Մի մաքսավոր մի երազ է տեսնում, թե մի ջրհորի շուրջ մարդկանց բազմություն է հավաքվել, իսկ քահանան հոգեհանգստյան արարողություն է կատարում` ասելով, թե խաղաղություն այս մարդու հոգուն: Իսկ ջրհորի մեջ մի մարդ կռիվ է տալիս ջրի ալիքների հետ ու օգնություն կանչում` գոչելով, թե Տեր Աստված, օգնիր ինձ ազատվել այս տառապանքից…
Մաքսավորը մոտենում է քահանային ու ասում.
-Չեք տեսնում, այս մարդն օգնություն է կանչում, իսկ դուք նրան ննջեցյալների շարքին եք դասել և օգնելու փոխարեն հոգեհանգստյան արարողություն եք կատարում:
Քահանան պատասխանում է.
-Տեր Աստված օգնելու համար մարդկանց այս բազմությունն ուղարկեց, պարաններ ուղարկեց, սակայն ապարդյուն…, եթե երկնքից հրեշտակ էլ իջնի, այս մարդուն ոչնչով չի օգնի…, քանի դեռ այս մարդն իր կրծքին պինդ-պինդ սեղմած ոսկեդրամներով լի պարկից չի հրաժարվել…
Մաքսավորը նայում է ջրհորի մեջ ու սարսափում, որովհետև տեսնում է իրեն, թե ինչպես է ջրի մեջ հուսահատ լող տալիս մի ձեռքով ամուր բռնած ոսկեդրամներով լի պարկը, մյուս ձեռքով` պարանից կառչած…
Եթե ցանկանում ենք Աստծո խաղաղության հաղորդակցությունն ունենալ մեր հոգիներում, ապա պետք է կամք դրսևորենք հրաժարվելու գայթակղություններից, մեղքերից, որոնք շատ հաճախ կյանքի սովորական իրադրությունների մեջ մեզ համար ավելի արժեքավոր ու ցանկալի են թվում, քան դրանցից հրաժարվելը ու Աստծո խաղաղությունն ունենալը… Ուստի, Աստծուն մոտենալու համար անհրաժեշտ է կատարյալ հրաժարում մեղավոր աշխարհից:
Հովհաննես սարկավագ Մանուկյան