ԱՌԱՋԻՆ ՊԱՏՃԱՌԸ, որը թույլ չի տալիս Աստծու խոսքն աճի ու հասունանա մարդու սրտում` ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ: Հիսուս Իր Սերմնացանի առակում այս մասին ասում է. «Սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզերքը»: (Ղուկ. 8:4:8): Ճանապարհը խորհրդանշում է ծույլ ու անբան մարդու սիրտը (ըստ Հովհան Ոսկեբերանի մեկնության): Ինչպես ճանապարհին թափված սերմն անցնորղների ոտքի կոխան է դառնում, այդպես էլ ծույյը ուշադրություն չի դարձնում Աստծու խոսքին: Նրա համար դատարկ և ունայն պատմություններն ավելի հետաքրքիր են, քան թե քրիստոնեական կյանքում հաստատող խրատները:
Այս պատմությունը անփութության մասին է.
«Մի հույն վարժապետ չէր կարողանում հասնել այն բանին, որ ժողովուրդն իրեն լսեր, երբ խոսում էր պետական կարևորագույն գործերի մասին: Այդ ժամանակ նա ստիպված սկսում է պատմել մի հորինված պատմություն այն մասին, թե ինչպես մի պատանի ամռանը մի մարդու ավանակն է վարձում, որ մի քաղաքից մյուսը գնա: Երբ կեսօրին արևն սկսում է վառել, երկուսն էլ ցանկանում են շոգից պատսպարվել ավանակի ստվերի տակ, սակայն վիճելով սկսում են իրար հրել ստվերի համար: Պատանին ասում է, թե ինքն է վարձել ավանակին, ուստի նրա ստվերը իրեն է պատկանում, իսկ տերը թե վարձով է տվել առանց ստվերի: Պատմելով այսքանը, Վարժապետը կիսատ է թողնում պատմությունը և ուզում է գնալ: Ժողովուրդը պահանջում է, որ նա ավարտի պատմությունը և ասի, թե վեճը ինչպես լուծվեց: Այն ժամանակ Վարժապետը ծիծաղում է և ասում. «Ի՞նչ մարդիկ եք դուք: Ավանակի ստվերի մասին լսել ուզում եք, իսկ հայրենիքի փրկության մասին` ոչ»:
Ահա այսպիսին են որոշ քրիստոնյաներ, երբ նայում են, լսում ու կարդում անհետաքրքիր բաներ և երբեք չեն ձանձրանում, թեկուզ այն տևի մի ամբողջ օր, իսկ Աստծու խոսքը կարդալու կամ լսելու ժամանակ չունեն:
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏՃԱՌԸ, որը թույլ չի տալիս, որ Աստծու խոսքն արմատավորվի մարդկանց սրտերում և պտղաբերի` ԽՍՏԱՍՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է: Հիսուս խստասիրտ մարդկանց նմանեցնում է քարերի. «Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, երբ բուսավ, չորացավ, խոնավություն չլինելու պատճառով»: Ինչպե՞ս է մարդը դառնում քարի նման. միայն մեղքի մեջ ընկնելով: Իմաստունն ասում է. «Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը» (Առակ. 18:3) , այսինքն` երբ մարդը վարժվում է չար ու անորեն գործերին, չի լսում ոչ խղճի խայթոցները, ոչ էլ քարոզիչների հանդիմանությունները:
ԵՐՐՈՐԴ ՊԱՏՃԱՌԸ` ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՈԳՍԵՐՆ ՈՒ ՀԱՃՈՒՅՔՆԵՐՆ ԵՆ:
Փրկիչը այս բոլորն արտահայտում է «փշեր» բառով: «Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, և փշերը նրա հետ բուսնելով` այն խեղդեցին»: Քիչ է պատահում, երբ մարդիկ ներքին հուզմունքով, երբեմն էլ արցունքով են իրենց մեջ ընդունում Աստծու խոսքը, թվում է` ուզում են մարքագործվել մեղքերից ու ճշմարիտ ճանապարհը գտնել: Հետագայում, սակայն, չցանկանալով զրկվել որևէ ժամանակավոր բարիքից կամ էլ ցանկանալով ավելի բազմապատկել հարստությունը` իրենց հոգևոր տկարության պատճառով մնում են այնպիսին, ինչպիսին եղել են: Ուստի Տերն ասում է. «Չեք կարող ծառայել Աստծում և մամոնային» (Ղուկ. 6:24): Մանավանդ ֆիզիկական կրքերն ու արծաթսիրությունը թույլ չեն տալիս, որ Աստծու խոսքը պտղաբերի մարդու սրտում:
Աստծու խոսքի ընդունման և հոգում պահելու հիմնական խանգարող պատճառները սրանք են: