Տարեմուտի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի հավատավոր ժողովուրդ` ի Հայրենիս և ի Սփյուռս:
Դիմավորում ենք փրկչական 2014 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով նոր տարի է սկսվում: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ մեր եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու երկինք, որ 2014 թվականը լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լեցուն տարի և աշխարհն ավելի մոտեցնի խաղաղության ու մարդկանց մեջ հաճության այն օրհնյալ օրվան, երբ չեն լսվի թշնամության ձայներ ու պատերազմի որոտ, երբ ամենուր կյանքը կծաղկի եղբայրսիրության, բարօրության ու խնդության մեջ:
Աստծո շնորհով 2013 թվականին մեր կյանքում ունեցանք բարի արդյունքներ, նաև կրեցինք դժվարություններ, ինչպես Հայրենիքում, այնպես և` Սփյուռքում: Մեր առջև դեռ ծառացած են մնում մեր երկրի զարգացման, մեր արդար իրավունքների պաշտպանության, մեր պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր մեր կյանքը շենացնելու խնդիրները: Մեզ մտահոգում է Մերձավոր Արևելքում հակամարտությունների մեջ ապրող հայորդյաց դժվարին վիճակը: Լի ենք հավատով, որ ազգիս զավակունք, ինչպես միշտ, պիտի միավորվեն հայրենյաց և ազգի սիրով և հաղթահարեն հոգսաշատ կյանքը Հայրենիքում` դարձնելով այն ազգին համախմբող բարօր տունը հայության. պիտի միավորվեն միմյանց սատարելու և զորավիգ լինելու` հայրենաշեն ու ազգաշեն ձեռնարկներին: Այս առումով, սիրելիներ, ինչպես առաքյալը պիտի ասեր` «մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ, մեծապես հպարտ եմ ձեզնով… » (Բ Կորնթ. 7. 4), որովհետև հավատավոր մեր ժողովուրդը անվեհեր դիմակայում է դժվարությունների, համբերում նեղությունների մեջ և ապրում լուսավոր իր գալիքը կերտելու վճռականությամբ` հաստատուն պահելով վերածնվող, ազատ իր կյանքի վերընթաց ուղին:
Տարեմուտի այս երեկո Հայրապետիս հորդորն է մեր սիրեցյալ ժողովրդին, որ տարին ապրենք որպես հոգևոր նորոգության և ուխտի տարի: Մեր կյանքի հիմը դարձնենք ազնիվն ու արդարը, բարձր պահենք քրիստոնեական մեր արժեքները, ուղղենք մեր սխալներն ու բացթողումները` մերժենք և մեզանից հեռու վանենք մեր առաջընթացը կասեցնող երևույթները, որպեսզի ի զորու լինենք շենացնել ու ծաղկեցնել մեր կյանքը Հայրենիքում և ի Սփյուռս աշխարհի և 2015 թվականին մաքուր խղճով կանգնենք հիշատակի առջև մեր նահատակների:
Միածնաէջ Սուրբ Տաճարի առջև Մեր հայցն ենք առաքում առ Բարձրյալը, որ 2014 թվականը խաղաղություն բերի աշխարհին համայն, բարի կամք` մարդկանց ու ժողովուրդներին` հակամարտությունները կարգավորելու և հաստատելու հուսառատ ուղիներ երջանիկ ու բարօր կյանքի:
Աստծո օրհնությունն ու ամենառատ շնորհներն ենք հայցում մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Աղոթում ենք նեղությունների մեջ գտնվող, դժվարություններ դիմակայող մեր ազգի զավակների համար, Մեր մաղթանքն ենք բերում Հայրենիքի սահմանները պաշտպանող Հայոց բանակի մարտիկներին և բոլոր նրանց, ովքեր տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ: Թող Տերը պարգևի ամենքիս, սիրելիներ, քաջառողջությամբ, բարիքով, ուրախությամբ լի տարի: Շնորհավոր նոր տարի: