Իմս 9.13-10.3։ Մք 7.18-20։ Ա Կր 12.28-13.3։ Հհ 20.24-31։
Իմաստութիւն Սողոմոնի
13Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ 15Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։ 16Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաներըեւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։ 17Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ 18Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղներըսովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ։
10 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝միայնակ ստեղծեալին։ 2Նա փրկեց նրան իր յանցանքներիցեւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։ 3Իսկ անիրաւը բարկութեամբ հեռացաւ դրանից եւ կործանուեց իր եղբայրասպան զայրոյթի մէջ։
Միքիա
18Ո՞վ է Աստուած քեզ նման, որ վերացնում է անօրէնութիւնը, զանց է առնում իր ժառանգութեան երկրի մնացորդների անիրաւութիւնը եւ գործի չի դնում իր բարկութիւնը, քանի որ ողորմութիւն է կամենում։ 19Նա պիտի դառնայ ու գթայ մեզ, պիտի թաղի մեր մեղքերը եւ ծովի խորքը պիտի նետի մեր բոլոր անօրէնութիւնները։ 20Ճշմարտութիւն պիտի տայ Յակոբին, ողորմածութիւն՝ Աբրահամին, ինչպէս որ երդումով խոստացել էր մեր հայրերին սկզբից ի վեր։
Ա Կորնթացիներ
18Բայց արդ, Աստուած դրեց անդամները, նրանցից ամէն մէկը՝ մարմնի մէջ, ինչպէս որ կամեցաւ։ 19Իսկ եթէ ամբողջը մէկ անդամ լինէր, ո՞ւր կը մնար մարմինը։ 20Բայց արդ, բազում անդամներ կան, սակայն՝ մէկ մարմին։ 21Աչքը չի կարող ասել ձեռքին, թէ՝ ինձ պէտք չես. եւ կամ նոյն ձեւով գլուխը՝ ոտքերին, թէ՝ ինձ պէտք չէք։ 22Եւս առաւել, մարմնի այն անդամները, որ թւում է, թէ աւելի տկար են, կարեւորնե՛րն են. 23եւ նրանք, որ թւում է, թէ մարմնի համար աւելի անարգ են, առաւելագո՛յն պատիւ ենք անում նրանց. եւ մեր ամօթոյքները առաւել եւս անհրաժեշտ է պարկեշտութեամբ ծածկել։ 24Բայց մեր պարկեշտ անդամները այդ չեն պահանջում։ Որովհետեւ Աստուած կազմեց մարմինը եւ նուազ պատուաւորին առաւել պատիւ տուեց, 25որպէսզի մարմնի մէջ բաժանումներ չլինեն, այլ որպէսզի այդ անդամները նոյն հոգը տանեն միմեանց նկատմամբ։ 26Եւ եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները. եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ 27Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի եւ անդամներ՝ նրա անդամներից։ 28Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ։ 29Միթէ բոլո՞րն էլ առաքեալներ են. միթէ բոլո՞րն էլ մարգարէներ են. միթէ բոլո՞րն էլ ուսուցանողներ են. միթէ բոլո՞րն էլ զօրութիւններ գործողներ են. 30միթէ բոլո՞րն էլ բժշկելու շնորհ ունեն. միթէ բոլո՞րն էլ լեզուներ են խօսում. միթէ բոլո՞րն էլ թարգմանում են։ 31Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին։ Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կը տամ ձեզ։
13 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։ 2Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ 3Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
24Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ։ 25Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք։ Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»։ 26Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ։ Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ։ 27Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»։ 28Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ։ 29Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»։ 30Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն։ 31Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք։