Հին «ոսկե ցլիկը», ընդունելով առավել «ջրիկ», ներկայումս նույնիսկ անտեսանելի «ատոմական» ձեւ, սարսափի է մատնում երկրներն ու աշխարհամասերը՝ նրանց հանդեպ իր անգթությամբ, եւ հանում մեկին մյուսի դեմ:
Տեխնիկան արագացնում է նյութական արժեքների արտադրությունը՝ արագացնելով նաեւ դրանք ոչնչացնելու գործընթացը:
Նյութականի օձը խժռում է իր պոչը: Անբարեբեր, այն նյութական արժեքներին ուղղված ժամանակի քրոնոսը ոչնչացնում է իր երեխաներին: Կյանքի բարձրագույն իմաստով չհավասարակշռված ու չամրապնդված քաղաքակրթությունը մարդկությանը տանում է կործանման, էլ ավելի բարդացնում, դժվարին դարձնում ու սնանկացնում սեփական աշխարհը: Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդվել չցանկացող մարդկությունը խժռում է իր սեփական մարմինն ու խմում է իր իսկ արյունը:
Մարդիկ վախենում են ճշմարիտ մարգարեներից, ովքեր ցանկանում են կտրել նրանց ինքնամարդակերությունից, եւ դեպի իրենց են կանչում կեղծ մարգարեների ու առաջնորդների՝ իրենց վրա ողջ իշխանությունը տալով նրանց:
Հարուստները վախենում են աղքատանալուց, աղքատները՝ հարուստներից ունեցվածքը հափշտակելու հարմար ժամանակը բաց թողնելուց: Եթե գանձեր են կուտակվել, մարդը վախենում է՝ չիմանալով ուր թաքցնել դրանք. տունը կարող է այրվել, հողը՝ բռնագրավվել, բաժնետոմսերը՝ արժեզրկվել, բանկը՝ սնանկանալ, հրակայուն տուփը՝ ջարդվել: Ոչ մի տեղ եւ ոչ մի բանում վստահություն չկա: Ավելին՝ ամենուր կատարյալ անվստահություն է կամ էլ անկասկած մահ… Ինչպես վիրավոր գազան՝ մարդկությունը այստեղ-այնտեղ է վազում իր ռմբակոծությունների դղրդյունների տակ, իր հրդեհների ցոլքերի մեջ…
Ամեն ինչ փլուզվում ու կորչում է: Նյութական տունը եւ հոգեւոր տունը՝ կառուցված Աստվածային Կյանքի հանդեպ անհավատության ավազների վրա, վերածվում են աղբի…
«Իմը միայն այն է, ինչ ես տվեցի» (Մաքսիմոս Խոստովանող). այս իմաստությունը, որ բացահայտում է անմահությունը, խորթ է աշխարհի ոգուն: Աշխարհը շարունակ իր «մարգարեների» եւ «իմաստունների» շուրթերով ասում է ու ասում. «Իմը միայն այն է, ինչ ես չտվեցի» եւ կամ՝ այն, «ինչ ես վերցրի ուրիշից»: Եվ յուրաքանչյուր սերունդ շարունակում է նորովի հավատալ յուրաքանչյուր մարդու մահով անդադար հերքվող այդ «ճշմարտությանը»: Մարդը ջղաձգորեն թաքցնում է իր անպետք իրը, իր աղբը, բայց այդ անպետքությունը, այդ աղբը խլվում է նրա ձեռքից եւ ոչնչանում: Կյանքը վախճան է գտնում մոխրով, ցեցով, ժանգով, փտմամբ, քայքայմամբ, դաժան իշխանությունների տնօրինություններով:
Ստանալով լիարժեք հավաստիացում ավետարանական կենսունակության եւ ճշմարտացիության մեջ՝ այնուհանդերձ շատ մարդիկ դա չեն ուզում տեսնել: Անվերջ ամեն ինչ կորցնելուն վարժվելով՝ նրանք իրենց նախկին ունեցվածքը փոխարինում են ապագայի հույսով եւ ապրում՝ վախենալով այդ հույսը՝ ուրվականի ուրվականը կորցնելուց: Արծաթասերը շարունակում է աշխարհում վախենալ «սեւ օրից» եւ չի սարսափում սեւ հավիտենությունից:
«Իսկ վախկոտների ու անհավատների…. բաժինը ծծմբով եւ հրով այրվող լճի մեջ է» (Հայտ. 21; 8):
Երկնային Սիրո սիրելի աշակերտի արտահայտած այս մարգարեությունը հայտնություն է նաեւ ժամանակակից աշխարհի եւ մարդու մասին: Այդ աշխարհը՝ իր ոչնչացող արժեքներով, պատերազմներով ու հրդեհներով, ըստ էության, «ծծմբով եւ հրով այրվող լիճ» է: Եվ վախկոտների ու անհավատարիմների (վախկոտներ՝ Աստծուն իրենց անհավատարմությամբ, եւ անհավատարիմներ՝ իրենց վախկոտությունից) բաժինը ելք չունենալն է այդ լճից: Քանզի դրա «հրից ու ծծմբից» ելքը տալիս է միայն «Ես եմ Դուռը» Ասողը:
Ուրիշի եւ սեփական մարմնի հանդեպ սերը եւ դրա կույր, բնական եւ բնականից ցածր ցանկությունները սեփական հետաքրքրությունների կենտրոն դարձնելը մարդկային անիմաստության մի նոր օվկիանոս է, որից բխում են մարդկային վախերի նոր գետեր:
Սերը սեփական անձի եւ մարմնի հանդեպ՝ ճշմարիտ հոգով ու մտքով, չի հակասում Աստծո եւ ուրիշ մարդու հանդեպ տածած սիրուն: Մերձավորի հանդեպ սիրո չափորոշիչ է դրված մարդու՝ հենց իր նկատմամբ սերը: Բայց մարդը կորցրել է իր հանդեպ ճշմարիտ սիրո ոգին: Մարդկանցից քչերն են իրապես սիրում իրենց՝ որպես Սուրբ Հոգու տաճարի: Սեփական գոյության համար պայքարի բնազդը եւ գերագույն բարիքը հատուկ է ոչ միայն մարդու մարմնի ողջ օրգանիզմին, այլեւ նրա յուրաքանչյուր առանձին զգայարանին: Հոտառության, շոշափելիքի, տեսողության, լսողության, համի օրգանները՝ մարմնի բոլոր զգայությունները, փնտրում են իրենց հաճելի մարմնական գրգիռներ եւ զգուշանում տհաճներից: Այդ պրոցեսները կատարվում են մարդու գիտակցության եւ ենթագիտակցության մեջ: Եթե «ծածուկ սրտի մարդը» (Ա Պետ. 3; 4) չի ընդունել դեռեւս իր մեջ Կյանքը, չի այրվել ու ջերմացել Նրա կրակով, մշտապես գտնվում է իր մարմնի ցանկությունների եւ վախերի անդադար ազդեցության տակ եւ տոգորված է «այս աշխարհի»՝ ճշմարտության հոգին չունեցող յուրահատուկ «մարմնական» իմաստությամբ:
Քրիստոսի հավատով, ավետարանական օրենքներով ապրել չհամաձայնող մարդը դառնում է ցանկացած կենդանուց ավելի նվաստ, ավելի անմաքուր արարած: «Աստծո որդիների» երկրային (եւ երկնային) ցեղի բազմացման վեհ նպատակի համար տրված սեռական միջոցն անհավատարիմ մարդու մոտ վերածվում է կեղծ, սուր եւ իրականում բութ ու մարդուն երբեք հագեցում չպատճառող ապրումների մի օջախի, որոնք մարդու սրտի խորքում թողնում են նստվածք, հիվանդագին դառնություն, վախ եւ տառապանք: Նրբացնելով իր մարմնավոր զգայական ուրախությունը կյանքում եւ արվեստում՝ մարդը մտածում է, թե «նրբացնում է իր կյանքը»: Սակայն նոր վախերի եւ տառապանքների ալիքը ոչնչացնում եւ անզոր է դարձնում նրա՝ մարմնի վրա կառուցած ուրվականային երջանկությունը: Զգայական մարդը վախենում է իր երջանկության համար՝ կանխազգալով դրա վաղանցիկությունը, եւ նրա սիրտը տանջալիորեն որսում է մարմնական երջանկությունը, ինչպես ավազի վրա նետված ձուկը՝ օդը:
Բազում հիվանդությունները, թուլությունները, անկատարությունները, կենդանիների համեմատությամբ երկարատեւ մանկության, հասունացման, ծերության եւ մահվան շրջանը, ամբողջ ժամանակ պահում է մարդուն մարմնական վախերի, կորուստների ու տառապանքների մեջ: Այդ վախերը՝ որպես փարոսներ, կոչված են մարդուն տանելու այն ճշմարտությանը, որ նա միայն երկրի բնակիչ չէ: Սա հասկանալու մեջ է կայանում մարդկայնության ողջ անփառունակ գիտությունը:
Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ»