Առ 11.30‐12.4։ Օս 14.6‐9։ Բ Կր 4.6‐14։ Ղկ 12.2‐10։
Առակներ
30Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։ 31Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։
12 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։ 2լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։ 3Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն։ 4Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։
Օսէէ
6Ես ցօղ կը դառնամ Իսրայէլի համար, նա կը ծաղկի ինչպէս շուշան եւ իր արմատները կը կը տարածի ինչպէս լիբանոսը։ Կ՚ընդարձակուեն նրա ճիւղերը, 7նա կը դառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կը բուրի ինչպէս կնդրուկի բոյր։ 8Կը դառնան եւ կը նստեն նրա յարկի տակ, կ՚ապրեն եւ ապահով կը լինեն ցորենով, նա կը բողբոջի ինչպէս որթատունկ, 9եւ նրա յիշատակը կը լինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար։ Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կը զօրացնեմ նրան. ես նման եմ պտղառատ այգու, ինձանից է քո պտուղը»։
2 Կորնթացիներ
6որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից։ 7Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից։ 8Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, 9հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած։ 10Ամէն ժամ մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ։ 12Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ։ 13Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»։ Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք։ 14Այս գիտենք, թէ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կը տայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կը կանգնեցնի իր առաջ:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
2Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից։ 3Եւ մշակները նրան բռնելով՝ ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին։ 4Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարուածեցին եւ անարգելով արձակեցին։ 5Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ՝ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։ 6Դեռեւս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»։ 7Իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է, եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»։ 8Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս։ 9Արդ, այգու տէրը ի՞նչ կ՚անի. կը գայ եւ կը սպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կը յանձնի։ 10Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա՛ եղաւ անկիւնաքար»։