Ավետարաններում հիշատակվում են Աստվածամոր կյանքի միայն այն դրվագները, որոնք առնչվում են Քրիստոսի կյանքին և փրկագործությանը։ Չնայած այդքան սուղ տեղեկություններին՝ դարձյալ կտեսնենք, որ նրա հավատն ավելի ցայտուն է ցոլանում Որդու՝ Քրիստոս Աստծո հանրանկարում։ Այստեղ պետք է նշեմ, որ Տիրամոր մասին հատվածները գրված են առանձնակի ոճով, որը շուտով կտեսնենք։ Այդ պատճառով, նրանք, ովքեր մակերեսայնորեն են կարդացել և չեն թափանցել խորքը, Աստվածամորը նվազ հարգանքի արժանի են կարծում և, հետևաբար, քննադատում են հին եկեղեցիներին, այդ թվում նաև մեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ արարողակարգում Աստվածամորն այսքան մեծ ու կարևոր տեղ տալու համար։ Հավաստելու համար մեր ասածը, մեկ առ մեկ քննենք այն հատվածները, որոնցում հիշատակվում է Սուրբ Կույսը։
1 – ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ
Հիսուսն իր առաջին հրաշքը կատարել է Կանայի հարսանիքում՝ մոր բարեխոսությամբ (Հովհաննես 2.1-11): Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար. այնտեղ էին Հիսուսը, Տիրամայրը և Հիսուսի աշակերտները։ Երբ գինին վերջացավ, Տիրամայրն ասաց իր Որդուն, թե՝ գինի չունեն։ Հիսուսը պատասխանեց. «Ո՜վ կին, դու Ինձ հետ ի՞նչ գործ ունես. իմ ժամանակը դեռ չի հասել» (Հովհաննես 2.4):
Ա.-Գրաբարն այսպես է՝ «կին դու»։ Հասարակ ընթերցողի համար մի փոքր զարմանալի է թվում, էլ չասենք տարօրինակ, որ մեկն այս ձևով է դիմում իր մորը, այն էլ հասարակության առաջ։ Այդ պատճառով էլ շատ բացատրություններ են գրվել՝ արդարացնելու համար նման դիմելաձևը։ 0րինակ, ասում են, թե հրեաների շրջանում մորը «կին» կոչելն ընդունված ձև էր։ Ոմանք էլ այս «կին» անվան մեջ նվաստացուցիչ բան են ցանկանում փնտրել։ Հիսուսի՝ Իր մորն «ով կին» ձևով կոչելու մեջ արտացոլվում է պարզ կին էակը, այլ ոչ թե մայրը՝ զգացական առումով։ Ինչպես որ ինքն էր Աստծո Որդի լինելով՝ իրեն կոչում «մարդու Որդի» (Մատթեոս 8.20), «սպասավոր», «ծառա» (Ղուկաս 22.27, Հովհաննես 13.14): Ինչպես որ Ինքն այս պարզությամբ պիտի լիովին գլուխ բերեր իր առաքելությունը (Մարկոս 10.40, 43), այնպես էլ Իր մորն էր կին դերի մեջ դնում։ Եթե սա հասկանանք, այլևս մեզ բավական կթվա այս կին կոչումը։
Բ. –«Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես» (Հովհաննես 2.4): Ահա մի նախադասություն, որն այնքան վիճաբանությունների դուռ է բացել։ Առաջին հայացքից, իրոք, մի փոքր անսովոր է հնչում, սակայն, երբ լավ ենք սերտում Քրիստոսի վարդապետության իմաստն ու ոգին, հասկանում ենք, որ, ընդհակառակը, սա մի խթան է՝ արծարծելու Տիրամոր հավատը, որի շնորհիվ Քրիստոսն իր առաջին հրաշքը պիտի գործեր։ Մեր Տեր Հիսուսը, երբ հրաշք պիտի կատարեր, նախևառաջ աղերսողի հավատն էր փնտրում և հետո միայն, եթե դիմացինը հավատալու կարողություն ուներ, կատարում էր Իր հրաշքը կամ բժշկությունը։ 0րինակ. երբ պետք է բժշկեր երկու կույրերին, հարցրեց նրանց. «Կարո՞ղ եմ այս բանն անել ձեզ։ Նրան ասացին՝ այո՜, Տե՜ր։ Այն ժամանակ դիպավ նրանց աչքերին և ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ։ Եվ նրանց աչքերը բացվեցին» (Մատթեոս 9.28-29):
Մեկ այլ օրինակ. երբ Հիսուսն անապատում պետք է հինգ հազար մարդու կերակրեր հինգ հացով և երկու ձկով, տեսնում ենք, որ նախ հարցնում է իր աշակերտ Փիլիպոսին. «Որտեղի՞ց կարող ենք հաց գնել, որպեսզի սրանք ուտեն։ Բայց այս բանն ասում է նրան փորձելու համար, քանի որ Ինքը գիտեր, թե ինչ պիտի աներ» (Հովհաննես 6.5-6): Այսպես փորձում էր մարդկանց հավատը և անցկացնում իր բովով՝ տեսնելու համար, թե նրանք իսկապե՞ս հավատում են Իր աստվածային զորությանը։ Ապա կատարում էր նրանց խնդրանքը, որպեսզի դա հետագայում ուրիշների համար օրինակ լիներ։ Հավատ դաստիարակելու մի ցայտուն օրինակ է քանանացի աղջկա բժշկումը (Մատթեոս 15.21-28): Քանանացի մի կին աղաչում էր Հիսուսին, որպեսզի տանը սաստիկ տառապող իր աղջկան ողորմի։ Հիսուսը նույնիսկ չպատասխանեց, մինչև որ աշակերտները խղճահարված չմիջամտեցին։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ես չեկա ուրիշների համար, այլ միայն Իսրայելի տան կորուսյալ ոչխարների»։ Կինն այս անգամ ավելի մոտեցավ Հիսուսին և Նրան երկրպագելով՝ ասաց. «Տե՜ր, օգնի՜ր ինձ»։ Հիսուսը դարձյալ այլաբանորեն պատասխանեց. «Լավ չէ երեխաների հացը շների առաջ թափել»։ Կինը պատասխանեց. Ճիշտ է, Տե՜ր, սակայն շներն էլ իրենց տիրոջ սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ Այդժամ Հիսուսն ասաց. Ո՜վ կին, մեծ է քո հավատը, թող քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց»։ Ահա այս երեք օրինակները որոշ չափով կարող են լուսաբշանել մեր Տիրոջ գործելակերպը, որը նախ հարցերով փորձում է մարդկանց հավատը և ապա միայն, եթե արժանի են, կատարում նրանց խնդրանքը։
Ուրեմն այդ նույն հավատի մեծությունը փնտրեց իր մոր մեջ, ոչ թե իբրև Իր մոր, այլ իբրև մի սովորական կնոջ։ Չեմ հասկանում, թե ինչպես են ոմանք սխալ ըմբռնելով՝ «հանդիմանություն» տեսնում այստեղ։ Եթե Հիսուսը հանդիմանած լիներ իր մորը, հնարավո՞ր է արդյոք, որ մի վայրկյան հետո կատարեր նրա խնդրանքը։ Խելքին մոտ բա՞ն է՝ հանդիմանել դիմացինին խնդրանքի համար և ապա անմիջապես կատարել նրա ուզածը։ Մենք գիտենք, թե Նա մի անգամ ինչպես հանդիմանեց Պետրոսին, երբ վերջինս «պատիվ անելով» վիճարկեց Տիրոջ չարչարանքների և խաչելության մասին կանխասացությունը՝ ասելով. «Քավ լիցի, Տե՜ր, այդ քեզ չի պատահի»։ Այդ ժամանակ Հիսուսն իսկապես հանդիմանեց նրան և, իհարկե, Պետրոսի փափագն այդպես էլ չիրականացավ (Մատթեոս 16.22-23, Մարկոս 8.33)։ Ինչպես վերևում բերված օրինակներում տեսանք, ըստ էության, եղածը ոչ թե հանդիմանություն էր, այլ պարզապես ազդակ, որպեսզի երևան գար Տիրամոր հավատի զորությունը, և նա արժանանար Հիսուսի առաջին հրաշքը տեսնելու պատվին։ Ուրեմն՝ այնքան մեծ էր նրա մոր հավատը Որդու հանդեպ, որ առանց վայրկյան իսկ վարանելու պատվիրում է իր մոտ կանգնած սպասավորներին. «Ինչ որ ասի ձեզ՝ արեք»։ Այն ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Այդ կարասները լցրեք ջրով», և լցրին։ Գոյացածն աշխարհի լավագույն գինին էր, որն էլ եղավ Քրիստոսի գործած առաջին հրաշքը։
Գ.-«Իմ ժամանակը դեռ չի հասել» (Հովհաննես 2.4)։ Այստեղ էլ, անշուշտ, եթե լավ չըմբռնենք և չհասկանանք ասվածի էությունը, հակասություն պիտի տեսնենք։ Նախ՝ ասում է, թե Իմ ժամանակը դեռ չի եկել, ապա՝ անմիջապես ավելացնում է. «Լցրե՜ք այդ կարասները»։ Անշուշտ, այստեղ ոչ մի հակասություն էլ չկա, այլ պարզապես արտահայտվելու, խոսելու ոճ է։ Նմանատիպ խոսելաձևի ենք հանդիպում նաև հետևյալ օրինակներում։ Երբ հարություն առած Տերը հանդիպեց Էմմավուսի ճամփորդներին և, նրանց հետ խոսելով, «Մոտեցան այն գյուղին, ուր գնում էին նրանք, այնպես ցույց տվեց, թե իբր, ավելի հեռու տեղ պետք է գնա, բայց նրանք ստիպեցին Նրան և ասացին. «Մեզ մոտ մնա»։ Հիսուսն էլ մտավ նրանց հետ գիշերելու» (Ղուկաս 24.13-29)։
Նմանատիպ մի այլ օրինակ ևս. Գալիլեայի լճի ալեկոծության ժամանակ Հիսուսը ջրի վրայով քայլելով եկավ Իր աշակերտների մոտ և ցանկանում էր նրանց կողքով կարծես թե անցնել գնալ։ Սակայն աշակերտները ցանկացան Նրան նավակի մեջ առնել, և Նա էլ նրանց մոտ՝ նավակ բարձրացավ (Մարկոս 6.46-50)։ Այդ օրինակները պատկերավոր կերպով լուսաբանում և կրկնում են «Իմ ժամանակը դեռ չի հասել» խոսքը։
2 – ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՄ ՄԱՅՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ (ՄԱՐԿՈՍ 3.33)
Մի ուրիշ անգամ, երբ Հիսուսը խոսում էր ժողովրդի առջև, Նրա մայրն ու եղբայրները (ազգականները) եկել, դրսում կանգնել էին ու կամենում էին խոսել հետը, սակայն հավաքված բազմության պատճառով չէին կարողանում Նրան մոտենալ։ Վերջապես Նրան ասացին, թե՝ «Ահավասիկ քո մայրը, եղբայրները դրսում կանգնած են և կամենում են քեզ հետ խոսել»։ Հիսուսը պատասխանեց. «Ովքե՞ր են Իմ մայրը կամ եղբայրները»։ Եվ նայելով իր շուրջը նստածներին՝ ձեռքը պարզեց աշակերտներին ու ասաց. «Ահա Իմ մայրը և եղբայրները։ Որովհետև ով Իմ երկնավոր Հոր կամքը կատարի՝ նա կլինի Իմ եղբայրը և քույրը և մայրը» (Մատթեոս 12.46-50, Մարկոս 3.31-35)։ Նախ պետք է ասեմ, որ Հիսուսն Իր քարոզության ժամանակ Իր անձի մասին էլ էր մոռանում, որպեսզի ավելի լավ բացատրի Իր առաքելության կարևորությունն ու վեհությունը, որի նպատակը միայն Իր երկնավոր Հոր կամքը կատարելն էր, ինչը տեսնում ենք հետևյալ օրինակում. «Երբ վերադարձան տուն, ժողովուրդը դարձյալ հավաքվեց, այնպես որ հաց ուտելու ժամանակ էլ չկարողացան գտնել։ Եվ երբ յուրայինները լսեցին, վեր կացան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելքը կորցրել է» (Մարկոս 3.20-21)։
Մի այլ անգամ, երբ կեսօրին խոսում էր սամարացի կնոջ հետ, իսկ աշակերտներն իրեն աղաչում ու ասում էին. «Ռաբբի, հաց կեր», Հիսուսը պատասխանեց. «Իմ կերակուրն այն է, որ Ինձ ուղարկողի կամքը կատարեմ» (Հովհաննես 4.31-34)։ Կարծում եմ այս օրինակները բավական են ցույց տալու, որ մեր Տիրոջ համար գերագույն և էական գործն Աստծո կամքը կատարելն էր։ Ուրեմն՝ «Ով որ Իմ երկնավոր Հոր կամքը կատարի, նա է Իմ եղբայրը և քույրը և մայրը»։ Այսպիսով, Հիսուսը մեզ էլ է հնարավորություն տալիս Իր եղբայրը, քույրը կամ մայրը դառնալու։ Պայմանն, անշուշտ, հավատալն ու սիրելն է, ինչը Հովհաննես առաքյալի Ավետարանի և նրա ընդհանրական ուղերձների հիմնական նյութն է։ Հավանաբար այս հնարավորությունից քաջալերված, Հովհաննեսին մայրը՝ Սողոմեն, մի անգամ իր երկու որդիների հետ մոտեցավ Հիսուսին, երկրպագեց Նրան և խընդրեց, որ իր որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, Քրիստոսի Թագավորության մեջ նստեն Նրա Գահի աջ և ձախ կողմերում։ Հիսուսը պատասխանեց. Չգիտեք, թե ինչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն գավաթը, որը պիտի ես խմեմ, կամ մկրտվեք այն մկրտությամբ, որով պիտի ես մկրտվեմ»։ Զեբեդյան եղբայրները պատասխանեցին՝ կարող ենք։ Եվ Հիսուսն ասաց նրանց. «Իմ գավաթը կխմեք և այն մկրտությամբ, որով պիտի մկրտվեմ, կմկրտվեք։ Սակայն իմ աջ և ձախ կողմում նստելն ինձնով չէ, այլ նրանց համար է, ում տրված է իմ Հորից» (Մատթեոս 20.20-23)։ Ուրեմն, վստահ կարող ենք ասել, թե Սուրբ Կույսը, որը կատարում էր երկնավոր Հոր կամքը, այդպիսով դառնում էր Քրիստոսի միակ արժանի Մայրը։ Այլ առիթով Հիսուսն ասել է. «Եթե Աբրահամի որդիները լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք» (Հովհաննես 8.39)։ Մենք արդեն տեսանք, որ Մարիամն իր հավատով նախահայր Աբրահամի հարազատ դուստրն էր։ Ուրեմն՝ Սուրբ Կույսն այս պարագայում լինում է Քրիստոսի մարմնավոր մայրը, իսկ երկնավոր Հոր կամքը կատարելով՝ դառնում է Քրիստոսի հավիտենական մայրը։
3 – ԵՐԱՆԻ՛ ԱՅՆ ՄՈՐԸ (ՂՈՒԿԱՍ 11.27-29)
Այս նույն միտքը տեսնում ենք նաև հետևյալ երանության մեջ։ Մի կին Հիսուսին ասաց. «Երանի՛ այն որովայնին, որը Քեզ կրեց, և այն ստինքներին, որոնք Քեզ կաթ տվեցին»։ Իսկ Հիսուսը նրան պատասխանեց. «Մանավանդ երանի՛ նրանց, ովքեր լսում և պահում են Աստծո խոսքը» (Ղուկաս 11.27-29)։ Այստեղ նույնպես երկու երանություններն էլ հասցեագրված են ուղղակի Աստվածամորը։ Ոչ միայն առաջինը (որն ինքնըստինքյան հասկանալի է), այլև Քրիստոսի ավելացրած երկրորդ երանությունը ևս, ըստ վերևում մեր ասածի, Իր մորն է ուղղված, քանի որ Սուրբ Կույսն Աստծո խոսքը ամբողջությամբ կատարողներից է եղել։ Ահա այսքան քիչ բան է գրված Աստվածամոր մասին։ Սակայն այդ քիչն էլ բավական է Սուրբ Կույսի հավատը ցայտուն կերպով դրսևորելու և մեզ օրինակ ծառայեցնելու համար։ Եվ այս քիչ տեղեկություններն այնքան են ներկայացված, որ հաստատում են մեր Փրկչի հետևյալ խոսքերը. «Ով որ ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի, և ով որ չունի, նրանից ունեցածն էլ պետք է վերցվի» (Մատթեոս 13.12)։ Կամ՝ «Որպեսզի նայելով հանդերձ՝ չտեսնեն և լսելով հանդերձ՝ չիմանան» (Մարկոս 4.12)։
ՎԱՉԵ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԻԳՆԱՏԻՈՍՅԱՆ