Դիոկղետիանոս թագավորի ժամանակ Տիմոթեոս անօրեն բռնավորը կալանել տվեց սուրբ եպիսկոպոս Գենարիոսին և հրամայեց իր առջև բերել քահանայապետին: Երբ եկավ նրա առաջ, դատավորն ասաց նրան. «Տեսնում եմ հասակիդ վայելչությունը և կարծում եմ, որ ազատ տոհմից ես: Դրա համար քեզ խորհուրդ եմ տալիս և աղաչում փրկիր քո անձը և ազատիր քեզ բազում տանջանքներից, քանի որ եթե դու չբուժվես տանջանքից, քո Աստվածը քեզ բուժել չի կարող»: Իսկ աստվածիմաստ Գենարիոսը նրան պատասխանեց. «Լռի՛ր, ո՛վ բռնավոր, և չարաչար լեզուդ մի՛ շարժիր Աստծու դեմ, թշնամանելով այն ամենազոր Աստծուն, որ ամեն տեղ հրաշագործում է Իր զորությամբ, կարծում եմ` Նրա ներողամտությունը տկարություն ես համարում, և որքան վայելես ներողամտությունը, այնքան ավելացնում ես ամբարտավանությունդ»: Բռնավորն ասաց. «Մի՞թե այնքան զորություն ես ստացել, որքան մենք տանջանք ենք պատրաստում քո անմտության համար: Բայց ինձ թվում է վստահացել ես կախարդությանդ»: Երանելի եպիսկոպոսն ասում է. «Իմ զորությունն Աստված է, այն որ երկնքում է, որ վհուկներին, աղանդավորներին և կախարդներին ու կռապաշտներին և քեզ նմաններին ուղարկում է գեհենի անշեջ հրի մեջ»: Այնժամ բռնավորը հրամայեց հնոց բորբոքել, այնտեղ գցել երանելիին, և ասաց. «Հիմա ես քեզ կայրեմ, տեսնենք, թե կփրկի՞ քեզ Աստվածդ»: Իսկ սուրբը ուրախությամբ սուրբ Խաչի նշանով կնքեց իր բոլոր անդամները և փառավորելով Աստծուն մտավ հնոցի բորբոք հրի մեջ, և սկսեց խոսել այսպես. «Ո՛վ Տեր իմ և Աստված, որ ճշմարտապես քննում ես ամեն մարդու գաղտնիքները, Դու գիտես իմ անձի փափագը, որ բուռն սիրով իմ հոգին ցանկանում է գալ Քեզ մոտ: Բայց աղաչում եմ Քեզ, ցույց տուր Քո ամենազորությունը` կիզող բոցի բնությունը Քո քաղցրության ցողին վերածելով, ինչպես մի ժամանակ սքանչելագործեցիր երեք մանկանց համար: Որպեսզի Քեզ` միայն ճշմարիտ Աստծուդ ճանաչեն ամեն ժամ»: Եւ երբ այս ամենն ասաց Աստծուն, հրեշտակների ձայներ լսելի եղան նրան և աղոթակից եղան: Իսկ շուրջը եղողները ահագին հնչմունքից զարհուրած էին, և շտապով գնացինպատմեցին ամեն ինչ Եպարքոսին:
Այնժամ [Եպարքոսը] հրամայում է բանալ հնոցը և ստուգապես տեսնել, թե արտաքուստ լսված ձայնը ներսում նո՞ւյնպես կա: Եւ երբ բացին, տեսան` սուրբը բնավ չի վնասվել հրից: Իսկ բոցը հանկարծակի այսուայնկողմ հեղվեց և կռապաշտներից շատերին, որոնք մոտ էին, հրդեհելով կիզեց: Իսկ սուրբը զվարթադեմ, իբրև հաղթող նահատակ մրցարանից ելավ, կանգնեց բռնավորի առջև: Այնժամ անօրեն բռնավորը` իբր բնավ չէր տեսել սքանչելիքը իր փրկության հույսը կորցրեց, միջօրեի աստվածային ճառագայթներից բարձրացրեց մտքի աչքերը, փոխանակ պսակի` հրամայեց երանելիին բանտ նետել, իսկ առավոտյան հրամայեց բերել իր առջև: Եւ երբ եկավ, ասաց նրան. «Մինչև երբ անհնազանդ լինելով զոհ չես մատուցելու աստվածներին: Եթե հրից և այլ տանջանքներից կախարդության միջոցով ազատվեցիր, սրից ե՞ւս կարող ես փրկվել»:
Երանելին ասաց. «Ոչ թե ինձ համար է ցույց տալիս սքանչելիքը, որ դու դիվական խաբեությամբ խելագարված` կախարդություն ես համարում, այլ միգուցե կռապաշտության խորին խավարի մեջ ընկղմված քո հոգին սքանչելագործությամբ լուսավորվի աստվածային ճառագայթներով»: Այնժամ չարիմաց բռնավորը հրամայեց [սրբի] ամբողջ մարմնի բոլոր ջլերը դուրս քաշել: Իսկ երանելին թեպետ այսպես տանջվեց, բայց հոժարությամբ ընդունեց մարմնի հոդերի բաժանումը և Աստծու սիրով ու աղոթքներով քաղցրացնում էր տանջանքի դառնությունը:
Դարձյալ հրամայեց սրբին տանել բանտ, ու մինչդեռ բանտում էր, եկեղեցու սպասավորներից երկու հոգի եկան նրա մոտ: Երբ ուզում էին բանտ մտնել, պահապաններն արգելեցին նրանց ու գնացին, պատմեցին դատավորին: [Սա] հրամայեց քահանայապետի հետ տանել իր առջև: Եւ երբ տարան, դատավորն ասաց եպիսկոպոսին. «Ովքեր են սրանք, կամ ինչ են սրանց անունները և կամ ինչ գործի են»:
Երբ սուրբը ասաց նրանց անունները և եկեղեցու սպասավորությունը, դարձյալ հարցրեց. «Դրանք քրիստոնյա՞ են քեզ նման»: Իսկ երանելին խաղաղաբար պատասխանեց. «Դու ինքդ հարցրու նրանց և իմացիր»: Այնժամ դատավորն ասաց սրբերին, որոնցից մեկին անվանում են Փեստոս, իսկ երկրորդին` Փեսերիոդոս: Եւ ասաց. «Քրիստոնյա՞ եք»: Եւ նրանք բարձր ձայնով
և զվարթ դեմքով բոլորի ներկայությամբ պատասխանեցին. «Այո՛, քրիստոնյա ենք և պատրաստ ենք Քրիստոսի համար մահ ընդունել, ինչպես մեր այս սուրբ հովվապետը»: Այնժամ դատավորը հրամայեց կապել երանելի եպիսկոպոսին նրանց հետ և տանել Պավտոլիոն քաղաքը և միացնել մյուս վկաներին, որ նախապես կապված էին սուրբ եպիսկոպոսի հետ` Պրոկլիոսը, Տյուքիկոսը, Աքուդիոսը: Սրանք գեղեցիկ սարկավագներն էին սուրբ Գենարիոսի, որ ուղղափառ խոստովանությամբ ապրեցին այս աշխարհում և վախճանի ժամանակ չբաժանվեցին միմյանցից, այլ միասին արժանացան փառավորվելու խոստովանական վկայության: Արդ, երբ եկան միասին, երանելին սկսեց փառավորել Աստծուն, ասելով այսպես. «Օրհնյալ է Աստված, որ միայն սքանչելիքներ է գործում, և որ վայելեցինք ի սեր միմյանց թշնամական տանջանքի մեջ, քանի որ հոտապետին առանց հոտի չթողեց»: Եւ մեծ ուրախության մեջ էին:
Առավոտյան անօրեն իշխանը ելավ հանդեսների ասպարեզ, ուր գազաններ էին արձակում և հրամայեց այնտեղ բերել երանելիներին: Երբ քաջ հովիվը նվիրյալ ոչխարներով բերվեց` դահիճներն սկսեցին հարվածելով կատաղեցնել գազաններին, որպեսզի ցասմամբ հարձակվեն սրբերի վրա: Ու երբ հարձակվեցին, Աստծուց հրաման եղավ` ոչ մի մեղք չեն գործել սրբերը, [գազանները], մոռանալով իրենց բարքը, ընկնում էին նրանց ոտքերը, փարվում նրանց: Իսկ ամբարիշտ դատավորը աստվածային լույսի ճառագայթներից կուրացած` չիմացավ սքանչելիքը: Ասաց. «Ձեր Աստվածը մի՞թե կարող է սրից [ևս] փրկել ձեզ»: Եւ երբ [սրբերը] վճիռն ստացան` ուրախությամբ փառավորում էին Աստծուն, և իսկույն սուրբ եպիսկոպոսը ելավ, տարածեց իր ձեռքերը և աղոթում էր ասելով այսպես.
«Դու, Տեր սրտագետ, մեր գաղտնարանների արարիչ, որ քննում ես մարդկանց սրտերը, գիտես որ ոխ չունեմ իմ չարչարանքի դիմաց, որ կամովին անձս մատնում եմ Քո անվան համար, որ ինձ համար մեռար և հարություն առար, Աստված իմ, աղաչում եմ` ցույց տուր Քո աստվածային զորությունը գոռոզացած այս իշխանին, որ մարդկային սահմանից ավելի ամբարտավանացած հայհոյում է Քո ամենակարող բազուկը: Չեմ աղաչում, որ վերացնես, Դու, որ եկար փրկելու և ոչ կործանելու, այլ որպեսզի իմանան, որ Դու ես միակ Աստվածը»: Եւ երբ վերջացրեց աղոթքը հանկարծակի եպարքոսի աչքերը կուրացան և տանջվում էր աներևույթ տանջանքով, և թշվառականն սկսեց ողբալ, իրեն եղուկ ասելով, և շտապ եկավընկավ սրբի ոտքերը` թողություն խնդրելով իր մեղքերին, որ գործեց նրա դեմ` չարչարելով, խոստացավ հավատալ ճշմարիտ Աստծուն: Իսկ երանելին, թեպետ գիտեր նրա անճաճանչ հոգու խավարը, բայց նմանվող եղավ իր Տիրոջը, որ իր դեմ մոլեգնածներին հետ էր մղում` հարվածելով կուրությամբ: Այսպես սուրբ Գենարիոսը աղոթելով լուսավորեց նրա աչքերը: Եւ քաղաքի բազմությունը (մոտ հինգ հազար հոգի), տեսնելով այդ բոլոր սքանչելիքները, այն օրը հավատաց Աստծուն: Եւ բազմությունն սկսեց փառավորել Աստծուն: Աղաղակ բարձրացրին և գոչում էին այսպես. «Ո՛վ դատավոր, այսուհետև անզգամությամբ չմոլեգնես, որովհետև ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց են այդ սքանչելիքները»: Իսկ կատաղի դիվական մոլորությամբ արբածը խաբեական
խոսքերով հավատացրեց բազմությանը, որ կանի նրանց կամքով: Եւ կանչեց դահիճներին, հրամայեց տանել անապատ մի տեղ և այնտեղ սպանել, որ ոչ ոք չիմանա: Երբ երանելիները լսեցին հրամանը` խնդությամբ գնում էին ճանապարհը, սաղմոսելով:
Մի մերկ ծերունի հանդիպեց երանելիներին, ընկավ քահանայապետի առջև և խնդրում էր նրա զգեստներից: Սուրբը ծերունուն պատասխանեց` «Երբ փոխվեմ իմ Տեր Աստծու մոտ, թիկնոցս քեզ կտամ»: Եւ սուրբերը հասան կատարման տեղը, խոնարհեցին իրենց պարանոցները, և նրանց գլուխները հատվեցին: Բարի խոստովանությամբ ավարտեցին իրենց ընթացքը և պսակվեցին Քրիստոսից: Այնժամ երևալով ծերունուն սուրբ Գենարիոսը տվեց նրան այն, որ խոստացել էր, որը վերցրեց ոչ միայն աղքատությունը ծածկելու, այլև իբրև մեծ վկայի արյամբ ներկված գանձ: Եւ նույն օրը դատավորը չարաչար սատկեց: Իսկ քրիստոնյաները երեք տապան պատրաստեցին` մեկում դրին երանելի Գենարիոսին և տարան Երապոլիս կոչվող քաղաքը, կառուցեցին վկայարան և սրբի նշխարները տեղավորեցին: Այնտեղ բազում բժշկություններ էին լինում նրանով: Իսկ երեք [սրբերին]` Պրոկլիոսին, Տյուքիկոսին և Աքուդիոսին, մյուս տապանի մեջ: Երրորդ տապանի մեջ` երկու սրբերին` Փեստոսին և Դիսիդորոնին:
Այսպես վախճանվեց արի և քաջ նահատակը, սուրբ և երանելի Գեներիոս հայրապետը, այս ընկերներով հանդերձ, ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան. Նրա հետ` Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա – Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2009