրէնքը, եթէ նրանցից որեւէ մէկը ակամայ մեղք է գործել:
30 Եթէ տեղաբնակը կամ օտարականը մեղանչի մեծամտաբար կամ գիտակցօրէն, ապա նա զայրացրած կը լինի Աստծուն: Այդ մարդը թող վերանայ իր ժողովրդի միջից, 31 որովհետեւ անարգում է Տիրոջ խօսքը եւ խախտում նրա պատուիրանները: Ջնջուելով թող ջնջուի այդ մարդը իր ժողովրդի միջից, որովհետեւ իր մեղքերի համար ինքն է մեղաւոր”»:
ՇԱԲԱԹԸ ԽԱԽՏՈՂ ՄԱՐԴԸ
32 Իսրայէլացիներն այնտեղ՝ անապատում էին: Նրանք տեսան մի մարդ, որ շաբաթ օրը փայտ էր հաւաքում: 33 Նրան տեսնողները շաբաթ օրը փայտ հաւաքողին բերեցին Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի մօտ 34 եւ բանտարկեցին, որովհետեւ չէին կարողանում որոշել, թէ ինչ անեն նրան: 35 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Մահուան թող դատապարտուի այդ մարդը: Ամբողջ ժողովուրդը քարերով թող քարկոծի նրան»: 36 Ամբողջ ժողովուրդը նրան բանակատեղիից դուրս բերեց եւ քարկոծեց նրան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
ԾՈՊԱՒՈՐ ԶԳԵՍՏՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
37 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 38 «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց, որ իրենց զգեստների ծայրերին ծոպեր կարեն, իսկ փեշերի ծոպերի վրայ կապոյտ թել դնեն: 39 Այս ծոպերը ձեր զգեստների վրայ պիտի լինեն, որպէսզի տեսնելով դրանք՝ յիշէք Տիրոջ պատուիրանները եւ կատարէք դրանք: Այսպիսով դուք չէք շեղուի ձեր մտքի ու աչքերի ցանկութիւններին հետեւելով ու չէք պոռնկանայ: 40 Կը յիշէք ու կը կատարէք իմ բոլոր պատուիրանները, ձեր Աստծու առջեւ մաքուր կը լինէք, 41 քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեցի Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինեմ: Ես եմ ձեր Տէր Աստուածը»:
16 ԿՈՐԽԻ, ԴԱԹԱՆԻ ԵՒ ԱԲԻՐՈՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ
1 Խօսեցին Ղեւիի որդի Կահաթի, սրա որդի Իսահառի որդի Կորխը, Ռուբէնի որդի Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, Ռուբէնի որդի Փաղէթի որդի Օնանը, եւ իրար հետ պայմանաւորուելով՝ 2 ըմբոստացան Մովսէսի դէմ: Սրանց միացան նաեւ իսրայէլացիներից երկու հարիւր յիսուն տղամարդիկ՝ ժողովրդի առաջնորդներ, խորհրդականներ ու անուանի մարդիկ: 3 Նրանք միացան Մովսէսի ու Ահարոնի դէմ եւ ասացին. «Բաւակա՛ն է, հասկացէ՛ք, որ ժողովուրդը մաքուր է, եւ Տէրը նրա մէջ է: Արդ, ինչո՞ւ էք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»: 4 Այդ լսելով՝ Մովսէսը երեսնիվայր ընկաւ գետին 5 եւ դիմելով Կորխին ու նրա բոլոր մարդկանց՝ ասաց. «Աստուած այցի եկաւ, ճանաչեց իւրայիններին եւ մաքուրներին ու նրանց իր մօտ առաւ: 6 Ում որ չընտրեց, իր մօտ չառաւ: Արդ, այսպէ՛ս արէք. Կո՛րխ, դու եւ քո մարդիկ բուրվառներ առէք, դրանց մէջ կրակ դրէք, կրակի վրայ խունկ, 7 որ վաղը խնկարկէք Տիրոջ առաջ: Տէրը ում որ ընտրի, նա՛ է սուրբ: Բաւակա՛ն է ձեզ, Ղեւիի՛ որդիներ»: 8 Մովսէսն ասաց Կորխին. «Լսեցէ՛ք ինձ, Ղեւիի՛ որդիներ: 9 Մի՞թէ քիչ բան է ձեզ համար, որ Իսրայէլի Աստուածը ձե՛զ առանձնացրեց իր ժողովրդի միջից եւ ձե՛զ մերձեցրեց իրեն, որպէսզի սպասաւորէք Տիրոջ խորանում եւ ժողովրդին ծառայելու համար կանգնէք նրա առջեւ: 10 Չէ՞ որ նա քեզ եւ քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղեւիի յետնորդներին իր մօտ վերցրեց: Հիմա պահանջում էք քահանա՞յ էլ դառնալ: 11 Դրանով դու եւ քո մարդիկ Աստծու դէմ էք ելնում: Մի՞թէ չգիտէք, թէ ով է Ահարոնը, որ նրա դէմ էք տրտնջում»: 12 Եւ Մովսէսը մարդ ուղարկեց, որ կանչեն Եղիաբի որդիներ Դաթանին ու Աբիրոնին: Սրանք ասացին. «Չենք գայ: 13 Մի՞թէ քիչ բան է այն, որ մեզ հանեցիր Եգիպտոսից, ուր կաթ ու մեղր էր բխում, որպէսզի սպանես մեզ այստեղ՝ անապատում: Իսկ հիմա մեզ սաստո՞ւմ ես եւ դո՞ւ ես ղեկավարը: 14 Մի՞թէ դու մեզ բերել ես մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, եւ մեզ դաշտեր ու այգիներ ես ժառանգութիւն տուել այնտեղ: Մեր աչքերն էլ փորես, քեզ մօտ չենք գայ»: 15 Մովսէսը խիստ դառնացաւ եւ Տիրոջն ասաց. «Մի՛ ընդունիր նրանց զոհաբերութիւնները, որովհետեւ նրանցից ես ոչինչ չեմ առել եւ նրանցից որեւէ մէկի հանդէպ անարդար բան չեմ արել»: 16 Եւ Մովսէսն ասաց Կորխին. «Մաքրի՛ր քո մարդկանց, եւ առաւօտեան Տիրոջ առաջ պատրաստ եղէք դու եւ Ահարոնը: 17 Իւրաքանչիւրը թող առնի իր բուրվառը եւ դրա մէջ խունկ թող դնի: Իւրաքանչիւրն իր բուրվառը մատուցի Տիրոջը՝ ընդամէնը երկու հարիւր յիսուն բուրվառ: Դու եւ Ահարոնը նոյնպէս մատուցեցէ՛ք ձեր բուրվառները»: 18 Նրանք կրակ դրեցին դրանց մէջ, կրակի վրայ խունկ լցրին, եւ Մովսէսն ու Ահարոնը կանգնեցին վկայութեան խորանի դռանը: 19 Կորխն իր բոլոր մարդկանց հաւաքեց նրանց դիմաց, վկայութեան խորանի դռան մօտ: Եւ Տիրոջ փառքը երեւաց ամբողջ ժողովրդին:
20 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 21 «Հեռացէ՛ք այդ ժողովրդի մօտից, որ ես միանգամից կոտորեմ սրանց»: 22 Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկնելով՝ ասացին. «Ո՛վ Աստուած, հոգիների ու բոլոր մարմինների Աստուած, եթէ մի մարդ մեղք է գործում, միթէ ամբողջ ժողովրդի՞ վրայ պիտի թափուի Տիրոջ զայրոյթը»: 23 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 24 «Խօսի՛ր ժողովրդի հետ եւ ասա՛. “Հեռացէ՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի բնակավայրի շրջապատից”»: 25 Մովսէսը վեր կացաւ եւ գնաց Դաթանի ու Աբիրոնի մօտ: Նրա հետ գնացին նաեւ իսրայէլացիների բոլոր ծերերը: 26 Մովսէսը դիմեց ժողովրդին եւ ասաց. «Հեռացէ՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, նրանց ոչ մի իրին ձեռք չտաք, որպէսզի կորստեան չմատնուէք դրանց գործած մեղքերի պատճառով»: 27 Նրանք հեռացան Կորխի վրանի շուրջը գտնուող ժողովրդից, բայց Դաթանն ու Աբիրոնը, նրանց կանայք, երեխաներն իրենց իրերով դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների դռան մօտ: 28 Մովսէսն ասաց. «Սրանով դուք կ՚իմանաք, որ Տէրն է ուղարկել ինձ այս բոլոր գործերը կատարելու համար, եւ ոչ թէ ես ինձանից եմ անում դրանք. 29 եթէ Դաթանն ու Աբիրոնը մեռնեն մարդկային սովորական մահով, կամ դրանց պատիժը մարդկային սովորական պատժի նման լինի, ապա Տէրը չէ, որ ուղարկել ինձ: 30 Իսկ եթէ որեւէ նոր նշան ցոյց տայ Տէրը, երկիրն իր երախը բացելով կուլ տայ նրանց, նրանց ընտանիքներին վրաններով ու դրանցում եղած ամէն ինչով, ողջ-ողջ դժոխք իջնեն նրանք, ուրեմն իմացէք, որ այդ մարդիկ զայրացրել են Տիրոջը»: 31 Երբ Մովսէսն աւարտեց այս խօսքերը, նրանց ոտքի տակ պատռուեց երկիրը, 32 բացուեց գետինը եւ կուլ տուեց նրանց ու նրանց ընտանիքներին, Կորխին յարած մարդկանց ու նրանց անասուններին: 33 Նրանք եւ նրանց ունեցածները ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, եւ նրանք վերացան ժողովրդի միջից:
ԿՐԱԿԸ ՍՊԱՌՈՒՄ Է ՆՐԱՆՑ
34 Նրանց շուրջը գտնուող բոլոր իսրայէլացիները նրանց ճիչը լսելով՝ փախուստի դիմեցին, որովհետեւ հաւատացած էին, թէ գուցէ երկիրն իրենց էլ կուլ տայ: 35 Տիրոջ ուղարկած կրակն իջաւ ու ճարակեց այն երկու հարիւր յիսուն մարդկանց, որոնք խնկարկում էին:
36 Տէրն ասաց Մովսէսին ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. 37 «Վերցրէ՛ք հրոյ ճարակ դարձած մարդկանց պղնձէ բուրվառները, իսկ օտար կրակը սփռեցէ՛ք հեռու, 38 որովհետեւ իրենց հոգիների դէմ մեղք գործողների այդ բուրվառները սրբագործուեցին: Այդ բուրվառները դրուագածոյ թիթեղների վերածի՛ր եւ դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետեւ դրանք մատուցուած լինելով Տիրոջը, սրբագործուած են: Դրանք իսրայէլացիների համար ազդանշան պիտի լինեն»: 39 Ահարոն քահանայի որդի Եղիազարն առաւ հրոյ ճարակ դարձած մարդկանց մատուցած պղնձէ բուրվառները, 40 դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց, որպէսզի իսրայէլացիներին յիշեցնի, որ Ահարոնից չսերած որեւէ օտար մարդ խունկ դնելու համար չմօտենայ Տիրոջը, որպէսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան յարած ամբոխի հետ: Այդ էր Տէրը յայտնել Մովսէսի միջոցով:
ԱՀԱՐՈՆԸ ՓՐԿՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
41 Հետեւեալ օրն իսրայէլացիները տրտնջացին Մովսէսի ու Ահարոնի դէմ՝ ասելով. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»: 42 Երբ ժողովուրդը խուժեց Մովսէսի ու Ահարոնի վրայ, նրանք դիմեցին դէպի վկայութեան խորան: Ամպը իսկոյն ծածկեց խորանը, եւ երեւաց Տիրոջ փառքը: 43 Մովսէսն ու Ահարոնը կանգնեցին վկայութեան խորանի առջեւ: 44 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 45 «Հեռացէ՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»: Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետին, 46 եւ Մովսէսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մէջ զոհասեղանի վրայից վերցրած կրակ դի՛ր, դրա վրայ խունկ լցրո՛ւ, շտապ տա՛ր բանակատեղի եւ քաւութիւն խնդրի՛ր նրանց մեղքերի համար, որովհետեւ Տէրը զայրացել է եւ սկսել է կոտորել ժողովրդին»: 47 Ահարոնն առաւ բուրվառը, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը, եւ գնաց ժողովրդի մօտ: Մարդկանց կոտորածն արդէն սկսուել էր: Ահարոնը խունկ դրեց եւ քաւութիւն խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար: 48 Նա կանգնեց սպանուած ու կենդանի մարդկանց միջեւ, եւ կոտորածը դադարեց: 49 Կոտորուածների թիւը հասաւ տասնչորս հազար եօթը հարիւր հոգու՝ չհաշուած Կորխի պատճառով մեռածները: 50 Ահարոնը վերադարձաւ Մովսէսի մօտ, վկայութեան խորանի դուռը, եւ կոտորածը դադարեց:
17 ԱՀԱՐՈՆԻ ԾԱՂԿՈՂ ԳԱՒԱԶԱՆԸ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Դիմի՛ր իսրայէլացիներին եւ նրանցից՝ նրանց ցեղերի բոլոր իշխաններից մէկական գաւազան ա՛ռ ըստ իրենց նահապետների ընտանիքների թուի՝ ընդամէնը տասներկու գաւազան: Իւրաքանչիւր իշխանի անունը կը գրես իր գաւազանի վրայ: 3 Ահարոնի անունը կը գրես իր գաւազանի վրայ: Իսրայէլի ամէն մի ցեղ մէկ գաւազան է տալու ըստ իր նահապետների ընտանիքների: 4 Դրանք կը դնես վկայութեան խորանում, որով պիտի երեւամ քեզ այնտեղ: 5 Թող ծաղկի այն մարդու գաւազանը, որին ես կ՚ընտրեմ: Դրանով կը վերացնեմ ձեր դէմ ուղղուած իսրայէլացիների տրտունջը»:
6 Մովսէսն այդ հաղորդեց իսրայէլացիներին, եւ նրանց իշխանները նրան տուեցին իրենց գաւազանները. ամէն մի իշխան տուեց մէկ գաւազան՝ ըստ իրենց նահապետների ընտանիքների, ընդամէնը տասներկու գաւազան: Դրանց մէջ էր նաեւ Ահարոնի գաւազանը: 7 Մովսէսն այդ գաւազանները դրեց Տիրոջ առջեւ, վկայութեան խորանում: 8 Յաջորդ օրը Մովսէսն ու Ահարոնը մտան վկայութեան խորան եւ տեսան, որ ծաղկել է Ղեւիի տան կողմից տրուած Ահարոնի գաւազանը. նա ճիւղեր էր արձակել, ծաղկել եւ ընկոյզ բռնել: 9 Մովսէսը գաւազաններն առաւ Տիրոջ առաջից եւ ցոյց տուեց բոլոր իսրայէլացիներին: Նրանք տեսան այդ: Ամէն մէկն առաւ իր գաւազանը: 10 Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնի այդ գաւազանը դի՛ր միւս վկայութիւնների կողքին ի պահ, որպէս նշան անհնազանդ որդիների, որպէսզի դադարի նրանց տրտունջն իմ դէմ, եւ նրանք չմեռնեն»: 11 Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին. նրանք այդպէս էլ արեցին: 12 Իսրայէլացիներն ասացին Մովսէսին. «Մենք կոտորւում, կորչում, նուազում ենք: 13 Ով որ մօտենում է Տիրոջ խորանին, մեռնում է: Մի՞թէ մենք իսպառ պիտի ոչնչանանք»:
18 ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԵՒ ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
1 Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. «Դու, քո որդիներն ու քո նահապետական ընտանիքը պատասխանատու էք սրբարանի սպասաւորութեան նկատմամբ կատարուող մեղսագործութիւնների համար, բայց միայն դու եւ քո որդիներն էք կրելու ձեր քահանայագործութեան ժամանակ ձեր կատարած զանցանքների պատասխանատուութիւնը: 2 Քեզ մօտ վերցրու քո եղբայրներին՝ քո նախորդը եղող Ղեւիի սերնդից՝ քո հօր ցեղից, եւ նրանք թող միանան ու թող ծառայեն քեզ: Վկայութեան խորանում, սակայն, պիտի սպասաւորէք դու եւ քեզ հետ քո որդիները: 3 Ղեւտացիները պիտի ծառայեն քեզ եւ վկայութեան խորանի պահապանները պիտի լինեն, բայց նրանք իմ սուրբ սպասքին ու զոհասեղանին չպէտք է մերձենան, որպէսզի ե՛ւ նրանք, ե՛ւ դուք չմեռնէք: 4 Նրանք պիտի միանան քեզ, որ կատարուի վկայութեան խորանի պահպանութիւնն ըստ խորանի բոլոր ծառայութիւնների: Ոչ մի օտարազգի մարդ քեզ չպիտի մօտենայ: 5 Դուք ինքներդ կը սպասարկէք սրբութիւններն ու զոհասեղանը, որպէսզի իսրայէլացիների վրայ այլեւս չիջնի Տիրոջ բարկութիւնը: 6 Ես իսրայէլացիների միջից, որպէս Տիրոջը տրուած ընծայ, վերցրի ձեր ղեւտացի եղբայրներին, որպէսզի նրանք սպասարկեն վկայութեան խորանում, 7 իսկ դու եւ քեզ հետ քո որդիները վարէք քահանայութեան պաշտօնը, անէք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, վարագոյրի յետեւում գտնուող մասում կատարէք քահանայական ձեր պարտականութիւնները, իսկ այլ ազգի մարդը եթէ մօտենայ, մահուամբ պիտի պատժուի»:
8 Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. «Ահա ես ձեզ յանձնեցի ինձ նուիրաբերուած ընծաների պահպանութիւնը. իսրայէլացիների ինձ նուիրած ամէն ինչ իբրեւ պարգեւ տալիս եմ քեզ ու քո յետնորդներին. եւ սա թող յաւիտենական օրէնք լինի: 9 Ահա սրանք են սուրբ ընծաներից ձեզ պատկանող բաները. նրանց բոլոր զանցանքների, նրանց բոլոր մեղսագործութիւնների համար ինձ նուիրաբերուող նրանց բոլոր նուէրներից, նրանց բոլոր զոհերից քեզ եւ քո որդիներին բաժին պիտի հասնի: 10 Սուրբ վայրերում կ՚ուտէք դրանք. ով որ արու է, կարող է ուտել այն. միայն դու եւ քո արու զաւակները. եւ քեզ համար դրանք սուրբ պիտի լինեն:
11 Ձեզ պիտի պատկանեն նաեւ իսրայէլացիների մատուցած բերքի առաջին պտուղները: Բոլոր զոհաբերութիւնները տալիս եմ քեզ եւ քեզ հետ՝ քո տղաներին ու աղջիկներին: Սա թող յաւիտենական օրէնք լինի: Քո տանը ամէն մաքուր մարդ թող ուտի այն: 12 Տիրոջը մատուցուած բերքի ընտիր իւղը, ընտիր գինին եւ ընտիր ցորենը քեզ եմ տալիս: 13 Իրենց երկրի հացաբոյսերի ամէն առաջին բերքը, որ Տիրոջն են մատուցում, թող քեզ պատկանի: Քո տանը ամէն մաքուր մարդ թող ուտի այն: 14 Իսրայէլացիներից ինձ նուիրաբերուող ամէն ինչ քեզ թող պատկանի: 15 Ամէն մի առաջնածին, մարդ թէ անասուն, որ Տիրոջն են նուիրում, թող քեզ պատկանի: Յետ կը գնես միայն մարդկանց անդրանիկներին: Յետ կը գնես նաեւ անմաքուր անասունների առաջնածինները: 16 Յետգնումը թող տեղի ունենայ ծննդից մէկ ամիս անցնելուց յետոյ, իսկ դրա գինը, ըստ սրբարանի սիկղի, հինգ սիկղ թող լինի, որը հաւասար է քսան դանգի: 17 Արջառների, ոչխարների ու այծերի առաջնածինները յետ չգնես, որովհետեւ մաքուր են: Նրանց արիւնը կը հեղես զոհասեղանի մօտ, իսկ ճարպը ընծայ կ՚անես իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար: 18 Միսը թող պատկանի քեզ, ինչպէս եւ կուրծքն ու աջ թեւը: 19 Սրբութիւններից այն ամէնը, ինչ որ իսրայէլացիները Տիրոջն են տալիս որպէս տուրք, քեզ եմ տալիս, քո զաւակներին եւ քեզ հետ՝ քո տղաներին ու աղջիկներին: Դա յաւիտենական օրէնք թող լինի, որովհետեւ դա Տիրոջ առաջ Աղի ուխտ է քեզ համար եւ քեզնից յետոյ քո սերնդի համար»: 20 Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. «Նրանց երկրում ոչ մի ժառանգութիւն չպիտի ունենաս, եւ դու նրանց հետ ոչ մի բաժին չպիտի ունենաս, որովհետեւ ես եմ քո բաժինն ու ժառանգութիւնը իսրայէլացիների մէջ»:
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ
21 «Ես Ղեւիի որդիներին իբրեւ ժառանգութիւն եմ տալիս իսրայէլացիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայութեան համար, որ նրանք պիտի կատարեն վկայութեան խորանում: 22 Միւս իսրայէլացիները չպէտք է մերձենան վկայութեան խորանին, որպէսզի մահացու մեղքեր գործած չլինեն: 23 Միայն ղեւտացիները թող սպասարկեն վկայութեան խորանում եւ պատասխան տան իրենց գործած մեղքերի համար: Դա յաւիտենական օրէնք թող լինի իսրայէլացիների մէջ իրենց բոլոր սերունդներում: Ղեւտացիները ժառանգութիւն չպէտք է ունենան, 24 որովհետեւ իսրայէլացիների եկամուտների տասանորդները, որ յատկացնելու են Տիրոջը իբրեւ տուրք, տուեցի ղեւտացիներին որպէս ժառանգութիւն: Դրա համար էլ ասացի, որ նրանք ժառանգութիւն չպիտի ունենան իսրայէլացիների մէջ»:
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՏԱՍԱՆՈՐԴԸ
25 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 26 «Խօսի՛ր ղեւտացիների հետ ու ասա՛ նրանց. “Եթէ իսրայէլացիներից տասանորդ ստանաք, որը ես որպէս ժառանգութիւն ձեզ եմ տուել, դուք էլ դրանից պէտք է տուրք տաք Տիրոջը՝ տասանորդի մէկ տասներորդը: 27 Ձեր տուրքը պիտի ընդունուի իբրեւ կալում գտնուող ցորեն եւ հնձանում եղած գինի: 28 Ըստ այդմ էլ դուք մաս պիտի հանէք Տիրոջը այդ տուրքից, որ պիտի ստանաք իսրայէլացիներից իբրեւ տասանորդ, եւ դրանից տուրք պիտի տաք Տիրոջը, Ահարոն քահանային: 29 Ձեր ստացած տասանորդներից Տիրոջը մաս պիտի հանէք նաեւ առաջին բերքից: 30 Դու ղեւտացիներին ասա՛. “Երբ դրանից ընտիրը նուիրաբերէք Տիրոջը, դա պէտք է ընդունուի իբրեւ կալում գտնուող ցորեն եւ հնձանում եղած գինի: 31 Դուք եւ ձեր ընտանիքները դա կարող էք ուտել ամէն տեղ, որովհետեւ դա ձեր վարձն է վկայութեան խորանում ձեր մատուցած ծառայութեան փոխարէն: 32 Եւ դրա համար դուք մեղք կրած չէք լինի. երբ որ դրանից տուրք հանէք որպէս սրբութիւն Իսրայէլի որդիներին, սրբութիւնները պղծած չէք լինի եւ չէք մեռնի”»:
19 ԿԱՐՄԻՐ ԵՐԻՆՋԻ ՄՈԽԻՐԸ
1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2 «Սա է այն ծիսակարգը, որ Տէրը պատուիրեց Մովսէսին՝ ասելով. “Իսրայէլացիներին ասա՛, որ քեզ մօտ բերեն ոչ արատաւոր մի կարմիր երինջ, որ բծաւոր ու լծի տակ մտած չլինի: 3 Այն կը յանձնես Եղիազար քահանային: Թող հանեն դա բանակատեղիից դուրս մի մաքուր տեղ եւ մորթեն նրա առջեւ: 4 Եղիազարը թող առնի նրա արիւնից եւ եօթն անգամ ցանի վկայութեան խորանի դիմաց233: 5 Երինջը թող այրեն նրա առջեւ. դրա մորթը, միսն ու արիւնը թող այրեն իր աղտեղիքի հետ: 6 Քահանան թող վերցնի մի եղեւնու փայտ, զոպայ ու կարմիր թել եւ նետի այրուող երինջի վրայ: 7 Քահանան իր հագուստներն ու մարմինը լուանալուց յետոյ թող մտնի բանակատեղի: Քահանան, սակայն, մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի: 8 Երինջն այրողը ջրով թող լուանայ իր հագուստներն ու մարմինը եւ անմաքուր համարուի մինչեւ երեկոյ: 9 Մի մաքուր մարդ թող հաւաքի այրուած երինջի մոխիրը եւ կուտակի բանակատեղիից դուրս մի մաքուր տեղ: Իսրայէլացի ժողովրդի համար դա պիտի պահուի որպէս մեղքերի մաքրման ջուր, քանի որ դա սրբութիւն է: 10 Երինջի մոխիրը հաւաքողը թող լուանայ իր մարմինն ու հագուստները եւ անմաքուր համարուի մինչեւ երեկոյ: Դա իսրայէլացի ժողովրդի ու նրա մօտ ապրող օտարականների համար յաւիտենական օրէնք թող լինի»:
ՕՐԷՆՔ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ
11 «Ով որ դիպչի մեռած մարդու դիակին, եօթն օր թող անմաքուր համարուի: 12 Նա պէտք է մաքրուի երրորդ ու եօթներորդ օրերը, որից յետոյ մաքուր կը համարուի: Իսկ եթէ երրորդ ու եօթներորդ օրերը չմաքրուի, մաքուր չի համարուի: 13 Ով որ դիպչի մեռած կամ մեռնելու վրայ եղող մարդու դիակի ու չմաքրուի, նա պղծած է լինում Տիրոջ խորանը: Այդ մարդը թող վերանայ իսրայէլացիների միջից: Քանի որ մեղքերի մաքրման ջուր չցանուեց նրա վրայ, նա անմաքուր է, որովհետեւ նրա անմաքրութիւնը մնում է նրա մէջ: 14 Տան մէջ մեռնող մարդու մասին ծիսակարգը հետեւեալն է. ով որ մտնի այդ տունը, եւ ինչ որ կայ այդ տան մէջ, թող անմաքուր համարուի եօթը օր: 15 Բաց, կափարիչով չծածկուած կամ բերանը չկապած որեւէ աման անմաքուր թող համարուի: 16 Ով որ դաշտում բնական կամ բռնի մահով մեռած մարդու դիակի, ոսկորի կամ գերեզմանի դիպչի, եօթն օր թող պիղծ համարուի: 17 Անմաքուր համարուածի համար թող առնեն մեղքերի մաքրման համար այրուած երինջի մոխրից, դնեն մի ամանի մէջ եւ վրան ջուր աւելացնեն: 18 Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան եւ այն սուրբ ջրի մէջ թաթախելով՝ ցանի տան, կահկարասու, ամանների, այնտեղ գտնուող մարդկանց վրայ, ինչպէս նաեւ մարդու ոսկորին, բնական կամ բռնի մահով մեռած մարդու դիակին կամ գերեզմանին ձեռք տուած մարդու վրայ: 19 Մի մաքուր մարդ երրորդ ու եօթներորդ օրերը այդ անմաքուր մարդու վրայ ջուր թող ցանի, եւ նա եօթներորդ օրը մաքուր թող համարուի: Նա ջրով թող լուանայ իր հագուստներն ու մարմինը եւ մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի: 20 Այն մարդը, որ անմաքուր է, բայց չի ցանկանայ մաքրուել, թող վերանայ իր ժողովրդի միջից, որովհետեւ նա Տիրոջ սրբարանն է պղծել, մեղքերի մաքրման ջրով չի լուացուել եւ անմաքուր է: 21 Դա ձեզ համար յաւիտենական օրէնք թող լինի: Մեղքերի մաքրման լուացում կատարողը պէտք է լուանայ իր հագուստները: Ով որ դիպչում է մեղքերի մաքրման այդ ջրին, նա մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի: 22 Ինչի էլ որ դիպչի անմաքուրը, մինչեւ երեկոյ թող դա անմաքուր համարուի, իսկ ով դիպչի անմաքուր մարդուն, նա էլ մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի»:
20 ԿԱԴԷՍԻ ԴԷՊՔԵՐԸ
(Ելք 17.1-7)
1 Իսրայէլացիները ամբողջ ժողովրդի հետ առաջին ամսին եկան Սինայի անապատ, եւ ժողովուրդը բանակատեղի դրեց Կադէսում: Մարիամը վախճանուեց այնտեղ ու այնտեղ էլ թաղուեց:
2 Ժողովուրդը խմելու ջուր չունէր, ուստի հաւաքուեց Մովսէսի ու Ահարոնի գլխին: 3 Մովսէսի դէմ գանգատուելով՝ մարդիկ ասում էին. «Աւելի լաւ կը լինէր, եթէ մենք էլ մեռնէինք, երբ Տիրոջ առջեւ կոտորւում էին մեր եղբայրները: 4 Ինչո՞ւ Տիրոջ ժողովրդին բերեցիք այս անապատը, որ կոտորուենք մենք ու մեր անասունները: 5 Ինչո՞ւ հանեցիք մեզ Եգիպտացիների երկրից, որ գանք հասնենք այս վատ տեղը, ուր ո՛չ սերմ կը լինի ցանել, ո՛չ սեխ234 կայ, ո՛չ այգիներ, ո՛չ նռնենիներ եւ ո՛չ իսկ խմելու ջուր»: 6 Մովսէսն ու Ահարոնը ժողովրդի մօտից գնացին վկայութեան խորանի դուռը եւ երեսնիվայր ընկան գետին: Եւ Տիրոջ փառքը երեւաց նրանց:
7 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 8 Վերցրո՛ւ գաւազանը, դու եւ քո եղբայր Ահարոնը ժողովրդին հաւաքեցէ՛ք, նրանց ներկայութեամբ ասացէ՛ք այդ ապառաժին, եւ նա կը տայ իր ջուրը: Այդ ապառաժից ջուր կը հանէք եւ կը խմեցնէք ժողովրդին ու նրանց անասուններին»: 9 Մովսէսն առաւ Տիրոջ առջեւ գտնուող գաւազանը, ինչպէս Տէրն էր հրամայել իրեն: Մովսէսն ու Ահարոնը ժողովրդին հաւաքեցին ապառաժի դիմաց: 10 Մովսէսն ասաց նրանց. «Լսեցէ՛ք ինձ, ապստամբնե՛ր, հնարաւո՞ր է, որ այս ապառաժից ձեզ համար ջուր հանենք»: 11 Եւ Մովսէսն իր ձեռքը բարձրացնելով՝ երկու անգամ հարուածեց ապառաժին: Առատ ջուր բխեց, եւ ժողովուրդն ու անասունները խմեցին:
12 Տէրն ասաց Մովսէսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհաւատացիք, որ ես կարող եմ ինձ սրբացնել իսրայէլացիների առջեւ, ուստի դուք այդ ժողովրդին չէք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տուել»: 13 Այդ աղբիւրը կոչուեց Հակաճառութեան ջուր, որովհետեւ իսրայէլացիները հակաճառել էին Տիրոջ առջեւ: Եւ նա սրբացաւ նրանց մէջ:
ԵԴՈՄԻ ԹԱԳԱՒՈՐԸ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՑՆԵԼ
14 Մովսէսը Կադէսից պատգամաւորներ ուղարկեց եդոմացիների արքայի մօտ եւ ասաց. «Այսպէս են ասում քո եղբայր իսրայէլացիները. “Դու ինքդ տեղեակ ես այն բոլոր նեղութիւններին, որ կրեցինք մենք, 15 թէ ինչպէս մեր հայրերը գնացին Եգիպտոս, ուր պանդուխտ էինք երկար ժամանակ, թէ եգիպտացիները ինչքան չարչարեցին մեզ ու մեր հայրերին: 16 Մենք բողոք բարձրացրինք Տիրոջ առջեւ, նա լսեց մեր ձայնը եւ հրեշտակ ուղարկելով՝ մեզ հանեց Եգիպտոսից: Եւ հիմա մենք Կադէս քաղաքում ենք, քո երկրի սահմանների մօտ: 17 Արդ, պիտի անցնենք քո երկրով: Մենք ո՛չ քո դաշտերով կ՚անցնենք, ո՛չ քո այգիներով, ո՛չ իսկ ջուր կը խմենք քո ջրհորներից: Արքունի ճանապարհներով կը գնանք, աջ կամ ձախ չենք շեղուի, մինչեւ որ դուրս գանք քո սահմաններից”»: 18 Եդոմացիների արքան նրանց ասաց. «Իմ երկրով չանցնէք, ապա թէ ոչ պատերազմի կ՚ելնեմ ձեր դէմ»: 19 Իսրայէլացիներն ասացին նրան. «Լերան մօտով կ՚անցնենք: Եթէ մենք ու մեր հօտերը խմենք քո ջրից, քեզ դրա գինը կը տանք: Մենք շատ բան չենք պահանջում, թող անցնենք լերան մօտով»: 20 Նա պատասխանեց. «Չանցնէք իմ երկրով»: Եւ եդոմացիները իսրայէլացիների դէմ ելան մեծ ու լաւ զինուած զօրքով: 21 Եդոմացիները չցանկացան իսրայէլացիներին ճանապարհ տալ իրենց երկրի սահմանների միջով, ուստի իսրայէլացիները խուսափեցին նրանցից: 22 Նրանք Կադէսից դուրս գալով՝ եկան Հոր լեռը:
ԱՀԱՐՈՆԻ ՄԱՀԸ
23 Տէրը Հոր լերան վրայ, Եդոմացիների երկրի սահմանի մօտ, խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 24 «Ահարոնը մեռնելով թող միանայ իր նախնիների մեռելներին: Նա չի մտնելու այն երկիրը, որ ես տուել եմ իսրայէլացիներին, որովհետեւ դուք ինձ բարկացրիք Հակաճառութեան ջրի հարցում: 25 Ահարոնին ու նրա որդի Եղիազարին ամբողջ ժողովրդի ներկայութեամբ բարձրացրո՛ւ Հոր լեռը: 26 Ահարոնի վրայից հանի՛ր նրա պատմուճանը եւ այն հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին, եւ Ահարոնն այնտեղ թող մեռնի ու միանայ իր նախնիների մեռելներին»: 27 Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրեն. նա ամբողջ ժողովրդի ներկայութեամբ Ահարոնին բարձրացրեց235 Հոր լեռը, 28 նրա վրայից հանեց նրա զգեստները եւ դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին: 29 Ահարոնը մեռաւ լերան գագաթին, իսկ Մովսէսն ու Եղիազարը իջան լեռից: 30 Ամբողջ ժողովուրդը տեսաւ, որ վախճանուեց Ահարոնը, եւ բոլոր իսրայէլացիները երեսուն օր ողբացին Ահարոնի մահը:
21 ԻՍՐԱՅԷԼԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ
1 Արադի քանանացի արքան, որը բնակւում էր անապատում, լսեց, որ իսրայէլացիները գալիս են Աթարինի ճանապարհով: Նա պատերազմ մղեց իսրայէլացիների դէմ եւ նրանցից գերիներ վերցրեց: 2 Իսրայէլացիները Տիրոջ հետ ուխտ անելով՝ ասացին. «Եթէ մեր ձեռքը յանձնես այդ ժողովրդին, մենք նրան ու նրա քաղաքները կը կործանենք236»: 3 Տէրը լսեց իսրայէլացիներին եւ քանանացիներին մատնեց նրանց ձեռքը: Իսրայէլացիները նրանց ու նրանց քաղաքները կործանեցին եւ այդ վայրը կոչեցին Նզովք:
ՊՂՆՁԷ ՕՁԸ
4 Հոր լեռից շարժուելով դէպի Կարմիր ծովը տանող ճանապարհով, նրանք շրջանցեցին Եդոմը: Ժողովուրդը յուսահատուեց ճանապարհին 5 եւ սկսեց գանգատուել Աստծուց ու Մովսէսից: Նրանք ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես: Ո՛չ հաց կայ եւ ո՛չ ջուր: Մենք զզուել ենք այս խղճուկ սննդից»: 6 Տէրը կոտորող237 օձեր ուղարկեց ժողովրդին, որոնք խայթում էին մարդկանց. իսրայէլացիներից շատերը մեռան: 7 Իսրայէլացիները գալով Մովսէսի մօտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետեւ չարախօսել ենք Տիրոջն ու քեզ: Արդ, աղօթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»: Մովսէսն աղօթեց Տիրոջը ժողովրդի համար: 8 Տէրն ասաց Մովսէսին. «Դու մի պղնձէ օձ պատրաստի՛ր եւ այն դի՛ր ձողի վրայ: Երբ օձը մարդ խայթի, եւ օձից խայթուողը նայի քո սարքած օձին, կը փրկուի»: 9 Մովսէսը պղնձէ օձ պատրաստեց եւ այն դրեց ձողի վրայ: Օձից խայթուողը, նայելով պղնձէ օձին, կենդանի էր մնում:
ՀՈՐ ԼԵՌԻՑ ԴԷՊԻ ՄՈՎԱԲԻ ՀՈՎԻՏ
10 Իսրայէլացիները ճանապարհ ընկան ու բանակատեղի դրեցին Օբոթում: 11 Օբոթից դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Աքեղգայում՝ անապատի այն կողմում, որը Մովաբի դիմաց է գտնւում, նրանից արեւելք: 12 Այնտեղից էլ դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Զարեդ ձորում:
13 Այնտեղից էլ դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Առնոնից այն կողմ, անապատում, ամորհացիների սահմանների ելքի մօտ. Առնոնը գտնւում է մովաբացիների ու ամորհացիների սահմանների միջեւ: 14 Դրա համար էլ գրքում238 գրուած է. «Տիրոջ պատերազմը կրակի մատնեց Զովոբն ու Առնոնի ձորը: 15 Նա ձորում բնակուողներին տարաւ բնակեցնելու Էրում, որը սահմանակից էր Մովաբին»:
16 Դրանից այն կողմ Ջրհորն էր: Դա այն ջրհորն է, որի մասին Տէրն ասաց Մովսէսին. «Հաւաքի՛ր ժողովրդին, որ ես նրանց խմելու ջուր տամ»: 17 Այն ժամանակ իսրայէլացիները ջրհորի մօտ այս երգը երգեցին.
18 «Փառաբանեցէ՜ք այն ջրհորը, որ փորեցին իշխանները,
այն խորացրին յղկեցին ազգերի թագաւորները
իրենց թագաւորութեան եւ տիրապետութեան ժամանակ»:
Իսրայէլացիներն այդ ջրհորի մօտից գնացին դէպի Մանթանին, 19 Մանթանինից՝ Մանայէլ, Մանայէլից՝ Բամոթ, 20 Բամոթից՝ Անայէն, որը գտնւում է Մովաբացիների դաշտում՝ Կոփածոյ կոչուած լերան գագաթի մօտ, որ նայում է դէպի անապատ:
ԱՆԴՐՅՈՐԴԱՆԱՆԻ ՆՈՒԱՃՈՒՄԸ
21 Մովսէսն239 ամորհացիների արքայի մօտ պատգամաւորներ ուղարկեց խաղաղութեան խօսքերով: Նա ասաց. «Թո՛յլ տուր անցնենք քո երկրով: 22 Ճանապարհով կը գնանք, չենք շեղուի ո՛չ դաշտերի, ո՛չ էլ այգիների մէջ եւ ո՛չ իսկ քո ջրհորներից ջուր կը խմենք: Արքունի ճանապարհով կը գնանք, մինչեւ որ անցնենք քո սահմաններից»: 23 Սեհոնն իսրայէլացիներին թոյլ չտուեց անցնել իր սահմաններով: Սեհոնը հաւաքեց իր ամբողջ ժողովրդին ու իսրայէլացիների դէմ պատերազմելու ելաւ անապատում: Նա եկաւ Սիասար եւ պատերազմ մղեց իսրայէլացիների դէմ: 24 Իսրայէլացիները նրանց կոտորեցին եւ տիրեցին նրա երկրին Առնոնից մինչեւ Յաբոկ, մինչեւ Ամմոնացիների երկիրը, որովհետեւ Յազերը ամոնացիների սահմանն էր: 25 Իսրայէլացիները գրաւեցին այդ շրջանի բոլոր քաղաքները եւ բնակուեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա ամբողջ շրջակայքում, 26 որովհետեւ Եսեբոնը ամորհացիների արքայ Սեհոնի քաղաքն էր: Նա անցեալում պատերազմ էր մղել մովաբացիների արքայի դէմ ու գրաւել նրա ամբողջ երկիրը Արոյերից մինչեւ Առնոն: 27 Դրա համար բոլոր վիպերգակներն ասում են.
«Եկէ՛ք Եսեբոն,
որ կառուցուի ու բարեկարգուի Սեհոնի քաղաքը,
28 քանզի հուր ելաւ Եսեբոնից,
եւ բոց՝ Սեհոնի քաղաքից, այրեց մինչեւ Մովաբ
եւ լափեց Առնոնի արձանները:
29 Վա՜յ քեզ, Մովա՛բ,
կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ:
Նրանց այրերը փախուստի մատնուեցին,
նրանց դուստրերը գերի ընկան
ամորհացիների թագաւորի ձեռքը:
30 Նրանց սերունդները թող կոտորուեն Եսեբոնից մինչեւ Դեբոն,
եւ նրանց կանայք կրակով բորբոքուեցին
Մովաբի վրայ»:
31 Իսրայէլացիները բնակուեցին ամորհացիների բոլոր քաղաքներում: 32 Մովսէսը մարդ ուղարկեց, որ հետախուզեն Յազերը: Իսրայէլացիները գրաւեցին այն ու նրա աւանները եւ դուրս քշեցին այնտեղ բնակուող ամորհացիներին:
33 Այնտեղից իսրայէլացիները դուրս եկան ու գնացին Բասան տանող ճանապարհով: Եդրինայում նրանց դէմ պատերազմի ելաւ Բասանի թագաւոր Օգը իր ամբողջ ժողովրդով: 34 Տէրն ասաց Մովսէսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետեւ քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը: Նրա հետ կը վարուես այնպէս, ինչպէս վարուեցիր Եսեբոնում բնակուող ամորհացիների արքայ Սեհոնի հետ»: 35 Եւ իսրայէլացիները հարուածեցին նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին, մինչեւ որ նրանցից ոչ մի մարդ կենդանի չմնաց, եւ իրենք սեփականացրին նրանց երկիրը:
22 ՄՈՎԱԲԻ ԹԱԳԱՒՈՐԸ ԲԱՂԱԱՄԻՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ
1 Իսրայէլացիներն այնտեղից դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Մովաբի արեւմտեան մասում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց:
2 Սեպփորի որդի Բաղակը տեսաւ այն ամէնը, ինչ իսրայէլացիներն արել էին ամորհացիներին: 3 Մովաբացիները խիստ վախեցան այդ ժողովրդից, որովհետեւ նրանք շատ էին: Մովաբացիները վախեցան իսրայէլացիներից, 4 ուստի նրանք ասացին Մադիամի ծերակոյտին. «Հիմա իսրայէլացիները մեր շրջակայքում գտնուող ամէն ինչ լափում են այնպէս, ինչպէս արջառն է խժռում դաշտի դալար խոտը»: Սեպփորի որդի Բաղակն այդ ժամանակ մովաբացիների արքան էր: 5 Նա պատգամաւորներ ուղարկեց Բէորի որդի Բաղաամի մօտ, Փաթուրն քաղաքը, իր ազգակիցների երկիրը, գետեզերքի մօտ, որպէսզի կանչի նրան ու ասի. «Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել երկրի երեսը եւ իջեւանել ինձ մօտ: 6 Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին, որովհետեւ ինձանից ուժեղ է նա: Թերեւս կարողանանք կոտորել նրանցից շատերին ու հալածել մեր երկրից: Գիտեմ, որ այն, ինչ դու օրհնում ես, օրհնուած է, եւ ինչ դու անիծում ես՝ անիծուած է»:
7 Մովաբացիների ծերակոյտն ու Մադիամի ծերակոյտը գնացին: Նրանց ձեռքում կար բախտագուշակութիւնների համար տրուելիք վարձը: Նրանք եկան Բաղաամի մօտ եւ յայտնեցին Բաղակի պատգամները: 8 Բաղաամն ասաց նրանց. «Այս գիշեր մնացէ՛ք այստեղ, եւ ես պատասխան կը տամ այն բաների մասին, ինչ Տէրը կը յայտնի ինձ»: Եւ մովաբացի իշխանները գիշերեցին Բաղաամի մօտ: 9 Աստուած եկաւ Բաղաամի մօտ եւ նրան ասաց. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մօտ են»: 10 Բաղաամը պատասխանեց Աստծուն. «Մովաբացիների արքայ Սեպփորի որդի Բաղակն է ուղարկել նրանց ինձ մօտ եւ ասել. 11 “Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել երկրի երեսը եւ իջեւանել ինձ մօտ: Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր նրանց, որպէսզի թերեւս կարողանամ նրանց կոտորելով՝ հալածել իմ երկրից”»: 12 Աստուած ասաց Բաղաամին. «Մի՛ գնա նրանց հետ եւ մի՛ անիծիր ժողովրդին, որովհետեւ նա օրհնեալ է»: 13 Առաւօտեան վեր կենալով՝ Բաղաամն ասաց Բաղակի իշխաններին. «Վերադարձէ՛ք ձեր տիրոջ մօտ, որովհետեւ Աստուած թոյլ չի տալիս ինձ, որ գամ ձեզ հետ»: 14 Մովաբացի իշխանները, վեր կենալով, եկան Բաղակի մօտ ու ասացին. «Բաղաամը չկամեցաւ գալ մեզ հետ»:
15 Բաղակը սրանցից էլ աւելի շատ եւ պատուաւոր իշխաններ ուղարկեց: 16 Բաղաամի մօտ գալով՝ նրանք ասացին. «Այսպէս է ասում Սեպփորի որդի Բաղակը. “Աղաչում եմ քեզ, շտապ ինձ մօտ արի՛, 17 որովհետեւ մեծապէս պատուելու եմ քեզ, եւ ինչ էլ ասես, կ՚անեմ քեզ համար: Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին”»: 18 Պատասխան տալով՝ Բաղաամն ասաց Բաղակի իշխաններին. «Եթէ Բաղակն ինձ անգամ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տայ, ես չեմ կարող ոտնահարել Տէր Աստծու խօսքը, Տիրոջը հակառակ մեծ կամ փոքր բան կատարել: 19 Արդ, այս գիշեր մնացէ՛ք այստեղ, որպէսզի իմանամ, թէ Տէրը էլ ինչ կ՚ասի ինձ»: 20 Գիշերն Աստուած եկաւ Բաղաամի մօտ եւ ասաց նրան. «Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց կ՚անես այն, ինչ ես կ՚ասեմ քեզ»:
ԲԱՂԱԱՄԻ ԷՇԸ ԽՕՍՈՒՄ Է
21 Բաղաամն առաւօտեան վեր կենալով՝ համետեց իր էշը եւ գնաց մովաբացի իշխանների հետ: 22 Աստուած խիստ բարկացաւ, որ նա գնում է: Աստծու հրեշտակը եկաւ, կանգնեց նրա առաջ որպէս հակառակորդ: Բաղաամը նստել էր իր էշի վրայ, եւ նրա հետ էին իր երկու ծառաները: 23 Երբ էշը տեսաւ, որ Աստծու հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին փակել է ճանապարհը, մի կողմ քաշուեց ճանապարհից եւ գնում էր դաշտի միջով: Բաղաամը գաւազանով հարուածեց էշին, որպէսզի ուղղի նրան դէպի ճանապարհը: 24 Աստծու հրեշտակը կանգնեց այգիների առուամիջին: Այգիները այս ու այն կողմից ցանկապատեր ունէին: 25 Էշը տեսնելով Աստծու հրեշտակին՝ նետուեց պատի կողմը եւ ճզմեց Բաղաամի ոտքը: Նա սկսեց աւելի սաստիկ հարուածել էշին: 26 Աստծու հրեշտակը դարձեալ գնաց կանգնեց նեղ տեղում, որտեղից էշն այլեւս չէր կարող աջ կամ ձախ թեքուել: 27 Էշը տեսնելով Աստծու հրեշտակին՝ կքեց Բաղաամի տակ: Բաղաամը բարկացաւ եւ էշին հարուածեց գաւազանով: 28 Աստուած բացեց էշի լեզուն, եւ էշն ասաց Բաղաամին. «Քեզ ի՞նչ եմ արել, որ երրորդ անգամ հարուածում ես ինձ»: 29 Բաղաամն էշին ասաց. «Որովհետեւ ինձ ծաղրուծանակի ենթարկեցիր: Եթէ սուր լինէր ձեռքիս, կը խոցոտէի քեզ»: 30 Էշն ասաց Բաղաամին. «Ես այն էշը չե՞մ, որի վրայ դու հեծել ես քո մանկութեան օրից մինչեւ այսօր: Ես երբեւէ ծուլացե՞լ եմ ու քեզ այսպէս ծառայել»: 31 Նա պատասխանեց՝ ո՛չ: Աստուած բացեց Բաղաամի աչքերը, եւ նա տեսաւ, որ Տիրոջ հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին կանգնած է ճանապարհի վրայ: Նա երեսնիվայր ընկնելով՝ երկրպագեց: 32 Աստծու հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երրորդ անգամ հարուածեցիր քո էշին: Ես, ահա, քեզ խանգարելու եմ, որովհետեւ դու ուղիղ ճանապարհի վրայ կանգնած չես: 33 Էշդ ինձ տեսաւ ու երրորդ անգամ լինելով մի կողմ քաշուեց, եւ եթէ ինձնից չխուսափէր, հիմա ես քեզ սպանած կը լինէի, իսկ դրան կը թողնէի կենդանի»: 34 Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղք եմ գործել, որովհետեւ չգիտէի, թէ դու էիր ճանապարհս փակողը: Արդ, եթէ քեզ ցանկալի չէ գնալս, կը վերադառնամ»: 35 Աստծու հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այս մարդկանց հետ, բայց զգո՛յշ եղիր եւ խօսի՛ր այն, ինչ ասելու եմ քեզ»: Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ:
ԲԱՂԱԿԻ ԵՒ ԲԱՂԱԱՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
36 Բաղակը լսելով, որ գալիս է Բաղաամը, ընդառաջ գնաց նրան մովաբացիների քաղաքում, որը Առնոնի՝ մովաբացիների սահմանի մօտ է: 37 Բաղակն ասաց Բաղաամին. «Մարդ չե՞մ ուղարկել, որ քեզ կանչեն ինձ մօտ: Ինչո՞ւ չէիր գալիս ինձ մօտ. կարծում էիր, թէ ի վիճակի չէ՞ի քեզ պատուելու: 38 Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մօտ: Արդ, կարո՞ղ եմ մի բան ասել: Բայց կ՚ասեմ այն, ինչ Աստուած կը դնի իմ բերանը»: 39 Բաղաամը գնաց Բաղակի հետ եւ հասաւ ամարանոցային քաղաքը240: 40 Բաղակը արջառ ու ոչխար մորթեց եւ ուղարկեց Բաղաամին ու այն իշխաններին, որ նրա հետ էին:
41 Երբ առաւօտ եղաւ, Բաղակն իր հետ առնելով Բաղաամին՝ նրան հանեց Բահաղի սեան241 մօտ եւ այնտեղից նրան ցոյց տուեց իսրայէլացի ժողովրդի մի մասը:
23 ԲԱՂԱԱՄԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
1 Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար եօթը բագին կառուցի՛ր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստի՛ր»: 2 Բաղակն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Բաղաամը. նա մէկական զուարակ ու խոյ ողջակէզ արեց ամէն մի բագինի վրայ: 3 Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մօտ, իսկ ես գնամ. գուցէ Աստուած ընդառաջ գալով՝ երեւայ ինձ: Այն, ինչ նա ցոյց կը տայ ինձ, կը հաղորդեմ քեզ»: Բաղակը կանգնեց իր մատուցած զոհի մօտ: Բաղաամը գնաց Աստծուն հարցում անելու: 4 Նա ուղիղ առաջ էր գնում: Աստուած երեւաց Բաղաամին, եւ Բաղաամն ասաց նրան. «Եօթը բագին պատրաստեցի եւ ամէն մի բագինի վրայ մէկական զուարակ ու խոյ ողջակիզեցի»: 5 Աստուած Բաղաամի բերանը դրեց այս խօսքերը. «Վերադարձի՛ր Բաղակի մօտ եւ յայտնի՛ր նրան այն, ինչ ասացի»: 6 Բաղաամը վերադարձաւ Բաղակի մօտ, որը կանգնած էր իր ողջակէզների մօտ: Այնտեղ էին նաեւ մովաբացի բոլոր իշխանները: 7 Աստծու հոգին իջաւ Բաղաամի վրայ, եւ նա առակի ձեւով ասաց.
«Մովաբացիների Բաղակ արքան ինձ կանչեց Միջագետքից՝
Արեւելքի լեռներից, եւ ասաց.
“Արի նզովի՛ր Յակոբին ինձ համար,
նզովի՛ր նաեւ Իսրայէլին ինձ համար”»:
8 Բայց ես ինչպէ՞ս նզովեմ նրան,
որին Տէրը չի նզովում,
կամ ի՞նչն անիծեմ,
որ Աստուած չի անիծում:
9 Լեռներից եմ տեսնում նրան,
բլուրների բարձունքից եմ նայում նրան:
Ահա կայ մի ժողովուրդ,
որ առանձին պիտի բնակուի,
ազգերի մէջ չպիտի դասուի:
10 Ո՞վ է ճշտել Յակոբի սերնդի թիւը,
ո՞վ է հաշուել Իսրայէլի ցեղերը: Երա՜նի թէ ես մեռնէի այդ արդար մարդկանց հետ,
եւ իմ յետնորդները լինէին նրա յետնորդների նման»:
11 Բաղակն ասաց Բաղաամին. «Այդ ի՞նչ արեցիր: Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու համար, իսկ դու օրհնելով օրհնեցիր նրանց»: 12 Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թէ քեզ չասացի, թէ ինչ որ Աստուած իմ բերանը դնի, այն էլ կը հաղորդեմ քեզ»:
ԲԱՂԱԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
13 Բաղակն ասաց նրան. «Դարձեալ ինձ հետ արի՛ մի ուրիշ տեղ, որտեղից իսրայէլացիներին ամբողջութեամբ չես տեսնի, այլ կը տեսնես նրանց մի մասը: Այնտեղից նրանց անիծի՛ր ինձ համար»: 14 Նա վերցրեց նրան ու գնաց բարձրանիստ մի ագարակ, Կոփածոյ լերան գագաթը, այնտեղ կառուցեց եօթը բագին եւ ամէն մի բագինի վրայ զոհեց մէկական զուարակ ու խոյ: 15 Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մօտ, իսկ ես գնամ Աստծու մօտ հարցում անելու»: 16 Աստուած ընդառաջ եկաւ Բաղաամին, խօսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մօտ եւ յայտնի՛ր ասելիքս»: 17 Բաղաամը վերադարձաւ Բաղակի մօտ, որը կանգնած էր իր ողջակէզի մօտ: Նրա հետ էին նաեւ մովաբացի բոլոր իշխանները: Բաղակը հարցրեց նրան. «Ի՞նչ խօսեց Տէրը»: 18 Բաղաամն առակի ձեւով պատասխանեց նրան.
«Վե՛ր կաց, Բաղա՜կ, եւ լսի՛ր,
իբրեւ վկայ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփորի որդի:
19 Աստուած մարդու նման չէ, որ արթնանայ,
եւ ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնայ:
Դու ասացիր, թէ չի անի,
կ՚ասի, բայց չի իրականացնի242:
20 Արդ, ես հրաման եմ ստացել, որ օրհնեմ,
ուրեմն կ՚օրհնեմ եւ չեմ հրաժարուի դրանից:
21 Յակոբի սերունդները թող նեղութիւն չկրեն,
Իսրայէլի յետնորդները յոգնութիւն չզգան:
Նրանց Տէր Աստուածը իրենց հետ է,
իշխանների փառքն ու պատիւը՝ նրանց մէջ:
22 Աստուա՛ծ նրանց հանեց Եգիպտոսից,
եւ նա միեղջերուի նման իր վրայ փառք է կրում:
23 Յակոբի յետնորդների մէջ կախարդութիւն անող չկայ,
ոչ էլ Իսրայէլի յետնորդների մէջ՝ մոգութիւն:
Ժամանակին թող յայտնուի Յակոբի ու Իսրայէլի սերունդներին,
ինչ որ կատարելու է Աստուած:
24 Ահա այդ ժողովուրդն իբրեւ առիւծի կորիւն
ոտքի պէտք է ելնի
եւ իբրեւ առիւծ պէտք է պարծենայ:
Նա չի քնելու, մինչեւ չլափի իր զոհին,
չխմի խոցոտուածների արիւնը»:
25 Բաղակն ասաց Բաղաամին. «Ինձ համար նրան անիծելով մի՛ անիծիր, եւ ոչ էլ օրհնելով օրհնիր նրան»: 26 Պատասխան տալով՝ Բաղաամն ասաց Բաղակին. «Քեզ հետ չխօսեցի՞, չասացի՞, թէ՝ “Ինչ որ Աստուած կ՚ասի ինձ, այն էլ կ՚անեմ”»:
ԲԱՂԱԱՄԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
27 Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մի այլ տեղ, գուցէ դա հաճոյ լինի Աստծուն, եւ ինձ համար դու այնտեղից անիծես իսրայէլացիներին»: 28 Բաղակը Բաղաամին տարաւ կատարը Փոգոր լերան, որը դէպի անապատ է ձգւում: 29 Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ եւս եօթը բագին կառուցի՛ր եւ ինձ համար այստեղ եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստի՛ր»: 30 Բաղակն արեց այնպէս, ինչպէս նրան ասել էր Բաղաամը. նա մէկական զուարակ ու խոյ ողջակիզեց բագինների վրայ:
24
1 Բաղաամը տեսնելով, որ Տիրոջը հաճելի է Իսրայէլին օրհնելը, այլեւս հմայութիւնների չդիմեց, ինչպէս սովոր էր, այլ երեսը դարձրեց դէպի անապատ: 2 Բաղաամն իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ իսրայէլացիները բանակատեղի են դրել ըստ ցեղերի: Աստծու հոգին իջաւ նրա վրայ, 3 եւ նա առակի ձեւով ասաց.
«Բէորի որդի Բաղաամն ասում է.
4 “Ես՝ ճշմարտատես այրս,
որ Աստծու տեսիլը տեսաւ քնի մէջ իր բաց աչքերով:
5 Ինչքա՜ն գեղեցիկ են քո տները, Յակո՛բ,
եւ քո վրանները, Իսրայէ՛լ:
6 Դրանք նման են հովանի անող անտառների,
գետերի ափին գտնուող բուրաստանների,
Տիրոջ կանգնեցրած վրանների,
վազող ջրերի ափին գտնուող մայրիների:
7 Այդ սերնդից պիտի ծնուի մի մարդ,
որ պիտի տիրի բազում ազգերի:
Նրա թագաւորութիւնը Գոգի243 թագաւորութիւնից հզօր պիտի լինի,
նրա թագաւորութիւնը պիտի բարգաւաճի:
8 Աստուած ժողովրդին առաջնորդեց Եգիպտոսից,
եւ նա միեղջերուի նման իր վրայ փառք է կրում:
Նա պիտի լափի իր թշնամի ժողովուրդներին,
նրանց գիրութիւնը պիտի հիւծի
եւ իր նետերով նետահար պիտի անի իր թշնամիներին:
9 Նա փռուած պիտի հանգստանայ նման առիւծի,
նման առիւծի կորիւնի:
Ո՞վ կը համարձակուի զարթնեցնել նրան:
Իսրայէ՜լ, թող օրհնուեն քեզ օրհնողները,
եւ անիծուեն քեզ անիծողները”»:
10 Բաղակը բարկացաւ Բաղաամի վրայ եւ ափերն իրար զարկեց: Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որպէսզի անիծես իմ թշնամիներին, իսկ դու, ահա, օրհնելով օրհնեցիր նրանց երեք անգամ: 11 Արդ, թող ու փախի՛ր քո տեղը: Ուզում էի պատուել քեզ, բայց Տէրը զրկեց քեզ փառքից»: 12 Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թէ ինձ մօտ ուղարկած քո բանագնացներին չասացի. 13 “Եթէ Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի էլ տայ, ես չեմ կարող ոտնահարել Տիրոջ խօսքը եւ ոչ էլ կարող եմ ինձնից լաւ կամ վատ դարձնել այն: Ինչ որ ասի Աստուած, այն էլ խօսելու եմ”:
ԲԱՂԱԱՄԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
14 Իսկ հիմա ահա գնում եմ իմ տեղը: Արի՛ քեզ յայտնեմ, թէ ինչ է անելու այդ ժողովուրդն առաջիկայում քո ժողովրդին»: 15 Եւ նա առակի ձեւով ասաց.
«Խօսում է Բէորի որդի Բաղաամը՝ ճշմարտատես այն մարդը,
16 որ լսել է Աստծու պատգամները
եւ հմուտ է Բարձրեալի գիտութեանը,
քնի մէջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը:
17 Ես ցոյց եմ տալու նրան, բայց ոչ հիմա,
երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մօտ ժամանակում:
Ծագելու է Յակոբի աստղը,
մի մարդ է բարձրանալու իսրայէլացիներից
եւ կոտորելու է Մովաբի իշխաններին,
գերեվարելու է Սէթի բոլոր յետնորդներին:
18 Նա պիտի ժառանգի Եդոմացիների երկիրը,
որ պատկանում է իր թշնամի Եսաւին:
Եւ այդ ամէնը իսրայէլացիները պիտի իրականացնեն իրենց ուժով:
19 Յակոբի ցեղից պիտի կանգնի այդ այրը
եւ պիտի կոտորի այդ քաղաքից փրկուածներին»:
20 Ամաղէկացիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. «Ամաղէկացիները ազգերի գլուխն են,
բայց կորստեան պիտի մատնուի նրանց սերունդը»:
21 Կինեցիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց.
«Ամուր է քո բնակավայրը,
բայց եթէ քարանձաւներում էլ դնես քո բոյնը,
22 եթէ անգամ Բէորի հմտութեամբ կառուցուի ձեր բոյնը,
միեւնոյնն է, ասորեստանցիները գերեվարելու են ձեզ»:
23 244 Ապա առակի կարգով ասաց.
Ո՞վ ողջ կը մնայ, եթէ Աստուած այս բաներն անի:
24 Կիտացիները կը գան ու կը չարչարեն
ասորեստանցիներին ու եբրայեցիներին,
բայց իրենք էլ գլխովին կը կորչեն»:
25 Եւ վեր կենալով՝ Բաղաամը վերադարձաւ, գնաց իր տեղը, իսկ Բաղակն էլ գնաց իր երկիրը:
25 ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ
1 Իսրայէլացիները բանակատեղի դրեցին Սատտիմում եւ պղծուեցին այնտեղ մովաբացիների դուստրերի հետ պոռնկանալով: 2 Մովաբացի կանայք իսրայէլացիներին հրաւիրեցին իրենց կուռքերի պատուին զոհ մատուցելու ծէսին: Իսրայէլացիները կերան մովաբացիների մատուցած զոհերից ու երկրպագեցին նրանց կուռքերին: 3 Իսրայէլացիները յարեցին Բէլփեգորին, որի համար Տէրը խիստ բարկացաւ իսրայէլացիների վրայ: 4 Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ քո ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախի՛ր նրանց Տիրոջ առջեւ՝ արեգակի դէմ, որպէսզի Տիրոջ զայրոյթը վերանայ իսրայէլացիների վրայից»: 5 Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Ամէն մէկը թող կոտորի Բէլփեգորին յարած իր հարազատին»:
6 Մի անգամ մի իսրայէլացի մարդ Մովսէսի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի ներկայութեամբ իր եղբօրը բերեց մի մադիանացի կնոջ մօտ: Իսրայէլացիները լաց էին լինում վկայութեան խորանի դռանը: 7 Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսը, տեսնելով դա, վեր կացաւ ժողովրդի միջից եւ իր ձեռքն առնելով տէգը՝ 8 այդ տղամարդու յետեւից մտաւ անառակ կնոջ սենեակն ու խոցեց երկուսին էլ՝ իսրայէլացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից: Այդ ժամանակ էլ դադարեց իսրայէլացիների կոտորածը: 9 Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռաւ:
10 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 11 «Փենեէսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, վերացրեց իսրայէլացիների նկատմամբ ունեցած իմ զայրոյթը, քանի որ նա նրանց նկատմամբ նոյնքան անհաշտ էր, որքան ես: Եւ ես իսրայէլացիներին իմ բարկութեամբ չոչնչացրի: 12 Եւ հիմա այսպէս կ՚ասես. “Ես, ահա, նրա հետ խաղաղութեան ուխտ եմ կնքում: 13 Նրան եւ նրա յետնորդներին յաւիտենական քահանայութիւն եմ խոստանում ի դիմաց այն բանի, որ նա իր Աստծու փոխարէն վրէժխնդիր լինելով՝ քաւեց իսրայէլացիների մեղքերը”»: 14 Մադիանացի կնոջ հետ սպանուած իսրայէլացի տղամարդու անունը Զամբրի էր: Նա Սաղոմի որդին էր՝ Շմաւոնի յետնորդներին պատկանող ընտանիքի իշխանը, 15 իսկ սպանուած մադիանացի կնոջ անունը Քազբի էր: Նա մադիանացի նահապետական ընտանիքից Ամոթի ցեղի Սուր իշխանի դուստրն էր:
16 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 17 «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛. “Դարձէ՛ք մադիանացիների թշնամին, հարուածեցէ՛ք նրանց, 18 որովհետեւ նրանք ձեր նենգ թշնամիներն են. նրանք ձեզ դաւեցին Փոգորի պատճառով, նաեւ մադիանացի իշխանի դուստր Քազբիի՝ իրենց քրոջ պատճառով, որն սպանուեց Փոգորի համար սկսուած կոտորածների օրը”»:
26 ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ
1 Այդ կոտորածից յետոյ Տէրը խօսեց Մովսէսի ու Եղիազար քահանայի հետ եւ ասաց. 2 «Հաշուառման ենթարկեցէ՛ք իսրայէլացիների քսան տարեկանից բարձր մարդկանց ըստ իրենց նահապետների ընտանիքների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու»: 3 Մովսէսն ու Եղիազար քահանան Մովաբացիների երկրի Ռաբոթ շրջանում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց ասացին իսրայէլացիներին. 4 «Դուք՝ Եգիպտոսից ելած իսրայէլացիներդ, հաշուառման ենթարկեցէ՛ք քսան տարեկանից բարձր մարդկանց, ինչպէս Տէրը հրամայել է Մովսէսին: 5 Հաշուառման ենթարկուեցին Ռուբէնը՝ Իսրայէլի անդրանիկ որդին, Ռուբէնի որդիներ Ենոքը եւ Ենոքի ընտանիքը, Փալլուսը եւ Փալլուսի ընտանիքը, 6 Ասրոմը եւ Ասրոմի ընտանիքը, Քարմին եւ Քարմիի ընտանիքը: 7 Սա Ռուբէնի տոհմն է. նրանց թիւը քառասուներեք հազար եօթը հարիւր երեսուն է: 8 Փալլուսի որդի Եղիաբը, Եղիաբի որդիներ Յամուէլը, Դաթանը եւ Աբիրոնը: 9 Սրանք իսրայէլացիների մէջ երեւելի մարդիկ էին. սրանք են, որ Տիրոջ դէմ ապստամբել էին, երբ Կորխի յետնորդների հետ յարձակուել էին Մովսէսի ու Ահարոնի վրայ, 10 եւ երկիրը բացելով իր երախը՝ կուլ էր տուել նրանց ու Կորխին իր ժողովրդի հետ: Կրակը լափել էր երկու հարիւր յիսուն հոգի, որպէսզի միւսների համար դա դաս լինի: Կորխի որդիները, սակայն, չմեռան:
11 Հաշուառման ենթարկուեցին Շմաւոնի որդիները եւ Շմաւոնի որդիների տոհմերը. 12 Յամուէլը եւ Յամուէլի շառաւիղը, Յամինը եւ Յամինի շառաւիղը, Յաքինը եւ Յաքինի շառաւիղը, 13 Զարան եւ Զարայի շառաւիղը, Մաւուլը եւ Մաւուլի շառաւիղը: 14 245 Սրանք են Շմաւոնի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քսաներկու հազար երեք հարիւր հոգի:
19 Հաշուառման ենթարկուեցին Յուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսը եւ Զարան: Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում: 20 Յուդայի որդիներն ու նրանց շառաւիղներն են՝ Սելոմը եւ Սելոմի շառաւիղը, Փարէսը եւ Փարէսի շառաւիղը, Զարան եւ Զարայի շառաւիղը: 21 Փարէսի որդիներ Ասրոնը եւ Ասրոնի շառաւիղը, Յամուէլը եւ Յամուէլի շառաւիղը: 22 Սրանք են Յուդայի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին եօթանասունվեց հազար հինգ հարիւր հոգի:
23 Հաշուառման ենթարկուեցին Իսաքարի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Թողան եւ Թողայի շառաւիղը, Փուան եւ Փուայի շառաւիղը, Յասուբը եւ Յասուբի շառաւիղը, Ամրանը եւ Ամրանի շառաւիղը: 25 Սրանք են Իսաքարի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին վաթսունչորս հազար երկու հարիւր հոգի:
26 Այնուհետեւ՝ Զաբուղոնի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սարեդը եւ Սարեդի շառաւիղը, Ալլոնը եւ Ալլոնի շառաւիղը, Աղէլը եւ Աղէլի շառաւիղը: 27 Սրանք են Զաբուղոնի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին վաթսուն հազար հինգ հարիւր հոգի:
15 Այնուհետեւ՝ Գադի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սափոնը եւ Սափոնի շառաւիղը, Անգին եւ Անգիի շառաւիղը, Սունին եւ Սունիի շառաւիղը, 16 Ազենին եւ Ազենիի շառաւիղը, Ադդին եւ Ադդիի շառաւիղը, 17 Արուադին եւ Արուադիի շառաւիղը, Արիէլը եւ Արիէլի շառաւիղը: 18 Սրանք են Գադի որդիների տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասունչորս հազար հինգ հարիւր հոգի:
44 Այնուհետեւ՝ Ասերի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Յամինը եւ Յամինի շառաւիղը, Յեսուն եւ Յեսուի շառաւիղը, Բարիան եւ Բարիայի շառաւիղը, 45 Քոբէրը եւ Քոբէրի շառաւիղը, Մելքիէլը եւ Մելքիէլի շառաւիղը: 46 Ասերի դստեր անունն էր Սարա: 47 Սրանք են Ասերի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասուներեք հազար վեց հարիւր հոգի:
28 Այնուհետեւ՝ Յովսէփի որդիները եւ նրանց շառաւիղները՝ Մանասէն եւ Եփրեմը: 29 Այնուհետեւ՝ Մանասէի որդիներ Մաքիրը եւ Մաքիրի շառաւիղը: Մաքիրը ծնեց Գաղաադին: Գաղաադը եւ Գաղաադի շառաւիղը:
30 Այնուհետեւ՝ Գաղաադի որդիներ Աքիեզերը եւ Աքիեզերի շառաւիղը, Քեղէգը եւ Քեղէգի շառաւիղը, 31 Եսրիէլը եւ Եսրիէլի շառաւիղը, Սիւքէմը եւ Սիւքէմի շառաւիղը, 32 Սիմային եւ Սիմայիի շառաւիղը, Ոփերը եւ Ոփերի շառաւիղը: 33 Ոփերի որդի Սաղպաադը արու զաւակներ չունեցաւ, այլ՝ դուստրեր: Սաղպաադի դուստրերի անուններն են՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա: 34 Սրանք են Մանասէի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին յիսուներկու հազար եօթը հարիւր հոգի:
35 Այնուհետեւ՝ Եփրեմի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սուտաղան եւ Սուտաղայի շառաւիղը, Տանաքը եւ Տանաքի շառաւիղը: 36 Սուտաղայի որդի Եդենը եւ Եդենի շառաւիղը: 37 Սրանք են Եփրեմի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին երեսուներկու հազար հինգ հարիւր հոգի: Ահա սրանք են Յովսէփի որդիներն ու նրանց շառաւիղները:
38 Այնուհետեւ՝ Բենիամինի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Բալէն եւ Բալէի շառաւիղը, Ասիբերը եւ Ասիբերի շառաւիղը, Յաքիրանը եւ Յաքիրանի շառաւիղը, 39 Սափանը եւ Սափանի շառաւիղը: 40 Բալէի որդիներն են՝ Ադարը, Նոյեմանը եւ Նոյեմանի շառաւիղը: 41 Սրանք են Բենիամինի որդիներն ու նրանց շառաւիղները, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին երեսունհինգ հազար հինգ հարիւր հոգի: 42 Այնուհետեւ՝ Դանի որդիներն ըստ իրենց շառաւիղների. Սամին եւ Սամիի շառաւիղը: Սրանք են Դանի տոհմերը ըստ իրենց շառաւիղների: 43 Սամիի տոհմերը, ըստ հաշուառման, կազմեցին վաթսունչորս հազար վեց հարիւր հոգի: 48 Այնուհետեւ՝ Նեփթաղիմի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Ասիէլը եւ Ասիէլի շառաւիղը, Գօնին ու Գօնիի շառաւիղը, 49 Յեսերը եւ Յեսերի շառաւիղը, Սելլեմը եւ Սելլեմի շառաւիղը: 50 Սրանք են Նեփթաղիմի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասուն հազար երեք հարիւր հոգի:
51 Իսրայէլացիների ընդհանուր թիւը, այսպիսով, եղաւ վեց հարիւր մէկ հազար եօթը հարիւր երեսուն:
52 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 53 «Ըստ մարդկանց թուի սրանց միջեւ թող բաժանուի երկիրը որպէս սեփականութիւն: 54 Նրանց քանակին համապատասխան պէտք է աւելանայ նրանց բաժինը եւ, սակաւութեան համեմատ, նուազի նրանց բաժինը: Թող իւրաքանչիւրին ժառանգութեան բաժին տրուի ըստ հաշուառման: 55 Երկիրը թող բաժանուի վիճակ գցելով. ըստ անունների, ըստ իրենց նահապետների ցեղերի թող բաժին ստանան: 56 Բազմանդամ ու սակաւաթիւ ընտանիքները վիճակ գցելով թող ստանան իրենց բաժինը:
57 Ահա հաշուառման ենթարկուած Ղեւիի որդիներն ըստ իրենց տոհմերի. Գեթսոնը եւ Գեթսոնի շառաւիղը, Կահաթը եւ Կահաթի շառաւիղը, Մերարին եւ Մերարիի շառաւիղը: 58 Սրանք են Ղեւիի որդիների ենթատոհմերը. Ղոբենիի շառաւիղը, Քեբրոնի շառաւիղը, Կորխի շառաւիղը եւ Մուսիի շառաւիղը: 59 Կահաթը ծնեց Ամրամին: Նրա կնոջ անունն էր Յոքաբեթ, որ Ղեւիի դուստրն էր եւ որը Ղեւիի ցեղի համար Եգիպտոսում Ամրամից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու Մարիամին՝ նրանց քրոջը: 60 Ահարոնը ծնեց Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին: 61 Նաբադն ու Աբիուդը մեռան, երբ Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում Սինայի անապատում: 62 Ղեւիի ցեղի մէկ ամսականից բարձր արական սեռին պատկանողների թիւը, ըստ հաշուառման, կազմեց քսաներեք հազար հոգի: Սրանք հաշուառման ենթարկուած իսրայէլացիների մէջ չընդգրկուեցին, քանի որ, ի տարբերութիւն իսրայէլացիների, հողաբաժին չէր հասնում նրանց:
63 Այս է Մովաբացիների երկրի Ռաբոթ շրջանում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց Մովսէսի ու Եղիազար քահանայի կատարած իսրայէլացիների հաշուառումը: 64 Սրանց մէջ չկար իսրայէլացիներից որեւէ մարդ, որ հաշուառման ենթարկուած չլինէր Սինայի անապատում Մովսէսի եւ Ահարոնի կողմից, 65 քանի որ Տէրը նրանց մասին ասել էր, թէ՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»: Եւ, իրօք, նրանցից ոչ ոք չմնաց, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից:
27 ՍԱՂՊԱԱԴԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ
1 Մովսէսի մօտ եկան Յովսէփի որդի Մանասէից սերուած Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սաղպաադի դուստրերը, որոնց անուններն էին՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա: 2 Նրանք կանգնելով Մովսէսի, Եղիազար քահանայի, իշխանների եւ ողջ ժողովրդի առաջ, վկայութեան խորանի դռանը, ասացին. 3 «Մեր հայրը մեռաւ այնտեղ՝ անապատում: Նա Կորխի՝ Տիրոջ դէմ ընդվզած ամբոխի մէջ չէր: Նա մեռաւ իր այլ մեղքի համար՝ առանց որդիներ ունենալու: 4 Արդ, թէեւ նա որդի չունեցաւ, բայց մեր հօր անունը թող չջնջուի իր ցեղի միջից նրա համար, որ որդի չունեցաւ: Մեզ բաժին տուէ՛ք մեր հօր եղբայրներին հաւասար»: 5 Մովսէսը նրանց պահանջը ներկայացրեց Տիրոջ առաջ: 6 Տէրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց. 7 «Ճիշտ են ասում Սաղպաադի դուստրերը: Նրանց նոյնպէս բաժին տո՛ւր իրենց հօր եղբայրներին հաւասար. իրենց հօր հասանելիք բաժինը կը յատկացնես նրանց: 8 Իսրայէլացիներին բացատրելով՝ կ՚ասես. “Եթէ մեռնող մարդը որդի չի ունենում, նրա ժառանգութիւնը պէտք է անցնի իր դստերը: 9 Եթէ նա դուստր չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք իր եղբօրը: 10 Եթէ նա եղբայր էլ չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք իր հօրեղբօրը: 11 Եւ եթէ հօրեղբայրներ էլ չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք նրա մերձաւոր ազգականին: Նրա ունեցածը իր ցեղից որեւէ մէկը թող ժառանգի: Դա իսրայէլացիների համար դատաստանական օրէնք թող լինի, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին”»:
ՄՈՎՍԷՍԻ ՅԱՋՈՐԴՆ Է ԸՆՏՐՒՈՒՄ ՅԵՍՈՒՆ
(Բ Օր. 31.1-8)
12 Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր այն կողմում գտնուող Նաբաւ լեռը եւ դիտի՛ր Քանանացիների երկիրը, որը ես իսրայէլացիներին եմ տալու որպէս կալուածք: 13 Կը տեսնես այն, որից յետոյ դու եւս մեռնելով՝ կը միանաս քո նախնիներին, ինչպէս քո եղբայր Ահարոնը մեռաւ Հոր լերան վրայ, 14 որովհետեւ ոտնակոխ արեցիք իմ պատգամները Սին անապատում, երբ ժողովուրդը չցանկացաւ ինձ սրբացնել. նրա ներկայութեամբ դուք ինձ չսրբացրիք, եւ մարդիկ ջրի պակասութիւն զգացին» (Խօսքը վերաբերում էր Սին անապատի Հակաճառութեան ջրին):
15 Մովսէսն ասաց Տիրոջը. 16 «Հոգիների ու բոլոր էակների ո՜վ Տէր Աստուած, այս ժողովրդի վրայ մի մարդ նշանակի՛ր, 17 որ կարողանայ առաջնորդել նրան, որ հանի եւ տանի նրան այստեղից, որպէսզի Տիրոջ այս ժողովուրդը չնմանուի այն ոչխարներին, որոնք հովիւ չունեն»:
18 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Վերցրո՛ւ Նաւէի որդի Յեսուին, որի մէջ Հոգի կայ, եւ ձեռքդ դի՛ր նրա վրայ: 19 Նրան կը կանգնեցնես Եղիազար քահանայի առջեւ եւ ամբողջ ժողովրդի ներկայութեամբ պատուէր կը տաս նրան: Այո՛, պատուէր կը տաս նրան նրանց առաջ: 20 Քո իշխանութիւնից որոշ բաժին կը տաս նրան, որպէսզի իսրայէլացիները հնազանդուեն նրան: 21 Նա թող կանգնի Եղիազար քահանայի առաջ, եւ թող նրան հարցեր տան Տիրոջ իրաւունքների մասին: Եղիազարի խօսքով պիտի շարժուեն, գործեն բոլորը՝ Յեսուն եւ իսրայէլացի ամբողջ ժողովուրդը միաբան»: 22 Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրը պատուիրել էր իրեն: Յեսուին վերցնելով՝ Մովսէսը նրան բերեց Ահարոն քահանայի որդի Եղիազարի ու ամբողջ ժողովրդի առջեւ: 23 Նա իր ձեռքերը դրեց նրա վրայ եւ առաջնորդ կարգեց նրան, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին:
28 ԿԱՆՈՆԱՒՈՐ ԸՆԾԱՆԵՐ
(Ելք 29.38-46)
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Պատուիրի՛ր իսրայէլացիներին եւ նրանց ասա՛. “Հետամո՛ւտ եղէք, որ իբրեւ անուշ բուրմունք ինձ մատուցուող ընծաները, զոհաբերութիւնները եւ կերակուրները մատուցուեն իմ սահմանած տօներին”: 3 Նրանց կ՚ասես. “Սրանք են այն զոհաբերութիւնները, որ պիտի մատուցուեն Տիրոջը. մշտապէս օրական երկու ոչ արատաւոր գառ՝ իբրեւ ողջակէզ: 4 Մի գառը կը զոհես առաւօտեան, իսկ երկրորդ գառը կը զոհես երեկոյեան: 5 Ապա կը մատուցես քառորդ դորակ246 իւղով հունցուած մէկ տասներորդ գրիւ247 ընտիր ալիւր: 6 Սրանք են այն ողջակէզները, որ իբրեւ անուշ բուրմունք ամէն օր մատուցւում էին Տիրոջը Սինա լերան վրայ: 7 Պիտի ընծայաբերես նաեւ քառորդ դորակ գինի ամէն մի գառան համար: Գինին սուրբ վայրում կը մատուցես Տիրոջը: 8 Երկրորդ գառը երեկոյեան կը զոհես, որի հետ կը մատուցես ընտիր ալիւրն ու գինին իբրեւ անուշ բուրմունք Տիրոջը»:
ՇԱԲԱԹ ՕՐՈՒԱՅ ԸՆԾԱՆ
9 «Շաբաթ օրը կը մատուցես նաեւ մի տարեկան ոչ արատաւոր երկու գառ եւ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ248 ընտիր ալիւր: 10 Ողջակէզի յաւելեալ նուէրն է դա իւրաքանչիւր շաբաթ օրուայ համար, բացի ամէն օրուայ ողջակէզից ու գինուց»:
ԱՄՍՈՒԱՅ ԱՌԱՋԻՆ ՕՐՈՒԱՅ ԸՆԾԱՆ
11 «Ամսուայ առաջին օրերին Տիրոջը ողջակէզ կը մատուցէք նախրից բերուած երկու զուարակ, մէկ խոյ, մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ: 12 Ամէն մի զուարակի հետ պէտք է լինի իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, ամէն մի խոյի հետ՝ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 13 ամէն մի գառան հետ՝ իւղով հունցուած մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր՝ իբրեւ անուշ բուրմունք՝ առաքուած Տիրոջը: 14 Ամէն մի զուարակի հետ պէտք է ընծայաբերէք կէս դորակ գինի, իսկ ամէն մի գառան հետ՝ մէկ քառորդ դորակ գինի: Այս ողջակէզները պիտի մատուցէք իւրաքանչիւր ամսուայ առաջին օրը, տարուայ բոլոր ամիսներին: 15 Ամէն օրուայ ողջակէզից ու նուէրից բացի, մեղքերի քաւութեան համար Տիրոջը պէտք է մատուցուի մէկ նոխազ»:
ԲԱՂԱՐՋԱԿԵՐԱՑ ՏՕՆԻ ԸՆԾԱՆԵՐԸ
(Ղեւտ. 23.5-14)
16 «Առաջին ամսի տասնչորսերորդ օրը Տիրոջ զատիկն է: 17 Նոյն ամսի տասնհինգերորդ օրը տօն է: 18 Եօթը օր բաղարջ կ՚ուտէք: Առաջին օրը սուրբ է ձեզ համար. այդ օրը ոչ մի աշխատանք չկատարէք: 19 Նախրից բերուած երկու զուարակ, մէկ խոյ, մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ կը մատուցէք Տիրոջն իբրեւ ողջակէզ ու ընծայ: 20 Ամէն մի զուարակի հետ պէտք է մատուցուի իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, իսկ ամէն մի խոյի համար՝ երկու տասներորդ: 21 Եօթը գառներից ամէն մէկի հետ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր կ՚ընծայաբերէք, 22 իսկ մեղքերի քաւութեան համար կ՚ընծայաբերէք նաեւ մէկ նոխազ: 23 Եւ դա կ՚անէք բացի ամէն օր առաւօտեան կատարուող ողջակէզից: 24 Դա, իբրեւ անուշ բուրմունք, ողջակէզ կը մատուցէք Տիրոջը ամէն մի եօթներորդ օրը, ըստ նշուած կարգի: Ողջակէզի մշտական զոհը249 գինու հետ կը մատուցէք: 25 Եօթներորդ օրը նոյնպէս սուրբ է ձեզ համար: Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարէք»:
ՀՆՁԻ ՏՕՆԻ ԸՆԾԱՆԵՐԸ
(Ղեւտ. 23.15-22)
26 «Երախայրիքների օրը, երբ Տիրոջը շաբաթական նուէր էք մատուցում, թող սուրբ լինի ձեզ համար. դուք ոչ մի աշխատանք չպէտք է կատարէք: 27 Տիրոջն իբրեւ անուշ բուրմունք նախրից բերուած երկու զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ ողջակէզ պիտի մատուցէք: 28 Ամէն մի զուարակի հետ պիտի նուիրաբերէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, ամէն խոյի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր: 29 Եօթը գառներից ամէն մէկի համար մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր կը բերէք: 30 Կը նուիրաբերէք նաեւ մէկ նոխազ մեղքերի քաւութեան համար: 31 Այդ բոլորը կ՚ընծայաբերէք, բացի ամենօրեայ ողջակէզից: Սրանց հետ նաեւ՝ ընտիր ալիւրն ու գինին: Զոհաբերուող բոլոր կենդանիները պէտք է լինեն ոչ արատաւոր»:
29 ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԸՆԾԱՆԵՐԸ
(Ղեւտ. 23.23-25)
1 «Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի: Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարէք: Յիշատակելի250 օր թող լինի դա ձեզ համար: 2 Տիրոջը իբրեւ անուշ բուրմունք ողջակէզ կ՚անէք նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ: 3 Իւրաքանչիւր զուարակի հետ կը մատուցէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, իւրաքանչիւր խոյի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր 4 եւ եօթը գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 5 իսկ մեղքերի քաւութեան համար՝ մէկ նոխազ: 6 Իւրաքանչիւր ամսուայ առաջին օրը կատարուող ողջակէզից բացի, ըստ սահմանուած կարգի, կը մատուցէք նաեւ ընտիր ալիւրն ու գինին իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք»:
ՔԱՒՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԸՆԾԱՆԵՐԸ
(Ղեւտ. 23.26-32)
7 «Այդ եօթներորդ ամսուայ տասներորդ օրը եւս ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի: Այդ օրը ծոմ կը պահէք եւ ոչ մի աշխատանք չէք կատարի: 8 Տիրոջ համար իբրեւ անուշ բուրմունք ողջակէզ կը մատուցէք նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ: 9 Իւրաքանչիւր զուարակի հետ կ՚ընծայաբերէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, իւրաքանչիւր խոյի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 10 իսկ եօթը գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր: 11 Մեղքերի քաւութեան համար կը զոհաբերէք մէկ նոխազ: Բացի մեղքերի քաւութեան զոհերից, ըստ սահմանուած կարգի, կը մատուցէք նաեւ ամենօրեայ ողջակէզը, ընտիր ալիւրն ու գինին իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք»:
ՏԱՂԱՒԱՐԱՀԱՐԱՑ ՏՕՆԻ ԸՆԾԱՆԵՐԸ
(Ղեւտ. 23.33-44)
12 «Նոյն այդ եօթներորդ ամսուայ տասնհինգերորդ օրը ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի. ոչ մի աշխատանք չկատարէք եւ եօթը օր Տիրոջ տօնը կը տօնէք: 13 Իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք հետեւեալ ընծաները կ՚անէք. առաջին օրը՝ նախրից բերուած տասներեք զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ: 14 Տասներեք զուարակներից իւրաքանչիւրի հետ կ՚ընծայաբերէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, երկու խոյերից իւրաքանչիւրի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 15 տասնչորս գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր: 16 Կը զոհաբերէք նաեւ մէկ նոխազ մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց:
17 Երկրորդ օրը կը մատուցէք տասներկու զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ: 18 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան: 19 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց:
20 Երրորդ օրը կը մատուցէք տասնմէկ զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ: 21 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին թող լինեն նրանց քանակին համապատասխան: 22 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց:
23 Չորրորդ օրը կը մատուցէք տասը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ: 24 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան: 25 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց:
26 Հինգերորդ օրը կը մատուցէք ինը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ: 27 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասախան: 28 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց:
29 Վեցերորդ օրը կը մատուցէք ութ զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ: 30 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան: 31 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց:
32 Եօթներորդ օրը կը մատուցէք եօթը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ: 33 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան: 34 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց:
35 Ութերորդ օրը ձեր տօնի վերջին օրը թող լինի: Ոչ մի աշխատանք չկատարէք այդ օրը: 36 Իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք ողջակէզ կը մատուցէք մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ: 37 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան: 38 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց:
39 Այս զոհաբերութիւնները կը մատուցէք Տիրոջը ձեր տօների ժամանակ՝ չհաշուած ըստ ուխտի ձեր մատուցածները, ձեր ինքնաբուխ ողջակէզները, ձեր անարիւն ընծաները, գինին եւ փրկութեան համար արած զոհերը”»:
30 ՕՐԷՆՔՆԵՐ ՈՒԽՏԵՐԻ ՄԱՍԻՆ
1 Մովսէսն իսրայէլացիներին հաղորդեց Տիրոջ հրամանը, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին: 2 Մովսէսն իսրայէլացիների իշխաններին ասաց. 3 «Ահա թէ ինչ է հրամայել Տէրը ուխտ արած մարդուն. “Եթէ որեւէ մէկը Տիրոջը ուխտ է անում, երդւում կամ խոստանում է մի բան, որ ինքը երդումով պարտաւորուած լինի անել, ապա նա չպէտք է դրժի իր երդումն ու խոստումը. նա պէտք է կատարի այն ամէնը, ինչ դուրս է եկել նրա բերանից: 4 Եթէ մի կին իր հօր տանը դեռեւս երիտասարդ հասակում Տիրոջը ուխտ է արել, որեւէ բան խոստացել, 5 եւ եթէ նրա հայրը լսել է նրա ուխտը կամ խոստումը եւ լռելեայն հաւանութիւն տուել դրան, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումը ուժի մէջ պէտք է մնան եւ կատարուեն:
6 Իսկ եթէ նրա հայրը, լսելով նրա ուխտը, հաւանութիւն չի տուել այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումը, ապա անվաւեր թող լինեն դրանք, եւ Տէրը այդ կնոջը թող անպարտ համարի, քանի որ յանձնառու չեղողը նրա հայրն է: 7 Եթէ կինն ամուսնանայ եւ նախքան ամուսնանալը Տիրոջը ուխտ արած կամ խոստում տուած լինի, 8 ու եթէ այդ մասին իմանայ նրա ամուսինը եւ լռելեայն հաւանութիւն տայ այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումը պէտք է մնան ուժի մէջ եւ կատարուեն:
9 Իսկ եթէ նրա ամուսինը հաւանութիւն չի տալիս այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվաւեր են, քանի որ յանձնառու չեղողը ամուսինն է: Տէրը այդ կնոջը անպարտ թող համարի: 10 Այրի կամ բաժանուած կնոջ ուխտերն ու խոստումը, որ նա ինքնաբուխ է արել, պէտք է կատարուեն: 11 Իսկ եթէ կինն իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով խոստումներ տուել, 12 եւ եթէ նրա ամուսինը լսել է այդ մասին եւ լռելեայն հաւանութիւն տուել, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումը, որ նա ինքնաբուխ է արել, ուժի մէջ են. դրանք պէտք է կատարուեն: 13 Իսկ եթէ նրա ամուսինը լսած օրը կտրականապէս խափանի կնոջ շուրթերով արուած ուխտերն ու խոստումը, ապա դրանք անվաւեր են, կարող են չկատարուել, քանի որ զանց անողը նրա ամուսինն է, ուստի Տիրոջ առջեւ այդ կինն անպարտ է: 14 Ինքն իրեն նեղութիւն տալու գնով ամուսնացած կնոջ արած ուխտին կամ խոստումին ամուսինը կարող է հաւանութիւն տալ կամ չտալ: 15 Եթէ կնոջ ուխտի կամ խոստումի մասին տեղեակ լինի ամուսինը եւ բազում օրեր լռի, ուրեմն հաստատած եւ ընդունած է լինում կնոջ ուխտն ու խոստումը, քանի որ լսած օրը դրանց համար չի առարկել: 16 Եւ եթէ նրա ամուսինը իր լսած օրից յետոյ առարկի, ուրեմն ինքն է իր վրայ կրում մեղքը”»:
17 Սրանք են այն պատգամները, որ Տէրը տուեց Մովսէսին ամուսնու եւ նրա կնոջ, հօր եւ նրա դստեր մասին, որը դեռեւս երիտասարդ հասակում իր հօր տանն է գտնւում:
31 ՍՈՒՐԲ ՊԱՏԵՐԱԶՄ ՄԱԴԻԱՆԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Իսրայէլացիների վրէժը մադիանացիներից ա՛ռ եւ դրանից յետոյ միացի՛ր քո ժողովրդի մեռելներին»: 3 Մովսէսը, դիմելով ժողովրդին, ասաց. «Ձեր միջից մարդկանց զինեցէ՛ք, որ պատերազմեն մադիանացիների դէմ Տիրոջ առաջ, որպէսզի լուծուի մադիանացիների դէմ Տիրոջ վրէժը: 4 Իսրայէլացիների իւրաքանչիւր ցեղից հազար տղամարդ ուղարկեցէ՛ք, որպէսզի նրանք պատերազմ մղեն»: 5 Բազմահազար իսրայէլացիների ամէն մի ցեղից ընտրեցին հազար տղամարդ, ընդամէնը տասներկու հազար մարդ՝ զինուած պատերազմելու համար: 6 Մովսէսը իւրաքանչիւր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զէնքով հանդերձ, նրանց հետ նաեւ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսին՝ նրանց ձեռքը յանձնելով սուրբ սպասքն ու ազդարարութեան շեփորները: 7 Եւ նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դէմ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: Նրանք կոտորեցին արական սեռի բոլոր մարդկանց. 8 բացի սրախողխող եղած մադիանացիներից, նրանք սպանեցին նաեւ մադիանացիների թագաւորներ Եւինին, Սուրին, Րոկոմին, Ուրին եւ Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագաւորներին: Բացի նրանց կոտորելուց, սրախողխող արեցին Բէորի որդի Բաղաամին, 9 գերեվարեցին Մադիամի կանանց, նրանց զաւակներին, քշեցին տարան նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցուածքն ու գոյքը աւար առան: 10 Հրկիզեցին նրանց բոլոր քաղաքները՝ տներով հանդերձ, ինչպէս նաեւ նրանց աւանները: 11 Գերեվարեցին ու աւար առան նրանց ամէն ինչը՝ մարդ թէ անասուն: 12 Գերիներին, բանակի կողոպուտն ու աւարը բերեցին Մովսէսի, Եղիազար քահանայի եւ բոլոր իսրայէլացիների մօտ՝ Մովաբի Ռաբոթ կոչուող վայրը, որը գտնւում է Երիքովի դիմաց, Յորդանան գետի եզերքին:
ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
13 Մովսէսն ու Եղիազար քահանան եւ ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան նրանց ընդառաջ: 14 Մովսէսը բարկացաւ զօրահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարիւրապետների վրայ՝ ասելով. 15 «Ինչո՞ւ էք կենդանի թողել բոլոր կանանց: 16 Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով կոտորեցին իսրայէլացիներին, որոնք յանուն Փոգորի շեղուեցին Տիրոջից եւ արհամարհեցին նրա խօսքը, եւ Տիրոջ ժողովուրդն ստացաւ այդ պատիժը: 17 Արդ, կոտորեցէ՛ք արական սեռի բոլոր մարդկանց, նաեւ այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ: 18 Կը խնայէք միայն այն կանանց, որոնք տղամարդու հետ չեն կենակցել: 19 Իսկ դուք եօթը օր բանակատեղիից դուրս կը բնակուէք: Ով որ սպանել է կամ ձեռք տուել դիակի, թող մաքրուած համարուի երրորդ կամ եօթներորդ օրը: Մաքրուեցէ՛ք դուք եւ ձեր գերիները, 20 մաքրեցէ՛ք բոլոր հագուստները, կաշուէ բոլոր անօթները, մազից գործած ու փայտից պատրաստուած ամէն ինչ»:
21 Եղիազար քահանան ասաց ռազմադաշտից վերադարձած զինուորներին. «Այս է Օրէնքի կարգը, որ Տէրը տուել է Մովսէսին: 22 Ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից, կապարից ու անագից բացի, 23 այն ամէնը, ինչ հրակայուն է, թող հրով մաքրուի, ապա եւ սրբազան ջրով, իսկ ինչ որ կրակի չի դիմանայ, թող ջրով մաքրուի: 24 Ձեր զգեստները եօթներորդ օրը լուալով՝ մաքուր կը լինէք, որից յետոյ կը մտնէք բանակատեղի»:
ԱՒԱՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ
25 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 26 «Դու, Եղիազար քահանան եւ ժողովրդի ցեղերի իշխանները կազմեցէ՛ք գերուածների եւ աւարի ցանկը՝ մարդուց մինչեւ անասուն: 27 Աւարը բաժանեցէ՛ք պատերազմին մասնակցածների եւ ամբողջ ժողովրդի միջեւ: 28 Պատերազմին մասնակցածներին բաժին ընկած հինգ հարիւր գերիներից մէկին կ՚ընծայէք Տիրոջը: Նոյնը նաեւ անասունների վերաբերեալ՝ լինի արջառ, ոչխար ու այծ: 29 Այս ամենի կէսը կ՚առնես ու կը տաս Եղիազար քահանային իբրեւ Տիրոջը մատուցուելիք նուէր, 30 իսկ իսրայէլացիներին հասնող բաժնի կէսի ամէն յիսուն գերիներից եւ բոլոր անասուններից՝ արջառից, ոչխարից, էշից մէկը կը յանձնես ղեւտացիներին, որոնք սպասարկում են Տիրոջ խորանը»:
31 Մովսէսն ու Եղիազար քահանան արեցին այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին:
32 Պատերազմին մասնակցած տղամարդկանց բերած աւարի մնացած մասը կազմեց վեց հարիւր եօթանասունհինգ հազար ոչխար, 33 եօթանասուներկու հազար արջառ, 34 վաթսունմէկ հազար էշ: 35 Գերեվարուած աղջիկների թիւը երեսուներկու հազար էր, որոնք դեռ չէին կենակցել տղամարդու հետ:
36 Պատերազմին մասնակցածներին հասած աւարը կազմեց երեք հարիւր երեսունեօթը հազար հինգ հարիւր ոչխար, 37 որոնցից Տիրոջը որպէս հաս տրուեց վեց հարիւր եօթանասունհինգ ոչխար, 38 երեսունվեց հազար արջառից Տիրոջը որպէս հաս տրուեց եօթանասուներկու արջառ, 39 երեսուն հազար հինգ հարիւր էշից Տիրոջը որպէս հաս տրուեց վաթսունմէկ էշ, 40 իսկ գերեվարուած մարդկանց թիւը կազմեց տասնվեց հազար, որից Տիրոջը որպէս հաս տրուեց երեսուներկու հոգի: 41 Մովսէսը Տիրոջ հասը՝ Աստծու նուէրը յանձնեց Եղիազար քահանային, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
42 Դա ստացուել էր իսրայէլացիներին հասնող աւարի կէսից, որ Մովսէսն առանձնացրել էր պատերազմի մասնակիցների բաժնից: 43 Դա կազմեց երեք հարիւր երեսունեօթը հազար հինգ հարիւր ոչխար, 44 երեսունվեց հազար արջառ, 45 երեսուն հազար հինգ հարիւր էշ 46 եւ տասնվեց հազար մարդ: 47 Մովսէսը իսրայէլացիներին հասնող աւարի կէսի իւրաքանչիւր յիսուն մարդուց եւ անասունից վերցրեց մէկին եւ տուեց ղեւտացիներին, որոնք սպասարկում էին Տիրոջ խորանը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
48 Մովսէսին ներկայացան բոլոր զօրահրամանատարները՝ հազարապետներն ու հարիւրապետները, 49 եւ ասացին նրան. «Մենք՝ քո ծառաները, հաշուառման ենթարկեցինք ռազմիկներին եւ տեսանք, որ նրանցից ոչ ոք չի պակասում: 50 Դրա համար Տիրոջը որպէս ընծայ բերել ենք ինչ որ գտնւում է իւրաքանչիւրիս մօտ՝ ոսկէ տուփ, ապարանջան, մատանի, մանեակ եւ ընդելուզուած ծամկալ, որպէսզի Տիրոջից քաւութիւն ստանանք: 51 Մովսէսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկեղէնը՝ ձեռագործ բոլոր անօթները: 52 Հազարապետների կողմից Տիրոջը որպէս հաս տրուած ամբողջ ոսկին կազմեց տասնվեց հազար եօթը հարիւր յիսուն սիկղ251: 53 Իւրաքանչիւր ռազմիկին աւարից մաս հասաւ: 54 Մովսէսն ու Եղիազար քահանան, հազարապետներից ու հարիւրապետներից առնելով ոսկին, տարան վկայութեան խորան որպէս իսրայէլացիների յիշատակ Տիրոջ առաջ:
32 ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ՏԵՂԱՒՈՐՈՒԱԾ ՑԵՂԵՐԸ
(Բ Օր. 3.12-22)
1 Իսրայէլացիները բազում անասուններ ունէին, բայց Ռուբէնի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին: Նրանք տեսան, որ Յազերի ու Գաղաադի շրջանները հօտերի համար յարմար արօտավայրեր են: 2 Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ գալով Մովսէսի, Եղիազար քահանայի ու ժողովրդի իշխանների մօտ՝ ասացին. 3 «Ատարոթը, Դեբոնը, Յազերը, Նեմբրան, Եսեբոնը, Էլէալէթը, Սեբաման, Նաբաւը եւ Բէանը՝ 4 այն վայրերը, որ Տէրը յանձնել է իսրայէլացիների ձեռքը, անասուն սնուցող արօտներ ունեն, իսկ մենք՝ քո ծառաները, անասուններ ունենք»: 5 Նրանք աւելացրին. «Եթէ քո առաջ շնորհ են գտել, այդ վայրերը մեզ՝ քո ծառաներին իբրեւ կալուածք տո՛ւր եւ մեզ Յորդանան գետից այն կողմ մի՛ անցկացրու»:
6 Մովսէսը Գադի ու Ռուբէնի ցեղերի մարդկանց պատասխանեց. «Ձեր եղբայրները գնան պատերազմելու, իսկ դուք այստեղ նստէ՞ք: 7 Ինչո՞ւ էք պղտորում իսրայէլացիների հոգին, այնպէս անում, որ չուզենան անցնել այն երկիրը, որը Տէրը տալու է նրանց: 8 Ձեր հայրերը նոյն կերպ չվարուեցի՞ն, երբ նրանց ուղարկում էի Կադէսբառնէից, որպէսզի հետախուզեն երկիրը: 9 Նրանք հասան Ողկոյզի ձորը, հետախուզեցին երկիրը, բայց վերադառնալով յեղաշրջեցին իսրայէլացիների մտքերը, որ չմտնեն այն երկիրը, որ Տէրը տուել էր նրանց: 10 Այդ պատճառով Տէրը խիստ զայրացաւ այդ օրը եւ երդուելով ասաց. 11 “Եգիպտոսից դուրս եկած քսան տարեկանից բարձր մարդիկ, որոնք գիտեն չարն ու բարին, թող չտեսնեն այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, քանի որ ինձ չհետեւեցին: 12 Նրանցից ոչ ոք չի մտնելու այդ երկիրը, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից, քանի որ նրանք հետեւեցին Տիրոջը”: 13 Տէրը, խիստ զայրանալով իսրայէլացիների վրայ, քառասուն տարի նրանց թափառել տուեց անապատում, մինչեւ որ մեռան Տիրոջ առաջ ամբարիշտ գտնուող բոլոր մարդիկ: 14 Հիմա էլ դուք էք ելել ձեր հայրերի փոխարէն, ո՜վ մեղաւոր մարդկանց վոհմակներ, որպէսզի է՛լ աւելի բորբոքէք Տիրոջ բարկութիւնը իսրայէլացիների վրայ: 15 Քանի որ դուք խոտորուել էք Աստծուց, նա դարձեալ կը թողնի ձեզ այս անապատում, եւ դուք պատճառ կը դառնաք, որ ամբողջ ժողովուրդը անօրինութիւն գործի»:
16 Նրանք, դիմելով Մովսէսին, ասացին. «Ուզում ենք մեր ոչխարների ու միւս անասունների համար գոմեր շինել, մեր ընտանիքների համար՝ քաղաքներ: 17 Մենք ինքներս կը զինուենք Տիրոջ առջեւ, կը գնանք միւս իսրայէլացիների առջեւից, մինչեւ որ հաստատենք նրանց իրենց տեղերում: Մեր ժողովուրդը, որպէսզի ապահով լինի այս երկրի բնակիչներից, թող բնակուի պարսպապատ քաղաքներում: 18 Մենք չենք վերադառնայ մեր տները, մինչեւ որ իսրայէլացիները իրենց ժառանգութեան տէր դառնան: 19 Մենք ակնկալութիւն չունենք Յորդանան գետի այն կողմում եւ աւելի հեռու տեղերում միւս իսրայէլացիների հետ բաժին ստանալու, որովհետեւ մենք մեր բաժինն ստացել ենք Յորդանան գետի այս կողմում՝ արեւելքում»:
20 Մովսէսն ասաց նրանց. «Եթէ անէք այնպէս, ինչպէս ասում էք, այսինքն՝ Տիրոջ հրամանով պատերազմի համար զինուէք, 21 ձեր բոլոր ռազմիկները Տիրոջ կարգադրութեան համաձայն անցնեն Յորդանան գետի այն կողմը, մասնակցեն պատերազմին, մինչեւ Տիրոջ առջեւ ոչնչանայ նրա թշնամին, 22 եւ երկիրը նուաճուի ըստ Տիրոջ ցանկութեան, ապա կը վերադառնաք, Տիրոջ ու իսրայէլացիների առջեւ անպարտ կը լինէք, եւ այս երկիրը Տիրոջ առաջ ձեր կալուածքը կը լինի: 23 Իսկ եթէ այդպէս չվարուէք, մեղաւոր կը համարուէք Տիրոջ առջեւ եւ ձեր մեղքերը կը ճանաչէք, երբ չարիքը հասնի ձեզ: 24 Արդ, դուք քաղաքներ շինեցէ՛ք ձեր մարդկանց համար եւ գոմեր՝ ձեր անասունների համար, եւ ինչ որ դուրս է եկել ձեր բերանից, կատարեցէ՛ք»:
25 Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ, դիմելով Մովսէսին, ասացին. «Մենք՝ քո ծառաները, կը վարուենք այնպէս, ինչպէս դու՝ մեր տէրը, հրամայեցիր մեզ: 26 Մեր երեխաներն ու կանայք, մեր բոլոր անասունները թող մնան Գաղաադի քաղաքներում, 27 իսկ մենք՝ քո ծառայ տղամարդիկդ, զինավառ ու պատրաստ, Տիրոջ առջեւից կ՚անցնենք-կը գնանք պատերազմի, ինչպէս դու՝ մեր տէրը, ասում ես»: 28 Մովսէսը հրահանգ տուեց նրանց մասին Եղիազար քահանային, Նաւէի որդի Յեսուին եւ իսրայէլացի ցեղերի նահապետների ընտանիքների իշխաններին: 29 Մովսէսն ասաց նրանց. «Եթէ Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ բոլորն էլ Տիրոջ առջեւ սպառազինուած ձեզ հետ անցնեն Յորդանան գետի այն կողմը, եթէ դուք նուաճէք այդ երկիրը, ապա նրանց իբրեւ կալուածք կը տաք Գաղաադի երկիրը: 30 Իսկ եթէ սպառազինուած ձեզ հետ պատերազմի չելնեն Տիրոջ առջեւ, ապա նրանց երեխաներին, կանանց ու անասուններին, նախքան ձեր անցնելը, կը փոխադրէք Քանանացիների երկիրը, եւ նրանք եւս ձեզ հետ թող ժառանգութիւն ստանան Քանանացիների երկրում»: 31 Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ պատասխան տալով՝ ասացին. «Ինչ որ հրամայես դու՝ մեր տէրը, քո ծառաներին, այդ էլ կը կատարենք: 32 Սպառազինուած կ՚անցնենք Քանանացիների երկիրը, եւ մեզ կալուածքներ կը տաք Յորդանան գետի այս կողմում»: 33 Եւ Մովսէսը Գադի, Ռուբէնի ցեղերին, Յովսէփի որդիներից Մանասէի կէս ցեղին տուեց ամորհացիների Սեհոն արքայի թագաւորութիւնը, Բասան երկրի Օգ արքայի թագաւորութիւնը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնուող բոլոր քաղաքներով, ինչպէս նաեւ սահմանամերձ քաղաքներով:
34 Գադի մարդիկ կառուցեցին Դեբոնը, Ատարոթը, Արոյերը, 35 Սոփորն ու Յազերը, դրանք շրջապատեցին բարձր պարիսպներով: 36 Կառուցեցին նաեւ Նամրանը, Բօթառանը, ամուր քաղաքներ ու անասունների գոմեր: 37 Ռուբէնի ցեղի մարդիկ կառուցեցին Եսեբոնը, Էլէալէթը, Կարիաթեմը, 38 Բէելմէոնը՝ չորս կողմից պարսպապատ, եւ Սեմաբան: Իրենց կառուցած քաղաքներն անուանեցին իրենց իսկ անուններով:
39 Մանասէի որդի Մաքիրի յետնորդները գնացին Գաղաադ, գրաւեցին այն ու ոչնչացրին այնտեղ բնակուող ամորհացիներին: 40 Մովսէսը Գաղաադը տուեց Մանասէի որդի Մաքիրին, որը եւ բնակուեց այնտեղ: 41 Մանասէի որդի Յայիրը գրաւեց նրանց քաղաքները, որոնք կոչեց «Յայիրի աւաններ»: 44 Նաբաւը գնաց գրաւեց Կանաթն ու նրա աւանները, որոնք իր անունով կոչեց Նաբաւթ:
33 ՀԱՆԳՐՈՒԱՆՆԵՐ ԵԳԻՊՏՈՍԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՑ ՅԵՏՈՅ
1 Սրանք են այն բանակատեղիները, որ դրեցին իսրայէլացիները, երբ Մովսէսի եւ Ահարոնի գլխաւորութեամբ, իրենց զօրքով հանդերձ դուրս եկան Եգիպտոսից: 2 Մովսէսը Տիրոջ հրամանով գրի առաւ իսրայէլացիների չուերթն ու նրանց բանակատեղիները: Ահա սրանք են իրենց երթի ժամանակ նրանց դրած բանակատեղիները: 3 Իսրայէլացիները Ռամեսսէից մեկնեցին առաջին ամսի տասնհինգերորդ օրը: Զատկի յաջորդ օրը նրանք, բոլոր եգիպտացիների աչքի առջեւ, Աստծու հզօր պաշտպանութեամբ ելան Եգիպտոսից, 4 երբ եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին: Տէրը կոտորել էր Եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկ զաւակներին: Տէրը նրանցից վրէժ էր լուծել իրենց չաստուածների համար:
5 Իսրայէլացիները Ռամեսսէից մեկնելով բանակատեղի դրեցին Սոկքոթում: 6 Սոկքոթից մեկնելով բանակատեղի դրեցին Բոթանում, որն անապատի մի մասն է: 7 Մեկնեցին Բոթանից եւ բանակատեղի դրեցին Եպիրոթի մօտ, որը գտնւում է Բեէլսեպփոնի դիմաց, եւ բանակատեղի դրեցին Մագդողի դիմաց: 8 Մեկնեցին Եպիրոթի դիմաց ընկած շրջանից, Կարմիր ծովի միջով անցան դէպի անապատ, անապատի միջով երեք օրուայ ճանապարհ կտրեցին եւ բանակատեղի դրեցին Դառն աղբիւրների մօտ: 9 Մեկնեցին Դառն աղբիւրների մօտից եւ եկան Ելիմ: Ելիմում տասներկու ջրի աղբիւր կար եւ արմաւի եօթանասուն ծառ: Նրանք բանակատեղի դրեցին այնտեղ՝ ջրի մօտ: 10 Մեկնեցին Ելիմից եւ բանակատեղի դրեցին Կարմիր ծովի ափին: 11 Մեկնեցին Կարմիր ծովից եւ բանակատեղի դրեցին Սին անապատում: 12 Մեկնեցին Սին անապատից եւ բանակատեղի դրեցին Ռափայում: 13 Մեկնեցին Ռափայից եւ բանակատեղի դրեցին Ելիմում: 14 Մեկնեցին Ելիմից եւ բանակատեղի դրեցին Ռափիդինում: 15 Այստեղ ժողովուրդը խմելու ջուր չունէր, ուստի մեկնեցին Ռափիդինից եւ բանակատեղի դրեցին Սինայի անապատում: 16 Մեկնեցին Սինայի անապատից եւ բանակատեղի դրեցին Ցանկութեան գերեզմաններում: 17 Մեկնեցին Ցանկութեան գերեզմաններից եւ բանակատեղի դրեցին Ասերոթում: 18 Մեկնեցին Ասերոթից եւ բանակատեղի դրեցին Ռաթամայում: 19 Մեկնեցին Ռաթամայից եւ բանակատեղի դրեցին Ռեմոնփարէսում: 20 Մեկնեցին Ռեմոնփարէսից եւ բանակատեղի դրեցին Ղեբոնայում: 21 Մեկնեցին Ղեբոնայից եւ բանակատեղի դրեցին Դեսսայում: 22 Մեկնեցին Դեսսայից եւ բանակատեղի դրեցին Մակեղղաթում: 23 Մեկնեցին Մակեղղաթից եւ բանակատեղի դրեցին Սոփարում: 24 Մեկնեցին Սոփարից եւ բանակատեղի դրեցին Քարադաթում: 25 Մեկնեցին Քարադաթից եւ բանակատեղի դրեցին Մակելոթում: 26 Մեկնեցին Մակելոթից եւ բանակատեղի դրեցին Կատտաաթում: 27 Մեկնեցին Կատտաաթից եւ բանակատեղի դրեցին Տարաթում: 28 Մեկնեցին Տարաթից եւ բանակատեղի դրեցին Մատեկայում: 29 Մեկնեցին Մատեկայից եւ բանակատեղի դրեցին Սելմոնայում: 30 Մեկնեցին Սելմոնայից եւ բանակատեղի դրեցին Մասուրութում: 31 Մեկնեցին Մասուրութից եւ բանակատեղի դրեցին Բանէայում: 32 Մեկնեցին Բանէայից եւ բանակատեղի դրեցին Գադգադ լերան վրայ: 33 Մեկնեցին Գադգադ լեռից եւ բանակատեղի դրեցին Ետեբաթայում: 34 Մեկնեցին Ետեբաթայից եւ բանակատեղի դրեցին Եբրոնայում: 35 Մեկնեցին Եբրոնայից եւ բանակատեղի դրեցին Գեսիոնգաբերում: 36 Մեկնեցին Գեսիոնգաբերից եւ բանակատեղի դրեցին Սին անապատում:
37 Մեկնեցին Սին անապատից եւ բանակատեղի դրեցին Փարանի անապատում, այսինքն՝ Կադէսում: Մեկնեցին Կադէսից եւ բանակատեղի դրեցին Հոր լերան վրայ՝ Եդոմի երկրի մօտ: 38 Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացաւ լեռը եւ մեռաւ այնտեղ իսրայէլացիների՝ Եգիպտացիների երկրից դուրս գալու քառասուներորդ տարուայ հինգերորդ ամսի մէկին: 39 Ահարոնը հարիւր քսաներեք տարեկան էր, երբ մեռաւ Հոր լերան վրայ: 40 Քանանացիների երկրում բնակուող Արադի արքայ Քանանէսը տեղեկացաւ, որ իսրայէլացիները մուտք են գործում իր երկիրը:
41 Իսրայէլացիները, սակայն, Հոր լեռից հեռանալով՝ բանակատեղի դրեցին Սելմոնայում: 42 Մեկնեցին Սելմոնայից եւ բանակատեղի դրեցին Փենովում: 43 Մեկնեցին Փենովից եւ բանակատեղի դրեցին Օբոթում: 44 Մեկնեցին Օբոթից եւ բանակատեղի դրեցին Գայիում՝ Յորդանան գետի այն կողմը, Մովաբի սահմաններում: 45 Մեկնեցին Գայիից եւ բանակատեղի դրեցին Դեմոնգադում: 46 Մեկնեցին Դեմոնգադից եւ բանակատեղի դրեցին Գեղմոնդեբղաթէմում: 47 Մեկնեցին Գեղմոնդեբղաթէմից եւ բանակատեղի դրեցին Աբարիմ լեռների վրայ՝ Նաբաւի դիմաց: 48 Մեկնեցին Աբարիմի լեռներից եւ բանակատեղի դրեցին Մովաբացիների երկրից արեւմուտք, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց: 49 Նրանք բանակատեղի դրեցին Յորդանան գետի մօտ, Եսիմոթում, որ ձգւում էր մինչեւ Մեղսատով՝ Մովաբացիների երկրից արեւմուտք:
ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ԵՐԿՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ
50 Տէրը Մովաբացիների երկրի արեւմտեան մասում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 51 «Դիմի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. “Ահա դուք Յորդանան գետով անցնում էք Քանանացիների երկիրը: 52 Երկրի բոլոր բնակիչներին կը քշէք ձեր առջեւից, կը կործանէք նրանց կոթողները252, ձուլածոյ բոլոր կուռքերը, նրանց բոլոր յուշասիւները կը վերացնէք մէջտեղից: 53 Կ՚ոչնչացնէք երկրի բնակիչներին եւ կը բնակուէք այնտեղ, որովհետեւ նրանց երկիրը ձեզ եմ տալու իբրեւ սեփականութիւն: 54 Ըստ ձեր ցեղերի անդամների թուաքանակի, կը բաժանէք այդ երկիրը253. բազմանդամներին մեծ բաժին կը յատկացնէք, իսկ սակաւանդամներին՝ փոքր բաժին: Իւրաքանչիւր ցեղ թող ստանայ այն, ինչ կը հասնի նրան: Բաժանումը պէտք է կատարուի ըստ ձեր նահապետութեան ցեղերի: 55 Եթէ երկրի բնակիչներին չոչնչացնէք, ձեր կենդանի թողածները փուշ կը լինեն ձեր աչքերին եւ նետեր՝ ձեր կողերին: Նրանք ձեր թշնամիները կը լինեն այն երկրում, որտեղ դուք էք բնակւում: 56 Եւ կը լինի այնպէս, որ ինչ վճռել էի անել նրանց նկատմամբ, կ՚անեմ ձեր նկատմամբ”»:
34 ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Պատուիրի՛ր իսրայէլացիներին ու նրանց ասա՛. “Դուք, ահա, մտնում էք Քանանացիների երկիրը: Այն իր սահմաններով հանդերձ թող ձեր սեփականութիւնը լինի: 3 Նրա հարաւային սահմանը թող լինի Սին անապատից մինչեւ Եդոմի երկրի մերձակայքը: Հարաւային սահմանները թող անցնեն Մեռեալ ծովի արեւելեան կողմից: 4 Սահմանները հարաւից թող շրջանաձեւ բարձրանան դէպի Ակրաբինի սարը, անցնեն դէպի Ենակ, ապա դարձեալ դէպի հարաւ մինչեւ Կադէսբառնէ, ապա Արադի աւանը եւ հասնեն Ասեմոն: 5 Այս սահմանները, սկսած Ասեմոնից դէպի եգիպտացիների ձորը, շրջան պիտի կազմեն եւ դուրս գան ծով: 6 Ձեր ծովահայեաց սահմանը թող լինի Մեծ ծովը. դա ձեր ծովահայեաց սահմանն է:
7 Ձեր հիւսիսային սահմանը թող լինի հետեւեալը. Մեծ ծովից ուղիղ գծով մինչեւ Լեռը, 8 այդ լեռից ուղիղ գծով մինչեւ Եմաթի մուտքը: Այն հասնելու է մինչեւ Արադաքի սահմանները: 9 Սահմանագիծն այնտեղից թող անցնի մինչեւ Եփրոնի մերձակայքը եւ հասնի մինչեւ Ասիռնային: Սրանք թող լինեն ձեր հիւսիսային սահմանները:
10 Ձեր արեւելեան սահմանները պէտք է անցնեն Ասիռնայինից մինչեւ Սեպփամար: 11 Այս սահմանագիծը Սեպփամարից թող ձգուի մինչեւ Բեղա՝ աղբիւրների արեւելեան կողմը, Բեղայից թող ձգուի մինչեւ Քենարի ծովի արեւելեան կողմը: 12 Սահմանագիծն այնուհետեւ թող ձգուի մինչեւ Յորդանան գետը՝ հասնելով մինչեւ Մեռեալ ծով: Այդ բովանդակ երկիրն ու նրա շրջակայքը ձեզ թող պատկանեն”»:
13 Մովսէսը պատուիրեց իսրայէլացիներին ու ասաց. «Սա է այն երկիրը, որ պիտի ժառանգէք վիճակ գցելով: Ինչպէս Տէրն է հրամայել, այն պիտի տրուի ինը ցեղերին ու Մանասէի կէս ցեղին, 14 որովհետեւ Ռուբէնի ու Գադի ցեղերը, ըստ իրենց նահապետների ընտանիքների, 15 եւ Մանասէի կէս ցեղը իրենց բաժինն ստացել էին Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց, հարաւից դէպի արեւելք ձգուող մասում»:
ԵՐԿՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
16 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Սրանք են այն մարդկանց անունները, 17 որոնք ձեզ պիտի բաժանեն Քանաան երկիրը. Եղիազար քահանայ եւ Նաւէի որդի Յեսու: 18 Ամէն մի ցեղից վերցրէ՛ք մէկական իշխան, որոնք երկիրը պիտի բաժանեն ձեր միջեւ: 19 Սրանք են այդ մարդկանց անունները. Յուդայի ցեղից՝ Յեփոնէի որդի Քաղէբ, 20 Շմաւոնի ցեղից՝ Էմիուդի որդի Սաղամիէլ, 21 Բենիամինի ցեղից՝ Քասղոդի որդի Ելդադ, 22 Դանի ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բակքիր, 23 Յովսէփի որդիներից Մանասէի ցեղից՝ Սուփիցի254 որդի իշխան Անիէլ, 24 Եփրեմի ցեղից՝ Սաբաթի որդի իշխան Կամուէլ, 25 Զաբուղոնի ցեղից՝ Փառնաքի որդի իշխան Եղիսափան, 26 Իսաքարի ցեղից՝ Ոզիայի որդի իշխան Փաղտիէլ, 27 Ասերի ցեղից՝ Սելեմիի որդի իշխան Աքիոր, 28 Նեփթաղիմի ցեղից՝ Մէուդի որդի իշխան Փագայէլ: 29 Տէրը սրանց հրամայեց Քանանացիների երկիրը բաժանել իսրայէլացիների միջեւ»:
35 ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԸ
1 Տէրը Մովաբացիների երկրի արեւմտեան մասում, Յորդանան գետի եզերքին, Երիքովի դիմաց, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Հրամայի՛ր իսրայէլացիներին, որ իրենց բաժին հասած կալուածքներից բնակուելու համար քաղաքներ, ինչպէս եւ իրենց քաղաքների շուրջն ընկած արօտավայրերը տան ղեւտացիներին: 3 Այդ քաղաքները նրանց բնակութեան վայրերը թող լինեն, իսկ առանձնացուած արօտավայրերը թող լինեն նրանց ոչխարների հօտերի եւ ամէն տեսակ չորքոտանիների համար արածելու վայրեր: 4 Քաղաքների շուրջը գտնուող արօտավայրերը, որ տալու էք ղեւտացիներին, իւրաքանչիւր քաղաքի պարիսպներից սկսած շուրջանակի պէտք է ունենան երկու հազար կանգուն տարածութիւն: 5 Քաղաքից դուրս, արեւելեան կողմում չափեցէ՛ք երկու հազար կանգուն, ծովի կողմում՝ երկու հազար կանգուն, հիւսիսային կողմում՝ երկու հազար կանգուն, հարաւային կողմում՝ երկու հազար կանգուն: Դրանց մէջտեղում գտնուող քաղաքը, ինչպէս եւ նրա շուրջն ընկած տարածքը պէտք է պատկանեն ղեւտացիներին: 6 Ղեւտացիներին, բացի յիշեալ քաղաքներից, պէտք է տրուի վեց քաղաք եւս, որոնք ապաստան պիտի ծառայեն սպանութիւն գործած մարդկանց: Այս բոլոր քաղաքներից բացի, նրանց պիտի տաք քառասուներկու քաղաքներ: 7 Ղեւտացիներին տրուելիք քաղաքների թիւը կազմելու է քառասունութ՝ իրենց արօտավայրերով հանդերձ: 8 Իսրայէլացիների ժառանգած կալուածքներից ղեւտացիներին տրուելիք քաղաքները պիտի լինեն ըստ նրանց ստացած քաղաքների թուի. շատ ստացողը շատ պիտի տայ, քիչ ստացողը՝ քիչ: Իւրաքանչիւր ցեղ ըստ ժառանգա՛ծ տարածութեան քաղաքներ թող տայ ղեւտացիներին»:
ԱՊԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐ
(Բ Օր. 19.1-13, Յես. 20.1-9)
9 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 10 «Դիմի՛ր իսրայէլացիներին ու նրանց ասա՛. “Դուք, ահա, Յորդանան գետի վրայով անցնում էք Քանանացիների երկիրը: 11 Այնտեղ առանձնացրէ՛ք քաղաքներ, որոնք ձեզ համար որպէս ապաստան պիտի ծառայեն, երբ մի մարդասպան այնտեղ փախչի: Ով ակամայ մէկին սպանի, այդ քաղաքները սպանողի արեան վրէժխնդրութիւնից փրկուելու համար ապաստան թող լինեն: 12 Սպանողը թող մահուան չդատապարտուի, մինչեւ ժողովրդի դատաստանի առջեւ չկանգնի: 13 Ղեւտացիներին տրուելիք քաղաքներից վեցը որպէս ապաստան թող ծառայեն: 14 Երեք քաղաք տուէ՛ք Յորդանան գետի այն կողմում, երեք քաղաք՝ Քանանացիների երկրում: 15 Այդ քաղաքներն իբրեւ ապաստան թող ծառայեն իսրայէլացիներին, այլեւ օտարականների ու ձեր մէջ պանդխտելու եկածների համար: Այդ քաղաքներն իբրեւ ապաստան թող ծառայեն, որպէսզի այնտեղ փախչեն բոլոր նրանք, ովքեր ակամայ մարդ են սպանել:
16 Եթէ որեւէ մէկը երկաթէ առարկայով հարուածի ու սպանի մէկին, նա մարդասպան է. մահուան թող դատապարտուի մարդասպանը: 17 Եթէ որեւէ մէկը քարով հարուածի ու սպանի մէկին, նա մարդասպան է. մահուան թող դատապարտուի մարդասպանը: 18 Եթէ փայտէ առարկայով հարուածի ու սպանի մէկին, նա մարդասպան է. մահուան թող դատապարտուի մարդասպանը: 19 Սպանուածի մերձաւորը թող սպանի մարդասպանին. երբ որ հանդիպի նրան, թող սպանի: 20 Եթէ որեւէ մէկը թշնամութեան հողի վրայ հրի մի մարդու, չարամտութեամբ նրա վրայ որեւէ իր նետելով սպանի 21 կամ քինախնդրութեան համար հարուածի ձեռքով ու սպանի նրան, նա մահուան թող դատապարտուի: Նա մարդասպան է. մահուան թող դատապարտուի մարդասպանը: Սպանուածի մերձաւորը ուր որ հանդիպի նրան, թող սպանի:
22 Իսկ եթէ սխալմամբ եւ ոչ թէ թշնամութեան հողի վրայ է հրել նրան, նրա վրայ նետել որեւէ իր ոչ չար դիտաւորութեամբ, 23 կամ մահ պատճառող քարով առանց չարամտութեան է հարուածել նրան ու սպանել, սակայն սպանուողը նրա թշնամին չէր, եւ նա չէր ցանկանում նրան չարիք պատճառել, 24 այդ դէպքում ժողովուրդը հարուածողին սպանուածի մերձաւորի ներկայութեամբ դատ թող անի ըստ հետեւեալ դատաստանի. 25 ժողովուրդը սպանողին թող փրկի սպանուածի մերձաւորների ձեռքից: Թող ժողովուրդը նրան ուղարկի ապաստան-քաղաք, ուր նա ապաստանել էր: Նա թող բնակուի այնտեղ, մինչեւ որ վախճանուի սուրբ իւղով օծուած քահանայապետը: 26 Իսկ եթէ սպանողը դուրս գայ այն քաղաքի սահմաններից, որտեղ ապաստանել էր, 27 եւ սպանուածի մերձաւորը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս, ապա սպանուածի արիւնակիցը թող սպանի մարդասպանին եւ մահապարտ չդիտուի: 28 Դրա համար էլ մարդասպանը պէտք է բնակուի իր ապաստանած քաղաքում, մինչեւ որ վախճանուի քահանայապետը: Քահանայապետի վախճանուելուց յետոյ միայն մարդասպանը թող վերադառնայ իր կալուածքը: 29 Սա ձեր սերունդների մէջ արդարադատութեան օրէնք թող լինի ձեր բնակութեան բոլոր վայրերում:
30 Ով որ մէկին սպանի, վկաներո՛վ թող սպանեն մարդասպանին: Մէկ հոգու վկայութիւնը բաւարար չէ մահուան վճիռ արձակելու համար: 31 Մահապարտ մարդասպանից փրկագին չպէտք է վերցնէք: Նա պէտք է մահապատժի ենթարկուի: 32 Ապաստան-քաղաք փախչելու համար մարդասպանից փրկագին չպէտք է վերցնէք, նոյնպէս եւ՝ մինչեւ քահանայապետի վախճանումը իր երկրում նորից բնակուելու համար: 33 Մի՛ պղծէք երկիրը. երկիրն իր վրայ թափուած արեան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արեան, ով արիւն է թափել: 34 Մի՛ պղծէք այն երկիրը, ուր բնակւում էք, եւ ուր բնակւում եմ ես ձեր մէջ, քանզի ես եմ Տէր Աստուածը, որ բնակւում է իսրայէլացիների մէջ”»:
36 ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԿԱՆԱՆՑ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ
1 Յովսէփի որդիներից Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի ընտանիքի իշխանները, դիմելով Մովսէսին, Եղիազար քահանային ու իսրայէլացիների նահապետների ընտանիքների իշխաններին, ասացին. 2 «Տէրը մեր տիրոջը՝ Մովսէսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ Քանանացիների երկիրը բաժանուի իսրայէլացիների միջեւ: Տէրը մեր տիրոջը հրամայել է նաեւ, որ մեր եղբայր Սաղպաադի բաժինը տրուի նրա դուստրերին: 3 Արդ, եթէ նրանք ամուսնանան իսրայէլացի մի այլ ցեղի տղամարդկանց հետ, ապա նրանց բաժին պիտի յատկացուի իրենց ցեղի սեփականութիւնից եւ աւելանայ այն ցեղի ժառանգութեան վրայ, որոնց կնութեան կը գնան: Այսպիսով մեր ժառանգութիւնից այդ բաժինը պիտի վերանայ: 4 Եւ երբ գայ իսրայէլացիների փրկութեան տարին, նրանց ժառանգութիւնը վերջնականապէս կը գումարուի այն ցեղի ժառանգութեան վրայ, որոնց կնութեան են գնացել, որով մեր ցեղի ժառանգութիւնից նրանց բաժին ընկած ժառանգութեան մասը պիտի վերանայ»:
5 Մովսէսը, Յովսէփի մարդկանց ասածի մասին, Տիրոջ հրամանով իսրայէլացիներին ասաց. 6 «Սաղպաադի դուստրերին Տէրը հետեւեալ հրամանն է տուել եւ ասել. “Նրանք թող ամուսնանան այն տղամարդկանց հետ, որոնք իրենց աչքին հաճելի կը թուան, պայմանով որ այդ տղամարդիկ իրենց հայրակա՛ն ցեղից լինեն: 7 Իսրայէլացիների ժառանգութիւնը ցեղից ցեղ թող չանցնի, որպէսզի իսրայէլացիներից իւրաքանչիւրը ի՛ր ցեղի հայրենի ժառանգութեանը կապուի: 8 Իսրայէլացիների որեւէ ցեղից ժառանգութիւն ստացած ամէն մի աղջիկ թող դառնայ իր հայրակա՛ն ցեղին պատկանող որեւէ տղամարդու կինը, որպէսզի իսրայէլացիները ամուսնանալուց յետոյ էլ պահպանեն իրենց հայրենի ժառանգութիւնը: 9 Ժառանգութեան բաժինը մի ցեղից միւսը չպէտք է անցնի, իսրայէլացիներից իւրաքանչիւրը պէտք է կապուի իր ժառանգած կալուածքին”»:
10 Եւ ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին, այդպէս էլ արեցին Սաղպաադի դուստրերը: 11 Թերսան, Էգղան, Մեղքան, Նուան եւ Մաաղան՝ Սաղպաադի դուստրերը, ամուսնացան իրենց հօրեղբայրների որդիների հետ: 12 Նրանք Յովսէփի որդիներից Մանասէի ցեղի տղամարդկանց կանայք դարձան, եւ նրանց ժառանգութիւնը մնաց իրենց հօր ազգատոհմին:
13 Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու դատաստանները, որ Տէրը Մովաբացիների երկրի արեւմտեան մասում, Յորդանան գետի եզերքին, Երիքովի դիմաց տուեց Մովսէսի միջոցով:
____
[207] Ըստ իրենց հայրերի տների:
[208] Եբրայերէնում՝ ըստ իր դրօշի:
[209] Յունարէնում՝ վեց:
[210] Յունարէնում՝ յիսուն:
[211] Հինգ արծաթ դրամ:
[212] Եբրայերէնում չկայ:
[213] Շուրջ երեք կիլոգրամ:
[214] Եբրայերէնում՝ լեղի:
[215] Եբրայերէնում՝ երերցնի:
[216] Եբրայերէնում՝ իր անձը Տիրոջը նուիրի:
[217] Շուրջ հազար երեք հարիւր գրամ:
[218] Շուրջ եօթը հարիւր գրամ:
[219] Շուրջ հարիւր գրամ մաքուր ոսկի:
[220] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ ըստ սրբարանի սիկղի:
[221] Շուրջ քսանչորս կիլոգրամ:
[222] Շուրջ 1200 գրամ մաքուր ոսկի:
[223] Եբրայերէն՝ երեկոյեան:
[224] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ եւ ձեր տօների ժամանակ:
[225] 34- 36 համարները այսպիսի հերթականութիւն ունեն նաեւ Զոհրաբեան եւ Septuginta հրատարակութիւններում:
[226] Եօթանասնից եւ այլ բնագրերում նախադասութիւնն ունի հարցական բնոյթ:
[227] Մի քանի հազար կիլոգրամ:
[228] Եբրայերէնում՝ Մովսէսը:
[229] Եբրայերէնում՝ Եմաթ:
[230] Մէկուկէս լիտր:
[231] Շուրջ երեք կիլոգրամ:
[232] Շուրջ վեց կիլոգրամ:
[233] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ իր մատով:
[234] Եբրայերէնում՝ թզենի:
[235] Եբրայերէնում՝ բարձրացան:
[236] Կամ՝ կը նզովենք:
[237] Եբրայերէն՝ կիզիչ:
[238] Եբրայերէն՝ Տիրոջ պատերազմների գրքում:
[239] Եբրայերէնում՝ իսրայէլացիները:
[240] Եբրայերէն՝ Կարիաթ-Յուսոթ:
[241] Եբրայերէնում՝ Բահաղի սեան փոխարէն կայ բարձունք բառը:
[242] Եբրայերէն՝ Նա ասաց. բայց չպիտի՞ կատարի, խոստացաւ, բայց խօսքին տէր չպիտի՞ լինի:
[243] Եբրայերէնում՝ Ագագի:
[244] Եօթանասնից բնագիրը համարի սկզբում ունի՝ Օգին տեսնելով:
[245] Բագրատունեան հրատարակութիւնը այս համարներից յետոյ բնագիրը շարունակում է ըստ Յակոբ-Իսրայէլի որդիների հերթականութեան:
[246] Շուրջ մէկուկէս լիտր:
[247] Երեք կիլոգրամ:
[248] Վեց կիլոգրամ:
[249] Եբրայերէնում՝ ընծայ:
[250] Եբրայերէնում՝ շեփոր հնչեցնելու:
[251] Շուրջ 170 կիլոգրամ:
[252] Եբրայերէնում՝ պատկերազարդ կոթողները:
[253] Եբրայերէնում՝ Երկիրը կը ժառանգէք վիճակ գցելով…
[254] Եբրայերէնում՝ Եփոդ: