Մեծ Մասիս լեռան հյուսիս-արևելյան լանջի վիհի եզրին, Ակոռի գյուղից վերև: Հիմնվել է IV դ., այն տեղում, որտեղ, ըստ ավանդության, ս. Հակոբ Մծբնացին հրեշտակից ստացել է Նոյյան տապանի մի կտոր: Ակոռիի Ս. Հակոբ վանքի եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, կառուցվել է սև որձաքարով: Պատերին ունեցել է XIII–XIV դդ. նվիրատվական արձանագրություններ: Վանքի ուղղանկյուն պարիսպներին ներսից կից են եղել միաբանների կացարաններն ու օժանդակ շինությունները: Ակոռիի Ս. Հակոբ վանքում պահվել են ս. Հակոբ հայրապետի կարծեցյալ մատը և Նոյյան տապանի փայտի կտորը՝ միմյանց շղթայով ամրացված (այժմ գտնվում է Ս. Էջմիածնում): Վանքի մոտ բխել է սրբազան աղբյուր, որի ջրով հայ շինականները ցողել են արտերը՝ մորեխներից պաշտպանելու համար: Ակոռիի Ս. Հակոբ վանքը կործանվել է 1840-ի հուլիսի 2-ի երկրաշարժից՝ գյուղի և Ակոռիի Ս. Առաքելոց վանքի հետ միասին ընկղմվելով լեռան խորխորատը:
Աղբյուր՝ Ք. Հ. Հանրագիտարան