Այն ժամանակ Հռոմ մեծ քաղաքում թագավոր էին Դիոկղետիանոսը և Մաքսիմիանոսը, և չար խորհուրդ հղացան` աստված կոչվածների քուրմերի և քաղաքի սինկղիտոսների և մեծամեծների հետ քարոզիչներ ուղարկել Հռոմի բոլոր գավառների իշխանություններին` ողջակեզ և զոհեր մատուցեն աստվածներին, և բոլորը ճաշակեն զոհերի [մսից]: Բոլորին հաճո թվաց այս գաղափարը և մեծ ցնծությամբ ուրախացան և ասացին. «Մենք բոլորս հավանում ենք ինքնակալներիդ հրամանը` մեր բարերար աստվածներին հստակամտությամբ զոհ մատուցել, իսկ ովքեր չհնազանդվեն` մահով մեռնեն»: Եվ շուտով թագավորներից հրաման ելավ` քաղաքի բոլոր գլխավորներին հավաքել Հռոմի Կապիտոլիումում, նամակ գրելով այս բովանդակությամբ.
«Միշտ հաղթող թագավորներ, ինքնակալ սեբաստոսներ Դիոկղետիանոսը և Մաքսիմիանոսը, մեծամեծներով և փոքրերով միաբան, իմացանք առատապարգև բարիքները, որ շնորհեցին աստվածները, մանավանդ հաղթությունը, որ ընձեռվեց մեզ, և հակառակորդների տկարությունը և նկուն լինելը նրանց զորությունից: Նաև երկրի առատ պտղաբերությունը և օդի բարեխառնությունը, որ շնորհվեց մեզ, և բոլոր բարիքները: Որի համար հրամայում ենք ձեզ` բոլոր գավառներին ու քաղաքներին, որ մեր իշխանության տակ եք, չդադարել աստվածներին զոհ մատուցելուց, այլ ընծայատուր լինել նրանց բագիններին, թե՛ մեկը` ազատ է և թե՛ ծառա, թե՛ զինվոր, թե՛ ռամիկ` ողջակեզների նվիրական զոհերը մի՛ ծուլանաք մատուցել: Իսկ եթե մեկը հակառակ կենա մեր հրամաններին, այնպիսին մատնվի դատավորների ձեռքը և արգելափակվի խավարչուտ տեղերում, դառն ու չարաչար տանջանքով և բազում հարվածներից հետո սրով մահու վճիռ ստանա: Իսկ ովքեր հնազանդ լինեն մեր հրամաններին, նաև աստվածների բարերարությունից կգոհանան և ողջակիզված զոհերից կճաշակեն, փառքի ու պատվի կարժանանան»:
Լսելով այսպիսի ուրացության հրամանը Հռոմայեցոց ամբողջ աշխարհը ահուդողով խռովվեց, և մեծ դողով զարհուրեցին, և իբրև խավարի մեգ և տագնապի խուճապ տարածվեց հավատացյալների վրա, քանի որ արևելյան քաղաքների դատավորներից մի լուր եկավ–հասավ թագավորների լսելիքին, գրված ամբաստանության նամակ, թե Կապադովկիան և Մեծ Հայքի բոլոր կողմերը հակառակվեցին ձեր հրամաններին` չկատարելով աստվածների խորհրդավոր տոները և չճաշակելով նրանց նվիրական զոհերի [մսից]:
Երբ այս լսեցին թագավորները, շտապ փոխեցին այն գավառների իշխաններին` մեծ ցասումով զայրացած նրանց վրա, նրանց համարելով օրինազանց և անպիտան: Եվ նրանց փոխարեն երկու մարդ ուղարկեցին` ազգով և կրոնով հելլենացի, մեկի անունը Լուսիաս և երկրորդինը Ագրիկողայոս. վայրենամիտներ և գազանաբարոներ` խորագետ և հանճարեղ:
Եվ երբ նրանք եկան հասան արևելից երկիրը, այն արյունարբու գազանների հրամանով բոլոր քրիստոնյաները բռնվեցին նրանց անաստված դահիճների ձեռքով և անողորմ տանջանքների ենթարկվեցին, իսկ նրանց, որ թաքնված քրիստոնյաներին մատնում էին, պարգևներ էին տալիս: Նաև հեթանոսները տեսան այն, թե ովքեր մատնում են քրիստոնյաներին, պարգև են ստանում, այնուհետև շահագրգռված էին լինում հավատացյալներից մեկին գտնել, որ մատնեն այն գիշակեր գազանների ձեռքը:
Եվ երբ քիչ ժամանակ անցավ, հեթանոսներից ոմանք Տրապիզոն քաղաքում լսեցին և փախած քրիստոնյաներին մատնում էին դատավորների ձեռքը` ինչք շահելու նպատակով: Այնուհետև եկան Սադաղա քաղաքը, որտեղ նստում էր Լուսիաս դուքսը, և պատմեցին երանելի Վաղերիանոսի, Կանտիտոսի, Ակյուղասի և Եվգինիոսի մասին, որ Տրապիզոն քաղաքից էին: Նաև քրիստոնյաներից շատերը արծաթսիրության ախտով նմանվելով Հուդային` գնացին Սադաղա քաղաքը, հանդիպեցին Կոմենտարիոսին, որ զինվորների դասի զորագլուխն էր, հայտնեցին նրան ասելով. «Ահա Տրապիզոն երկրի և մերձակա Իտիսկոնիա գավառի վարդապետները թաքնված են ամրոցում: Նրանք թագավորներին ուսուցանում են քրիստոնյաների հավատքը և ասում. «Թագավոր չեն նրանք, ովքեր բռնությամբ պահում են երկիրը, այլ մեկ ուրիշն է` Հիսուս Քրիստոսը, երկնավոր Աստված: Նրան հրեաները Խաչյալ են ասում, և հեռացրին ողջակեզներից և աստվածների զոհերից: Եվ ոչ միայն նրանց, այլև այն կողմերի բոլոր գեղջուկ ու ռամիկ մարդկանց խաբելով դարձրին իրենց կրոնին: Մեկ ուրիշը ևս հայտնվեց մեր քաղաքում, որ գրեթե նրանց աղանդի գլուխն է և չի դադարում ուսուցանել ու քաջալերել բոլոր քաղաքացիներին ու զորականներին` խրատելով ու ասելով. «Մի՛ երկրպագեք աստվածներին, այլ` Հիսուս Քրիստոսին, որին երկնավոր և հավիտենական Թագավոր են կոչում»: Եվ նրանք թաքնված են այն կողմերի անտառախիտ մայրիների մեջ:
Զորագլուխն ասաց նրանց. «Եթե կարողանաք նրանց ցույց տալ ինձ, բազում պարգևների և պատվո կարժանացնեմ ձեզ` ըստ մեր իշխանի հրամանի»: Այնժամ զորագլուխը գնաց և ծածուկ հայտնեց Լուսիաս իշխանին այն մարդկանց ասածները, և դուքսը հրամայեց իր մոտ կանչել այն քրիստոնյաներին, Քրիստոսի երանելի վկաներին: Եվ երբ սրանք [մատնիչները] եկան, դուքսը ելավ և նրանց մեկուսացրեց ամբոխից, հարցնում էր նրանց, թե ո՞րտեղ են սրբերը և ո՞ր քաղաքներից են նրանք: Նրան պատասխանեցին. «Տրապիզոն քաղաքի սահմաններում կբռնենք նրանց: Արդ, հրամայիր որսորդներին, շներով գալ մեզ հետ, և զորականներիցդ մեր հետևից գան և շրջապատեն անտառը, որտեղ բնակվում են, և կբռնենք նրանց»: Այս խոսքը հաճո թվաց Լուսիաս իշխանին, և տվեց ամեն մեկին երեք դահեկան և առաքեց նրանց, պատվիրելով, որ ոչ ոք չիմանա ու չփախչի բարբարոսների երկիրը:
Իշխանը կանչեց Կոմենտարիոսին, որ զորագլուխն էր, և բոլորի ներկայությամբ հրամայեց զորականներին` պատրաստել որսորդներին ու զինվորներին և մատնիչներին նրանց հետ փութով հասնել Տրապիզոնի երկիրը, հետամտել և շրջել, որ միգուցե գտնեն նրանց, և զգուշանալ, որ խռովություն չընկնի երկրում: Եվ երբ մոտեցան տեղին, որ մատնիչները ցույց էին տալիս նրանց, շրջապատեցին անտառը և աղաղակ բարձրացրին. և թնդում էր երկիրը, ժայռերն ու լեռները ահավոր արձագանքով գոչման ձայներ էին արձակում: Եվ գազանները հոտոտելով շրջում էին, որս էին կարծում և փնտրում մարդկանց, իսկ որսորդները արագորեն գտնելով նրանց, շատ ուրախանում էին:
Եվ տեսան երանելի Կանտիտոսին, բռնեցին և հարցրին նրան. «Ո՞վ կամ ո՞րտեղացի ես դու և ինչ գործ ունես այս անտառում»: Պատասխանեց սուրբն ու ասաց նրանց. «Ես քրիստոնյա եմ»: Մատնիչներն ասացին. «Դո՞ւ ես քրիստոնյաների վարդապետը»: Երանելին դարձյալ ասում է նրանց. «Ես քրիստոնյա եմ»: Հարցրի նրան. «Ո՞ր քաղաքի քաղաքացի ես դու, և կամ ի՞նչ է քո անունը»: Պատասխանեց նրանց և ասաց. «Ես Մակեդոնացոց աշխարհից եմ, Թեսաղոնիկե քաղաքից»: Եվ մատնիչներն ասացին. «Կապեցեք դրան երկաթե կապանքով և տարեք իշխանի մոտ, և այնտեղ կհարցաքննեն դրան և կիմանան, թե ո՞վ կամ ո՞րտեղից է: Եվ իրար գլխի մի՛ հավաքվեք, որ քրիստոնյաները չգան և չազատեն դրան, որովհետև ինչպես տեսնում ենք` դա է որոնվածը»: Եվ կապեցին նրան, տվին զորականներից մեկին, և ճամփա ընկան գնալու Տիսկանա կոչված ճանապարհով:
Եվ իրենք գնալով թանձրախիտ անտառով խուզարկում էին, գտնելու սրբերի մյուս ընկերոջը: Եվ տեսան մի մարդու, որ լծած եզներ էր քշում: Եվ բռնելով հարցրին նրան. «Ո՞ւր են փախել քրիստոնյաները, և կամ գուցե հենց դու ես»: Պատասխանեց և ասաց. «Ես մեղավոր մարդ եմ և ում մասին հարցնում եք` չգիտեմ»: Եվ սրբերին մատնողները ասացին զորականներին. «Բռնեցեք դրան և տարեք իշխանի մոտ, և նա տանջելով կհարցնի դրան, և կխոստովանի»: Ստրատելատներն ասացի նրան. «Միայն տեղը ցույց տուր, և քեզ կարձակենք»: Նա պատասխանեց. «Եվ ինչո՞ւ պիտի ես արդարև անարատ մարդուն իզուր կորստյան և մահվան որոգայթի մատնեմ»: Իսկ նրանք փաղաքշանքով աղաչում էին նրան, որ չվախենա զարհուրելով և բոլորին լսելի հայտարարի: Դարձյալ ստիպում էին և ասում. «Մեզ տեղը ցույց տուր միայն հեռվից»: Եվ այրը հավանեց նրանց [խոսքին], և տարան նրան այնտեղ, և ցույց տվեց: Այնժամ զորականներով հանդերձ թակարդներ պատրաստեցին այն տեղի շուրջը, ինչպես երեների որսի ժամանակ, բարձր ձայնով ու աղաղակով բռնեցին սրբին: Նա ուզում էր փախչել նրանցից, բռնեցին և հարցրին. «Ո՞վ ես կամ ո՞րտեղից ես»: Պատասխանեց և ասաց նրանց. «Ես քրիստոնյա եմ: Բավական էր ինձ նախասացյալ անունը, որ վայելուչ էր ասել ձեզ»: Այնժամ մատնիչներն ու ստրատելատները իմացան, թե սա է, որին փնտրում են: Եվ կապեցին սրբին, հանձնեցին զինվորներին, ուզեցին արձակել այն մարդուն, որ ցույց տվեց նրանց: Իսկ նա ասաց. «Թե այսպես հաճո թվաց մեր Աստծուն, որ մեր առաջնորդները մատնվեն ձեր ձեռքը, ես ևս չեմ հեռանա նրանցից, որովհետև ճշմարիտ քրիստոնյա եմ»: Եվ սուրբ վկա Վաղերիանոսը ասում է հավատացյալ մարդուն. «Ե՛կ մեզ հետ, որդյա՛կ, և մի՛ հեռանա մեզնից, որովհետև այսպիսի ուղեկիցներ երբեք չես գտնի և ոչ հրավիրող` Տեր Հիսուս Քրիստոսի նման»: Զորականները լսեցին, որ այրը քրիստոնյա է, կապեցին և շարունակեցին իրենց ճանապարհը:
Երեք օր հետո սրբին տարան Տրապեզոն քաղաքը: Զորականները քաղաքացիներին կապվածների մասին հարցրին. «Ո՞րտեղ բանտ գցենք»: Եվ որոշեցին ընդհանուր բանտում պահել նրանց մինչև Լուսիաս բդեշխի գալը: Եվ զինվորները անընդհատ շրջում էին քաղաքում, որ թերևս գտնեն սրբերի երրորդ ընկերոջը: Իսկ սուրբը ապահով թաքստոցում էր: Եվ իշխանին հայտնեցին, թե նրանց վարդապետներից երկուսին բռնել են, իսկ երրորդին չեն գտել: Մատնիչները ևս չգտան սուրբ Եվգենիոսին, գնացին ամեն տեղ, և [մարդիկ] չուզեցին ցույց տալ զորականներին: Երբ այս լսեց Լուսիաս իշխանը` առավոտյան հավաքեց զորքերը և իր զորականների դասը և ճանապարհ ընկավ: Եվ հինգ օր հետո եկավ Տրապեզոն քաղաքը և իմացավ զորականներից, որ գտել են սրբերին:
Իսկ ամենագով սրբերը այն բանտում գիշեր–ցերեկ աղոթում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին և ասում. «Քեզ հուսացողների անձերը մի՛ մատնիր գազաններին և մի՛ մոռանար աղքատությունը մեր, մեր Տեր Աստված, այլ փրկիր մեզ մեր ատելիների ձեռքից և մեզ ամրացրու Քո ամենահաղթ աջով և մեր վկայության ընթացքը վերջացրու ըստ Քո անսուտ խոստումների»: Եվ երբ առավոտ եղավ` Լուսիաս դուքսը եկավ և հարցրեց զորքին. «Ո՞րտեղ է ժողովարանը, որ այնտեղ նստելով հարցաքննեմ դատապարտյալներին»: Քաղաքացիները պատասխանեցին. «Պալատը, որ կոչվում է Վավռեսին, մոտ է ծովին: Դա է դատաստանի վայրը»: Եվ քաղաքի բազմությունը հավաքվեց` տեսնելու Քրիստոսի վկաների հանդեսը:
Լուսիաս իշխանը գնաց և նստեց ատյանում և Կոմենտարիոսին հրամայեց բերել բոլորին, որ բանտում էին և հարցաքննել: Զորագլուխը գնաց բանտ, սրբերին կապանքներով առավ և բերեց [նրա] առջև: Իսկ սուրբ վկաները միաբան աղոթում էին Աստծուն և ասում. «Տեր Հիսուս Քրիստոս, ամենակալ և գթած Աստված, դու սուրբ մարգարե Դավթի բերանով ասացիր. «Նախապես մի՛ հոգացեք, թե ինչ խոսեք, որովհետև ձեր Հոր Հոգին կխոսի ինչ որ պետք է դուք խոսեք» (Ղուկ. Ա. 14–15): Այժմ Տեր և Աստված մեր, խոստացված ժամը հասել է. ուղարկիր Քո հրեշտակին և մեզ տուր մեր բերանը բանալու խոսքը, երբ մտնենք իշխանի առաջ` հանդիմանելու նրա անօրինությունը, որ ամբարշտել է Քո դեմ: Բայց չարչարանքի նրա հարվածներից մենք չենք վախենում, քանի որ հանապազ Քեզ ունենք մեր աչքերի առաջ»: Եվ երբ սրբերն ավարտեցին աղոթքը, անօրեն դահիճները բռնեցին նրանց, պատռեցին նրանց հագուստները և տարան իշխանի առաջ:
Երբ Լուսիասը տեսավ նրանց, հարցրեց. «Ասացեք ինձ ձեր անունը, թե ինչ եք կոչվում, ապա ձեր պաշտամունքը և` զոհերի ողջակեզները և երկրպագությունը ո՞ւմ եք մատուցում»: Սրբերը պատասխանեցին. «Եթե ուզում ես հարցնել մեր ճշմարիտ և արդար անունները` քրիստոնյա ենք, այլ բախտ ու ճակատագիր մենք չգիտենք, իսկ հայրերից և ծնողներից անվանվեցինք Վաղերիանոս և Կանտիտոս»: Իշխանն ասաց. «Եվ ձեր մյուս ընկերը, որ իրեն քրիստոնյա անվանեց, ի՞նչ է կոչվում»: Ինքը պատասխան տվեց և ասաց. «Կոչվում եմ Ակյուղաս»: Դուքսն ասաց. «Ո՞ւր է և երրորդ վարդապետը ձեր, որ հատկապես փնտրում ենք»: Սրբերն ասացին. «Լսեցինք նրա մասին, որ այս քաղաքում է: Եթե Աստված սիրում է նրան, հայտնի կդարձնի նրան քո ատյանին, քանի որ կա նաև Գրքում. «Տերը խրատում, տանջում է ամեն որդու, որին ընդունում է» (Առակ. ԺԱ. 9): Իշխանն ասաց. «Դո՞ւք եք, որ սովորեցնում եք զոհ չմատուցել աստվածներին և արհամարհել ինքնակալների հրամանները»: Սրբերն ասացին. «Այո՛, մենք մեզ մոտ եկողներին ուսուցանում էինք ճշմարտության ճանապարհը, որ տանում է հավիտենական կյանք, և` անարյուն ողջակեզներ մատուցել համագոյ և միասնական Երրորդությանը: Աստծու կամ թագավորի այլ անուն մենք չգիտենք, միայն Հիսուս հավիտենից Թագավորին, որ ունի մահվան և կյանքի վրա իշխանություն»: Դուքսն ասաց. «Եվ ումից է ստացել Նա իշխանություն»: Սրբերն ասացին. «Ամենակալ Հորից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և ստեղծեց իր ամեն ինչով»: Իշխանը հարցրեց. «Այն, որ հրեաները խաչեցի՞ն` Նա՞ կդատի կենդանիներին ու մեռյալներին»: Սրբերն ասացին. «Այո՛, Նա է Իր զորությամբ տիեզերքը դատում և հարություն տալիս մեռելներին, իսկ ամբարիշտներին անշեջ հուրն է ընձեռում և անվախճան որդերը»: Իշխանն ասաց. «Եվ երբ որ մեռնենք, նորի՞ց կհառնենք»: Սրբերն ասացին. «Ինչու է դատում Աստված տիեզերքին արդարությամբ, կամ արդարներին փառք է շնորհում, մեղավորներին անվախճան տանջանք: Բայց ձեր` ամբարիշտներիդ մասին գրված է. «Ամբարիշտները դատաստանին չեն հառնի և ոչ մեղավորները` արդարների խորհրդին» (Սաղմ. Ա. 5): Բայց ձեզ հայտնի լինի սա, որ ձեզնից նրա՛նց հոգիները, ովքեր տանջվեցին և դատվեցին ձեր անիրավությամբ ու ամբարշտությամբ, պահանջելու է Աստված անաչառությամբ և ձեզ կգցի արտաքին խավարը, որ պատրաստված է ձեր հորը` սատանային և նրա հրեշտակներին, բոլոր ամբարիշտներին և Նրան ուրացողներին»: Իսկ դուքսը մռմռաց սրբերի վրա` իբրև արյունարբու գազան, հրամայեց սրբերի ոտքերն ու ձեռքերը կապել շղթաներով բացի չորս զինվորներից, և արջառաջղով ծեծել նրանց` մինչև արյունը ոռոգի երկիրը: Եվ սրբերն ասացին. «Տերն է մեր օգնականը, և մենք չենք երկնչում` մարդն ինչ կանի մեզ»: Իշխանն ասաց. «Եթե չեք համաձայնում զոհ մատուցել աստվածներին, իսկույն կյանքից կզրկեմ ձեզ»: Սրբերն ասացին. «Մեր մարմնի վրա իշխանություն ունես, ինչ ուզում ես արա՛, իսկ մեր հոգիներին իշխանություն ունի Նա, ով տվել է և կարող է մեզ շնորհել հավիտենական կյանքի առհավատչյա»:
Այնժամ դուքսը հրամայեց հանել նրանց և կապել փայտից և նրանց ոտքերը պնդել կոճղով և երկաթե շեղբերով քերել ու մածել նրանց անդամները: Եվ անողորմ դահիճները կանթեղներ մոտեցրին վկաների մարմիններին, այրեցին ու խորովեցին նրանց: Իսկ սուրբ վկաներն սկսեցին բարձր ձայնով աղոթել և ասել. «Մեր Տեր Աստված, որ Քո մեծ զորությամբ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և նրանց մեջ եղած արարածներին, որ ամենակարող ես, ուղարկիր Քո հրեշտակին և շիջեցրու այս հուրը, որ նեղում է մեզ և ցրիր հնոցի բոցը, ինչպես բաբելոնյան հրից փրկեցիր երեք մանուկներին և այրեցիր քաղդեացիներին: Նայիր մեզ և անկեզ պահիր մեզ, որպեսզի հավիտյանս փառավորվի Քո անունը»: Երբ սրբերը այս աղոթեցին, իսկույն չար իշխան Լուսիասի սպասավորները մեռելի պես ընկան և չէին կարող ելնել: Իշխանը տեսավ, խիստ տրտմեց, և հավաքվածների ամբողջ ատյանը ամոթահար եղավ: Եվ հրամայեց իջեցնել փայտից և տանել բանտ: Եվ գնալիս սրբերն աղոթում էին ասելով. «Դու, որ նստում ես երկնքի բարձունքին, Հոր աջ կողմը, ճշմարտության Աստված և ողորմության Տեր, օգնիր մեզ, որպեսզի երբ մեզ մոտենա նեղությունը` հաջողվի մեզ Քո վկայությունների ճանապարհը»: Եվ գիշերը այսպես ավարտեցին աղոթքն առ Աստված:
Իսկ երանելի վկա Եվգենիոսը քաղաքից դուրս թաքնված էր մի տեղ, քարանձավում, որ կոչվում էր Փշաբեր: Գիշերվա երազում Տերը երևաց նրան ցերեկի նման և ասաց. «Եվգինեոս»: Եվ նա ասաց. «Ահավասիկ եմ, Տեր»: Եվ Տերն ասաց նրան. «Տեսար երկնի արքայությունը քեզնից առաջ [գնացողներին], որ (կանխեցին) քեզ: Չլսեցիր ավետարանական ձայնը, որ ասում է. «Ով խոստովանի Ինձ մարդկանց առաջ, կխոստովանեմ Ես մարդկանց Իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 33, Ղուկ. ԺԲ. 9): Դարձյալ նրան ասաց Տերը. «Քո անձը հայտնի դարձրու քեզ փնտրողներին և մի՛ ընդդիմանա իմ հրամանին` ինչպես Հովնանը եղավ: Քարոզիր կյանքի Բանը և սովորեցրու և մի՛ երկնչիր և մի՛ պատկառիր, որովհետև քեզ հետ եմ»: Այս ասելով Տերը հրեշտակներով հանդերձ բարձրացավ երկինք: Սուրբ Եվգենիոսը այս ամենը լսում էր ինչպես ցերեկը, և ելավ, կանգնեց աղոթքի և գոհացավ Տիրոջից և փառավորում էր Աստծուն գիշեր ու ցերեկ:
Անօրեն իշխանի զինվորները փնտրում էին նրան և չէին գտնում: Եղավ, որ մի կին խոտ քաղելիս անցնում էր այն վայրով, որ կոչվում է Վարանխայ, քարայրին մոտիկ, որ կոչվում է Փշաբեր: Նա լսեց սաղմոսերգության ձայն. սուրբ Եվգենիոսը աղոթում էր: Եվ կինն ասաց. «Օտարոտի ինչ–որ ձայն լսեցի Ականտիսի [փշաբեր] քարանձավից և մարդու ձայն, թե դա ինչ է` չգիտեմ»: Երբ քաղաքացիները լսեցին, ասացին նրան. «Ուրեմն դև է խփել քեզ, և մոլեգնել ես: Ինչպես ես ասում` «Ձայն լսեցի և չտեսա ոչ մեկին»: Եվ կինը պնդում էր, որ իր ասածը ճշմարիտ է: Իսկ նրանք, որ փողոցի մեջ հավաքվել էին` մարդիկ և դատավորի սպասավորները, երբ լսեցին, կնոջ հետ միասին գնացին Ականտիս կոչված քարանձավը` իրենց հետ վերցնելով սպառազինված մարդկանց: Նրանց հետ քաղաքից իջան այրեր և կանայք, և կինը նրանց ցույց տվեց անձավը: Եվ ձայն էր լսվում բազմության ականջին, երբ երանելի Եվգինեոսը սաղմոսում էր: Զարհուրած վախենում էին մտնել ներս, որովհետև կարծում էին, թե այնտեղ չար դևեր կան: Իսկ ովքեր զինված էին, համարձակվեցին մտնել անձավը: Եվ տեսան սրբին, որ տարածել էր իր ձեռքերը դեպի երկինք և աղոթում էր բարձրաձայն, գոհանում ու փառավորում էր Աստծուն: Շրջապատեցին սրբին, իսկ նա չդադարեց աղոթելուց և ասաց այսպես. «Ինձ շրջապատեցին բազում շներ, և չարերի ժողով պաշարեց ինձ» (Սաղմ. ԻԱ. 17): Հարցրին նրան ասելով. «Ինչո՞ւ ես այստեղ միայնակ բնակվում, կամ ի՞նչ ես փնտրում այստեղ: Գուցե դու ես, ում որ փնտրում է մեր իշխանը, որ կոչվում ես քրիստոնյաների վարդապետ և ուսուցիչ»: Պատասխանեց. «Ես քրիստոնյա եմ»: Իսկ Լուսիաս բդեշխի զինվորներից ուրիշներ հարցրին. «Դու ա՞յս քաղաքից ես, թե` այլ»: Իսկ երանելին չպատասխանեց, միայն ասում էր` «Քրիստոնյա եմ»:
Այնժամ զինվորները բռնելով նրան քարշ տվին մինչև քաղաքը` կամենալով նրան տանել դուքսի առաջ: Իսկ Քրիստոսի երանելի վկան աղաղակում և ասում էր. «Քո վկայության ճանապարհին կզվարճանան որպես ամեն մեծության մեջ» (Սաղմ. ՃԺԸ. 14): Ու դարձյալ. «Զի ինչպես քաղցր է իմ քիմքին քո կամքը» (Սաղմ. ՃԺԸ. 103), և հետո. «Չեմ երկնչի չարից, զի դու Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. ԻԲ. 4): Մատնիչները լսեցին, որ սուրբ Եվգինեոսը բռնվել է և կամեցան հայտնել իշխանին: Եվ զինվորները երանելիին բերին դուքսի մոտ, վկայելով, որ դա է քրիստոնյաների իսկական վարդապետը, որ գտան քարանձավում թաքնված: Երբ իշխանը տեսավ նրան և շուրջը եղած բազմությունը, և օրը տարաժամել էր, հրամայեց պարգև տալ մատնողներին և ամբոխն արձակեց, որ առավոտյան հրապարակավ դատի սրբին: Եվ տարան երանելիին բանտ նետեցին: Եվ [դատավորը] ամբողջ գիշեր մտածմունքի մեջ էր, թե ինչ ճանապարհով դատի սուրբ վկային: Իսկ նա գիշերը լուսացրեց Աստծուն աղոթելով: Առանձնացված լինելով մյուս քրիստոնյաներից` աղոթելիս ասում էր այսպես. «Տեր Աստված ամենակալ Հայր, մեր հայրերի` Աբրահամի, Սահակի և Հակոբի Հայր, որ Քո Միածին Որդուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին առաքեցիր աշխարհս, որով ճանաչեցինք Քո աստվածությունը, որ եկավ և մարմնացավ անարատ կույս Մարիամից, որ երկրի վրա երևաց և շրջեց մարդկանց հետ, որ Պոնտացի Պիղատոսի առջև վկայեց բարի դավանությունը, որ համբերեց խաչի և մահվան և երեք օր անց հարյավ և փրկեց մեզ գրավորական օրենքի ծառայությունից, վկաների գլխավոր եղավ և ննջեցյալների առաջին պտուղ, և համբերություն տվող, և սուրբ հրեշտակների հրամանատար, սուրբ առաքյալներին լցրեց գիտությամբ և պատվիրեց չմեկնել Երուսաղեմից և սպասել Հոր ավետումին բարձունքից, և այժմ, մեր Տեր Հիսուս Քրիստոս, Քո սրբությունից ինձ զորություն տուր և շնորհիր բանալ իմ բերանը հանդիմանելու ամբարիշտներին, որ գալիս են մեզ վրա»:
Սրանից հետո Լուսիաս դուքսը եկավ, նստեց ատյանում` մի բարձրադիր տեղ, և նախ հրամայեց Կոմենտարիոսին, որ զինվորների զորագլուխն էր, գնալ սրբի մոտ և համոզկեր խոսքերով դիմել սրբին, որ թերևս համաձայնի զոհ մատուցել աստվածներին: Իսկ երբ սուրբ Եվգենիոսը իմացավ, որ դուքսը ուզում է կանչել իրեն` շտապեց գնալ նրա առաջ: Եվ մյուս իշխանը, որ Կոմենտարիոսն էր, իմացավ, որ անօգուտ են համոզման խոսքերը, զինվորներին ասաց. «Առեք–տարեք և շուտով հասցրեք բդեշխի առաջ, թերևս նրան կասի, թե ով կամ ո՞րտեղից է, կամ ի՞նչ էր անում քարանձավում»: Իսկ սուրբ Եվգենիոսը ինքնիրեն կնքեց սուրբ Խաչի նշանով, ասաց. «Ես քրիստոնյա եմ և ոգևորված եմ մեր փրկիչ Աստծու վարդապետությամբ և արժանի չեմ ուսուցիչ կոչվելու, որովհետև մեր ուսուցիչը Քրիստոսն է: Իսկ ինձ հետևող քրիստոնյաներին ուսուցանում եմ ճշմարտության ճանապարհը` հավատալ և երկրպագել մի Աստվածությանը, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, երևելիների և աներևույթների արարչին, և անարգել ու արհամարհել մարդկանց ձեռքի գործերը, որ ոչինչ են, ինչպես Դավիթ Մարգարեն է ասում. «Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են և նման կլինեն նրանց, ովքեր իրենց ստեղծել են» (Սաղմ. ՃԺԳ. 4): Եվ ինչպես առաքյալ և աստվածընկալ Պողոսն է ասում. «Պաշտեցին արարածին և ոչ Արարչին» (Հռոմ. Ա. 25):
Դուքսն ասաց նրանց. «Դուք` քրիստոնյաներդ, երեք Աստծու եք երկրպագում և ոչ Արարչին»: Երանելին պատասխանեց նրան ասելով. «Մենք, ո՛վ դուքս, երկրպագում ենք ոչ բաժան երեք հոգու, այլ միասնական և անբաժանելի Երրորդության, մի բնության` ամենակալ Հոր, Միածին Որդու և ճշմարիտ Սուրբ Հոգու: Իսկ դուք երկրպագում եք մեռելոտի արձաններին և բանսարկուին: Քրիստոսը, որ ճշմարիտ Աստվածն է, Հորից իշխանություն ստացավ դատելու կենդանիներին ու մեռյալներին, իսկ ամբարիշտները հարություն չեն առնի դատաստանի ժամանակ, այլ կուղարկվեն արտաքին խավարը, որ պատրաստված է սատանայի ու նրա հրեշտակների համար»:
Իշխան Լուսիասը նորից սկսեց ողոքական բաներ խոսել նրա հետ, կարծելով դրանով խաբել և հեռացնել հավատքի բարձրությունից: Եվ ասաց նրան. «Այս քաղաքի՞ց ես, թե այլ գավառից»: Սուրբն ասաց նրան. «Այս քաղաքից եմ»:
Իշխանն ասում է. «Անունդ ի՞նչ է»: Սուրբը պատասխանում է. «Ես նախապես ասացի քեզ և կրկնում եմ, որ քրիստոնյա եմ և չեմ երկրպագում պիղծ դևերին: Ի՛նչ անելու ես` արա իսկույն»: Իշխանն ասում է. «Իսկ անուն չունե՞ս»: Սուրբն ասում է. «Օտար աստվածներ ես չեմ ճանաչում, և իմ ծնողներն այդպիսի ճանապարհ ինձ ցույց չեն տվել, այլ սովորեցրել են հավատալ Հոր, Որդու և Սուրբ Հոգու միաստվածությանը»: Իշխանն ասում է. «Թո՛ղ համառությունդ և զոհ մատուցիր աստվածներին»: Իսկ երանելին քմծիծաղով ասում է. «Եվ ո՞ւր են ձեր աստվածները, տեսնեմ նրանց»:
Լյուսիաս իշխանը կարծում էր` զոհ է մատուցելու նրանց, սպասավորներին ու քաղաքացիներին հրամայում է շտապ սրբին տանել այնտեղ, ուր իրենց աստվածներն էին, քաղաքում, Նեմեսիոն կոչված վայրում: Եվ իշխանն ասում է երանելի Եվգինիոսին.
«Եվգինիոս, եթե ինձ լսես և զոհ մատուցես աստվածներին` քեզ ինքնակալների հրամանով դատավորական պատվի կարժանացնեմ քո հնազանդության համար»: Նաև այլ բազում առաջարկություններով խոսում էին նրա հետ: Եվ իշխանն իսկույն գնում է Նեմեսիոն, ուր կանգնած էին իրենց աստվածները: Նրա հետ գնում է նաև քաղաքի ամբողջ բազմությունը, իրենց հետ տանելով և Քրիստոսի սուրբ վկային. ոչ բռնությամբ, այլ իր կամքով գնում է նրանց հետ:
Եվ երբ երանելին մոտեցավ կուռքերին` աղոթքի կանգնեց ու ասաց. «Քրիստոս, Փրկիչ աշխարհի, որ Քո անարատ բազուկները տարածեցիր կենսաբեր խաչի վրա և անապական արյունդ հեղեցիր մեզ համար, խաղաղություն հաստատեցիր երկնքում ու երկրի վրա, որ Դանիել մարգարեի օրերին կործանեցիր բաբելոնյան Բելին, հերձեցիր վիշապին և չարի պաշտոնյաներին ամոթի մատնեցիր, որ Նաբուգոդոնոսոր արքային հրամայեցիր յոթ օր վայրի գազանների ու անասունների հետ խոտ ճաշակել, և արարիչ ու ստեղծիչ լինելով` ցուցադրեցիր աստվածային զորությունդ»:
Երբ աղոթքն ավարտեց` նույն պահին աստվածների երեք արձանները կործանվեցին ու ընկան, դարձան մանր փոշի: Եվ չարության ոգին, որ բույն էր դրել նրանց մեջ, բարձրաձայն գոչեց, ելավ նրանցից ու ասաց. «Եվգինիոս, ինչո՞ւ ես հալածում մեզ մեր բնակատեղից. մենք աստվածներ չենք, այլ թշնամացած դևեր, և տեսնելով սրանց գեղեցիկ պատկերները` ցանկացանք բնակվել նրանց մեջ: Այժմ աղաչում ենք քեզ, սուրբդ Աստծու, մեզ այստե
ղից մի` հեռացնի»: Իսկ Քրիստոսի սուրբ վկան հրամայեց նրանց համոզվել և գնալ Կովկասի անբնակ լեռը: Եվ ամբողջ խառնիճաղանջ ամբոխն ու քաղաքացիք տեսան աստվածների արձանների կործանումը: Իսկ սուրբը խոսում էր մոլոր ոգու հետ, և բազմությունը հավատաց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, և բարձրաձայն գոչելով ասում էին. «Մե՛ծ է քրիստոնյաների Աստվածը, քանի որ Դիային, Ապոլոնին ու Արտեմիսին կործանված տեսանք և մանրացած` փոշու նման»: Եվ երանելին ասում է բոլորին. «Ճանաչեցի՞ք զորությունը ձեր կուռքերի, որ երկրպագում էիք: Կարողացա՞ն օգնել իրենց, և ինչո՞ւ պիտի օգնեն ձեզ, կամ` վանեն ձեր դեմ պատերազմող բարբարոսների հարձակումը: Արդ, հեռո՛ւ մնացեք նրանցից և եկեք իմ Աստծու ետևից, որ ձեզ թողություն տա»: Սուրբը կամենում էր այլ բաներ ևս ասել նրանց: Իսկ Լյուսիաս իշխանը բարկացավ, թույլ չտվեց, որ սուրբը շարունակի քարոզել, և ասաց նրան. «Քեզ բամբասողները ճիշտ ասացին, որ այդպիսի խոսքերով ինքնակալների զորքը հեռացրել ես աստվածների երկրպագությունից, և ասում են Հիսուս Քրիստոսը Աստված է, որ խաչվեց հրեաների ձեռքով»: Սուրբն ասաց. «Չե՞ս ամաչում աստված կոչել նրանց, որ կործանվեցին փոշու նման մանր»: Իշխանն ասաց. «Արդ ինչո՞ւ կախարդների գլխավոր չես դու, որովհետև ես ոչինչ չեմ տեսնում, իսկ դու խոսում ես իբրև տեսնող, ուրիշներից մեկը նույնպես ոչինչ չտեսավ ու չլսեց»: Եվ զայրացած իշխանը հրամայեց իջեցնել ատյան:
Այնժամ դուքսը եկավ, նստեց ատյանում և զինվորներին հրամայեց մերկացնել սրբին և նրան բերել մարմինը ծածկելու կտավ: Եվ դահիճները իսկույն կատարեցին հրամանը և բերին դատավորի առաջ: Իշխանն ասաց. «Համաձայնիր և զոհ մատուցիր աստվածներին` քո չարչարանքից առաջ»: Երանելին ասաց. «Բազում անգամ լսեցիր ինձնից, քեզ ասացի, որ քրիստոնյա եմ և զոհ չեմ մատուցի պիղծ դևերին»: Դուքսն ասաց. «Հրաժարվիր համառությունից, թեպետև չես երկրպագում ընկած աստվածներին, մոտեցիր և զոհ մատուցիր Ասկղեպիոսին և մյուս աստվածներին, ապա թե ոչ` հոգիդ կանջատես մարմնիցդ»: Սուրբն ասաց. «Ո՞վ կարող է մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց` նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, սո՞վը, թե՞ մերկությունը, թե՞ հալածանքը կամ տանջանքի երկյուղը, կամ հանդերձյալները, կամ այլ որևէ արարած: Նախ բժիշկներ ուղարկիր, որ ողջացնեն քո մանրված աստվածներին, որ փշրվեցին»:
Այնուհետև իշխանը բարկացավ և հրամայեց պնդել նրա ոտքերն ու ձեռքերը և փռել գետնի վրա և հաստ մահակներով տանջել` աստվածներին արհամարհելու համար: Այնժամ դատավորը երանելիին ասաց. «Մի՛ հայհոյիր աստվածներին»: Իսկ բազում հարվածներից հետո խփողներին ասաց. «Դրան մոտեցրեք փայտին և ոտքերն ու ձեռքերը կապեցեք փայտին, քերեցեք դրա մարմինը` մինչև որ զղջա և խելքի գա և հնազանդվի մեր արդար օրենքներին, զոհ մատուցի աստվածներին»: Եվ կատարեցին դատավորի հրամանները, և սրբի արյունը ջրի պես հոսում էր վկայի մարմնից: Իշխանն ասաց. «Ես իսկույն կվերացնեմ քո կախար դությունը և կհանեմ քո գլխից, թող գա քո Քրիստոսը և քեզ փրկե իմ ձեռքից»: Երանելի Եվգինեոսը պատասխանեց. «Իմ փրկիչ Քրիստոսը կփրկի ինձ քո ձեռքից, անօրեն ամբարիշտ, որովհետև բնավ չիմացա տանջանքները, որ դու պատճառեցիր ինձ, որովհետև իմ փրկիչը կակղացրեց քո չարչարանքի գործիքները»:
Եվ դատավորը սրբի խոսքերից և տանջանքը արհամարհելուց` առավել ամրացավ չարության մեջ և խորհեց այնուհետև խստացնել տանջանքի գործիքները սրբի վրա: Դահիճներին հրամայեց ջահեր մոտեցնել նրա կողերին և աղաջուր լցնել անդամների վրա: Եվ երանելին քաջությամբ համբերում էր տանջանքներին և չէր տրտնջում, այլ հոգոց հանելով աղոթում էր Աստծուն և ասում. «Տեր իմ Հիսուս Քրիստոս, որ բազում վշտերից ու նեղություններից փրկեցիր Քո սուրբ առաքյալներին և տիեզերքի քարոզիչ դարձրիր, որ ավերեցիր դժոխքը և ջնջեցիր մահը և Քո կամքից տարամերժվածներին տարար քո արքայությունը, մեղավորներին ազատեցիր մեղքերից, մարի՛ր հրի բորբոքումը և աշխարհից վերացրու սրանց աստվածների պղծության զոհերը, և ողորմիր նրանց, ովքեր երկրպագում են Քեզ հոգով և ճշմարտությամբ»:
Իսկ երբ դատավորը տեսավ, որ սրբին պատճառած բոլոր տանջանքներից ոչ մեկը չօգնեց, դրանից հետո դահիճներին հրամայեց քաղաքից մի ասպարեզ հեռու կրակ վառել և բորբոք կրակի մեջ լցնել բոլոր վկաներին միասին, որոնց անուններն են Մակարիոս, Վաղերիանոս և Ակյուղաս, նրանց հետ և Եվգինեոսը: Այն ժամ եկավ դահճապետն ու ասաց դատավորին. «Ձերդ քաջության հրամանը կատարեցինք, և կրակը առավել ևս բորբոքվում է: Արդ, ինչ որ հրամայես դատապարտվածների մասին` կանենք»: Երբ իշխանը այս լսեց, անմիջապես քաղաքի բազմության հետ գնաց տեսնելու հնոցը և Աստծու վկաների վախճանը: Եվ Լուսիաս իշխանը տեսավ, զարմացավ հնոցի բորբոքման սաստկությունից, այնժամ հրամայեց նրանց գցել հնոցը: Իսկ երանելի Եվգինեոսը քաջալերում էր ընկերներին և ասում. «Մի՛ երկնչեք այս շիջանուտ հրից, որովհետև ինչպես բարձրանա` նույնպեսև կկորչի: Միայն աչքը ունի երկյուղ: Իսկ մենք այս ապականացու հրով անապական գանձն ենք ժառանգելու, որ պատրաստված է Նրա սրբերին, և` հավիտենական կյանքը»: Եվ միաբանությամբ իրենց ձեռքերը բարձրացնելով երկինք` աղոթում էին Աստծուն ասելով. «Տեր Աստված, որ Քո Միածին Որդուն առաքեցիր Բաբելոն և երեք մանկանց հնոցի հուրը մարեցիր, Քո քաղցրության ցողը առաքիր և այս հնոցը և փրկիր մեզ այս հրից, որ անկեզ մնանք այս բոցից, որ չմերձենա մեզ»:
Մինչդեռ սրբերը աղոթում էին, դուքսը նրանց մոտ [մարդ] ուղարկեց` աղաչելով նրանց, որ իրենց անձերը չգցեն հնոցի մեջ: Սրբերը պատասխանեցին ասելով. «Մենք պատրաստ ենք ամեն տանջանքի ու նեղության, որ պատճառելու ես մեզ հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ մեզ համար չարչարվեց, հարություն առավ և փրկեց մեզ, և չենք վախենում քո սպառնալիքներից»: Երբ բռնավորը այս լսեց, արյունարբու գազանի նման մռմռաց, հրամա
յեց նրանց գցել բորբոք հնոցը: Իսկ սրբերը իրենց կնքեցին Խաչի նշանով, միասին ընկան կրակի մեջ: Երեք երանելիներից առաջ կրակի մեջ մտավ երանելի Եվգինեոսը, և մյուսները` նրանից հետո: Եվ [ներկաները] տեսան, որ Աստծու հրեշտակները մտան նրանց հետ, և [սրբերը] հրեշտակների հետ գնում էին կայծակների վրայով, փառավորում Աստծուն և ասում. «Ամենակալ Աստված, որ Բանդ առաքեցիր մեզ փրկելու, որ վերացրեց մահվան երկունքը և կապվածներին քաջաբար կորզեց, լսիր մեզ` մեղուցյալներիս և բարությամբ ավարտիր մեր ընթացքը ի փառս Քո, խաղաղություն շնորհիր Քո աշխարհին, և հայտնվիր մեզ` Քո հավատացյալներին:
Երկու օր անց շիջավ հուրը, և հայտնվեցին սրբերը, և հրեշտակները վերացան երկինք, և սրբերի մարմինների վրա հրի ոչ մի նշան չէր երևում, և հուրը նրանց հանդերձից մազ անգամ չպակասեցրեց:
Իշխանը դարձյալ զինվորներ ուղարկեց տեսնելու երանելի վկաներին. թե հուրը մոտեցե՞լ է նրանց, թե անկեզ են մնացել: Ովքեր ուղարկվեցին` չվերադարձան և պատասխան չբերին, որովհետև, երբ տեսան` երկրպագեցին սրբերին և հավատացին Տիրոջը: Այնժամ դահիճները եկան և հայտնեցին Լուսիասին, թե` «Սրբերը կենդանի են և փառավորում են իրենց Աստծուն, իսկ հուրը բնավ չմոտեցավ նրանց, և քո ուղարկած զինվորները երկրպագեցին նրանց ու հավատացին Քրիստոսին»:
Երբ այս լսեց դատավորը, հրի պես բորբոքվեց և կրճտացրեց ատամները նրանց վրա, որովհետև իրեն տեսավ պարտված, իսկ շատերը հավատացին Աստծուն: Հրամայեց սրով կտրել նրանց գլուխները` գրելով այսպիսի վճիռ. «Վաղերիանոսին, Կանտիտոսին, Ակյուղասին և Մակարիոսին, որոնք չենթարկվեցին ինքնակալների հրամանին և զոհ չմատուցեցին մեր բարերար աստվածներին, այլ խոստովանեցին, որ քրիստոնյա են, հավատալով ոմն Հիսուսի, որին հրեաները խաչեցին Երուսաղեմում, նրանք, թագավորների զինվորներին կախարդության հրապուրանքով հեռացրին աստվածների երկրպագությունից: Նրանց բազմիցս աղաչեցինք, և չհնազանդվեցին մեր արդար օրենքներին. բազում տանջանքներից հետո մահվան վճիռ թող ընդունեն, և նրանց մարմինները երկնքի թռչունների և երկրի գազանների կերակուր դառնան»:
Եվ անողորմ զինվորները սուրբ վկաներին դուրս քաշեցին հնոցից, որպեսզի կատարեն բռնավորի հրամանը: Իսկ Քրիստոսի բոլոր արժանավորությունների արժանավոր վկաները աղաչեցին զինվորներին` մի քիչ հապաղել, որպեսզի աղոթեն: Եվ թույլ տվին նրանց, և սրբերը բարձրացրին իրենց ձեռքերը և դառնալով դեպի արևելք, սկսեցին աղոթել այսպես. «Տեր Աստված մեր Հիսուս Քրիստոս, Քո ամենասուրբ բերանով հենց Դու ասացիր. «Երկու ձագ մի դանգով են վաճառվում, և նրանցից մեկը երկիր չի ընկնի առանց ձեր Հոր, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 29, հմմտ. Ղուկ. ԺԲ. 6): Դու, Տեր, որ Աբրահամին փրկեցիր և ընդունեցիր նրա պատարագը, Դու ես, որ շնորհ արեցիր Հովսեփին եգիպտացոց արքա
Փարավոնի առջև: Դու ես, որ Մովսես մարգարեին ընտրեցիր Քո Իսրայելի ժողովրդին առաջնորդ, նրա միջոցով հերձեցիր Կարմիր ծովը և ժողովրդին անցկացրիր Սինայի անապատը և համբերել տվիր խստապարանոց ժողովրդին: Դու Հեսուի ձեռքով Հորդանանը բաժանեցիր և Երիքովի ադամանդյա պարիսպը ջրի պես հեղեցիր, որ Քո հրամանով կապկպեց արեգակն ու լուսինը: Դու ես, որ զորացրիր Իսրայելի դատավորներին այլազգիների վրա և Քո ժողովրդին փրկեցիր ամբարիշտ քանանացիների ձեռքից: Դու Դավթին հաղթություն տվիր այլազգի հսկա Գողիաթի վրա և փրկեցիր անօրեն Սավուղի ձեռքից: Դու պահպանեցիր Դանիելին առյուծների գուբի մեջ և Շուշանին փրկեցիր և ազատեցիր դառն ծերերից, և հաղթություն տվիր Թեկղիին ոտնակոխ անելու հուրը և գազանների զորությունը, անարատ պահեցիր սուրբ առաքյալներին իրենց բոլոր նեղիչներից: Նաև մեր` Քո անարժան ծառաների պաղատանքի աղերսը ընդունիր և մեր ընթացքը ավարտիր Քո շնորհներով»:
Երբ ավարտեցին աղոթքը և իրենց տյառնագրեցին Խաչի նշանով, խոնարհեցրին իրենց պարանոցները, հատվեցին երանելիների գլուխները, և սրբերը նահատակվեցին ի փառս Աստծու: Եվ, ինչպես հրամայեց դատավորը, նրանց մարմինները գցեցին, և պահապանները նստեցին պահելու սրբերին, որ գիտենան վկաներին փնտրողներին և նրանց մատնեն դատավորի ձեռքը: Իսկ հավատացյալները, իմանալով սրանց միտքը, սպասում էին գիշերվա իջնելուն: Եվ երբ մթնեց, և պահապանները քնեցին, [նրանք] եկան և սուրբ վկաների նշխարները ամփոփեցին Աստծու ազդեցությամբ: Նրանց գլուխները մարմինների մոտ չգտան, բայց նշխարները վերցրին, տարան ամեն մեկին իր տեղը: Երբ առավոտ եղավ, մտան թաքնվեցին թանձրախիտ մայրիների մեջ, որ իրենց չտեսնեն և մատնեն դատավորի ձեռքը:
Իսկ սրբերի սպասավորներից մեկը ննջեց և երազում տեսավ սուրբ Վաղերիանոսին, որ ասում էր նրան. «Լավ արեցիք, որ մեր մարմիններն ամփոփեցիք: Դու ե՛լ, քո ընկերներից մեկին վերցրու, ցերեկը գնացեք, իսկ երբ երեկո լինի, գիշերվան մոտ, երբ խոր քնած լինեն պահապանները, առեք մեր գլուխները, բերեք, դրեք մեր ոսկորների, նշխարների մոտ: Ձեզ նրանցից փայլակնացայտ լույս կերևա և այդպես կգտնեք մեր գլուխները»:
Եվ արթնացավ քնից, իր ընկերներին պատմեց երազը և ընկերներից [մեկին] վերցրեց ու գնաց: Եվ տեսան, որ նրանց շուրջը լույս էր փայլում, ինչպես ասաց Վաղերիանոսը: Եվ վերցրին, բերին գլուխները և շատ ուրախացան սուրբ նշխարների գյուտով: Երեք գիշեր անց պատրաստվեց նրանց հանգստարանը Հարավի Միջագետք կոչված վայրում: Եվ նրանց մեջ կռիվ ընկավ, թե որը որ վկայի մարմինն է, որ գիտենան նրանց անունով, որովհետև բազում հարվածներից քրքրված մարմինները չէին կարող ճանաչել և սպասում էին սրբերի հայտնությանը:
Եվ զինվորներից մեկը, որին հրամայված էր պահել սրբերին, Հոգով լցվեց և ասաց նրանց. «Աղոթեցեք Աստծուն, և Նա մեզ կհայտնի մեր խորհուրդները. թողնենք յուրաքանչյուր սրբին
գրաստները, որոնք բարձած տանում են նրանց նշխարները` ուր հաջողեցնի Աստված և առաջնորդի, որ կողմ գնան նրանք, կիմանանք սրբերի տեղը»: Եվ միաբան աղոթելով գրաստներին «ազատ» թողին, և գրաստներից մեկը սուրբ Կանտիտոսի նշխարներով գնաց Սավղահինա կոչված տեղը, մյուսը, որ բարձել էր Վաղերիանոսին, նույնն էր, որ Կանտիտոսին էր կրում, տարավ այնտեղ, որտեղից սուրբն էր. այս կերպ եղավ սրբերի հայտնությունը: Յուրաքանչյուրը առավ իր վկային, բազում ուրախությամբ ու խնդությամբ գնաց իր քաղաքը և երանելիների գլուխները, նրանց մյուս նշխարների հետ դրին տապանի մեջ: Անպակաս և անապական գանձ հավաքվեց ի բարեխոսություն հավիտենական կյանքի հույս Հիսուս Քրիստոսի հավատացյալների փրկության: Եվ միաբան օրհնում էին մարդկանց այդպիսի համբերություն տվողին:
Երբ այն ժամանակներն անցան և հալածանքը դադարեց, վայելուչ վկայարան կառուցեցին յուրաքանչյուր սրբի համար ի փառս ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու:
Իսկ երանելի և անպարտելի վկա Եվգինեոսը տակավին կենդանի էր և արգելված խավարչտին բանտում, մեխերով գամված փայտին այնտեղ, որ կանգնեցրել էին տան մեջ, անհագ ձայնով ու սաղմոսերգությամբ գոհանալով օրհնում էր Աստծուն Նրա անպատում պարգևների համար, աղաղակում էր և բարձրաձայն աղոթում, ասելով այսպես. «Ամենակալ Աստված, Քո սիրելի Միածին Որդու Հայր, Աստված զորությունների և հրեշտակների և ամեն անուն կրողների, որ ամեն ինչ հաստատեցիր Քո զորությամբ, որ ծոցածին և էակից Քո Բանը ուղարկեցիր փրկելու արարածներիս, որ եկավ Քո կամքով և մարմնացավ անարատ Կույս Մարիամից, և կրեց մարմնի բոլոր չարչարանքները, բացի մեղքից, և խաչի ու մահվան դիմակայեց և թաղվեց գերեզմանում, և իջավ դժոխք և բոլորին վեր բարձրացրեց մեղքից ու ապականությունից, իսկ երրորդ օրը հարություն առավ մեռելներից և համբարձավ Քեզ մոտ, նստեց Քո մեծության աջ կողմը, ուր էր նախապես, և խոստացավ դարձյալ գալ երկրորդ անգամ դատելու կենդանիներին ու մեռյալներին և հատուցելու յուրաքանչյուրին ըստ գործերի: Դու, Տեր, Քո մեծ զորությամբ յուրաքանչյուր ժամանակ և դարում լսեցիր արդարների ձայնը և փրկեցիր, պահպանեցիր ամեն վշտից ու նեղությունից, որ հավատի վեմ Քո սուրբ առաքյալ Պետրոսին հրեշտակի միջոցով հանեցիր բանտից, որ կրկնակի շղթայով կապված էր չորս զինվորների մեջ, և Հերովդեսի ձեռքից ու հրեաների ակնկալությունից ազատեցիր, և նրան վստահեցիր արքայության փականքը: Եվ ընտրության անոթ Պողոսին ու Շիղային բանտի տանջանքներից ազատեցիր: Այժմ առաքիր Քո հրեշտակին և Քո ողորմությամբ ինձ ազատիր այս բանտի նեղությունից, և արձակիր ոտքերս գայթակղությունից և ազատիր անօրեն ու ամբարիշտ Լյուսիասի ձեռքից, որովհետև Դու ամենակարող ես, Տեր, և Քեզ ենք հղում օրհնություն և փառք Հոր և ամենաՍուրբ Հոգուդ հետ հավիտյանս. ամեն»:
Այսպես աղոթեց Քրիստոսի երանելի վկան, և ահա Տիրոջ հրեշտակը իջավ երկնքից, երևաց նրան, և բանտում մեծ լույս ծագեց և Քրիստոսի սուրբ վկան ցնծաց ուրախությամբ: Ու մինչդեռ նա այս մտքերի մեջ էր, Լյուսիաս Անթիպատոսը դահիճներ ուղարկեց բանտ, և երանելիին հանեցին, սուսերով կտրեցին գլուխը, երբ փառավորում էր Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս. Ամեն:
Երանելի Եվգինեոսը վախճանվեց վկայությամբ, Տրապիզոն քաղաքում, հունվար ամսի 28–ին, Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի հյուպատության ժամանակ: Նրա ոսկորների նշխարները դրվեցին վկայարանում, որ մոտ է դղյակի պարսպին, բարձրադիր ու վայելուչ բլրին, գեղեցկաշեն վկայարանում: Ամեն տարի անխափան տոնախմբությամբ կատարվում էր նրա հիշատակը ի փառս Քրիստոս Հիսուսի, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս. ամեն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր Բ (Դեմետրիոս – Թեոփիլոս). Ս Էջմիածին: 2009 թ.