Ծնկած հոգևորականը կամ «հարևանի հարսը ավելի սիրուն է» Իբրև համառոտ հոդվածիս երկրորդ անվանում կնախընտրեի նաև «ինչու հայ ժողովուրդը չի տեսնում իր ծնկած հոգևորականներին» խորագիրը, բայց, ինչևէ, կարևորը նյութի բովանդակությունն է, իսկ ամենակարևորը բովանդակության համարժեքությունը իրականությանը:
Այս տարվա դեկտեմբերի սկզբին ես էլ, բարեբախտաբար, առիթ ունեցա երեք օրով լինելու Ուկրաինայում: Խոսեցի հասարակ քաղաքացիների հետ, որոշ պաշտոնյաների հետ, այցելեցի նրանց եկեղեցիները և հնարավորինս փորձեցի ծանոթանալ բարեկամ մեր ժողովրդի հոգևոր կյանքին: Այսօր, ցավալիորեն, որոշներ ջանում են արդիակակն պահել «ինչո’ւ եկեղեցին ժողովրդի հետ չի» պրովոկացիոն հարցը, ես կպատասխանեի բոլոր հարցնողներին` «իսկ ժողովուրդը իր եկեղեցու հետ է արդյո´ք»:
Ժողովուրդը եկեղեցու հե´տ էր, երբ Ցեղասպանությունից առաջ թուրքերը բացում էին դատարկ եկեղեցիները և, տեսնելով, միայնակ Պատարագ մատուցող քահանային, քրթմնջում իրար մեջ` «հայի աստվածը մեռե´լ է»: Ժողովուրդը իր եկեղեցու կողքի´ն էր, երբ 1930 ականներին սպանում, խոշտանգում և նահատակում էին իր հոգևորականներին, երբ կազմաքանդում էին իր դարավոր բուն հավատքն ու հոգևոր կյանքը:
Չենք կարծում, որ մեր աչքի առջև «օրը ցերեկով» մեր եկեղեցիները ավերելով և մեր հոգևորականներին սպանելով, սպանեցին մեր մեջ մեր բարոյականությունը, սպանեցին մեր մեջ իսկական Հային: Իսկական հայի համար շնությունը կյանքով հատուցվող մեղք էր, հայի կրոնը սրբությունն էր ու ընտանիքը: Հայի լեզուն աստվածային էր /և է/, դրա համար հայերեն գոնե մեկ հայհոյանք գոյություն չունի` (եղածները փոխառնված են հարևան ազգերից): Իսկական հայը իր նորաբարբառ մանկանը օտար լեզուներից վերցրած հայհոյանքներ չէր սովորեցնում և ստիպում կրկնել` հպարտանալով հարազատների մոտ իր «հայհոյասեր» հրեշտակով: Իսկական հայը իր եկեղեցիները ավերողներին ու իր հոգևորականներին սպանողներին չէր ծափահարում և քաջալերում : Իսկական հայը իր ներկայությունից չէր զրկո´ւմ Աստծո տները և Աստծո տան ներկայությունից չէր զրկում իր գյուղերը, քաղաքներն ու ավանները: Ամեն ընտանիք իր սուրբ անկյունն ուներ, իր սրբությունները: Հայի ընտանիքը ամեն օր ոչ թե անառակությամբ լեցուն սերիալների շորջ էր համախմբվում, այլ Աստծո Խոսքի ընթերցանության:
Հիմա վերադառնանք Ուկրաինա` հայ լրատվությունը մասնավորապես և որոշ ուժեր գլխավորապես «օրվա կադր» համարեցին ծնկած ուկրաինացի հոգևորականին: Այո, սատարում ենք մեր հոգևոր եղբայրներին և ի Քրիստոս մեր բարեկամ ազգին իր փորձության մեջ, բայց որքանով է ճիշտ «երազել» եղբայրասպանության և այդ մռայլության առջև ծնկած հոգևորականների մասին: Ինչու ենք ուզւոմ ստեղծել խնդիրներ, հետո մտածել դրանց լուծման մասին:
Եվ, ի վերջո, երբ պետք է դադարենք ուրիշների հետ համեմատվելու մեր «վատ» սովորությունը. Մի բան, դեռ ուրիշ ոչ մի ազգի մոտ չհանդիպեցի այդքան ուժգին կերպով արտահայտված, ինչպես մեզ մոտ է:
Կամ որքանով է ճիշտ, առհասարակ, օգտվելով ունեցած որոշակի տեղեկատվական հնարավորություններից ամեն Աստծո օր առիթ փնտրել բարոյապես հալածելու առանց այդ էլ հալածանքների ու վերացման եզրին բոլորովին վերջերս կանգնած սեփական եկեղեցուն:
Ուկրաինայում ժողովուրդն է կառուցում եկեղեցիներ` ոսկեզօծ գմբեթներով: Ի դեպ, Ուկրաինան իր սոցիալական կարգավիճակով, ըստ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի մի վիճակագրության գրավում է 2-րդ տեղը Եվրոպայում, Հայաստանը` 5-րդ (pag. 44, CEC, Poverty, Wealth and Ecology in Europe, 2011): Սոցիալապես ավելի անապահով մի ժողովուրդ ամեն երկու մետրի վրա սեփական քրտինքով վաստակած իր «աղքատ այրու երկու լուման» տալիս է, որպեսզի վերականգնի ու կառուցի իր եկեղեցիները, իսկ աշխարհում ամենաառաջինը քրիստոնեություն ընդունած ազգի որոշ «կիսագրագետներ» (ներողություն բնորոշմանս համար` ինձ համար կիսագրագետ է ցանկացած հայ, որ չգիտի իր ազգի պատմությունը իր կենսագրության պես) չարակությամբ են լցված բարերարների հանդեպ, ովքեր խաղատների կամ բիզնես տների փոխարեն եկեղեցինե՞ր են կառուցում:
Հիշեցնեմ, որ Աստված գոյություն ունի… Նա տեսնում է մեզ, մեր սրտերը, մեր մտածումները, քննում է մեր ներսը… ամոթ պետք է ունենանք հենց մյուս քրիստոնյա ազգերից, ում մոտ, երբ տեղը գա հպարտանում ենք մեր քրիստոնյա պետություն լինելով, մեր աստվածային վանքերով ու եկեղեցիներով… Ու´ր է հայ հոգևորականը… Համաձայն եմ, դուք ճիշտ եք` հայ հոգևորականը իր ժողովրդի կողքին չէ. նա իր ժողովրդի մեջ է. Կողքին լինել, նշանակում է նայել կողքից, թեկուզ ծնկած: Ես հենց ժողովրդի մեջ ծնկած բազմաթիվ հոգևորականների գիտեմ, անձամբ օգտվում եմ նրանց բազմափորձ ու աստվածալեցուն կյանքի հոգևոր բարիքներից ու «պայքարում» չարի բազմատեսակ փորձություններով լեցուն այս կյանքում: Վստահ եմ ու համոզված` Նա, ով ցանկանա հոգևոր առաջնորդ ունենալ, կգտնի… Զարմանալի է, բայց իրապես Աստված մեր տեսակը շատ է սիրում… Եթե առիթ լինի Իր մոտ գնալու տասնամյակներ հետո (հիմա չէ անելիքներ ունենք դեռ) առաջին հարցս դա է լինելու` ինչո’ւ ես այդքան սիրում Հայերիս, որ,ամեն բան անում ենք, որպեսզի ամենաշատը Քեզ չսիրենք…
Հ. Գ. այսօր վստահ եմ ու հավատում եմ, որ հայ հոգևորականը իր ազգը չի սիրում «պլատոնական» սիրով` մեր գործնական սերը մեր սակավաթիվ ուժերով հանդերձ մեր սրտաբուխ ծառայությունն է աշխարհասփյուռ հայությանը: Աստված օրհնի հայի ամեն տեսակը:
Գրառում՝ Հայր Թովմա Խաչատրյան