Այն ժամանակները թագավորում էր անօրեն Մաքսիմիանոսը և իր ինքնակալության երկրորդ տարում հալածանք սկսեց Աստծու եկեղեցու դեմ և կատաղի զայրույթով պատերազմ ձեռնարկեց Բարձրյալի զորքերի դեմ և չարասեր բանսարկուի ամեն տեսակ հնարները` իբրև որսորդական որոգայթ, փռում էր նրանց վրա, ովքեր քրիստոնեական հավատքի պաշտոնատար էին ու սնապատիր չաստվածների մոլորության արհամարհող:
Այս ժամանակ ուղղափառների դասից կային բազում Աստծու երկյուղած և ճշմարտասեր այրեր` հմուտ քերթողական և ճարտասանական արվեստների, առավել ևս աստվածային գիտությամբ և ավետարանական քրիստոսապատում փրկական վարդապետությամբ առլեցուն, որոնք բոլոր եղելությունները և այն ժամանակի գործերը պատմագրում էին գրի միջոցով` իրենցից հետո եկողներին թողնելով անմոռաց հիշատակարան:
Նրանցից մեկն էր երանելի Կյուրեղոսը` Բութանիայի նահանգի սրբազան քահանայապետը: Նա զարդարված էր բարեպաշտ կենցաղավարությամբ, կառուցում էր Աստծու եկեղեցիներ, որ կործանել էին անարդար հելլենացիները, կանգնեցնում էր մարտիրոսների մատուռներ և հաստատում ճգնավորների մենաստաններ և իր վարդապետական խոսքով զորացնում էր սուրբ հավատքի մեջ թերացածներին և ամենքին սերմանում էր ճշմարտության բոլոր ճանապարհները և արդարության գործերը: Նա ձեռք մեկնեց նաև նրանց, որ արքունական ապարանքում էին բնակվում և նրանցից շատերին ուղղորդեց դեպի քրիստոսադիր արդար օրենքների պաշտամունքը: Եվ նրանք, թողնելով աշխարհիս երևելի մեծությունների ճոխությունը, իրենց ունեցվածքն ու ստացվածքը բաժանեցին տնանկներին և կարոտյալներին և ամբողջովին նվիրվեցին Քրիստոսին:
Այս բաները լսել էր ամբարիշտ և անօրեն Մաքսիմիանոսը և բնավ չէր կարողանում հանդուրժել, բայց քանի որ կրկնակ պատերազմ էր վարում, որոշ ժամանակ թաքցնում էր իր սրտի դառնության թույնը, մինչև ավարտին հասներ բարբարոսական մարտի հանդեսը: Եվ երբ վերջացավ պատերազմը, ասաց. «Դարձյալ զգուշությամբ քննելով կփնտրեմ և, մեջտեղ բերելով, հրապարակավ վրեժ կպահանջեմ նրանցից, ովքեր անմահ աստվածներին արհամարհում են և այպանում Հռոմայեցոց տերությունն ու արդար օրենքները»: Նենգավոր շրթունքներն այսպես շարժելով` իր սրտում հավաքում էր անօրենությունը և մեծաբարբառ հպարտությամբ ու բարձր գոռոզությամբ ելնում բարբարոսների դեմ: Բայց բարեպաշտության ջահը և ճշմարտության լուսատուն, այն աստվածային հուրը, որ եկավ վառելու երկրում բոլորի Տերը, վերստին վառվում էր, և Քրիստոսի զինվորները անպարտելի հավատով պատրաստ էին ճակատամարտին:
Եվ մինչդեռ այսպիսի քննություն էր հարուցում բոլորի դեմ, հանկարծահաս արեգակնափայլ ծագմամբ երևաց բարետեսիլ և հույժ վայելուչ աստղը` գերապայծառ և մաքրամիտ և ամենայն պարկեշտությամբ զարդարված: Մի չքնաղ և զարմանալի կույս, որի անունը Դոմնաս էր, ազգով և փառքով երևելի, սնված թագավորական առագաստի գահույքի մեջ, որ և ամբարիշտ Մաքսիմիանոսի կողմից կարգված էր ի սպասավորություն սնոտի աստվածների, որոնք թագավորական ապարանքի ներքո էին: Եվ սա առաջին և գլուխ էր կարգված քահանայության և աստվածների բոլոր զոհերի և ձոնման առաջնորդն էր: Եվ քանի որ բարի ծառը բարի երկիր էր փնտրում, և ձիթենին պտղաբեր` հաստատվել Աստծու տանը, նրա միտքը շարժվելով զորանում էր Հոգու իմաստությամբ և քիչքիչ հասու լինելով աստվածային պատվիրանները լսելու` ընդունում էր բարեպաշտության Լույսի ճաճանչը, ծարավի հոգով փափագում էր հասնել անմահ Փեսայի սիրուն: Եվ իր ձեռքն ստացավ սուրբ Պողոսի աստվածընկալ գիրքն ու «Գործք առաքելոցի» պրակները, որ մշտապես ընթերցում էր` եռանդագին խոկալով ցերեկ ու գիշեր: Եվ ճանաչեց այնտեղ եղած բոլոր հոգեպատում և աստվածահրաշ մտքերն ու նշանագործությունները, զվարճացած ցնծում և բերկրում էր իր հոգուն շահ բերող խոսքերով, մանավանդ երբ հանդիպում էր հոգեհմա գանձերի: Նախկինում այս բարիքներից իր ունայն լինելու պատճառով, կյանքի անցած օրերն իր համար խորին գիշեր էր համարում և այդուհետև չէր հապաղում ելնել բարեպաշտության հանդեսի:
[Մի անգամ] գիշերով գաղտնաբար իր մոտ կանչեց մի հեզ և աստվածային օրենքներին հմուտ կույսի` քաղաքի պատվավորներից մեկի` խորհրդական սինկղիտոսի դստերը: Եվ տենչալով ուզում էր ստուգել Քրիստոսի հավատքի և պաշտամունքի ճշմարիտ հանգամանքները և նրա շնորհիվ առաջադիմելով գեղեցկագույն խորհրդի մեջ` շտապում էր մկրտության: Եվ կեսգիշերին ելնելով` գաղտնի գնացին սուրբ քահանայապետ Կյուրեղոսի մոտ և հանդիպեցին նրան: Եվ Կյուրեղոսը նրանց ընդունեց մեծ ուրախությամբ, խրատեց աստվածային պատվիրաններով, ուսուցանեց ճշմարտության հավատը և տյառնագրեց նրանց Քրիստոսի սուրբ նշանով և իսկույն դասելով մկրտելիների կարգը` սովորական [արարողության] կատարումը հանձնարարեց սարկավագներից մեկին, որի անունը Ագապիոս էր:
Իսկ այն երանելի կույսը դրանից հետո աղոթքով ու պահքով պարապելով` մոռացավ հելլենական ցոփության կրթությունը: Եվ ոչ ոք չգիտեր նրա` անմահ կյանքի ընծայության կոչվելը, բացի նրա առաքինությանը մերձավոր մի ներքինիից, որի անունը Ինդոս էր. ազգով և տոհմով բարբարոս, թեպետև բարքը բարբարոսի չէր, այլ ընդունակ էր ամենայն արդարության: Կույսի նման նա չընթացավ դեպի հավատը, այլ ըղձալի տենչմամբ ձգտում էր հասնել մարտիրոսության:
Երբ երկուսը եկան, հասան մկրտության պայմանի սահմանակետին և արժանացան վերստին արքայության օծման և երկնավոր Հոր որդեգրության, սուրբ եպիսկոպոս Կյուրեղոսի արժանավոր ձեռքից ընկալեցին երկնային պատվական մարգարիտը և հասան Սուրբ Հոգու հրավիրման, որ կույսի ավելի քան տասը տարվա ցանկությունն էր: Քանի որ իմացության հոգով պարփակված` ինքնիրեն մաքրությամբ ամրացրեց այն երանելին, հեռանալով պարապ զբաղումների բոլոր զգայական տարուբերումներից և հեռու մնալով այս ստորին հավիտենության սնոտի մոլոր խաբեությունից, իմանալի կյանքի հացով և աստվածային Բանով միայն զբաղվելով` թե ինչպես գործը կգնա, կհասնի կատարման:
Արդ, երանելին երբեմն իր ձեռքն էր առնում «Գործք առաքելոց» աստվածային մատյանը: Ընթերցելիս իսկույն հասու եղավ այն բանին, երբ առաքելական քարոզության աշակերտները վաճառելով ինչք և ստացվածք` բերում, դնում էին առաքյալների ոտքերի մոտ արծաթի քսակ` բաշխելու կարոտյալներին: Ցանկալի կույսերի այս բարի գործերի հիշատակը նկատի առնելով` ինչքան ուներ արծաթեղեն և ոսկեղեն, սպասք և պատվական հանդերձ` հավաքելով և իր ծառաներից վերցնելով, գիշերով գնաց երանելի Կյուրեղոսի մոտ, աղաչում էր նրան մեծ պաղատանքով ընդունել դրանք և իր ձեռքով բաշխել աղքատներին: Դա ոչ ոք չիմացավ. վերադարձավ իր սովորական առագաստը:
Այնժամ երբ սուրբ Կյուրեղոսը` հոգևոր երկունքով վերստին ծննդյան հոգևոր ավազանի նրա հայրը, լքելով երկրային կյանքը, գնաց բոլորի երկնային Հոր մոտ, նրա վախճանին բազում հրաշալի նշաններ էին երևում բոլոր տեսնողներին: Իսկ երանելի կույսը իր սրտում կնքած պահում էր ճշմարիտ քահանայապետի արդարության բոլոր դաշինքները` նրա առաքինությանը նմանվելով: Ինդոսը ևս իր անձը նրա հետ պահքով էր մաշում, և երեկոյան նրանց կերակուրը միայն հաց և ջուր էր, իսկ բոլոր օգտակար պիտույքները, որ թագավորական ապարանքից մատակարարվում էին նրանց` բաժանում էին աղքատներին: Եվ մշտապես այսկերպ վարվելով` ոչ մեկին չէին հայտնում` ծածուկ պահելով բոլորից:
Բայց պարտ ու պատշաճ չէ քաղաքին, որ լեռան վրա է, թաքչել, և ոչ լուսափայլ ճրագը դնել ծածկող անոթի տակ (Մատթ. Ե. 14-15), կամ աստվածային գանձերն անհայտաբար թաքցնել հողի տակ (Մատթ. ԺԳ. 44):
Եվ այն ժամանակ չարադև մարդիկ նախանձելով հետևեցին նրանց բարի գործերին, մեկ առ մեկ ամեն ինչ հասցրին մեծ մատակարարի ականջին, որ կարգված էր արքունական պալատի և ինքնակալի գերդաստանի վրա: Եվ լսելով` ոչ սակավ տանջանքներ հարուցեց նրանց դեմ և բազում հարվածներ էր հասցնում, թե` թագավորական ապարանքից ձեզ սահմանվածն ի՞նչպես է վատնվում կամ ինչի՞ համար է ծախսվում: Իսկ նրանք չէին հայտնում հոգևոր շահերի ըղձալի գյուտերը, այլ մեծ համբերությամբ հաստատուն էին մնում նահատակության ջանքերի մեջ, որ կարոտյալների նկատմամբ մարդասիրության բաշխումը չխափանվի: Բայց ներքինիներից մեկը մոտեցավ իշխանին և նրանց մեծ և գովելի առաքինության գործերն իբրև պարսավանք էր պատմում: «Մաքուր
են, -ասում է,- և կերակուրներից հեռու մնացած և հեշտությունից հրաժարված, ինչ-որ տառապանքից ճնշված մաշում են իրենց անձերը: Եվ ամեն ինչ, որ արքայի առատատուր պարգևով հասնում է դրանց` լինում է հակառակորդ[ների] կերակուր: Եթե ուզում ես ճշմարտությունն իմանալ` բա՛ց նրանց շտեմարանները և տե՛ս, թե դրանցից ինչ ունեն»: Եվ իշխանը հոժարությամբ լսեց այն անօրեն մարդուց և իսկույն հրամայեց բանալ նրանց սպասքի սենյակը և այնտեղ ոչինչ չգտավ, բացի տերունական խաչից և սուրբ Պողոս առաքյալի տասնչորս նամակների գրքից, դրանց հետ և «Գործք առաքելոց» գիրքը, բուրվառ և ճրագ, փայտե մի փոքրիկ տապանակ, որի մեջ ամփոփած պահում էին սուրբ հացի նշխարը, ավելացած կերակուրը, որից հաղորդվում էին, նաև երկու ձորձ` խոտից հյուսած, որ ամուր դրված էին մերկ գետնին և դրանք ազնվական և ճշմարտասեր երանելիների` Դոմնայի և Ինդոսի անկողիններն էին:
Իշխանը ցասումով հարցնում է նրանց. «Ո՞ւր են մաքուր զարդերի ոսկին, ձեր պատվականագույն հանդերձանքը և երևելի անոթները»: Իսկ երանելիներն անուշադիր էին նրա հարցման նկատմամբ և ամենևին չէին պատասխանում, այլ գլխիկոր, լռելյայն նայում էին գետնին և իրենց սրտում գոհանալով Տիրոջից` աղոթք էին մատուցում, ակնկալելով երկնային վարձքն ու անանց բարությունները: Նույն ժամին չարի արբանյակը նրանց մատնում էր չարչարանքի` նրանց մարմինը ծեծելով ճիպոտներով: Եվ խավարչտին բանտ նետեց, մինչև թագավորին ստուգությամբ հայտնի ամբողջ եղելությունը: Եվ նրանք բազում օրեր այդպես մնացին արգելարանում, և միայն կենդանի Հացն էր նրանց կերակուրը, և աստվածային Շնորհն էր ըմպելիքը: Եվ այնքան հոգնել էին, որ կարծես հնար չէր, որ հաղորդվեին հացի ու ջրի, որովհետև դառն ու խավար էր անօրեն իշխանի հրամանը բանտապաններին: Քանի որ ասում էր. «Շնորհիվ այն բանի, որ սրանք որովայնները քաղցով են լցնում, նույնպես որովայնները կմաշվեն սովից, և կիզվելով կճնշվեն ծարավի տապից: Եվ աստծու վկաներին այնպիսի դառն և անողոք տանջանքներ էին հասցնում, մինչև որ կույսն ընկավ հիվանդության ցավերի մեջ, և ոչ մի տեղից մխիթարություն չկար: Այնտեղ նույն ժամին նրանց հասնում է Աստծու գթության ողորմությունը, Նրա, որ բանալով Իր ձեռքը` բոլորին լիացնում է կերակրով:
Ու մինչ հսկման գիշերը սովորական աղոթքի էին` նրանց երևացին երկնային դասապետությունների զինվորները, որից և արեգակնակերպ ճառագայթների լույսի փայլատակումից երևում էին բանտի հիմքերը, և ողջագուրված սուրբ զվարթուններից` զորացել էին աղոթքով, և նրանց պատրաստված էր ամեն բարիքով լի սեղան, և քաջալերելով երանելի կույսին` [հրեշտակները] երկինք բարձրացան: Իսկ նրանք, հաղորդվելով երկնային սեղանին, չէին հիշում անցյալ ժամանակների չարչարանքի վշտերը, որովհետև փարատվելով նրանցից հեռացվեցին առաջիկա բոլոր հակառակությունները, քանի որ, թեպետ բանտի կապանքների մեջ տրտմած էին, բայց հեշտալի կերակուրներից զվարճացած` անընդհատ երգում էին դավանության նվագը, ասելով. «Ինչպես ճարպի պարարտությունից կլցվի իմ անձը, [նույնպես] շրթունքներով ցնծությամբ կօրհնի Քեզ իմ բերանը» (Սաղմ. ԿԲ. 6):
Սրանից հետո մի օր այնտեղ հասավ իշխանը, ենթադրելով, թե սովից տկարացած կլինեն, և այնպես կարող է նրանց հավանության բերել: Բայց
երբ նրանց տեսավ պայծառ, զվարթ և բերկրացած, ուրախադեմ` մեծ զարմացմամբ հիանում էր, և մտքի ցնդումով երկյուղ զգաց` մտածելով, որ հրաշքի սքանչելիքը աստվածներից է եկել նրանց: Այնուհետև հրամայեց նրանց մնալ ըստ իրենց կամքի` անդորրության մեջ և նրանց կարիքները, երևելի ինչք և հանդերձներ, ամեն անհրաժեշտ բաներ, առաջվանից ոչ պակաս շնորհում էր նրանց: Բայց այն կույսն իր համար դրանցից ոչ մի բանի կարիքը չէր զգում, միայն հոգ էր տանում աղքատների դասի մասին, թե ինչպես կերակրի նրանց և լրացնի նրանց պակասը, որի համար իր զարդերը բազում մասերի բաժանելով` բաշխում էր աղքատներին, ոչ սակավ օրեր մնալով անսնունդ` իր կերակուրը տալիս էր աղքատներին, որ ուրիշները ևս տեսան նրա դռանը նստած բազմությունը: Այնժամ տարակուսանք պատեց նրան. այլևս ոչինչ չուներ բավարարելու այնքան հավաքվածների կարիքները, ապա դարձավ, կրկին ձեռքը գցեց իր զարդատուփին և իր այն գոտին, որ հույժ պայծառացած էր պատվական ակնեղենով ու մարգարտով և ընդելուզված ոսկով ու արծաթով, իջեցրեց պատուհանից և ուղարկեց Ագապիոս սարկավագին` աղաչելով վաճառել և գինը տալ կարոտյալներին: Դրանով որքան տնանկների բազմության բավարարեց կերակուրով` ասելու չէ:
Քանի որ այնպիսի մաքուր և անաղարտ կուսության և ամեն առաքինության հետևած անձին չէր կարելի շաղկապվել այս սնոտի կյանքի ցանկության պատրանքներին` մեղավորների հարկերում, կամ ամբարիշտ թագավորների գավիթներում բնակվել, այլ Հորից ի վերուստ այսպես տնօրինվեց երանելիի միտքը. մտածում էր աստվածահայր մեծ մարգարե Դավթի խորհրդավոր հանդեսի մասին, երբ փախել էր Սավուղից, թե ինչպես այլայլված դեմքով, անզգա, խելքը կորցրածի նմանվելով` գլուխկոնծի էր տալիս և այդպես ճշմարիտ անզգամների ձեռքից պրծնելով` շահեց մեծ հաղթությունը: Նույնպես և սա, կամավոր և մարտիրոսական տառապանքներ ստանձնելով, իր չքնաղ գեղեցկության պատկերը տեսնողների աչքին անշքացրեց, որպեսզի դրանով հնար ունենա ազատվելու անզգամների պագշոտությունից, որ անբիծ և անարատ ելնի վերին հարսնարանի առագաստը: Հանկարծակի ելնում էր անզգայի կերպարանքով, աչքերը պտտում էր, թարթում արտևանունքը, պարանոցի վրա թուք էր թողնում, փրփրում և անհայտ ձայներ էր արձակում, երբեմն լացի կական բարձրացնում, հանկարծակի բարկ ծիծաղում և կրճտում ատամները: Այս տեսան նրանք, որ թագավորի ապարանքում էին. ոմանց փաղաքշանք, ուրիշներին զարմանք էր պաշարում, զարհուրանք և դող պատում բոլորին: Ամբողջ կայսերական պալատի մեծ հազարապետը, երբ լսեց և աչքի առաջ բերեց եղածը` մտածեց, որ նա ցավագնել է: Որովհետև երբ իշխանը եկել էր նրան տեսնելու, վկայուհին շատ ուժգին և սաստկագույն ախտ էր ցուցադրում: Ուստի և երկյուղ կրեց, բազում պահապաններ կարգեց նրա մոտ, որ վշտից չարիք չկրի, կամ վախից մղված` քարավեժ չլինի: Այնուհետև պահապանները ոչ սակավ թախծում էին նրա համար. անորոշ աղաղակում և կոծում էր ինքնիրեն նրանց առջև: Այնժամ նրանք մոտեցան ներքինապետին, աղաչում էին քրիստոնյաների մոտ արձակել կույսին, որովհետև, ասում էին, նրա նման շատ ցնորվածներ առողջություն գտան: Նրանք սա խնդրում էին իրենց համար, որ թերևս ազատվեին նրա ծառայությունից: Բայց Աստված նրա կամքով անում էր այն, ինչ կույսի ցանկությունն էր, որովհետև թաքցվում էր իրողությունը ըստ առասպելի. «Խստերախ ձիուն դաշտում ազատ թողնել, իսկ դելֆինին` բաց թողնել ջրի մեջ»:
Ուշադիր լսելով այս ամենը` իշխանը, որ նույնպես ուզում էր ազատվել և արձակվել այդ ցնորքներից, շտապ իր մոտ է կանչում սուրբ Անթիմոս եպիսկոպոսին, որ այն ժամանակ Նիկոմիդիայի եկեղեցում էր վերոհիշյալ Կյուրեղ քահանայապետի հետ: Նա եկավ, իսկույն Հոգով իմացավ իրողությունը կույսի վերաբերյալ և իր սրտում թաքցրած լռում էր: Նույնպես և կույսը տեսավ Աստծու քահանայապետին և բնավ անպատշաճ ու մոլեկան չէր ցույց տալիս իրեն, այլ սրբից պատկառելով` հեզ և խաղաղ տեսքով զգաստացած էր երևում, այնպես որ բոլորին զարմանք էր պատել, հիացած էին, թե ինչքան զորություն երևաց բարեպաշտի դեմքով, որ անզգաստացածին սթափության փոխարկեց: Այնժամ իշխանը մեծ աղերսանքով եպիսկոպոսին խնդրեց վերցնել կույսին իր մոտ, նրա հետ և Ինդոսին, և բազում բաներ` նրանց դարմանելու համար. «Թերևս, -ասում էր,- բժշկության հնար լինի»: Իսկ եպիսկոպոսը ուրախությամբ վերցրեց, ուղարկեց կուսանաց վանք. թե որքան ուրախացան և Հոգու սիրով լցվեցին` ամբողջն ասել չի լինի:
Այս ժամանակ Մաքսիմիանոսի հաղթանակը բարբարոսների դեմ վերջանում էր, և պատերազմից վերադառնում էր մեծ ուրախությամբ: Նրա սրտում չէր արմատավորվում Աստծու օրենքների ճշմարտության ճանապարհը` փնտրել, իմանալ և ճանաչել, որ Նրա ձեռքով են ուղղվում այն բաները, որ նա հաղթությունը բացատրում էր աստվածների օգնականությամբ: Որի համար իր աստվածներին զոհեր մատուցելով և զարդարելով նրանց մեհյանները, պատվո նվերներ էր բաժանում քուրմերին և չարի հորդորմամբ մտնելով խորամանկ խորհուրդների մեջ` մոլորությամբ պարուրված ջանում էր բոլորին հնազանդեցնել այն չարասեր կրոնի անաստված պաշտամունքին: Այնժամ թատրոնի ասպարեզում խնջույքի տեսարան սարքեց և հրամայեց բոլորին գալ, հասնել խաղերի հանդեսին:
Այնուհետև անթիվ բազմություն հավաքվեց ձիընթաց կառամարտիկների հանդեսին: Եվ թատրոնը լցվեց մարդկանց բազմությամբ, անհապաղ փութով գալիս հասնում էին այնտեղ: Եվ անօրեն մաքսիմիանոսը, նանիր և չար խորհրդով լցված,
քրմապետներին հրամայեց այնտեղ բերել սուտանուն աստվածների` ոսկեղեն և արծաթեղեն կուռքերը, դրանք զարդարեց պես-պես և հրաշազան պայծառությամբ և տեղադրեց թագավորական գահի վրա և բոլորին հրամայեց իր հետ երկրպագություն մատուցել նրանց: Եվ աստվածների պաշտոնյաներին պսակում էր ձիթենիների և եսթեմիական սոճիների ոստերով, ցուլեր և կենդանիներ զոհելով, այն օրը աստվածների և աստվածուհիների տոն էր կատարում և զոհաբերություն, և մեհյանների պաշտոնյաներին հրամայում էր զոհերի արյունը սրսկել բոլոր զորականների վրա: Իսկ ճշմարտության պաշտոնյաները, որ աներկմիտ սրտով ունեին քրիստոնեության հավատը, չէին հանդուրժում չարին, մի կողմ էին քաշվում տեսարանից, լավ համարելով մահը, քան անաստված զոհերի արյամբ շաղախվելը:
Այնժամ ամբարիշտ Մաքսիմիանոսը հրապարակում սկսեց բազմամբոխ ժողովրդի առաջ բարձրաձայն խոսել հպարտ բաներ և ասել այսպես. «Ո՛վ քաջ այրեր և իմաստուն ծերակույտ, և երևելիներ հունաց և հռոմայեցոց նահանգիս, որ ենթակա եք իմ ինքնակալ և անպարտելի թագավորությանը, ինչո՞ւ եք լույսը դարձնում խավար և ստությունն եք նախապատիվ անում և գերադասում մեր ըղձալի պաշտամունքից: Եվ ոմանք մտածում են, թե աստվածներ չեն սրանք, որ կառավարում են ամբողջ աշխարհի խնամարկությունը: Չե՞ք տեսնում մեզ մոտ կուտակված բազում բարությունները. չե՞ք տեսնում հաղթությունն ու նշանները, որ նրանք են մեզ տրամադրում. թե ինչպես առավել գեղեցիկ և զգույշ օրենքներ են պահվում մեզանում: Չե՞ք նկատում մեր զորության օրըստօրե աճելը, քանի որ այժմ իշխում ենք նրանց, որոնց տեր չէինք մինչ այս: Մեր փառքը չբարձրացա՞վ. մեր թագավորությունը բոլոր վրդովմունքներից չխաղաղվե՞ց. որոշ քաղաքներ հարկի տակ չդրեցի՞նք, իսկ ուրիշներին չհնազանդեցրի՞նք. չէ որ երկրի բոլոր զորավորները կորացրին իրենց պարանոցները մեր գավազանի ներքո և մեզ ընծաներ մատուցեցին, և ամեն ինչ մեր մտքի ու կամքի համաձայն կատարվեց և մնաց հաստատուն: Արդյոք ո՞ւմ նախախնամությամբ են կառավարվում սրանք, եթե ոչ մեր ամենազոր և անմահ աստվածների, որոնց հրամանով և կամքով են իրենց ընթացքը կատարում հուրն ու ջուրը, լույսն ու
խավարը, ամպերն ու փայլատակմունքը, աստղաբույլերն ու լուսատուները: Ձեզ հովացնում են ժամանակիս բարեխառնությունները, բարեբեր անձրևների չափավորությունը, պտուղների առատությունը, ալիքների ընդարձակությունը, ծովի հանդարտությունը, անճառելի բարիքների բաշխումը, որ լիառատ մեզ են պարգևում մեր անմահ աստվածները. այս և այսպիսի բարիքներ շնորհողներից ո՞րին հարկ չէ ընծաներով մատուցել զոհեր և երկրպագություն»:
Նրա դիվաբնակ բերանով բորբոքվող այս մահաշունչ հուրը մոլորեցնում էր բոլորի մտքերը: Նաև այլ ձեռքբերումներ էր մտաբերում, որ ճշմարիտ Աստծու արդար դատաստանը ի վերուտ չէր ներում, որ ուրիշ դյուրափոփոխ և ծուլացած մարդկանց կորստյան առիթ չլինի: Մինչդեռ թունալից խոսքերը ամբարշտի բերանում էին, հանկարծակի մեծ որոտմունք եղավ, հրի փայլատակում, և մրրկյալ ամպեր էին թափվում, և քաղաքի մի մասը և կուռքերի մեհյանը այրվեցին: Եվ միանգամից խորին խավար եղավ, և ահեղ կարկուտ, ուժեղ հողմով հանդերձ, և միգապատությունից զարհուրած դուրս էին հոսում [թատրոնից], և ծովածավալ հեղեղների հորձանքը արտերի բոլոր սահմանները պտուղներով հանդերձ մատնեց ծովին, դեռ ուզում էր բոլորին մեջտեղից վերացնել: Աստծուց եկած ահեղ սպառնալիքից բազմությունը իրարով անցավ, իրար ոտնատակ տալով, շատերը դիաթավալ գետին գլորվելով մեռնում էին: Իսկ ամբարիշտ թագավորն ինքը ևս մի փոքր վնասվեց նրանց հետ, բայց Աստծուց եղած այս պատուհասը նրա համար քիչ էր: Հանդիպած պատուհասների այս անսպասելի դատաստանը տեսնելով` չարաբաստ և անօրեն իշխանը բոլորովին չզղջաց կամ երկյուղելով չզարհուրեց. տակավին կար և մնում էր նույն համառությանը:
Դրանից հետո նստեց ատյանում և հրամայեց բերել նրանց, որ աստվածապաշտ էին, և կամենում էր անարատների արդար արյունով իջեցնել իր սրտի զայրույթը: Հարցրեց և Դոմնայի ու Ինդոսի, նաև ուրիշների մասին, որ ատյանում չէին երևում: Ներքինապետից լսեց, թե Դոմնան ցնորվել է և այժմ նրանց մոտ է, ովքեր գիտեն դա բժշկել: Նրա հետ է և Ինդոսը` նրան պահպանելու և պաշտամունքը սպասարկելու համար: Երբ թագավորն այս բաները լսեց, ցասումով բորբոքվեց, սրտին թախիծ իջավ, բարձրաձայն աղաղակելով ասաց. «Ո՛վ անիրավ, չարագույնդ մարդկանցից, դիվահարված Դոմնա, ինչո՞ւ հեռացրիր աստվածների բարերարությունից նաև աստվածուհիների պաշտոնյա Ինդոսին, որին պաշտամունքից հեռացրիր: Երդվում եմ անմահների զորությամբ, որ քո հանդգնության համար պատասխան կտաս»: Այս ասելով անհապաղ, անմիջապես հրամայեց քանդել նրա` ակով և մարգարտով ընդելուզված գոտին, խլել և մյուս բոլոր իշխանական պատիվները, որ հագած էր, և մերկ ու խայտառակ շրջեցնել քաղաքի ամբողջ հրապարակում և բանտ նետել մինչև այնտեղ կզրկվի կյանքից: Եվ ապա հրամայեց Ինդոսին բերել իր առջև, նրան վերստին կարգել աստվածուհիների պաշտոնյա: Իսկ նա սրտի խորքում պահում էր բարեպաշտության ավանդը, այլև կուռքերի սնոտի պաշտամունքով մոլորվածներից շատերին նորից բերում էր ճշմարտության ճանաչողության:
Բայց ամբարիշտ Մաքսիմիանոսը չէր հանդուրժում սրբազան կրոնի որևէ զիջում լսել, և քրիստոնեական հավատի դեմ չարի ցասմամբ պատերազմ սկսեց` այրում էր սրբերի տաճարները և կառուցում դիվաձույլ պատկերների մեհյաններ և հրամայելով պատվիրում իր զորականներին` բռնված քրիստոնյաներին առաջ բերել, հայտարարում էր իր իշխանության ամեն վայրերում. «Եթե մեկն ասի` Չեմ պաշտում ինքնակալների աստծուն, կյանքից կզրկվի, իսկ նրա հարստությունն ու ունեցվածքը կանցնեն արքունիքին»: Ուղարկում էր և դատավորներ, անողորմ և վայրենամիտ կողմնակալներ, որ հեռու էին և սաստիկ սպառնալիքով կարգադրում էր նրանց, որպեսզի ուր և գտնվի Նազովրեցիին հավատացող և աստվածներից ապստամբած մարդ` անողորմ և դառն տանջանքով զրկեն կյանքից, ավելին, ասում է. «Նրանց չար աղանդի առաջնորդները, որտեղ գտնվեն` երկաթե կապանքներով ինձ մոտ ուղարկեցեք, որպեսզի ես կարողանամ աստվածների անարգանքի արժանի վրեժը լուծել»: Այսպիսի կատաղի զայրույթով, ահագին տագնապով ու սաստով դողացնում էր բոլորին առ հասարակ:
Այնժամ հետապնդում էր սուրբ եպիսկոպոս Անթիմոսին, և բազում անգամ սուսերամերկ զինվորները եկեղեցին շրջապատելով չէին գտնում, որովհետև անօրենների անպատշաճ գործերի պատճառով խուսափելով` փախչում էր անբնակ վայրեր: Երբ չէին գտնում, ամբարիշտը տարակուսում էր և թախծելով վարանում և ասես ջերմի տապից տոչորում սրտի կիզիչ զայրույթով, արյան ջերմության եռմամբ, որովհետև մտադրվել էր անհնարին տանջանքների ենթարկել սուրբ Անթիմոսին` առավել քան բոլոր մյուսներին, որպեսզի այդ տանջանքների միջոցով իրենց աղանդի ուսման մոտեցնի: Ասում է. «Բոլոր զարհուրածները գան աստվածներին պաշտելու և մեզ անհոգ դարձնեն: Մանավանդ որ [Անթիմոսը] թաքցրել է չքնաղագեղ Դոմնային, նրան հեռացնելով ապարանքի իմ առագաստից. կարծում եմ նաև հրապուրել է նրան` իր կրոնին կցորդ դարձնելով»:
Իսկ երբ քննության այս խռովքը դադարեց, և չկարողացան գտնել Աստծու սրբին, այնժամ հնարագիտությամբ բանսարկուն այլ խորհուրդ մտաբերեց զայրույթի կատաղությունը իջեցնելու, և խոստանում էր սուսերը իր պատյանում ամփոփել: Եվ ամբողջ հրապարակում զվարթ դեմք էր ցուցադրում: Պատվիրակներ հանեց, բարիքներ էր խոստանում, բարկությունը ցույց էր տալիս թե քաղցրության է դարձրել: Ասում էր. «Թերևս երևան,
հայտնապես աներկյուղ լինելով իմ պատիժներից, ապա միանգամից հավաքելով իմ թակարդի մեջ` երկրից կվերացնեմ նրանց հիշատակները, որ նրանց անունը բնավ չերևա հույների մեջ: Եվ սրա համար մեր մեծափառ աստվածները մեզ բարիքի շնորհ կհատուցեն»: Այսպիսի խարդավանող և կեղծավոր խորհուրդներով խաբում էր բոլորին, և այնուհետև քրիստոնյաների բազմությունը այն չարիմացի լուրով խաբված, աներկյուղ համարձակությամբ մի տեղ էր հավաքվում և հայտնապես կամահորդոր սրտով աղոթելով պաշտամունք կատարում:
Եվ մի օր Նիկոմիդիայում և շրջակայքում, գավառի գյուղերում բնակվող ամբողջ հավատացյալ բազմությունը միաբան եկավ կաթողիկե եկեղեցի` սովորական աղոթքը կատարելու: Թագավորը տեղեկանալով` իր զինավառ զորքով հասավ Աստծու տաճարի դռներին, աթոռ դրեց, շատ բարձր բեմ հարդարեց, նստեց դրա վրա, և սպառազինված զորքի բազմությունը անշշունջ կանգնեց նրա առաջ: Այնժամ խոսել սկսեց թագավորը և ասաց հավաքված բազմությանը. «Իմ անպարտելի և բարեբաստ ինքնակալության մարդասիրական ներումն ամեն ինչով նմանվում է աստվածայինին: Նաև բարբարոս թագավորների պարագայում, որոնք մեր հարկադիր լուծը դժվար տանելի են համարում և չեն հնազանդվում մեր Հռոմեական տերությանը, անմիջապես իմ զենքն ու նիզակը չեմ շարժում և չեմ հանում նետերը կապարճներից և չեմ բարձրացնում իմ բազուկը նրանց վրա սուսերով և արագ չեմ կոտորում նրանց վահանապատ պատնեշներով, այլ նմանվելով հանճարեղ և իմաստուն բժիշկներին` բարիներին համոզիչ խոստումներով կակղացնում եմ ու իբրև վերքերին սպեղանի` դնում եմ մարդասիրությունը: Իսկ երբ տեսնում եմ կարեվեր խոցված և խոր թաքնված վերքը` խստագույն խարանով կտրում եմ, վրան դնելով ավելի կարծր դեղն ու ծանր ըմպելին: Այդպիսիները ողորմության ներում չեն ստանա մարդկանց մեջ: Ուստի ձեզ ասում եմ և աղաչում` այլևս չլինի, որ դուք փորձեք խռովել և աններելիորեն բարկացնել ինձ, այլ մոտենալով` շտապեցեք զոհ մատուցել մեծամեծ աստվածներին, որպեսզի և մեզնից հաշտություն գտնենք: Եվ ձեզ կշնորհեմ բազում մեծամեծ պարգևներ, և երևելի պատիվ ու մեծարանք, կթեթևացնեմ ձեր բոլոր հարկերը, և ինձ համապատիվ կլինեք: Քանի որ եթե բարբարոսներին և այլալեզու ազգերին այնքան բարության մեծություններ ենք պարգևում, որքան ևս առավել ձեզ, որ սնված և վարժված եք հռոմայեցոց օրենքով, խրատված հելլենական իմաստությամբ ու հանճարով: Արդ, մի՛ պատերազմեք ձեր թագավորության դեմ, որ չարտաքսվեք տնից, [չզրկվեք] ունեցվածքից և իմ ճոխանվեր քաղցրությունից: Այսուհետև հեռու մնացեք այդ աղտեղի կրոնից, իսկ եթե ոչ` այս իմացեք` իմ դատաստանի իրավունքը հեռու չէ ձեզնից. տեսեք` այս տունը, որին հուսացել եք` հրի կմատնեմ և ձեզ նրա հետ միասին կկործանեմ»:
Այսպես ամբարիշտ Մաքսիմիանոսը ահագին որոտմամբ, չարաչար սպառնալիքով թունալի մահ էր բաշխում բոլորի լսելիքին և խեթությամբ նայում քրիստոնյաների բոլոր դասերին: Այնժամ Սուրբ Հոգուց շարժվելով` Նիկոմիդիայի համաշխարհային եկեղեցու երիցս երանյալ քահանան` սուրբ և իմաստախոհ Գղերիկոսը, առաջ գալով` բարձրաձայն համառոտ խոսք ասաց. «Ի գիտություն քեզ, ո՛վ արքա, ո՛չ քո խոստումներին, ո՛չ պարգևներին չենք հավանում և չենք վախենում քո սպառնալիքներից, որովհետև քաջալերիչ ունենք մեր Փրկչի նախնական պատվիրանը, որ ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում և հոգին սպանել չեն կարող» (Մատթ. Ժ. 28): Որովհետև բարությամբդ, որով ուզում ես մոլորեցնել մեր միտքը և մեզ հանել այն բարություններից, որ ո՛չ աչքն է տեսել, ո՛չ ականջն է լսել, որ պատրաստեց Քրիստոս Իր սիրելիներին: [Չենք վախենում], երբ սպառնում ես հրկիզել մեր մարմինները: Կամենում ես «բուժել» մեզ անտանելի տանջանքներով և անցկացնել հորդահոս հրեղեն գետերի վրայով դեպի մեր Քրիստոս նավահանգիստը: Քանի որ այժմյան չարչարանքը արժանի չէ հանդերձյալ փառքի, որ լինելու է, և այս ժամանակի փառքն ու պատիվը համարում ենք երազի ստվեր ու կղկղանք: Ինչո՞ւ իզուր և անիմաստ հուզվել ես և հոգուդ իմանալի աչքերը փակելով ինչո՞ւ չես տեսնում քո օգուտը, կամ ինչո՞ւ չես ճանաչում բոլորի արարչին և քեզ իշխանություն տվողին, որովհետև քո հաղթությունը, որով ամբարտավանությամբ պարծենում ես` սնոտի և աղբեղեն փառքովդ, որով կարծում ես շատերից բարձր լինել, քիչ օրեր անց կվերացվի այս նահանգում կանանց և մանուկների ձեռքով, որովհետև քո կյանքը նմանվել է նանրության, իսկ քո պայծառությունը դժոխք կիջնի ունայնությամբ: Զարմանում ենք, թե ինչպես այնքան տկարությամբ իջնում է դժոխք` մարտնչելով այն անպարտելի զորության դեմ, որ ոչնչից գոյացրեց ամբողջ հավերժը և Իր Խոսքի զորությամբ կառավարում է բոլորին, իսկ Ինքը կա և մնում է անշարժ հաստատությամբ Իր անհամեմատելի և անփոփոխ բնությամբ: Բայց դու ամբարիշտ մտքով ամբարտավանացած` ապիրատ բաներ ես խոսում, դիվաձույլ պատկերները անզուգական անուն ես համարում, աստված և աստվածուհի կոչելով նրանց, որ սանդարամետականի անկարգ խառնակումից և չար սերմերից են առել նմանության կերպարանքը, որև աղտեղի է բոլորը հիշելը, մանավանդ որ ավելի շատն այն է, որ քանդակված են շների և գազանների կերպարանքով: Քանի որ սատանան այնքան կուրացրեց քո միտքը, որ նույնիսկ երկնքի ու երկրի արարիչ ես կոչում նրանց, որ մարդկանց ձեռքի գործ են: Եվ թշնամացար միակ Աստծու և ամեն ինչի պատճառի անմահ զորությանը և բարձրացրիր քո եղջյուրը անհանճար բաներ խոսելու Նրա Միածնի մասին, մեռելների կարգը իջեցնելու անմահությունը Նրա, որ առաքիչ Հոր անսահման էության կերպարանքը, կնիքն ու ծագումն է, փառակից և էակից ամենազոր և համագոյ Հոգու, որ կամավոր մահվամբ կործանեց մահվան իշխանությունը և հրաշագործ ու սքանչելի հարությամբ կյանքի կոչեց մեղքով մահացածներին և գալու է երկրորդ անգամ դատելու կենդանիներին ու մեռելներին, և արդարներին հատուցելու ըստ նրանց արդար վաստակի, անսուրբներին և չարագործներին, որ քեզ նման են, որ չեք ճանաչում Նրան, կմատնի անանց և մշտնջենական այրման անշեջ գեհենում և սպասելով չեք ակնկալում Նրա գալստյան մեծ օրը, որովհետև միայն մեր ակնարկելով մեր Արարչին` անհապաղ ձեզ վրա կհասնեն պատուհասի սպառնալիքները, որոնց չեք սպասում: Եվ դու այսուհետև չես փրկվի կենդանի Աստծու ձեռքից»: Արդ, այս ամենը և սրանից ավելին խոսեց երանելի վիճակավորը թագավորի առջև, բազմաժողով հրապարակի մեջ. ուստի թագավորը ներելով էր ունկնդրում, չէր ուզում տեղնուտեղը սաստելով չարչարել նրան, հույս ուներ համոզելով հավանության բերել, իսկ նրանով` ամբողջ հավատացյալ ժողովրդին: Քանի որ երանելիի վարդապետության աստվածային խոսքերից ամբարշտի սրտում չծագեց աստվածգիտության լույսը, և վերին նախախնամությամբ մեծ ահով պաշարվեց, ձեռք չտվեց նրանց, թեպետ բոլորը մահվան պատրաստ էին, այլև լռելյայն հեռացավ տաճարից, և ամբողջ հավատացյալ ժողովուրդը [տեսավ] վիճակավորի իմաստության և աստվածախոս վարդապետության բազում շնորհները:
Իսկ Մաքսիմիանոսը չերկարացրեց բարկության ցասումը, այլ հրամայեց զինվորներին մտնել Աստծու սուրբ եկեղեցին, բռնել և հանել դուրս երանելի վիճակավորին, որին բերին, կանգնեցրեցին թագավորի առաջ: Եվ [թագավորը] արժանի չհամարեց հարցեր տալ, հրամայեց տարածել գետնի վրա և դալար արջաջիլերով խիստ ծեծել, մինչև դահիճների ձեռքերը հոգնեցին: Իսկ նա տանջանքը ոչինչ համարելով` գոհանում էր Տիրոջից, որի համար համբերելով` կրում էր չարչարանքները: Երբ տանջանքները սաստկացրին, սատանայի արբանյակներն սկսեցին երկաթե եղունգներով քերել նրա կողերը և ջահեր վառեցին մարմնի վրա: Եվ սաստկագույն քերանքից արյունը հեղվում էր հողին, և նա` [գրեթե] անշնչացած և թուլացած, նույնիսկ չէր կարող շրթունքը շարժել: Եվ երբ նրան ծեծում էին, մունետիկն այսպես էր ասում. «Խնայի՛ր քո լեզուն, ո՛վ Գղերիկոս, և մի՛ լինիր ամբարտավան ու ճոռոմաբան, և մի՛ խառնակիր հանդեսը, պատվի՛ր հռոմայեցոց տերությունը և մի՛ շփոթիր ինքնակալների ատյանը և հելլենացոց այն իմաստունների դեմ մի՛ բարբառիր անվայել բան»: Այսպիսի խոսքերով մունետիկը լցնում էր հրապարակը, բայց ո՛չ տանջելով հավանեցրին [նրան] և ո՛չ համոզելով հնազանդեցրին: Իսկ երիցս երանելին բարձրաձայն գոչում էր հրապարակում և ասում. «Տե՛ր Հիսուս, միածին Որդի, Քո բարձրյալ Հոր ճառագայթ ու կերպարանք, իմ վստահություն և ուժ, զորացրու ինձ ամեն ինչում, որպեսզի բազմագունակ այս չարչարանքների միջոցով իմ մեջ բազմանա բարյաց բրաբիոնի հատուցումը Քո բոլոր սրբերի հետ»:
Այնժամ այս խոսքերի վրա թագավորը զայրացավ, սաստեց սպասավորներին, որ ավելացնեն սրբի տանջանքները: Եվ նրանք ամբարշտի հրամանով այնքան էին հարվածում նրա մարմնին, մինչև նմանվեց անշունչի, թափվեց մարմնի մորթին և օդից ուռչելով` մարմնի մսերը անջատվում էին ջլերից և կտորկտոր գետին ընկնում, և միայն ոսկորներն էին երևում` զարմացնելով տեսնողներին: Իսկ երանելի նահատակը միայն շրթունքները շարժելով ասում էր. «Ծառա եմ հավիտենից թագավոր միակ Աստծուն, միակ Տիրոջը, որ ստեղծեց երկինքն ու երկիրը` Նրան եմ խոստովանում և Նրան հուսալով` սպասում Նրա անճառ պարգևներին: Ես զոհ չեմ մատուցում կուռքերին, որ շներից վատթարագույն են»: Իսկ ամբարիշտը չհանդուրժեց սրբի այդ համարձակությունը, հրամայեց կապել նրա կապանքները և վճիռ կայացրեց, որ նա քաղաքից դուրս խաչվի, իսկ նրա մարմինը այրվի:
Եվ դահիճները վերցրին Քրիստոսի նահատակին, փողոցներով քարշ տվին քաղաքի դռնից դուրս, մի տափարակ տեղ [տարան], ծովափին մոտ, ուր և փայտը կանգնեցրին: Եվ նա, նայելով արևելք, սկսեց ծածուկ աղոթել` շրթունքները միայն շարժելով, և երբ բավական ժամանակ աղոթեց և վերառաքեց ամբողջը, դահիճներին ասաց. «Եկեք իսկույն կատարեցեք ձեզ հրամայվածը բռնավորից»: Եվ ինքը մոտեցավ խաչին, տարածեց ձեռքերը, գամվեց նրա վրա, ապա սատանայի սպասավորները սաստկացրին նրա տակ բորբոքված կրակը` մի քանի ժամ ողջակիզելով խաչի վրա: Եվ նա աղաղակելով բարձրաձայն ասաց. «Տե՛ր Հիսուս, իմ հոգին ընդունիր անուշ հոտերի մեջ և ինձ խառնիր Քեզ սիրողների խմբին` Քո գալստյան օրերը»: Եվ իսկույն ավանդեց հոգին:
Իսկ Ինդոսը, մի խավարչտին տան մեջ արգելված, իրեն էր ողբում և կորուստը նրանց, որ կուռքերին զոհ էին մատուցում: Այնժամ այդ լուրը հասավ թագավորի ականջին, որ հրամայեց բերել նրան: Եվ անմիջապես բերին կանգնեցրին թագավորի առջև. հրամայեց ետևը կապել նրա ձեռքերը, երկաթե շղթա դնել նրա պարանոցին և ոտքերը դնել կոճղի մեջ և գցել խավարչտին բանտ: Իսկ ինքը բարձրաձայն որոնում էր սուրբ կույս Դոմնային և պագշոտ հիմարությամբ իր մտքում մաշվում նրա համար, մոռացած նրա մասին լսածը, ասում էր. «Ո՞ւր է Դոմնան` Արտեմիդես և Աթենաս մեծափառ [աստվածների] քահանայուհին»: Պալատի պատվավորներն անմիջապես տեղեկացրին Դոմնայի հետ կապված եղելությունը: [Թագավորը] հրամայեց կտրել գլուխը ներքինապետի, որ հեռացրել էր Դոմնային արքունական ապարանքից: Եվ բազում սպառազեն զինվորներ ուղարկեց կուսանաց մենաստանները, որպեսզի գտնեն Դոմնային և բերեն: Երանելին, այդ իմանալով, տղամարդու զգեստով, գաղտնաբար խույս տալով, հեռացավ վանքից: Եվ երբ չգտան կույսին, արյունարբու գազանի նման մռմռալով, նախանձով լցվելով բոլորի դեմ` մտածեցին նաև ուրիշ սրբակյաց կույսերի չարաչար քարշ տալ և մատնել անարգանքի: Իսկ նրանք փախան այրերն ու ժայռերի ծերպերը` վայրենի գազանների մոտ բնակվելով: Շատերը նրանք էին, որ ընկան դահիճների ձեռքը, և վերին խնամքի աներևույթ զորությունն անարատ պահեց և՛ հավատքը, և՛ մաքրությունը:
Արդ սրբերի մեջ երևաց անհամեմատ գեղեցկությամբ մեկը, բարի վարքով զարդարված, որի անունը Թեոփիլա էր: Չարի գործիքները տեսան նրան և պագշոտությամբ հիմարացան, և զինվորների դասերը միմյանց դեմ խուճապահար` մոլեկան ցանկությամբ հափշտակեցին նրան քույրերի միջից և քարշ տալով բռնի տարան անօրինացածի հարկը: Եվ նրա համբավի հռչակից վավաշոտ տարփանքով այնտեղ հավաքվեցին քաղաքի երիտասարդները: Մինչդեռ նա արգելված էր անարգության այն վայրում, աչքերը երկինք համբարձած ակնարկելով մեծ նավապետին` իրեն հեղեց զորությամբ հզորի առջև, Նրա, որ եկել է վերացնելու աշխարհի մեղքերը, և գոչում էր` ասելով. «Տե՛ր իմ և Աստված իմ Հիսուս, իմ փրկիչ և կեցուցիչ, նայի՛ր Քո հեռու բնակությունից Քո անարժան աղախնին և Քո ժառանգությունը մի՛ տուր ապականության, քանի որ Քեզ խոստացա պահել իմ կուսությունն անարատ արդարությամբ: Արդ, ցո՛ւյց տուր Քո երեսը, անբիծ և անապական Փեսա երկնավոր, և շտապի՛ր ինձ օգնելու և Քո անունը խոստովանողիս գազաններին մի՛ մատնիր, որպեսզի և Քո անունը փառավորվի բարբարոս և ամբարիշտ ազգերի մեջ, և որպեսզի ես ևս արժանի լինեմ անարատ մաքրությամբ ընթացքս ավարտելու, աչալրջությամբ հանդիպելու Քո փառքին և հասնելու սրբերի բաժին լույսին»:
Այս պաղատանքն արտասուքով հանդերձ Աստծուն մատուցեց երանելի կույս Թեոփիլան, և երբ ավարտեց աղոթքը, ամբարիշտ զորականներից մեկը տարփանքով վատթարացած կամեցավ մերձենալ նրան: Եվ երբ մոտեցավ, իսկույն նրան ահ ու դող բռնեց, լլկվեց չարից, սկսեց սասանելով դողալ և ընկնելով Թեոփիլայի ոտքերը` անշնչացավ իբրև մեռել: Անցան բազում ժամեր, և դուրս չէր ելնում: Մի ուրիշը մտավ ներս և տեսավ` անճառ լույս էր փայլատակում կույսի շուրջը, որի շողերից իսկույն զրկվեցին աչքերը լույսից, և չէր կարողանում դռնից ելնել: Իսկ ովքեր դրսում էին, չգիտեին ներսում եղածը, նրանք ևս մտնում էին` իմանալու ինչ եղավ, և նրանք նույնպես նույն պատուհասով տանջվում էին: Այն ժամանակ խմբով միասին մտան, ականատես եղան հրաշքի ահազդու տեսարանի. երանելի կույսը նստած էր առանձին և կարդում էր աստվածային Գիրքը, որ միշտ կրում էր իր հետ: Եվ նրա առջև կար մի լուսեղեն երիտասարդ, որի դեմքից լույսի ճառագայթներ էին արձակվում: Երբ այս տեսան, մեծ երկյուղով հազիվ ճողոպրելով ելան տնից, ասելով. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և անհաղթ ու անպարտելի է Նրա զորությունը»: Այնուհետև շատերը հավատացին Տիրոջը և սովորեցին աստվածպաշտություն:
Մաքսիմիանոսի ականջին հասավ, որ կույսը զինվորներից անապական մնաց և Աստծու մեծասքանչ զորությունը կախարդություն համարեց, ասելով. «Գալիլիացիները չարիմաց կախարդասեր աղանդով են գործում դա` մոլորեցնելու համար շատերին»:
Իսկ լուսատեսիլ երիտասարդը կույսի ձեռքից բռնած` անճառ լույսով առաջնորդեց մինչև եկեղեցի, ասաց. «Խաղաղությո՛ւն քեզ»,իսկ ինքը երկինք բարձրացավ: Այն երանելին պաշարվեց երկյուղալից խնդությամբ, աչքերը երկինք բարձրացրած գոհություն մատուցեց մարդասեր Աստծուն, որ փրկեց իրեն սատանայի բոլոր հնարքներից, իսկ ժողովրդի բազմությունը կեսգիշերին կաթողիկե եկեղեցի եկավ` կատարելու սովորական աղոթքը: Եվ տեսան նրան ներսում` զարմանք պատեց բոլորին, քանի որ նա ազնվական տոհմից էր, ընտանի և ծանոթ շատերին: Նա պատմեց բոլոր եղելությունները, թե ինչպես Աստծու զորությամբ փրկվեց ամեն ինչից: Երբ հավատացյալների բազմությունը լսեց այս ամենը` բոլորը իրենց ձայները բարձրացրին առ Աստված, փառք էին առաքում ի բարձունս` Աստծու արագահաս զորությանը և բոլորը արտասուքի աղբյուրներ էին հեղում` գրեթե մինչև սուրբ տաճարի հատակը թրջելը: Իսկ սրբուհի Թեոփիլան ծունկի եկավ Աստծու սուրբ սեղանի առաջ և արտասվալից հառաչմամբ աղոթք էր մատուցում ամենակալին, գոհանալով իր փրկության
համար:
Բայց լինելով չարադև` Մաքսիմիանոսը պարտավոր էր լինել [դևի] և նրա չար արբանյակների նման և առավել դժնդակ երևալ: Հավատի բարեպաշտությամբ հետաքրքրվելով` չարի սպասավորները գտան Դորոթեոսին, որ փառքով և լուսավորությամբ պայծառացած էր և պալատի բոլոր գործակալների վրա նախարար ու հրամանատար էր, նաև Մարտոնիոս երևելի իշխանին և նրա ընկերակից Միկիտոնիոսին և նախահիշյալ Ինդոսին ու Տիրոջ այլ բազում հավատացյալների, որոնք արքունական պալատի պատվավոր իշխաններից էին: Անօրեն Մաքսիմիանոսը բարկության ցասումով ասաց նրանց. «Երդվում եմ անմահ և ամենակալ աստվածներով, որ չեմ խնայի ձեզ, այլ կենթարկեմ ամեն տեսակ տանջանքների ձեր ամբարշտության պատճառով, ձեր մարմինները կտամ երկրի գազաններին և երկնքի թռչուններին, որ վախենալով` ուրիշները ևս չօտարանան աստվածների պաշտամունքից»: Հրամայեց իսկույն քանդել նրանց գոտիները և մերկացնել իշխանական հանդերձից: Եվ նրանք միասնաբար, միահոգի և միաբերան աղաղակեցին ասելով. «Քրիստոնյա ենք և ամենակալ
Աստծու ծառա` երկինքը և երկիրը և դրանց մեջ եղածներն ստեղծողի: Իսկ քո ամբողջ պաշտամունքը, ո՛վ թագավոր, ընդունում ենք իբրև աղբ և իբրև արթնացածի երազ»: Այնժամ առավել ևս չար կատաղությամբ բորբոքվեց Մաքսիմիանոս թագավորը, հրամայեց պարաններով կապել նրանց ոտքերն ու ձեռքերը, կապկպելով տարածել գետնին և կոպիտ մահակներով երկար տանջել նրանց: Եվ նրանց շուրջը եղած դահիճները առավոտից մինչև երեկո անխնա ծեծում էին նրանց` բնավ չխնայելով մարդկային բնությունը: Մինչ դեռևս կենդանի էին նրանք չարչարանքների մեջ, [թագավորը] հրամայեց կապած ոտքերով և կապած ձեռքերով բանտ նետել, և նրա սուրը անհագաբար ճարակում էր բոլորին:
Արդ, քանի որ պետք էր Բանի և Կույսից ծնվածի տնօրինած մեծագույնին և խորախորհուրդին ընծայաբերել իրենց անձերը` ովքեր հավատացել էին Նրան, քանի որ մոտեցել էր մեր Փրկչի և մեզ հետ շրջող Աստծու` Աստվածահայտնության տոնը, այնժամ սինկղիտոսը, իշխանական ամբողջ դասը` զինվորների գնդով հանդերձ, մոտեցան Մաքսիմիանոսին և ասացին. «Թագավո՛ր, հավիտյա՜ն կենաս: Ճշմարտապես գիտենք, որ մշտապես հոգ ես տանում մեջտեղից վերացնելու Գալիլիացոց հույսի սնոտի աղանդը, որպեսզի հաստատությամբ անշարժ մնա հռոմայեցոց օրենքը և առանց վատթարության անխորտակ լինի մեր մեծափառ, անմահ, բարերար աստվածների պաշտամունքը: Այժմ եկել, հասել է գալիլիացոց հետևորդներից մեր վրեժը հանելու ժամանակը: Եվ պետք է ամբողջովին մեջտեղից վերացնել նրանց անհանճար և չար կրոնը, որովհետև այսօր է նրանց գերահռչակ գլխավոր տոնը: Առասպելաբանում են թե, իբր իրենց Աստվածը ծնվել է կույսից, որին և իրենց արարիչ են համարում և տոներին հանդիսավոր կցուրդներ են կատարում: Ահավասիկ մեծից փոքրը հավաքվել են մեծ եկեղեցում»: Այս խոսքը հաճո թվաց Մաքսիմիանոսին, և նա հրամայեց զինվորների բոլոր դասերին սպառազինված շրջապատել Աստծու տաճարը, փակել սուրբ եկեղեցու դռները, որպեսզի բազմությունից ոչ ոք դուրս չելնի, և հրամայեց տաճարի դռների մոտ կանգնեցնել իր աստվածների կուռքերը: Եվ մունետիկն աղաղակում և ասում էր. «Եթե մեկը կամենա ճողոպրել տանջանքներից և փրկվել մահից` թո՛ղ ելնի երկրպագի ինքնակալի բարերար աստվածներին, իսկ եթե չեք ուզում հնազանդվել նրա կամքին` կենդանվույն հրի ճարակ կլինեք բոլորդ առհասարակ, և ոչ ոք չի փրկվի, որովհետև այդպես հրամայեց քաջ արանց մեծն Մաքսիմիանոս»:
Եվ երբ այս խոսքը բարձրաձայն աղաղակով հնչեց, նույն պահին սպառնալիքը գործադրվեց: Այնժամ թագավորի լրաբերները մտան եկեղեցի, մեծապես գոչելով ասում էին. «Ինքնակալը մեզ ուղարկեց ձեզ մոտ, որ այս երկուսից մեկը ընտրեք. կա՛մ ելնել, զոհ մատուցել աստվածներին, դռների մոտ պատրաստված մեհյանում, կա՛մ թե անհավան լինեք` բոլորիդ հրով կիզել: Արդ, ի՞նչ եք ախորժում, ընտրեցե՛ք իսկույն, որովհետև ժամանակը ձեզ չի ներում այլ պատասխան տալու»:
Այնժամ եկեղեցու սարկավագապետը, որի անունը Թեովնաս էր, Հոգու շնորհներով զորացած` համարձակ կանգնեց բեմի վրա, աստվածային սեղանի մոտ, բացեց իր բերանն ու ասաց. «Եղբայրնե՛ր և հայրեր վերին Երուսաղեմի, բոլորդ գիտեք, որ ամեն օր երգում էինք Երից մանկանց երգը, և սքանչացած զարհուրում նրանց մեծահանդես ինքնակամ հոժարությունից, որ կրակի մեջ, ասես
առագաստում պարելով, բոլոր մարդկանց իրենց հետ հրավիրում էին օրհնելու ամենքի Աստծուն, որ ոչ միայն խոսքով էինք երանի տալիս, այլև ցանկանում էինք հաղորդ լինել նրանց սուրբ պսակին: Արդ, քանի որ եկել, հասել է այս փրկության օրն ու ընդունելի ժամանակը, բոլորդ քաջապես վառվեցեք Նրա անձուկ սիրո համար, որի արյունով փրկված եղանք: Շտապեցեք, ո՛վ սիրելիներ, քանի ժամանակը չի անցել, իբրև անուշ խունկ մատուցելու մեզ` պատարագ անարատ այն Գառանը, որ եկավ վերացնելու աշխարհի մեղքերը: Եվ որովհետև եկավ, հասավ մեզ ավետյաց օրը, որին ցանկացել ենք բոլորս, և երկնքի դռները բացվել են մեզ այսօր, և մեծ Աստծու աներևույթ զորությունը լինելով ձեր մեջ, ինչպես երից մանկանց, պսակում է բոլորին Իր քաղցր կամքով և Իր հետ բարձրացնում վերին հրեղեն զվարթունների բնակատեղին առնելով մի հոտի մեջ մի հովիվով: Ուրեմն հաստատուն կացե՛ք, միաբան և միախորհուրդ եղե՛ք բոլորդ և անշարժ մնացե՛ք հաստատուն վեմի վրա, որի անկյան գլուխը Քրիստոս Ինքն է, և ձեզ չշեղի այս կյանքի սնոտի պատրանքը, և մի՛ վախեցեք այս հրից շիջանուտ, և ոչ ոք պառակտվելով դուրս
չելնի աստվածային գավիթից և չլինի` ճենճ ու ճարակ դառնաք հավիտենական անշեջ գեհենին»: Եվ այլ բազում շնորհալի աստվածախոս վարդապետությամբ, հորդառատ խոսքով զորացրեց Տիրոջ բոլոր հավատացյալներին:
Այնժամ բազմությունը նրա հետ բարձրաձայն գոչում էր ասելով. «Քրիստոնյա ենք և բարձրյալ Աստծու ծառաներ, թագավորների աստվածներին չենք պաշտում և կանգնեցված արձանին չենք երկրպագում»: Բանն իսկույն հասավ Մաքսիմիանոսին և անմիջապես հրամայեց սպասավորներին վառել հուրը, ասելով. «Ոչ ոք չճողոպրի և ոչ ոք ողորմության չհանդիպի»:
Այնժամ քրիստոսասեր նահատակները հավաքեցին երեխաներին մի տեղ` նրանց վրա կատարելով մկրտության աստվածային խորհուրդը և նրանց հաղորդելով անարատ սուրբ խորհրդին: Նույն ժամին թագավորի սպասավորները հասան և բորբոքում էին հուրը Աստծու սուրբ տաճարի շուրջը: Եվ բոցը ահագին որոտմամբ բարձրանում էր և դրսիններին ու ներսիններին ճարակում: Իսկ եկեղեցու մեջ եղած բազմությունը բարձրաձայն գոչումով երգում էր Երից մանկանց երգերը և չէր դադարում բոլոր արարածներին հրավիրելու օրհնաբանության, և կրակի մեջ նրանց հետ լսվում էր նաև հրեշտակների ձայնը, և երկիրը շարժվում էր, դղրդալով ձայների ահագին գոչյունից, մինչև որ բոլորը` այրեր և կանայք` մոտ քսան հազար հոգի, ամբողջապես ողջակիզվեցին: Նրանցից յուրաքանչյուրի անունը գրված է կյանքի դպրության մեջ: Նրանց նահատակության կամահորդոր ջանքով հիացած զարմացել էին բոլոր վերին զորքերը, մանավանդ Աստծու վկաների միակամ և միակրոն անքակտելի միաբանությամբ:
Արդ, երբ յոթ օր անցավ և հուրը դեռևս ճարակում էր նյութը, և բոցը դադարեց, անուշության հոտը չքնաղ և հրաշալի բուրում էր տեսնողներին և հույժ զարմացնում, և ոսկեճաճանչ նշույլներով զարդափայլում էր ինչպես արեգակի ճառագայթները` առավոտը բացվելիս, և սրբերի նշխարները երևում էին հրաշաճաճանչ լույսով:
Իսկ Մաքսիմիանոսը, մեծ հաղթություն համարելով այդ գործը, այն օրն իր աստվածների մեծ ու երևելի տոնն էր կատարում և հրամանով պատվիրում էր բոլորին` գալ, հասնել ձիավար կառամարտիկների մրցահանդեսին: Հրամայեց այդտեղ
պատրաստել մի տաճար Դեմետրիա աստվածուհուն, նրան, որ ինքը աստվածուհիներից մեծագույնն էր համարում: Եվ ինքն անցնելով ամբողջ հանդիսական զորքով` պիղծ զոհերի տոնն էր կատարում և մնացած բարեպաշտներին մղում էր համարձակ պաշտելու իր աստվածային կրոնը:
Այնժամ զինվորական մեկը, որ կոչվում էր Զենոն, չհանդուրժելով զազրատեսիլ և դիվաճենճեր զոհերը, մի բարձրադիր տեղ կանգնած բարձրաձայն գոչեց. «Մոլորյալ ես, ո՛վ թագավոր. զոհ ես մատուցում անզգա քարերին ու փայտերին, նյութեղեն տարրերին աստված ես անվանում, զոհեր ես մատուցում ու պաշտում ես ձեռագործ պատկերները, որ դևերի ստահոդ կերպարանք են: Բարձրացրո՛ւ հոգուդ իմացական աչքերը, նայի՛ր և տե՛ս, երևելիներով ճանաչի՛ր և իմացի՛ր աներևույթը, նյութեղեններով` աննյութականը, որ բոլորիս անգոյությունից գոյության կոչեց: Իսկ դու թողիր ամեն ինչի Հաստիչին, աննյութական Արարչին և Նրա կամքի բոլոր շնորհները, սնոտիներին զոհ ու պաշտոն ես մատուցում, մինչդեռ քո բոլոր աստվածները մի մժղուկի զորություն չունեն և դրանցից անարգ են»: Երբ Մաքսիմիանոսը լսեց այս խոսքերը, հրամայեց քարերով ջարդել նրա կզակը և զայրացած գոչեց դահիճներին` ավելի ուժեղացնել հարվածների տանջանքը, որ չանարգի աստվածներին: Արդ, երբ ջախջախվեցին նրա գլխի ուղեղապատակները, խորտակվեցին ծնոտները և բերանի մսուրները փշրվեցին և ատամները չարաչար դուրս թափվեցին: Դեռևս մի փոքր շունչ կար նրա մեջ և մեռնելու էր, հրամայեց քարշ տալ քաղաքից դուրս և նրա համարձակախոս գլուխը կտրել սրով: Այսպես Քրիստոսի քաջամարտիկ վկա Զենոնը մահվան վճիռ ընդունեց, կատարելով մարտիրոսական հանդեսը` բարձրացավ առ Քրիստոս, որ բոլորի գլուխն է:
Այժմ առաջ պիտի գար Դորոթեոսը, և բոլոր նրանք, որ աստվածային մեծ Անթիմոսի քահանայապետությանն էին զինվորագրվել: Նրանք ևս չմնացին առանց չարչարանքի, քանի որ ի վերուստ աստվածային շնորհը տնօրինել էր նրանց համար: Նրանց թուղթ էր ուղարկել այն սրբազանը, որ թաքնվում էր մի գյուղում: Սակայն անօրեն թագավորին հայտնի եղավ թուղթը, որ անմիջապես հասցրին նրան, և նա տեսավ ու կարդաց: Եվ թղթում իմաստության խոսքեր էին գրված և քաջալերանք հավիտենական կյանքի հույսի աստվածադիր կոչմանը, արիաբար հաստատուն մնալ վկայական հանդեսին, հաղթանակի վերին կոչմանը:
Այնժամ մեծ ցասումով բռնված Մաքսիմիանոսը հրամայեց իր առաջ բերել և ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ապստամբել իմ կամքի դեմ, հարձակվել ինձ վրա և իմ մի թշնամու հետ խոտորել»: Հրամայեց և թուղթը ընթերցել և բերողներին ներս կանչել: Նրանց տեսնելով` սուրբ վկաները իրենց հոգու մեջ խիստ ուրախացան: Իսկ Մաքսիմիանոսը, խեթ նայելով, նրան մեծ ցասումով ասաց. «Երիցս թշվառական եղկելի, ո՞վ ավանդեց այս թուղթը և ո՞րտեղ է նա թաքնված»: Իսկ այն արի և բարեզվարթ այրը չվեհերեց դժնի հայացքներից և չվախեցավ նրա չարաչար սպառնալիքից, ասաց. «Ով որ այդ թղթի տվողն է` կասեմ, բայց թե որտեղ է` չեմ ասի, որովհետև չեմ կարող լինել իմ հովվի մատնիչը: Բոլոր եկեղեցիներում նրանից բազում հոգևոր շահ է լինում. քանի որ նա ևս մի փոքր ժամանակ հետո հայտնապես կերևա բազմությանը, քանի որ քաղաքը չի կարող թաքնվել լեռան վրա» (Մատթ. Ե. 14): Արիաբար աստվածուսույց բերանով պատմում էր սրանք թագավորի առջև, իսկ անօրեն Մաքսիմիանոսը չհանդուրժեց խոսքի համարձակությունը, հրամայեց կտրել նրա լեզուն և ապա քարկոծել, իսկ այն սուրբ նահատակը լեզուն կտրելուց և քարկոծումից հետո նաև նետով խոցոտվեց, բայց ուշադրություն չէր դարձնում տանջանքներին, այլ Տիրոջից գոհանալով` ասում էր. «Տե՛ր Հիսուս, օգնի՛ր ինձ և ընդունի՛ր իմ հոգին անուշ հոտերի մեջ»,- և այդպես ավանդեց հոգին:
Տակավին Մաքսիմիանոսը ևս ցասումով ու սպառնալիքով էր լցված Դորոթեոսյանների դեմ, դառնաղետ և անողորմ տանջանքներ էր պատճառում նրանց: Ու մինչդեռ դահիճների ձեռքերը հոգնեցին նրանց ձաղկելով, այնուհետև երկաթե եղունգներով քերելով բզկտեցին նրանց մարմինները, հալումաշ էին անում նրանց հացի ու ջրի կարոտությամբ: Բազում անգամ մատների ծայրերին և եղունգների տակ սուրսայր եղեգն էին խրում և դրանով խոցոտում էին: Իսկ նրանք քաջաբար համբերում էին ամեն ինչին` հանուն Քրիստոսի երանավետ հույսի, և դառնորեն հանդիմանում էին թագավորի ամբարշտությունը: Որի համար թագավորն ինքը հուսալքվեց, հոգնեց բռնամահ վկաների համբերությունից, ապա նրանց վրա մահվան վճիռ կայացրեց այսպես. «Դորոթեոսի գլուխը սրով հատել, իսկ Մարտոնիոսին այրել կենդանվույն, Միկդոնիոսին գցել խորխորատը և քարի կարկառներ կուտակել նրա վրա: Գոգոնիոսին, Ինդոսին և Պետրոսին ծովը նետել` երկանաքար կապելով պարանոցներին»: Այսքան զանազան տանջանքներից հետո սուրբ վկաները վախճանվեցին երանելի մահով և բարի խոստովանությամբ համբարձվեցին Աստծու` իրենց հույսի մոտ ու խառնվեցին երկնային զվարթունների բանակին և պսակվեցին բոլորի արարչից:
Արդ, այս ամենը իմացավ այն մաքուր և ցանկալի կույս Դոմնան, ուրախացած ցնծում ու բերկրում էր իր սրտում, մանավանդ Ինդոսի համար, որ իր սուրբ վարքով ընկերակիցն էր, խիստ տենչալի փափագմամբ ցանկանում էր լինել հավասարակից ու հանդիսակից նրանց մաքուր մրցության, որի համար և չշեղվեց բարի ցանկությունից առ Աստված, որ կատարում է Իր երկյուղածների կամքը: Եվ որ այնպես մաքուր պահեց հարսանիքի պատմուճանը, որ իր բազմահեղձ ու ջերմ արտասուքով սպիտակացնում էր առագաստի զարդը և իրեն տալով ամեն ճգնության` ինքնիրեն ցանկալի էր
կացուցանում անմահ Փեսային: Քանի որ ամբարիշտների անտեղի գործերի պատճառով թաքնված էր մի անձավում և իր օրերն անցկացնում էր անձկությամբ, ասես խավարչտին սանդարամետական գերեզմանում: Եվ զովանում էր սակավ ջրով, կերակրվում բանջարների արմատով, որ գտնում էր քարանձավի եզրին: Շատ օրեր անց նա տղամարդու կերպարանքով իջնում էր այն լեռից, քանի որ նրան այդպես էր հագցրել նրա հոգևոր մայր Ագապիոսը, և փրկելով պագշոտ զեխերի ձեռքից` ապրեցնում էր: Սա փնտրում էր երանելի Ագապիոսին, բայց իմացավ, որ [նա] կատարել էր վկայական ընթացքը մյուս սուրբ կույսերի հետ` հրկիզվելով Աստծու տաճարում: Հոգով տանջվում էր այն երանուհին, որ ինքը ևս ողջակեզ չեղավ Ագապիոսի հետ, հաղորդվելով և ուրիշների չարչարանքին: Եվ կանգնելով այրված տաճարի մոտ` սուրբ մարմինների աճյունին խառնում էր հորդառատ արտասուք, աղեկեզ տոչորվում էր, մինչև որ կրծաբախ հառաչումով և թախծոտ հոգով անջատվում էին նրա մարմնի հոդերը:
Իսկույն իջնելով ծովեզր` տեսավ մի նավ, որի վրա ուռկաններն էին պատրաստում: Նավավարները տեսան երանելիին` տղամարդու կերպարանքով և ասացին. «Արի՛, ո՛վ երիտասարդ, օգնիր մեր աշխատանքին, որ քեզ մասնակից դարձնենք ձկնորսության»: Եվ նա մտավ նավը, իր հեզ պարկեշտությամբ և քաղցրաբարբառ աստվածային խոսքով ճմլեցնում էր ձկնորսների աչքերն ու հոգիները: Իսկույն ուռկանը ծովը նետեցին, և նրա մեջ լցվեցին բազում մեծամեծ ձկներ, որ հազիվ և մեծ ջանքերով հանեցին ծովափ: Ձկների բազմությունը դուրս հանելով` ուռկանի մեջ տեսան և պատառպատառ կոտորված մեռած մարմիններ: Խռովք ապրեցին այդ տեսարանից, լցվեցին ահով ու տրտմությամբ, մարմինները դուրս հանելով դնում էին էին հողին և ուռկանը վերցրած շտապում էին գնալ ծովի մյուս կողմը` որսափոխ լինելու, և սրբին աղաչում էին լինել որսակից, իսկ նա, չլսելով նրանց, հեռացավ: Նավավարները հաց ու ձուկ տվեցին նրան` իբրև աշխատանքի վարձ և իրենք գնացին:
Եվ նա, ինչպես վերևում ասացինք, իմացել էր Ինդոսի ու նրա ընկերակիցների կռվի եղանակը և վախճանը: Հասնելով այնտեղ, ուր ընկած էին սրբերի մարմինները, շտապշտապ տնտղեց և ստուգությամբ զննեց նրանցից յուրաքանչյուրին, որովհետև նրանց մարմինների տեսքից հավաստի երևում էր նրանց կերպարանքը: Նա գրկելով անհագաբար համբուրում էր նրանց և ոչ սակավ արտասուք թափում նրանց վրա: Ու մինչդեռ դառնացած հոգով փարում էր երանելիների մարմիններին, ծովի վրա տեսավ եկող մի նավ, և նավավարներն իջեցրին առագաստը, թիակներով հանդարտորեն գալիս էին ծովի ափը: Սուրբ կույսը մոտենալով ողջունեց նավապետին, ինչպես հարկն էր, և ցույց տվեց իր ունեցած ձկները, և նավապետը երդվեցնում էր նրան Քրիստոսի անունով, հարցնելով, թե քանիսով է վաճառում: Այնժամ ազնվական կույսը հասկացավ մարդու բարեպաշտությունը և նրան նավից դուրս կանչեց ցույց տալու նրան սրբերի մարմինները, մասնակից դարձնելու նրան սրբերի գեղեցիկ պաշտամունքին: Եվ մեկ առ մեկ ստուգությամբ պատմեց վկաների չարչարանքները: Եվ նավապետն այս ամենը լսեց, ընկավ նրանց ոտքերը, համբուրում էր վկաների սուրբ աստվածակիր մարմինները: Ապա նավից շտապ հանեց նոր կտավներ, սպիտակ հանդերձներ, անուշ յուղեր ու ազնիվ խունկեր. կույսը նավապետի հետ նախապես մաքուր ջրով լվաց, մանավանդ ավելի շատ արտասուքով, օծեց ու խնկեց երանելիների մարմինները և ամենայն զգուշությամբ պաստառակալեց: Այնուհետև վերցրին նրանց, տարան քաղաքի պարսպի մոտ, ձորակի պռնկին մոտիկ, այնտեղ, ուր սուրբ Դորոթեոսյանները մահվան վճիռ ստացան: Այդտեղ պատրաստեցին գերեզման և զգուշությամբ թաղեցին նրանց: Դոմնան խոստացավ նույն տեղում մնալ մինչև իր կոչման պահը և չհեռանալ Քրիստոսի սուրբ նահատակների գերեզմանից: Եվ այնտեղ մնաց բազում համբերությամբ, աղոթքով ու անուշաբույր խնկերով, անշեջ լապտերներով, միշտ ու անընդհատ կատարելով նրանց հիշատակի պատիվը: Նրան աջակից էր և նավապետը, բավական բաներ տալով նրանց համար:
Եվ քանի որ պարտ ու պատշաճ չէ արեգակնափայլ և լուսաճաճանչ ճառագայթներին ծածկվել հողի տակ, առավել ևս նրա վկայական հանդեսի վերին կոչման հաղթանակի աստվածային ցանկությունը անկատար չէր մնալու, ուստի այս իրողության զրույցը ի հայտ եկավ և հասավ չարիմաց Մաքսիմիանոսի ականջին: Սա իմացավ նրա անձկալի տարփանքը, որ դեգերում էր սրբերի մարմինների մոտ, ծափ էր տալիս ու ծիծաղում` ասելով. «Նրան կշնորհեմ իր բաղձանքը և հավասարակից կդարձնեմ նրանց չարչարանքին, նրան արձակելով դեպի սնոտի հույսը, որ ունեն»: Այս ասելով` շտապ դահիճներ ուղարկեց, որ եկան, հասան այն տեղը, ուր նա էր, և տեսան, որ երանելին արտասուքով աղոթում էր իր մտքում, միայն շրթունքները շարժելով: Մերկացրին իրենց սուսերները, կամենում էին կտրատել նրա բոլոր անդամները, իսկ երանելի կույսը ուշադրություն չէր դարձնում դահիճների սպառնալիքներին, այլ մահվան սպառնալիքից չվախենալով` հանդարտ և ցնծությամբ աղոթում էր: Ասելով` Ամեն, կնքեց սուրբ Խաչի նշանով ինքնիրեն և խոնարհեցրեց պարանոցը դահիճների առաջ. այդպես սրով հատվեց գերպայծառ և սուրբ կույս Դոմնայի գլուխը դեկտեմբեր ամսի քսանչորսին:
Դոմնայի վկայությունից հետո բռնվեց նաև Բութանիայի նահանգի սուրբ քահանայապետ մեծն Անթիմոսը, որ իր լուսավոր վարդապետությամբ բյուրերի լուսավորեց և բանավոր պատարագ ընծայեց երկնային ու քաջ Հովվին: Անօրեն Մաքսիմիանոսը բազում օրեր հետապնդել էր նրան և հազիվ էր բռնել: Նրան կանգնեցրեց ատյանի բեմի առաջ և գործադրեց տանջանքի բոլոր տեսակները:
Քրիստոսի բանավոր հոտի այն արի և քաջ հովիվը բոլոր չարչարանքները համբերատար արիությամբ կրեց և փորձեց բոլոր տանջանքները: Երբ այն ամբարիշտը տեսավ նրա ադամանդե հաստատուն հավատքը և անփոփոխ, աներեր սերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ` սրով [սպանելու] վճիռ կայացրեց. նրա ամբողջ հարցաքննության և տանջանքների հանդեսը մանրամասնորեն գրված է նրա պատմության մեջ:
Արդ, ոչ միայն այս քսան հազարը, որ միասին, մի վայրկյանում ընդունելի ողջակեզ եղան և բոլորի Աստծու անուշահոտ պատարագ, այլ նաև ուրիշ` անթիվ ու բյուրավոր վկաներ երևացին այստեղ: Եվ այս մեծ Նիկոմիդիա քաղաքը զարդարվեց ինչպես աստղերով պայծառացած երկինք` ու իբրև մի արեգակ շողում էր արփիափայլ ճառագայթներով: Սա եղավ ողջերի երկիր և ասպարեզ երկնային հանդեսների, մանավանդ սուրբ առագաստի: Այստեղից երկնքի խորանների բարձրություն հրավիրվեցին, սրա վրա բացվեցին երկնքի փակված դռները և վերին Երուսաղեմի առագաստը իր սրահներն ընդարձակեց, Աստծու փառքն իջավ սրա վրա, սա եղավ երկինք երկրի վրա, որովհետև երկնայիններին ընդունեց, սրա հիմքերը ներկվեցին անարատների արյունով, նրա անդաստանների սերմերը խառնվեցին երանելիների մարմնի աճյունին. մաքրվեց և օդը` ընդունելով սրանց շունչը, և արյունների գոլորշին սրբեց կուռքերի ծխամած ու միգապատ զոհերի ճենճերը. պսակվեց և ծովը` ընդունելով վկաների արյան կաթիլները և դարձավ աստվածային գանձերի պահեստի հավատարիմ պահակապետ: Տեր Աստծու աչքը հանապազ այս քաղաքի վրա է, և Տիրոջ փառքը երբեք չի հեռանում այստեղից:
Արդ, մեր երանավետ Կենարարի ծնունդից հետո` երկու հարյուր քսանութ թվականին, Մաքսիմիանոսի և Դիոկղետիանոսի թագավորության ժամանակ նահատակվեցին այս վկաները և իրենց անձերը` իբրև պատարագի կամավոր ընծա, մատուցեցին Կույսից Ծնվածին ու ստացան անթառամելի պսակը: Այս ճգնավորների անուններն են. նախ` Աստծու ընդհանրական կաթուղիկե եկեղեցու երեց Գղերիկոսը, որ Նիկոմիդիա քաղաքում էր, և սրբազան Զենոնը, և Թեոփիլիան ու Մարտոնիոսը, և երանելի Դորոթեոսը, Ինդոսն ու Պետրոսը` Միկդոնիոսի հետ, և երեք աստվածային կույսերը` Ագապիոս, Թեոփիլիա և Դոմնա, սրանցից հետո Նիկոմիդիա մայրաքաղաքի եպիսկոպոս Անթիմոսը: Սրանք բոլորը վկայությամբ մահվան վճիռ ստացան ամբարիշտ Մաքսիմիանոս թագավորից և ժառանգելու են անապական պսակ մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որին փառք և պատիվ և իշխանություն` Հոր և ամենասուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.