Առ 8.33-36։ Ես 66.18-21։ Փպ 4.1-7։ Ղկ 9.1-6։
Առակներ
33Լսեցէ՛ք իմաստութիւնը, եւ դուք կը լինէք իմաստուն. մի՛ շեղուէք դրանից։ 34Երանի այն մարդուն, որ կը լսի ինձ,եւ այն մարդուն, որ կը պահի իմ ճանապարհները, մշտապէս կը տքնի իմ դռների առջեւ եւ կը պահպանի իմ դռների շեմերը։ 35Իմ ուղիները կեանքի ուղիներ են, եւ Տէրն է սահմանել իմ կամքը։ 36Բայց ովքեր մեղանչում են իմ դէմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մէջ, եւ ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը։
Եսայի
18Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպէսզի հաւաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։ 19Նրանց վրայ նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ, Մոսոք եւ Թոբէլ, դէպի Հելլադա եւ հեռաւոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ։ 20Եւ ինչպէս որ Տիրոջ Տանն Իսրայէլի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նուէրները, նրանք բոլոր ազգերից Երուսաղէմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծայ պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրայ հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ, -ասում է Տէրը։ – 21Եւ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղեւտացիներ, -ասում է Տէրը։
Փիլիպեցիներ
4 Ուրեմն, իմ սիրելի՛ եւ ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատո՛ւն մնացէք ի Տէր, սիրելինե՛ր։ 2Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր։ 3Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են։ 4Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք։ 5Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մօտ է։ 6Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։ 7Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
9 Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները։ 2Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին։ 3Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք։ 5Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»։ 6Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ։