Մի կին պոռնկության հրով վառվելով և հարազատ որդու հանդեպ տռփանք ունենալով, նրանից արու զավակ ծնեց: Ապա այդպիսի զազրագործություններից զարհուրելով` ամեն ժամ երկնչում էր, թե միգուցե դիվահարվի կամ հանկարծակի չարամահ լինի: Դրանից հետո Աստծո ողորմությամբ սկսեց խորհել, ապաշխարել և առաջնորդի խրատով իր որդու հետ գնաց Հռոմ և մեծ վստահությամբ հայրապետի առաջ կանգնեց: Սաստիկ արտասուքներով ու հառաչանքով ամենքին մի առ մի իր մեղքերը խոստովանեց, այն աստիճան, որ ամենքին էլ զարմանքը պատեց, որդուն էլ, որպես իր գործած անօրենության վկա, իր մոտ ունենալով: Իսկ հայրապետը, կնոջ այդպիսի զղջումն ու ճշմարիտ ապաշխարությունը տեսնելով, գթաց, որպես ճարտար բժիշկ` ախտավորին կամենալով կատարելապես ու շուտափույթ առողջացնել, նաև զղջման փորձ անել, նրան հրամայեց, որ այն զգեստով իրեն ցույց տա, որով գնացել էր որդու մոտ մեղանչելիս: Իսկ նա, հավիտենական ամոթը ժամանակավորից առավել համարելով, անմիջապես զգեստները հանեց և հայրապետի առաջ միայն շապկով եկավ: Ինչպես որ պատրաստ էր փոխարենը
հատուցել, նույնպես և բավարարվեց նրա հնազանդվելով: Հայրապետը, այսպես մտածելով, քանի որ այդքան ամոթի այսպիսի հնազանդության համար` այդքան ապաշխարություն, որ ևէ մեղքի պատիժ չի կարող ընդդիմանալ բոլորի առաջ, կնոջն ասաց.
– Քո մեղքերը թող ներված լինեն, գնա՛ խաղաղությամբ: Եվ ավելի այլ բան նրա համար որպես ապաշխարություն չկարգադրեց:
Երբ եպիսկոպոսներից մեկն այս լսեց, փարիսեցու նման հայրապետի դեմ քրթմնջալով, նրա դատաստանը հանդիմանեց՝ ասելով.
– Այդքան մեղքերի փոխարեն այսչափ քիչ ապաշխարությունը կատարյալ չէ: Դրա դիմաց հայրապետը պատասխան տվեց.
– Եթե ես անիրավ կերպով արեցի դա, և Աստծո առաջ նրա ապաշխարությունը բավական չէ, սատանան թո՛ղ զորանա` իմ մեջ
մտնելու և ամենքի առաջ ինձ չարչարելու, իսկ եթե դու ես հանիրավի ինձ հանդիմանում, քեզ հետ թո՛ղ կատարվի: Երբ հայրապետն այս ասաց, դևն իսկույն սկսեց եպիսկոպոսին տանջել, որով հայտնապես Աստված ցույց տվեց, թե կնոջ ապաշխարությունը կատարյալ էր: Ապա դրանից հետո, ամենքի աղոթքով ազատվելով դևից` եպիսկոպոսը սովորեց Աստծո մարդասիրությունն իր չարչարանքների գնով իզուր չնվազեցնել:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007