Եգիա քաղաքում Նումերիոսի թագավորության և Թեոդորոսի դատավորության ժամանակ, ինը կաղանդներից առաջ, Հոռի ամսի քսաներեքին դատավորը նստեց Եգիա քաղաքի Անդրիանոսի տաճարում և ասաց. «Կանչեցեք կրոնով ամբարշտին»: Զորականներն ասացին. «Ահա այստեղ է. խնդրում ենք քեզ»: Թեոդորոս դատավորն ասաց նրանց. «Ո՞րտեղ բռնեցիք դրան, որի մորուքի հասնելու և ծաղիկ երիտասարդության պայծառանալու սկիզբն է»: Դենեսիոս դահճապետն ասաց. «Մինչդեռ գնում էինք Անարզաբա մայրաքաղաքը, դեռ հիսուն ասպարեզով հեռու էինք, տեսանք դրան` արևելք ընթանալիս: Երբ մեզ տեսավ, թաքնվեց անտառի մեջ, և մենք իմացանք, թե քրիստոնյա է և աստվածներին պատվելով` անտառում մնացինք քառասուն օր ու քառասուն գիշեր և դրան գտանք ձիթենու տակ թաքնված: Երբ բռնեցինք, որ կապենք` սկսեց դիմադրել մեզ, և մենք բրերով չարչարեցինք դրան, ջարդեցինք ոսկորները և երկաթե [կապանք] դնելով ձեռքերին ու ոտքերին` բերինք քեզ մոտ»:
Թեոդորոս դատավորն ասաց նրան. «Ո՞ր պաշտամունքից ես, կամ ո՞ր գահից, կամ ո՞ր քաղաքից, և ի՞նչ է քո անունը»: Թաղղոսն ասաց. «Եթե ուզում ես իմանալ, թե ինչ պաշտամունքից եմ` կոչվում եմ քրիստոնյա, իսկ թե ուզում ես իմանալ` ինչպես են մարդիկ անվանում` կոչվում եմ Թաղղոս և Լիբանանից եմ, հավատում եմ Գալիլիացուն և ընտանի եմ Երուսաղեմացուն: Իմ մայրը Հռոմելիանան է, իսկ հայրս` Բեկոսիանոսը: Ես արվեստով բժիշկ եմ և եղել եմ Հովհաննես եպիսկոպոսի սարկավագը: Քրիստոնյաների հալածանքի ժամանակ բոլորը փախան, միայն ինձ բռնեցին և հանձնեցին Եդեսիայի Տիբերիանոս դատավորին. ինձ չարաչար տանջանքներ պատճառեց և երեք անգամ հրապարակում տանջանքի ենթարկեց` կարծելով թե իմ մտածումները կդարձնի Աստծու ուրացության: Ես դիմեցի Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, և [Աստված] ինձ փրկեց նրա անօրեն ձեռքերից: Իսկ այժմ հասա, հանձնվեցի քո ատյանին, որով եկավ Աստծու անվան համար իմ մեռնելու ժամանակը: Արա՛ ինչ ուզում ես, որովհետև մոտ է Նա, ով օգնում է ինձ` Քրիստոս»: Դատավորն ասաց. «Ա՛յ փախստական, մի՛ կարծիր, թե կարող ես իմ ձեռքից փախչել»: Թաղղոսն ասաց. «Հավատում եմ ամենաթագավոր Աստծուն, որ ամոթի չի մատնի իր` ի Քրիստոս հուսացողներին, և ովքեր Նրա անվան համար գալիս են այս վկայությանը»: Դատավորն ասաց. «Գայլիկոնով ծակեցեք դրա պճեղները և պարաններ անցկացրեք և քարշ տվեք քաղաքով, որ փախչող է, գուցե կփախչի թագավորներից»:
Եվ սկսեցին անել այդպես, ջանացին ու չկարողացան: Եկավ նվիրակապետն ու ասաց. «Աղաչում ենք քեզ, տեր, առավոտից մինչև հիմա չարչարվեցինք ու ոչինչ չկարողացանք անել»: Դատավորն ասաց. «Կրկին ջանացեք, թերևս կարողանաք ծակել»: Եկավ հյուսն Աստերիոսը և ասաց. «Ինչպես հրամայեցիր` ծակեցինք նրա պճեղները և կապեցինք պարաններով»: Թեոդորոս դատավորն ասաց. «Այստեղ բերեք փախչողին»: Եվ բերին: Ասաց նրան. «Մոտեցիր և զոհ մատուցիր աստվածներին թագավորների հրամանի համաձայն, որ փրկվես տանջանքներիցդ»: Թաղղոսն ասաց. «Քրիստոնյա եմ և կուռքերին չեմ երկրպագի, որպեսզի չկորցնեմ Աստծուց ինձ խոստացված վարձը»: Դատավորն ասաց. «Եկեք–կախեցեք նրան գլխիվայր, որպես անզգամներից մեկի»: Իսկ սատանայի արբանյակները միայն փայտ[ից] կախեցին: Եվ Թաղղոսի աշակերտ Տիմոթեոսն ասաց. «Տե՛ս ինչ են անում սատանայի արբանյակները»: Թաղղոսն ասաց. «Լո՛ւռ մնա, քանի որ Քրիստոսն է, որ մեզ օգնում է և նրանց ջանքերը ունայն է դարձնում»: Դատավորն ասաց. «Օ՜, թշվա՛ռ, ո՛վ է, որ ձեզ չհրամայեցի կախել դրան, և դուք միայն փայտ[ից]կախելով եք տանջում և ծաղրում եք արքունական հրամանս»: Հյուսն Աստերիոսն ասաց. «Այն հավատացյալ մարդու Տեր Աստվածը կենդանի է, հանցանք չեմ գործում և կամ ծաղրում, այլ ես ևս խոստովանում եմ Քրիստոսին` Թագավոր երկնքի և երկրի, որին նա է հուսացել ու հավատացել»:
Իսկ Աղեքսանդրոս դահճապետն ասաց. «Արդարև մեծ փառք տեսանք այս երանելի մարդու պարագային և չենք կարող դրան ձեռք տալ, որի համար և մենք հավատացինք Քրիստոսին և քրիստոնյա ենք: Դրանով ճշմարտության գիտություն ստացանք, սուրբ Թաղղոսի չարչարակից կլինենք»: Եվ դատավորը տեսնելով` խիստ բարկացավ նրանց վրա, մռնչալով իբրև առյուծ, ատամներն էր կրճտում նրանց վրա: Իսկ Աստերիոսն ու Աղեքսանդրոսը աղոթելով ասացին. «Տեր Աստված քրիստոնյաների, մի՛ թողնիր, որ սատանան հափշտակի անձերը Քո ծառաների, որ խոստովանում են Քեզ»: Այս ասելով փախան դատավորի առջևից: Եվ պալատից Միտոս անունով մեկը հասավ ու սպանեց նրանց, եկավ, պատմեց դատավորին, ասաց. «Տե՛ր դատավոր, նրանց հասա լեռան վրա, բռնեցի և սպանեցի սրով և նրանց գցեցի այնտեղ, և ամբողջ բազմությունը տեսավ»:
Դատավորն ասաց. «Դու ի՞նչ ես կամենում, Թաղղո՛ս, զոհ մատուցել աստվածներին և ապրե՞լ, թե՞ մեռնել չարաչար»: Թաղղոսն ասաց. «Չես կարող համոզել Աստծու ծառայիս զոհ մատուցելու սնոտի դևերին և նրանց պատկերներին: Չեմ վախենում քո տանջանքներից, քանի որ մերձ է ինձ իմ հույս Քրիստոսը և ինձ կազատի քո տանջանքներից»: Եվ դատավորը բարկացավ, ելավ անձամբ տանջելու երանելիին, և նրա ձեռքերը փայտացան: Դատավորն աղաղակեց ասելով. «Աղաչում եմ քեզ, ճշմարիտ Աստծու ծառա, աղոթիր ինձ համար, որ ձեռքերս բուժվեն»: Եվ երբ Թաղղոսը աղոթեց` ողջացան նրա ձեռքերը: Եվ բոլորը զարմացած ասացին. «Մեծ է Աստվածը քրիստոնյաների»: Դատավորն ասաց. «Կանչեցեք նավավարին»: Եվ երբ եկավ` ասաց. «Դրան գցեցեք նավ և տարեք Սիպրոս քաղաքը և այնտեղ կմեռնի դա, թող իմ ձեռքով չմեռնի»: Թաղղոսն ասաց. «Դու ես դրել սկիզբը և քո ձեռքով եմ մեռնում»: Նրան վերցրին, գցեցին նավի մեջ, ու մինչդեռ վարում էին, Թաղղոսն ասաց. «Քրիստոս կարող է դարձնել այս նավը այնտեղ, ուր Թեոդորոսը հարվածեց ինձ»: Երբ գնում էին, ծովի մեջ ուժեղ հանդիպակաց հողմ ելավ, ետ դարձրեց նավերը, այն նավով հանդերձ, որի մեջ սուրբ Թաղղոսն էր: Եվ երբ մոտեցան այն տեղին, ուր ատյանն էր, Թաղղոսը աղաղակեց և ասաց դատավորին. «Արդ, ուր են քո աստվածները, ուր են քո պարծանքները. դիմադարձելով Քրիստոսը հաղթեց և բթացրեց քո հայր սատանայի խայթոցը»:
Դատավորն ասաց. «Տեսեք, թե ինչպես կախարդեց և նավերը ետ դարձրեց»: Եվ հրամայեց կախարդներ բերել: Երբ բերին, Թեոդորոս դատավորն ասաց. «Ինչ անենք սրան, որովհետև իր կախարդությամբ հաղթեց»: Ուրբիկոս կախարդն ասաց. «Քրիստոնյաների ազգը չարակռիվ է և չարամահ, բայց դու արա ինչ որ կասեմ քեզ, և արագ կսատկեցնես նրան. պատրաստիր տախտակներ և կարկինի նման սուր գամեր և նրա մազերը մեխել տուր տախտակներին և քարշ տուր քաղաքի հրապարակում: Այդպես կվերանա նրա կախարդությունը, իսկ դրանից հետո թող նետեն գազաններին, որ քաշքշեն նրա մարմինը»: Եվ դատավորը շտապ հրամայեց կատարել տախտակներով գամելու հնարքը: Երբ պատրաստեցին, բերին սուրբ Թաղղոսին: Նա ձեռքերը տարածելով սկսեց աղոթել և ասաց. «Տե՛ր Աստված, մնա Քո ծառայի մոտ և հաղթիր սատանայի չար հնարներին, որ ինձնով փառավորվի Քո անունը և ճանաչվի նրանց չարության ամբարշտությունը, որ ոչ թե կախարդություն է, այլ քո աստվածության անպատմելի զորությունը»: Եվ երբ այս ասաց` նրան պառկեցրին տախտակների վրա և գամեցին, և կապելով քարշ էին տալիս նրան քաղաքի ասպարեզում: Եվ դատավորը նստեց ասպարեզում, հարցրեց. «Ասա՛, ո՞վ տվեց Քրիստոսի չար պաշտամունքը»: Զորականներն ասացին. «Կարծում ենք, որ մեռավ»: Դատավորն ասաց. «Շամփուր տաքացրեք, դարձրեք հրի նման և ծակեցեք դրա կողերը, միգուցե խաբում է»: Եվ երանելի Թաղղոսը ինքնիրեն տյառնագրեց Քրիստոսի Խաչի սուրբ նշանով, շարժվեց վեր վազելով, կտրեց բոլոր կապանքները, որ պնդված էին բևեռներով, կանգնեց մեջտեղում, ավելի զորավոր խոսելով ասաց. «Օրհնյալ է Աստված, որ ինձ հարուցեց մեռելներից և ամոթահար արեց կուռքեր պաշտողներին»:
Այնժամ դատավորը հրամայեց նրա վրա գազաններ բաց թողնել: Եվ մի մատակ առյուծ եկավ, նրան չվնասեց: Եվ դարձյալ արձակեց նրա վրա վագրեր, և գազանները գնացին, գորովանքով ընկան նրա ոտքերը: Եվ սուրբ Թաղղոսը բարձրաձայն ասաց. «Երանի նրանց, որ հավատում են Քրիստոսին, երանելի են` ովքեր առանց երկմտության կմոտենան նրա խոստովանությանը, երանելի են, որ իրենց անձը չարչարանքի մատնեցին` հանուն Քրիստոսի, որովհետև նրանք հաղթում են սատանային»: Երբ այս լսեց դատավորը, ասաց. «Ինչպե՞ս կախարդեց վայրի գազաններին` դիմելով Քրիստոսի անվանը»: Եվ հրամայեց բերել նրան ասպարեզի պատի մոտ, որ քաղաքի ամբողջ բազմությունը քարկոծի նրան:
Թաղղոսն աղաղակեց և ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամենակալ Հայր, ինձնից հեռացրու մարդկային սպառնալիքը, որպեսզի իմանան, որ Դու ես միակ Աստվածը, բացի Քեզնից` ուրիշ ոչ ոք, իսկ ես Քո ծառան եմ»: Եվ նա այս ասելով աղոթեց. քարերը ետ էին դառնում և վիրավորում ամբարիշտներից շատերին, իսկ սուրբը չվիրավորվեց, քանի որ ծածկված էր Աստծու շնորհով: Եվ դատավորը հրամայեց իջեցնել նրան և ասաց. «Մոտեցիր և զոհ մատուցիր աստվածներին, որովհետև նրանք օգնում են քեզ, և որի համար ես ներողամիտ եղա քո նկատմամբ, իսկ եթե ոչ` երդվում եմ Ասկլեպիոսով, այսուհետև կհրամայեմ քեզ մատնել դառն տանջանքների»: Թաղղոսն ասաց. «Քրիստոնյա եմ և չեմ կարող զոհ մատուցել դևերին: Ինչպես ուզում ես արա՛, չեմ վախենում քո տանջանքներից, որովհետև Քրիստոսն է, որ օգնում է ինձ»:
Եվ դատավորը հրամայեց ձեթ և ձյութ, ծծումբ և կուպր բերել և միասին խառնել երկաթե կաթսայի մեջ և լավ տաքացնել և լցնել նրա գլխին: Ասաց. «Տեսնեմ` դրան կօգնի՞ Քրիստոսը, որ նրա հույսն է»: Թաղղոսն ասաց. «Հավատում եմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին, որ զորացրեց և օգնեց ինձ, Նա է, որ հաղթում է քեզ ինձանով, և դու` ամբարշտությամբ կուրացած անօրեն, չես կարող տեսնել իմ Քրիստոսի օգնականությունը»: Երբ այս ասաց, կաթսան մոտեցրին, որ դեռ եռում էր, և լցրին նրա գլխին: Իսկ կուպրը եղավ ջրի նման սառն և նրան չվնասեց: Դատավորն ասաց. «Քո կախարդությամբ հաղթում ես բոլորին, միգուցե քո կախարդությամբ մեզ համոզես քրիստոնյա՞ դառնալ»: Եվ հրամայեց կանչել Ուրբիկոս կախարդին: Նա այնպես կռվեց նրա հետ, և երբ [Թաղղոսը] բոլորին հաղթեց` դատավորը հրամայեց կանչել Իլիթոպոս և Քարտիկուր թովիչներին: Եվ երբ եկան` ասաց. «Ի՞նչ անենք այս քրիստոնյային, որովհետև պարծենալու է, թե հաղթեց մեզ: Այժմ դրան գցեցեք չար գազանների մեջ»: Եվ նրան ասացին. «Այս օրերին կան գազաններ, որ ոչինչ չեն կերել»: Դատավորն ասաց. «Մի՛ խնայեք դրան, այլ գցեցեք գազանների առաջ, որպեսզի գազանները վերջ տան դրան»:
Երբ նրան գցեցին գուբը, գազանները գնում, նրա ոտքերն էին ընկնում, լիզում էին ոտքերը և նրան չէին վնասում: Իսկ գուբի մեջ կային իժեր, քարբեր և եղջերավոր օձեր: Թաղղոսը գուբի մեջ գազանների հետ մնաց երեք ցերեկ և երեք գիշեր և այնտեղ փառավորում էր Աստծուն: Երեք օր անց դատավորն ասաց թովիչներին. «Կախարդները հաղթեցի՞ն այն թովիչին»: Եվ նրանք պատասխանեցին. «Քո հրամանի համաձայն նրան գցեցինք գուբը. այնտեղ գազանների մեջ մնաց երեք օր ու գիշեր: Եվ ամենևին չմոտեցան նրան, այլ գիշեր–ցերեկ նրան շրջապատած օրհնում ու փառավորում էին իրենց Տեր Աստծու անունը»: Զարմացած դատավորը հրամայեց բերել նրան: Եվ երբ [սուրբը] մտավ նրա մոտ, դատավորն սկսեց համոզել նրան և ասաց. «Ե՛կ, բարի՛ մարդ, զո՛հ մատուցիր աստվածներին, խոստովանի՛ր Ադրիանոս ամենակալին, և քեզ կազատեմ»: Թաղղոսն ասաց. «Ե՛ւ առաջ քեզ ասացի և՛ այժմ ասում եմ, որ քրիստոնյա եմ, չեմ ուրանա իմ Աստծուն, չեմ մոտենա անզգա քարեղեններին և պիղծ դևերի պատկերներին: Եվ Ադրիանոսի` ամբարիշտ մարդու համար ինչո՞ւ ես ինձ բռնադատում, որ ես չեմ խոստովանում նրան, այլ գիտեմ, որ անօրեն ու ամբարիշտ է, անսուրբ ու ժանտագործ»: Թեոդորոս դատավորն ասաց. «Իմ ձեռքից չես պրծնի, մինչև աստվածների վրեժը չլուծեմ, որ հայհոյեցիր, անարգեցիր և արհամարհեցիր մեր դատավորական իշխանությունը»: Եվ հրամայեց տաքացնել հնոցը, և առավել ջերմացրին: Պալատից եկավ ոմն Կղավդիանոս և դատավորին ասաց. «Այնպես եղավ հնոցը, ինչպես ճառագայթները սաստիկ այրումից»: Եվ հրամայեց դատավորը Թաղղոսին գցել հնոցը ընկերներով հանդերձ, որոնք կոչվում էին քրիստոնյա, և որոնց անունները սրանք են. Նարգիսոս, Թեոդիոս, Ակաստասիա, Փիղադուս, Մարկարիա, Թեոդողե և Անաստասիս:…
… Եվ դահիճները վերցրին Թաղղոսին ու նրա ընկերներին, որ բազում չարչարանք էին կրել Տիրոջ անվան համար և գցեցին հնոցը: [Նրանք] գովում և փառավորում էին Աստծուն, որ իրենց արժանի արեց հասնելու երկնային պսակին: Իրար գրկած` այրը` այրին, կինը` կնոջը, աղաղակում և ասում էին. «Դու, որ երեք մանուկներին հնոցում հովանի եղար, պահիր մեզ անարատ այս հրի մեջ և ընդունիր մեր հոգիները, որ սուրբ և ճշմարիտ ես և Քո լույսի խորանում դասիր սրբերի հետ, որպեսզի անդադար փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և հավիտյանս ամեն»: Ամբողջը ասելով հոգիներն ավանդեցին Տիրոջ ձեռքը: Եվ հանկարծակի որոտմունք, փայլատակում և սաստիկ անձրևներ եղան ու մարեցին հուրը: Դատավորը երկյուղից հուսալքվեց, աղաղակեց ասելով. «Վա՜յ ինձ` մեղավորիս, որ դառնացրի Աստծուն, և նրա սրբերին կոտորեցի»,– և քիչ օրեր անց կյանքից զրկվեց և շատերը հավատացին Տիրոջը:
Ես` Տանեբոսս, սուրբ Թաղղոսի ծառան, վերցրի սրբերի մարմինները և գերեզման դրի ասպարեզի վերևը` Ադրիանոսի տաճարի մոտ: Եվ հանապազ փառավորվում է Աստված սուրբ վկաների ճգնությամբ և սրբերի հիշատակը կատարողների հոգիներին ու մարմիններին բժշկություն է շնորհում, որոնք ճշմարտությամբ փառավորում են երեքանձնյա Տերությունն ու Միաստվածությունը այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն1: …..
…[Թաղղոսը] խաչակնքվելով շարժվեց դեպի վեր, խզեց բոլոր կապանքները, քանդեց գամերը, կանգնեց մեջտեղը և խոստովանելով ասաց. «Օրհնյալ է Աստված, որ ինձ հարություն տվեց մեռելներից և ամոթահար արեց կուռքերի պաշտոնյաներին»: Այնժամ դատավորը հրամայեց նրա վրա արձակել գազաններ: Եվ մոտեցավ մի մատակ առյուծ, ընկավ նրա ոտքերը: Հետո արձակեցին վագր, որ ընկավ նրա առաջ: Գազանները ձայնով ձևացնում էին սրբի գովություն: Եվ սուրբ վկան ասաց բարձրաձայն. «Երանի նրանց, որ հավատում են Քրիստոսին, երանելի են, որ առանց երկմտության մոտենում են Նրան խոստովանելու, որովհետև նրանք կժառանգեն պարգևներ: Երանելի են, որ իրենց անձերը մատնում են Աստծու համար, որովհետև նրանք հաղթում են սատանային»: Երբ այս լսեց դատավորը, զարմացավ և ասաց. «Ինչպես վայրենի գազաններին կախարդեց` հիշելով Հիսուսի անունը»: Դատավորը հրամայեց. «Դրան գամեցեք պարսպին»,– և ամբողջ բազմությանը հորդորեց քարկոծել նրան: Եվ քարկոծելիս սուրբն աղաղակում և ասում էր. «Ամենակալ Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, ինձնից դարձրու սպառնալիքը, որ հասկանան, թե Դու ես Աստվածը և այլ Աստված չկա բացի Քեզնից, և ես` Քո անարժան ծառաս կխոստովանեմ Քեզ»: Եվ աղոթելիս քարերը ետ էին դառնում և բազում ամբարիշտներ սպանվում էին, իսկ սուրբը չէր վիրավորվում…
Ես սուրբ Թաղղոսի ծառա Տանեբոսը վերցրեց սրբերի մարմինները, դրեց գերեզման ասպարեզի վերնամասում, Ադրիանոսի տաճարի մոտ: Դրանով Աստված փառավորվում է սուրբ վկաների ճգնությամբ և բժշկություն է շնորհում սրբերի հիշատակը կատարողների հոգիներին ու մարմիններին, որոնք ճշմարտությամբ փառավորում են երեքանձնյա Տերությունը և մի Աստվածությունը. այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր Բ (Դեմետրիոս – Թեոփիլոս). Ս Էջմիածին: 2009 թ