Բ Կր 8.16-24։ Մր 8.10-21։
Բ Կորնթացիներ
16Բայց, գոհութիւն Աստծուն, որ ձեզ համար մեր ունեցած փութաջանութիւնը դրեց նաեւ Տիտոսի սրտում, 17որ իմ աղաչանքներն ընդունեց եւ առաւել քան յօժարութեամբ շտապեց գալ ձեզ մօտ։ 18Եւ նրա հետ ուղարկեցինք այս եղբօրը, որի համբաւը Աւետարանի քարոզութեան մէջ բոլոր եկեղեցիներին ծանօթ է։ 19Եւ ոչ միայն այսչափ. այլեւ, նշանակուելով եկեղեցիների կողմից, ճանապարհորդութեան ընկեր դարձաւ մեզ՝ մասնակցելու այն նպաստներին, որ մատուցւում են մեր կողմից Տիրոջ փառքի համար եւ մեր յօժար կամքով։ 20Բայց այս բանում զգուշանում էլ էինք, որ չլինի, թէ մէկը արատաւորի այն ծառայութիւնը, որ մատուցւում է մեր կողմից. 21քանզի բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլեւ մարդկանց առաջ։ 22Եւ ուղարկեցինք նրանց հետ մեր եղբօրը, որին փորձեցինք շատ բաների մէջ՝ շատ անգամ փութաջան գտնելով նրան. եւ այժմ նա է՛լ աւելի փութաջան է ձեր հանդէպ իր ունեցած մեծ վստահութեամբ։ 23Իսկ եթէ խօսք լինի Տիտոսի մասին, նա իմ հաւասարն է եւ իմ գործակիցը ձեր մէջ։ Գալով մեր եղբայրներին, նրանք եկեղեցիների կողմից ուղարկուածներ են եւ Քրիստոսի փառքը։ 24Եւ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցո՛յց տուէք ձեր սիրոյ եւ ձեր հանդէպ մեր պարծանքի ապացոյցը։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
10Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը։ 11Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից։ 12Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»։ 13Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը։ 14Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ։ 15Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»։ 16Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում՝ հաց չունենք։ 17Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել։ 18Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք եւ չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում. 19երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»։ Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու։ 20«Եւ երբ եօթը նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»։ Եւ նրանք պատասխանեցին՝ եօթը։ 21Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում»։