Առակներ 14․1-6։ Եսայի 60․8-9։ Զաքարիա 8.4-5։ Հռոմեացիներ 8.12-27։ Ավետարան ըստ Ղուկասի 21.12-19։
Առակներ
14 Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով։ 2Ուղիղ ընթացողը երկիւղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը՝ պիտի անարգուի։ 3Յիմարների բերանները թշնամանքի գաւազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից։ 4Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդիւնք կայ, այնտեղ երեւում է եզան զօրութիւնը։ 5Հաւատարիմ վկան չի ստում, բայց անիրաւ վկան ստերի կրակ է թափում։ 6Չարերի մօտ եթէ իմաստութիւն փնտռես, չես գտնի, բայց հեշտութեամբ իմաստութիւն կը գտնես իմաստունների մօտ։
Եսայի
8Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ։ 9Ինձ են սպասում կղզիները եւ Թարսիսի նաւերը, որպէսզի նախօրօք հեռուներից բերեն քո որդիներին եւ նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անուան համար, Իսրայէլի փառաւորեալ սրբի համար։
Զաքարիա
4Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.«Դարձեալ ծերունիներ եւ պառաւներ պիտի նստեն Երուսաղէմի հրապարակներում,ապրած օրերի շատութիւնից՝ամէն մէկը ցուպն իր ձեռքին։ 5Քաղաքի հրապարակները պիտի լցուեն տղաներով ու աղջիկներով,որոնք պիտի խաղան նրա հրապարակներում»։
Հռոմեացիներ
12 Այսպէս, ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով. 13 որովհետեւ, եթէ ըստ մարմնի ապրէք, կը մեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կ՚ապրէք. 14 որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ. 15 քանի որ չստացաք ծառայութեան հոգին վերստին երկիւղի մէջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրութեան հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր: 16 Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թէ Աստծու որդիներ ենք. 17 եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին:
Ավետարան ըստ Ղուկասի
12 Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»:


