Ես. 33.2-22։ Հռ. 12.1-13.10։ Մտ. 5.17-48։
Եսայի
2Տէ՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ։ Անհաւատների սերունդը կործանուեց, իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու։ 3Քո ձայնի ահից ժողովուրդները յիմարացան, եւ քո երկիւղից հեթանոսները ցրուեցին։ 4Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հաւաքուի այնպէս, ինչպէս մէկը, որ մորեխ է հաւաքում փոսից.այդպէս էլ ծաղրելու են ձեզ։ 5Սուրբ է մեր Տէր Աստուածը, որ բարձունքներում է բնակւում, որի շնորհիւ Սիոնն իրաւունքով ու արդարութեամբ է լցուել։ 6Նրանք իրաւացիօրէն պարտութեան մատնուեցին, իսկ մեր փրկութիւնը պիտի լինի մեր գանձերի շնորհիւ։ Մեզ հասան Տիրոջ իմաստութիւնը, հանճարը եւ աստուածպաշտութիւնը. ահա դրանք են արդարութեան գանձերը։ 7Ահաւասիկ նրանք սարսափում են ձեր ահից. ումից որ վախենում էիք, իրե՛նք են ձեզնից վախենում. պատգամաւորներ են ուղարկում, որպէսզի դառնօրէն լաց լինելով՝ խաղաղութիւն աղերսեն։ 8Նրանց ճանապարհները կտրուեցին, հեթանոսների ահը հանդարտուեց, եւ վերացաւ նրանց հետ կնքուած ուխտը. այլեւս նրանց մարդ մի՛ համարէք։ 9Սուգ արեց եւ տկարացաւ երկիրը, Լիբանանն ամօթահար եղաւ, Սարոնը մարգագետնի դաշտի վերածուեց, Գալիլիան եւ Կարմելոսը մերկացան։ 10«Այժմ ելնելու եմ ես, -ասում է Տէրը, -այժմ փառաւորուելու եմ, այժմ բարձրանալու եմ։ 11Ահա պիտի տեսնէք, ահա ամօթահար պիտի լինէք, զուր պիտի լինի ձեր հոգու զօրութիւնը, եւ կրակը ձեզ պիտի ճարակի։ 12Հեթանոսները ագարակի մէջ խանձուած փշի նման պիտի դառնան՝ այրուած ու լքուած։ 13Թող հեռւում գտնուողները լսեն՝ ինչ որ կատարեցի, եւ մօտ եղողները ճանաչեն իմ զօրութիւնը»։ 14Անօրէնները մերժուեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եւ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, թէ կրակը բորբոքուել է, կամ ո՞վ պիտի յայտնի ձեզ յաւիտենական կայանի մասին։ 15Ով արդարութեամբ է ընթանում, խօսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրէնութիւնն ու անիրաւութիւնը, իր ձեռքերը հեռու պահում կաշառքից, ծանրացնում ականջները, որպէսզի չլսի արեան վրիժառութեան մասին, փակում աչքերը, որպէսզի անարդարութիւնը չտեսնի, « 16նա հաստատուն ապառաժի բարձր անձաւի մէջ է բնակուելու. հաց պիտի տրուի նրան, ջրով եւս ապահովուած պիտի լինի նա։ 17Դուք տեսնելու էք թագաւորին իր փառքի մէջ,ձեր աչքերը հեռուից դիտելու են երկիրը, 18ու ձեր հոգին խորհելու է Աստծու երկիւղի մասին։ Ո՞ւր են գրագիրները, ո՞ւր են խրատատուները, ո՞ւր է նա, որի ձեռքին է ժողովրդի մեծ ու փոքրին սնուցողների հաշիւը. 19նա խորհրդի չնստեց ժողովրդի հետ, որն անտեղեակ էր ու ծանրալեզու, որովհետեւ չէր լսում. վատթարացած մի ժողովուրդ, որ լսածի մասին չէր ուզում մտածել։ 20Ահա մեր փրկութեան քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղէմ քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժուելու, յաւիտեանս յաւիտենից չեն շարժուելու նրա վրանների ցցերը, չեն խզուելու եւ դրանց պարանները, 21քանզի ձեզ համար մեծ է Տիրոջ անունը։ Ձերն է լինելու այն երկիրը, ուր գետերը եւ ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն ճանապարհով դու այլեւս չես գնալու, չեն գնալու եւ քո վարած նաւերը, որովհետեւ մեծ է մեր Աստուածը եւ մեզ չի անտեսի։ 22Տէրն է մեր հայրը, Տէրն է մեր դատաւորը, Տէրն է մեր իշխանը, Տէրն է մեր թագաւորը, Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ։
Հռոմէացիներ
12 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ողորմութեամբ Աստծու, որ պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը։ 2Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը, եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը։ 3Աստծու ինձ տուած շնորհով այս եմ ասում ձեզնից իւրաքանչիւրին. դուք ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ինչ որ է ձեր արժանիքը. այլ իւրաքանչիւրդ ձեր մասին խորհեցէ՛ք զգաստութեամբ, այն հաւատի չափով, որ Աստուած բաժանեց։ 4Ինչպէս մի մարմնի մէջ բազում անդամներ ունենք, եւ բոլոր անդամները նոյն գործը չեն անում, 5այդպէս եւ մենք, թուով շատ, մի մարմին ենք Քրիստոսով, բայց իւրաքանչիւրս միմեանց անդամ ենք։ 6Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգեւներ, ըստ այն շնորհների, որ տրուած են մեզ. եթէ մարգարէութեան շնորհ է՝ ըստ հաւատի չափի. 7եթէ ծառայութեան՝ թող ծառայի. եթէ մէկն ուսուցանում է, թող ուսուցանի. 8եթէ յորդորում է՝ թող յորդորի. ով առատաձեռն է՝ թող անի զուարթութեամբ. ով վերակացու է՝ փութաջանութեամբ. ով ողորմում է՝ խնդութեամբ։ 9Սէր՝ առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից. 10եղբայրասիրութեան մէջ՝ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել. 11ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգո՛վ եռացէք. Տիրո՛ջը ծառայեցէք. 12յոյսո՛վ ուրախացէ՛ք. նեղութեան համբերեցէ՛ք, յաճախակի աղօթեցէ՛ք. 13հաղորդակի՛ց եղէք սրբերի կարիքներին. հետամո՛ւտ եղէք հիւրասիրութեան։ 14Օրհնեցէ՛ք ձեզ հալածողներին. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք. 15ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ. 16համերա՛շխ եղէք միմեանց հետ. մի՛ մեծամտացէք, այլ խոնա՛րհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք. 17մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէ՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. 18ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք. 19ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թո՛յլ տուէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ», – ասում է Տէրը. 20այլեւ՝ «Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին»։ 21Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին։
13 Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած։ 2Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում. 3քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի։ Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից. բարի՛ն գործիր եւ նրանից գովասանք կը ստանաս, 4որովհետեւ նա Աստծու պաշտօնեայ է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցի՛ր. քանի որ սուրը մէջքին ի զուր չէ կապուած. Աստծու սպասաւոր է նա, վրէժխնդիր՝ բարկութեան համար, նրա դէմ, որ չարն է գործում. 5դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկութեան համար, այլ նաեւ խղճմտանքի պատճառով. 6ահա թէ ինչու հարկեր էք վճարում. որովհետեւ նրանք Աստծու սպասաւորներ են՝ այդ բանին կանխապէս նշանակուած։ 7Արդ, հատուցեցէ՛ք իւրաքանչիւրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկիւղ՝ երկիւղը, որին պատիւ՝ պատիւը։ 8Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացէք, բացի միմեանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրէնքը։ 9Մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրը, մի՛ ցանկացիրը եւ ուրիշ ինչ պատուիրան էլ որ կայ, այս խօսքի մէջ է բովանդակւում, թէ՝ սիրի՛ր քո ընկերոջը ինչպէս քո անձը. 10սէրն իր ընկերոջը չար բան չի անի. սէրն է օրէնքի լրումը։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
17«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, – որ մի նշանախեց է, – Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի։ 19Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի։ 20Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի։ 21Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի։ 22Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին։ 23Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, 24քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր։ 25Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես։ 26Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը։ 27Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». 28իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում։ 29Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։ 30Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։ 31Արդարեւ ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»։ 32Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է։ 33Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»։ 34Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է, 35ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է։ 36Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել։ 37Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է։ 38Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»։ 39Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու։ 40Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։ 41Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա։ 42Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից։ 43Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»։ 44Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, 45որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ։ 46Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ 47Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում։ 48Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»։