Պատահաբար դիտեցի 14.03.2014 Արմնյուզի “Բանաձև” ծրագիրը, որտեղ հյուրն էր Վերապատվելի Լևոն Բարդակչյանը: Ներքին ուրախությամբ թվաց, թե վերապատվելին “Անառակ Որդու Կիրակիին” ընդառաջ զղջումի և ապաշխարության ցանկությամբ է հանդես գալու, սակայն, ցավոք, սխալվեցի: Պարզվեց, որ պատճառը վերջին շրջանին մամուլի հրապարակումներն էին, որտեղ մենք կոչ էինք արել նրան և նրանց հստակ դիրքորոշում ճշտել և պարզել իրենց ինքնությունը: Դատապարտել էինք իրենց հոգևորսության և վերամկրտության դրսևորումները: Այսու հայտնում եմ, որ մեր դիրքորոշումը, թե’ այս հաղորդումից առաջ, և թե’ հետո նույնն է մնացել: Ավելորդ եմ համարում անդրադառնալ հաղորդման ընթացքում հնչած անլուրջ և անհիմն մտքերին և արտահայտություններին՝ հասկանալով հանդերձ նրա ինքնահալածականի պատկեր ստեղծելու ակնհայտ ձգտումը:
Ինձ տրված առաքելական հաջորդականության շնորհով դարձյալ հրավիրում եմ վերապատվելի Բարդակչյանին և մեր բաժանված եղբայրներին Մեծ Պահքի ապաշխարության և ներքին քննության այս շրջանին զղջումի գիտակցությամբ վերադարձի զգացում ապրել և ստույգ քայլ կատարել դեպի Մայր Եկեղեցի՝ Աստծու փառքի, մեր ներքին կյանքի խաղաղության և ներդաշնակության համար:
Սիրով և աղոթքով`
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
