Առ 12.8-13։ Ես 49.8-11։ Բ Կր 4.6-14։ Ղկ 10.21-24։
ԱՌԱԿՆԵՐ
8Իմաստունի բերանը պիտի գովաբանուի մարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհուի։ 9Լաւ է խոնարհ ծառայ լինել իր անձի համար, քան իր անձը մեծարել եւ հաց մուրալ։ 10Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են։ 11Ով մշակում է իր հողը, պիտի կշտանայ հացով, իսկ ով դատարկ բաների յետեւից է գնում, նա պակասամիտ է։ Ով ժամանակը վատնում է գինարբուքի մէջ, նա անարգանք է թողնելու իր շրջապատի վրայ։ 12Ամբարիշտների ցանկութիւնները չար են, իսկ բարեպաշտների արմատները՝ հաստատուն։ 13Մեղաւորն իր լեզուի պատճառով որոգայթի մէջ կ՚ընկնի, բայց արդարը զերծ կը մնայ դրանից։ Քաղցրահայեաց մարդը գթութիւն է գտնում, բայց ով դռների արանքում է պատահում մարդկանց, նեղութիւն է պատճառում հոգուն։
Եսայի
8Այսպէս է ասում Տէրն Իսրայէլին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի եւ փրկութեան օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի եւ ուխտի նպատակով հեթանոսներին տուեցի քեզ՝ երկիրը վերականգնելու եւ աւերակ ժառանգութիւնները ժառանգներին վերադարձնելու համար, 9շղթայուածներին ասելու, թէ՝ ելէ՛ք, իսկ խաւարի մէջ գտնուողներին, թէ՝ յայտնուեցէ՛ք։ Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին,նրանց արօտը պիտի լինի բոլոր շաւիղների վրայ։ 10Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարաւելու, ո՛չ էլ արեւից խորշակահար են լինելու, եւ նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբիւրների ակունքների մօտ պիտի տանի նրանց։ 11Իմ բոլոր լեռները նրանց համար ճանապարհ պիտի դարձնեմ եւ բոլոր շաւիղներս արօտների վերածեմ։
Բ Կորնթացիներ
6որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից։ 7Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից։ 8Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, 9հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած։ 10Ամէն ժամ մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ։ 12Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ։ 13Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»։ Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք։ 14Այս գիտենք, թէ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կը տայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կը կանգնեցնի իր առաջ.
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
21Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 22Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ո՛վ է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ո՛վ է Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա, ում կը կամենայ Որդին յայտնել»։ 23Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կը տեսնեն այն, ինչ դուք տեսնում էք։ 24Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»։