Հայ Եկեղեցում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ Պաշտպանության Նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: Հայ Եկեղեցու Բանակի հոգևոր ծառայության առաջին պատասխանատուն էր Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը: 1999 թ. դեկտեմբերին ծառայության պատասխանատու նշանակվեց Տ. Արշեն աբեղա Սանոսյանը, որից հետո Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը: 2007 թ. հոկտեմբեր ամսից ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ է նշանակվել առաջին պատասխանատուն` Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգևոր խորհրդատու կամ սպասավոր, չնայած որ հայ հոգևորականը` մեկ ձեռքին Քրիստոսի հաղթական Սուրբ խաչը, իսկ մյուսին էլ սուրը միշտ էլ եղել է հայ զինվորի և զորականի կողքին հատկապես պատերազմների ժամանակ:
Հայոց բանակի առաջին հոգևոր խորհրդատուները նշանակվել են Հայաստանի առաջին անկախ Հանրապետության օրերին: Նույնիսկ փերձեր են արվել բանակի հոգևոր ծառայությունը ձևակերպել օրենքով` կարգավորելու համար նրա գործունեությունը: Նույն նպատակով 1997 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որում համաձայնեցվում և հստակեցվում էին բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: Բանակի հոգևոր առաջնորդությունը սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար: Զորամասի գրադարանները համալրվել են հոգևոր գրականությամբ, բաժանվել են Աստվածաշունչ, «Էջմիածին» ամսագիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, հոգևոր բնույթի տարբեր գրքույկներ, աղոթագրքեր: Հոգևոր ծառայողները դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ են անցկացնում, յուրաքանչյուր դիրքափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում են իրենց խոսքով և աղոթքով ճանապարհում, այցելում են նաև սահմանապահ ուղեկալներ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագանցություններ, կատարում են Եկեղեցու խորհուրդները, ժամերգություններ և եկեղեցական այլ արարողություններ: Հայ զինվորները հոգևոր զարթոնք են ապրում և առավել մոտենում Մայր Եկեղեցու վարդապետությանը: Բանակի հոգևոր ծառայութան ծրագիրը ձևակերպված է պաշտպանության նախարարության կառուցվածքում: Որոշ զորամասերում կառուցվել են մատուռներ: Հաստատվել է զորամասերում կառուցվելիք մատուռի նախագիծը և մոտ ապագայում գրեթե բոլոր զորամասերը կունենան իրենց մատուռ-աղոթատեղիները, որոնք կօգնեն մեր հոգևոր սպասավորներին իրենց սրբազան առաքելությունը (Սուրբ Պատարագ, տարբեր ծիսական արարողություններ) ավելի բարեհաջող կազմակերպելու գործին, և յուրաքանչուր զինվոր հնարավորություն կունենա իր սրտի գոհունակ աղոթքն առ Աստված բարձրացնելու:
2010 թ. հունվարի 6-ի Սուրբծննդյան բերկրաշատ տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետը մատուցեց Սուրբ և անմահ պատարագ, որի ավարտին կատարվեց Ջրօրհնյաց Սուրբ արարողություն և Խաչի քավոր դառնալու մեծապատվությունը ստանձնել էր ՀՀ Պաշտպանության նախարար Տիար Սեյրան Օհանյանը: Մեծարգո Նախարարի առաջարկությամբ և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Ջրօրհնյաց Սուրբ խաչով օրհնվեցին մեր Հայրենի երկրի սահմանները, կատարվեցին Սուրբ խաչով Ջրօրհնյաց արարողություններ` ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
2010 թ. Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնային ընկերությունը հրատարակեց զինծառայողների համար նախատեսված Նոր Կտակարաններ (ներառյալ Սաղմոսաց գիրքը) և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի ձեռամբ բաժանվեց ՀՀ և ԼՂՀ սահմանապահ գրեթե բոլոր զորամասերի զինծառայողներին:
Ներկայումս ավելի քան 40 հոգևորական է ծառայում ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության կառույցներում, որոնց թվում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ, սարկավագներ:
Բանակի հոգևոր ծառայությունը սերտորեն համագործակցում է Մեծ Բրիատնիայի, Ֆրանսիայի և Հունաստանի համանման ծրագրերի հետ: Հովվության աշխատանքներին իրենց աջակցությունը ցուցաբերելու համար Մեծ Բրիտանիայի և Հունաստանի բանակների հոգևոր ծառայողները բազմիցս ալցելել են Հայաստան: Հոգեշնորհ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը ալցելել է Հունաստան: Քայլեր են կատարվում տեղեկատվության և փորձի փոխանակման, համագործակցության ուղղությամբ: 2003 թ. փետրվարին հոգեշնորհ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը մասնակցեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակի հոգևոր ծառայության 14-րդ տարեկան գիտաժողովին: Իսկ 2004 թ. փետրվարին բանակի հոգևոր ծառայության ներկայացուցիչները մասնակցեցին Հունաստանում գումարված 15-րդ գիտաժողովին:
2009 թ. մայիս 28-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը մեկնել է Անգլիա` մասնակցելու բանակի քրիստոնեական ընկերակցությունների միության (Association of Military Christian Fellowships AMCF) համաեվրոպական հերթական կոնֆերանսին, որը տեղի է ունեցել Լոնդոնից շուրջ 50 մղոն հեռավորությամբ գտնվող High Leigh քրիստոնեական կենտրոնում: Կոնֆերանսին մասնակցում էին զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող եվրոպական 24 երկրների շուրջ 170 պատվիրակներ, ի շարս որոնց նաև դիտորդներ Միացյալ Նահանգներից, Աֆրիկայից, Հարավային Կորեայից ու Չինաստանից: Մեր Եկեղեցու հետ ավանդական քույր եկեղեցիների շարքը լրացնում էին Ռուս, Բուլղար և Կիպրոսի Հույն Ուղղափառ Եկեղեցիներից ժամանած պատվիրակությունները: «Սպառազինենք հաջորդ սերնդին» (Equipping the Next Generation) բնաբանը կրող Ժողովի առաջին նիստին խոսեց Անգլիայի բանակի աշխատակազմի ղեկավար գեներալ Ռիչմընդ Դանաթթը` կարևորելով արդի ժամանակներում աշխարհի տարբեր կողմեր խաղաղապահ առաքելություն և մարտական գործողություններ իրականացնող զինվորների քրիստոնեական արժեքներով բարոյական նկարագրի կերտման անհրաժեշտությունը: 5-օրյա նիստերի ընթացքում ներկայացվեցին դասախոսություններ, որոնք հիմնականում կենտրոնացած էին հավատքի, ընտանիքի և քրիստոնեական ընկերակցության թեմաների վրա:
2009 թ. նոյեմբերի 2-6-ը հայ-հունական համատեղ միջոցառումների շրջանակներում Հայաստանում էին գտնվում Հունաստանի Հանրապետության ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Գեորգիոս Ապոստոլակիդիսը և նրա օգնական հայր Ալեքսիոս Իստրաօղլուն: Նրանք ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդգերաշնորհ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի հետ միասին հանդիպեցին Վեհափառ հայրապետին, Պաշտպանության Նախարար Ս. Օհանյանին, ինչպես նաև հույն հոգևորականները մասնակցեցին ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայություն սպասավորների ամսեկան կազմակերպվող ժողովին, որտեղ քննարկվեցին տարբեր թեմաներ (ինչպե՞ս ավելի արդյունավետ կազմակերպել հոգևոր դասընթացները, ինչպիսի՞ հանձնառություններ և պատասխանատվություններ ունեն հույն հոգևոր սպասավորները, ինչպիսի՞ և ի՞նչ միջոցներով բարձրացնել զինվորների հոգևոր-բարոյական նկարագիրը և այլն): Այցի ընթացքում իրականացվել են երկու կողմերի միջև փորձի փոխանակում, որն էլ կնպաստի հետագայի նոր ծրագրերի ու միջոցառումների մշակման համար:
Մասնակցությունը գիտաժողովներին ծնում է նոր գաղափարներ, որոնք օգնում են Հայաստանի զինծառայողների հոգևոր կարիքները հոգալու համար ավելի արդյունավետ ուղիներ գտնել: