Խստագույնս դատապարտում և անթույլատրելի ենք համարում մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության ազգային տոնին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած ամոթալի միջադեպը, որտեղ իշխանությունների հրահանգով՝ ոստիկաններն ապօրինաբար չէին թույլատրում Ամենայն Հայոց Հայրապետին և եկեղեցականաց դասին մուտք գործել հուշահամալիրի տարածք` աղոթելու։
Խիստ վրդովեցնող և դատապարտելի այս արարքն ամոթալի էջ է դառնալու հայ ժողովրդի պատմության մեջ։ Ականատեսն ենք իշխանությունների կողմից անհարիր հրահանգի, որով ոստիկաններին դարձնում են անձնական խամաճիկ՝արատավորելու սեփական եկեղեցին և վարկաբեկելու հայ մարդու անունն ամբողջ աշխարհի առջև։ Սարդարապատը մեզ համար եղել է և կմնա իբրև հաղթանակի խորհրդանիշ, որին իր կարևորագույն մասնակցություն է ունեցել նաև Մեր Սուրբ Եկեղեցին։
Դեռ տարիներ առաջ մայիսի 28-ը մենք տոնում էինք համազգային մեծ ցնծությամբ և ուրախությամբ, իսկ այսօր, իշխանությունների ապիկար քաղաքականության հետևանքով այն դարձել է մի խումբ իշխանավորների անձնական արարողությունը։
Մեր զորակցություն ենք բերում Ամենայն Հայոց Հայրապետին և միաբան մեր եղբայրներին, դժվարին այս օրերին հաղթահարելու ազգային ամոթը և չարսիրտ իշխանությունների ամբարտավան վարքը։
Վա՜յ բոլոր նրանց հոգիներին, ովքեր իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին և ասացին. “ Կապենք Արդարին, քանի որ նա մեզ անհաճո է” (Ես. Գ 9-10):
Մկրտիչ եպս. Պռոշյան
Առաջնորդ Արագածոտնի