Եսայի 63.18-64.12։ Տիտոս 1.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։
Եսայի
18Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արին քո սրբութիւնը։ 19Եղանք ինչպէս առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում։
64 Եթէ բացես երկինքը, քո ահից լեռները կը սասանուեն եւ կը հալուեն, ինչպէս մոմը՝ կրակի դիմաց։ 2Կրակը կ՚այրի քո հակառակորդներին, եւ քո անունը յայտնի կը դառնայ թշնամիներիդ. քո պատճառով հեթանոսները խռովութեան կը մատնուեն։ 3Երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կը սասանուեն։ 4Հնուց ի վեր չլսեցինք, եւ ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մէկ այլ Աստուած, որ իր ողորմութեան վրայ յոյս դնողների համար այսպիսի բաներ անէր, 5ընդառաջ գնար նրանց, որոնք արդարութիւն են գործում եւ յիշում քո ճանապարհները։ Եւ ահա դու բարկացար, որովհետեւ մենք մեղք գործեցինք եւ դրա համար էլ մոլորուեցինք։ 6Մենք ամէնքս պիղծ դարձանք, եւ մեր ամբողջ արդարութիւնը դաշտանի շորերի նմանուեց, մեր անօրէնութիւնների պատճառով մենք ամէնքս ցած թափուեցինք ինչպէս տերեւ. հողմերը քշեցին մեզ։ 7Ոչ մէկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստան դարձնել. ահա թէ ինչու քո երեսը մեզնից շրջեցիր եւ մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։ 8Տէ՜ր, մեր Հայրն ես դու. մենք կաւ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամէնքս քո ձեռքի գործն ենք։ 9Տէ՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրայ եւ մեր մեղքերը յաւիտեան մի՛ յիշիր։ Եւ հիմա նայի՛ր, Տէ՛ր, մենք ամէնքս քո ժողովուրդն ենք։ 10Քո սուրբ քաղաք Սիոնն աւերակ դարձաւ, Երուսաղէմը՝ անապատ։ 11Անէծքի մատնուեց մեր սուրբ ու փառաւոր տաճարը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին քեզ,հրոյ ճարակ դարձաւ, եւ մեր ամբողջ փառաւորութիւնը կործանուեց։ 12Եւ այս ամենի վրայ դու աչք ես փակում, Տէ՛ր, լռութիւն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ։
Տիտոս
1 Պօղոսը՝ ծառայ Աստծու եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, որ կոչուած է բերելու Աստծու ընտրեալներին հաւատի եւ ճշմարտութեան գիտութեանը, որ աստուածապաշտութեամբ է 2եւ յաւիտենական կեանքի յոյսով, որը խոստացաւ անսուտն Աստուած յաւիտենական ժամանակներից առաջ, 3բայց յայտնեց իր խօսքը իր ժամանակին՝ քարոզութեամբ, որին ես հաւատարիմ եղայ ըստ մեր Փրկիչ Աստծու հրամանի. 4Տիտոսին՝ հասարակաց հաւատի մէջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Քրիստոս Յիսուսից։ 5Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետէում, որպէսզի, ինչ պակաս բան որ կայ, ուղղես եւ իւրաքանչիւր քաղաքում երէցներ կարգես, ինչպէս որ ես պատուիրեցի քեզ։ 6Կարգես մի այնպիսի մարդու, որ լինի անբասիր, մէ՛կ կնոջ մարդ, ունենայ հաւատացեալ որդիներ, որոնք անառակութեան մէջ ամբաստանուած կամ անհնազանդ չլինեն, 7քանի որ պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպէս Աստծու տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռուարար, ոչ շահասէր, 8այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, 9ամուր կապուած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ յորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին. 10քանզի անհնազանդներ շատ կան, դատարկախօսներ, մոլորեցնողներ, մանաւանդ եթէ հրէութիւնից դարձածներից են. 11նրանց բերանը պէտք է փակել. նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլութեան համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պէտք չէ ուսուցանել։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
37Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ 38Ով ինձ հաւատում է, – ինչպէս Գիրքն է ասում, – նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ 39Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր։ 40Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն. 41ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. 42չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր։ 43Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ։ 44Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց։ 45Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ 46Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»։ 47Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել։ 48Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, 49բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»։ 50Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51«Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»։ 52Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»: