Ասում են, թե մի զինվորական տեսիլք է տեսնում, որ Միքայել հրեշտակապետը երկնային զորքերով իրեն է մոտենում ու ասում.
-Տեր Աստված տեսավ քո հավատարմությունն ու հավատքը և կամենում է քեզ շնորհ անել այն, ինչ որ խնդրես:
Զինվորը առիթը չկորցնելով արագորեն պատասխանում է.
-Խնդրում եմ, որպեսզի Աստծո զորությունը գործի իմ մեջ, որպեսզի զորավոր գործեր անեմ և այս աշխարհում Աստծո անունը փառավորեմ, ինչպես դուք եք փառավորում Տիրոջ անունը երկնային զորագնդերով ու զորությամբ:
Միքայել հրեշտակապետը պատասխանում է.
-Շատ լավ…:
Տեսիլքն անհետանում է, և զինվորը, խրոխտ կանգնած, սպասում է ստանալ Աստծո զորությունը, որպեսզի զորավոր ու գերբնական գործերով զարմացնի աշխարհին ու Աստծո անունը փառավորի: Սակայն իր թիկունքի հատվածում մի մեծ ցավ է սկսում, և զինվորը ծռվում է ու կուզեկուզ սկսում քայլել` ամբողջ ժամանակ հայացքը հառած գետնին: Տխրում է և բողոքում Աստծուն.
-Տեր Աստված, ես զորություն խնդրեցի, բայց իբրև պարգև` ինձ տկարություն տվեցիր, ոչ կարողանում եմ մարդանց նայել, ոչ էլ երկնքին, որպեսզի փառքովդ հիանամ, այլ ամբողջ ժամանակ գետինն ու հողն եմ տեսնում…
Այսպես զինվորը դեգերելով երկրից երկիր, քաղաքից քաղաք, փորձում է դեղ ու դարման գտնել, որպեսզի կրկին հպարտորեն կանգնի ու Աստծո անունը փառավորի: Եվ մի անգամ մի լեռան ստորոտին հանդիպում է մի աղբյուրի, խմում ու բուժվում է: Մեծ ուրախությամբ մտնում է մոտակա քաղաքը և տեսնում մի այրի կին, լացակումած ու հուսահատ, արտասվում է իր մահամերձ որդու մոտ: Մոտենում է և մի սրվակով աղբյուրի ջուրը խմեցնում մահամերձ տղային, որն ուշքի է գալիս, բուժվում:
Եվ այսպես զինվորը բազում հիվանդ մարդկանց հայտնում ու ցույց է տալիս հրաշք աղբյուրի մասին ու շատերին օգնում, ովքեր Աստծուն գոհություն ու փառք են հայտնում:
Շատ մարդկանց համար փառքն այն է, ինչ մեծացնում, բարձրացնում է իրենց և հաջողություններով ու գործերով մյուսների մեծարանքին արժանանում: Աստծո փառքն այլ է` ոչ թե Իր ամենակարողությամբ Ինքն Իրեն բարձրացնելու, մեծարանքի արժանանալու, այլ Իր շնորհը, սերը, բարությունը, հոգատարությունը մարդկանց փոխանցելու մեջ է….:
Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան