Ես 9.8 19: Բ Կր 1.1-11: Մր 4.35-40:
Եսայի
8Տէրը Յակոբի տան վրայ մահ արձակեց, բայց այն եկաւ հասաւ Իսրայէլի վրայ։ 9Թող Եփրեմի ողջ ժողովուրդը եւ Սամարիայում ապրողներն իմանան, որ հպարտութեամբ եւ ամբարտաւան սրտով խօսեցին՝ ասելով. 10«Աղիւսները թափուեցին, բայց եկէք քար տաշենք, մայրիներ ու եղեւնու ծառեր կտրենք եւ մեզ համար աշտարակ կառուցենք»։ 11Աստուած պիտի կործանի Սիոնի լերան վրայ բարձրացածներին եւ ցիրուցան պիտի անի Յուդայի երկրի թշնամիներին, 12արեւելքից՝ ասորեստանցիներին եւ արեւմուտքից՝ յոյներին, որոնք լիաբերան կերան Իսրայէլին։ Այնուամենայնիւ, նրա բարկութիւնը տեղի չտուեց, տակաւին նրա ձեռքը բարձրացած է։ 13Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի։ Զօրութիւնների Տիրոջը փնտռող չեղաւ։ 14Եւ Տէրը մէկ օրում վերացրեց Իսրայէլի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։ 15Ծերն ու ականաւորը գլուխն են, իսկ մարգարէն, որ անօրէնութիւն էր ուսուցանում, պոչն է։ 16Եւ պիտի այնպէս լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին,բայց մոլորեալները պիտի մոլորեցնեն նրան, որպէսզի կուլ տան։ 17Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար, ամէն բերան անարդարութիւն է խօսում։ Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։ 18Անօրէնութիւնը պիտի վառուի ինչպէս կրակ, չորացած սիզախոտի պէս պիտի այրուի կրակից, պիտի վառուի մայրիների անտառում, որոնց շուրջը, բոլոր բլուրների վրայ, հուրը պիտի ճարակի նրանց։ 19Տիրոջ զայրոյթի ու բարկութեան հետեւանքով համայն երկիրը կրակի պիտի մատնուի, եւ ժողովուրդն էլ հրով կիզուածի պէս պիտի լինի։ Մարդ իր եղբօրը չի խղճալու:
Բ Կորնթացիներ
1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը, Կորնթոսում գտնուող Աստծու եկեղեցուն, Աքայիայի բոլոր կողմերում եղող բոլոր սրբերով հանդերձ. 2շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ 3Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, 4որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց. 5որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի. 6քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ՝ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։ 7Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը. 8որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք, մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան. 9եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին, 10որ այդպիսի մահուանից փրկեց մեզ եւ կը փրկի. 11քանզի յոյս ունենք, թէ դեռ պիտի փրկի՝ մեզ համար ձեր արած աղօթքների օգնութեամբ, որպէսզի շատեր այդ աղօթքների միջոցով առատօրէն մեզ տրուած շնորհները տեսնելով՝ գոհութիւն տան Աստծուն մեզ համար։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
35Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»։ 36Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին։ 37Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր։ 38Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»։ 39Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ։ 40Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»։ 41Եւ նրանք սաստիկ վախեցան եւ միմեանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ հողմը, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»։