Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքներին: Նիստի սկզբում Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամը բերեց հանձնաժողովի անդամներին և ներկաներին:
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո,
Ամենապատիվ Պատրիարք Հայ Կաթողիկե Եկեղեցու,
Հանձնաժողովի հարգարժան անդամներ և սիրելի ներկաներ,
Գոհունակ սրտով ողջունում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում ձեզ այս համախմբումի առիթով: Մեկտեղվել ենք միավորելու մեր ջանքերը ի խնդիր Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի քննարկման և միջոցառումների կազմակերպման:
Նախախնամական է, որ այս համախմբումը տեղի է ունենում այն օրերին, երբ դեռ հնչում է մեր Տիրոջ Հարության հաղթական ավետիսը, երբ ի սփյուռս աշխարհի նշում ենք Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի մարտերում մեր ժողովրդի հաղթանակները և հայոց առաջին հանրապետության հռչակումը: Այս առիթով շնորհավորում ենք ամենքիս և համայն մեր ժողովրդին` հիշելով Գևորգ Ե Սուրենյանց մեր երանաշնորհ Հայրապետի անմահ խոսքը մայիսյան հերոսամարտերի նախօրեին. «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ հայոց դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթակա՛ն»:
Աստծո ողորմած կամքով Հայոց Ցեղասպանության 100-ամյակը մեր ժողովուրդը դիմավորում է վերականգնված հայրենի պետականությամբ, Հայաստանում և Արցախում իր ազատ, նոր կյանքի 20-ամյա ձեռքբերումներով և իր իրավունքները պաշտպանելու իրատեսական հեռանկարներով:
Մեր դատը դեռևս չի հաղթանակել, սակայն անարդյունք չմնացին մեր ջանքերը: Հայոց Ցեղասպանությունը դատապարտած առանձին մարդասեր անձանց այսօր փոխարինում են պետություններ, Եկեղեցիներ, միջազգային ու եկեղեցական կազմակերպություններ: Այսօր Հայոց Ցեղասպանության ճանաչման մեր ժողովրդի արդար պահանջը թեև ոչ անհրաժեշտ հզորությամբ, բայց բազմաձայն դառնալու ուժականությամբ արձագանք է գտնում նաև Թուրքիայում: Այս ամենը մեր ժողովուրդը մեկդարյա պայքարով է ձեռք բերել, միայնակ տոկացել, համբերել բազում նեղությունների, հանձն առել զոհողություններ, դրսևորել նվիրում, հավատքի գերագույն ուժ և գործադրել մեծագույն ջանքեր` իր կյանքը վերընձյուղելու և բարձրացնելու, իր արդար դատը աշխարհին լսելի դարձնելու համար:
100-ամյա տարելիցը պիտի դարձնենք արժևորումը մեր ժողովրդի մեկդարյա հերոսական ուղու, առիթ ու խրախույս` մեր ազգային ինքնության զորացման, մեր Հայրենիքի շուրջ համախմբման, միասնականության ոգու ամրապնդման, մեր կյանքը հավատքի, աստվածային պատվիրանների ուղիներում հավատարիմ պահպանելու:
Մենք ապրում ենք պատմական բարդ ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության մեջ ավելի է խորանում երկակի չափանիշների կիրառումը, որը շատ հաճախ պայմանավորված է ոչ թե արդարության բարձր զգացումով, այլ տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահերով ու նախապատվություններով: Այսպիսի իրավիճակում մեզանից պահանջվում է համախմբություն` ուժերի և միջոցների համադրմամբ ու միասնական տեսիլքով հասնելու մեր արդար դատի հաղթանակին, պահանջատիրության իրավունքի իրականացմանը, Ցեղասպանության հետևանքների վերացմանը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Նվիրապետական իր Աթոռներով շարունակելու է բոլոր միջոցներով ու հնարավորություններով միջազգային և միջեկեղեցական հարթակներում իր ձայնը բարձրացնել ի խնդիր Հայոց Ցեղասպանության ճանաչման և ուրացման քաղաքականության դատապարտման, քաղաքականություն, որի հետևանք է նաև Արցախի ժողովրդի ազատ և ինքնուրույն ապրելու իրավունքի ժխտումը, ինչպես և` Հայաստանի Հանրապետության շրջափակումը, որը իրավամբ ընկալվում և բնորոշվում է որպես չհայտարարված պատերազմ մեր երկրի ու ժողովրդի դեմ, և որի հանդեպ լուռ է միջազգային հանրությունը:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015 թ. մեր Եկեղեցին իրականացնելու է մեծ Եղեռնի նահատակների սրբադասումը` հռչակելով նաև նրանց հոգևոր սխրանքի և հերոսության պատգամը, ինչպես նաև` օրհնելու ենք սրբալույս մյուռոնը` որպես վկայություն Աստվածային շնորհի, մեր ժողովրդի վերածնյալ հարատև կյանքի, որպես հույս և լույս մեր ժողովրդին` ընթանալու դեպի նորանոր հաղթանակներ` ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս աշխարհի:
Հայրապետիս աղոթքն է, որ Աստված օրհնի, օգնական և աջակից լինի մեր ժողովրդին` շարունակելու միասնական ջանքերը` հանուն Հայրենյաց զորացման ու առաջընթացի, մեր իրավունքների պաշտպանության, մեր հոգևոր ու ազգային կյանքի պայծառության, կերտելու նոր լուսավոր ժամանակը մեր պատմության:
Թող մեր Տերը զորացնի և առաջնորդի մեզ` հաջողություններ պարգևելով մեր հավաքի առաքելությանը: