Ազգային ժողովի նախագահի «Եկել է ժամանակը՝ քննարկելու և հասկանալու, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում» հայտարարությունը և դրանում արտացոլված վիրավորական մտքերին Մայր Աթոռից արդեն իսկ տրվել է համարժեք պատասխան: Միաժամանակ, հաշվի առնելով, որ խնդիրն առավելապես օրենսդրական հարթության վրա է, «Փաստինֆո»-ն հարցեր է ուղղել Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։
– Պարոն Դանիելյան, նախ, ինչո՞ւ է ընդգծվում, որ հենց հիմա է եկել Հայ Եկեղեցուն հարկային դաշտ բերելու ժամանակը։
– Իրականում այդ ժամանակ կոչվածը եկել էր դեռ 2018 թ․, հիմա այդ արտահայտությունը բացահայտ փոխկապակցվում է ներկայիս իրադարձությունների հետ, ուստի շրջանառության մեջ է դրվում զուտ քաղտեխնելոգիայի կանոններով։ Մյուս կողմից, ցավում եմ, որ հավատքը և այդ համատեքստում՝ Ազգային Եկեղեցին թիրախավորվում են, մեղմ ասած, անպարկեշտ որակումներով, ինչն առ այօր բնորոշ է եղել սոսկ թուրք-ադրբեջանական քարոզչությանը։ Դեռ վեց տարի առաջ ձևավորվել էր «Պետություն-Եկեղեցի փոխհարաբերությունների» միջգերատեսչական հանձնախումբ, համապատասխանաբար՝ Կառավարության ղեկավարի և Վեհափառ Տիրոջ համանախագահությամբ, որի շրջանակներում նախատեսվել էր բազում այլ կրթական, սոցիալ-տնտեսական և վարչարարության հարցերին զուգահեռ քննարկել նաև հարկային քաղաքականությունը։ Հենց առաջին հանդիպմանն էլ բարձրացվեց այն հարցը, որ Հայ Եկեղեցին ևս պետք է լրիվ ծավալով ճանաչվի հարկատու կառույց։
Այդ հանդիպմանը ինքս հնարավորինս մատչելի պարզաբանել եմ, որ իրականում Հայ Եկեղեցին օժտված չէ էական հարկային արտոնություններով, ընդ որում, դրանց գերակշիռ մասը հավասարապես վերապահված է նաև ցանկացած այլ կրոնական կազմակերպության, այնպես որ Հայ Եկեղեցուն այս տեսանկյունից առանձնացնելը, մեղմ ասած, միֆ է։ Մյուս կողմից, ի տարբերություն միջազգային և հատկապես՝ նախկին խորհրդային երկրների փորձի, Հայ Եկեղեցուն ոչ միայն չեն հատուցել բոլշևիկյան իշխանության կողմից բարբարոսաբար պատճառած վնասները, այլև առ այսօր չեն վերադարձրել ապօրինի ազգայնացված սեփականությունը, այդ թվում՝ Մատենադարանի հին ձեռագրերը։ Ընդ որում, Հայ Եկեղեցին չի էլ ակնկալում հատուցում և, ըմբռնումով է մոտենում Երկրի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում բեռ չլինելու հանգամանքին։
Ցավոք, հետագայում ինչպես այդ, այնպես էլ առանձին ոլորտների համար ձևավորված ենթահանաձնաժողովների գործունեությունը պարզապես դադարեցվեց։
– Դուք տեղյակ եք, որ Հայ Եկեղեցուն մշտապես բաց տեքստով մեղադրում են շահույթ ստանալու մեջ, հատկապես՝ ակնարկելով մոմ վաճառելը։ Իսկ վերջին ելույթում ավելացան նաեւ նոր մեղադրանքներ, ընդհուպ ռեստորաններ ունենալը և հարկեր չվճարելը։
– Դե արդեն նշեցի, որ դա սոսկ քաղտեխնոլոգիայի պարզունակ հնարքներից է, յուրաքանչյուր ոք քաջատեղյակ է, որ Հայ Եկեղեցին չունի այդպիսի կառույցներ, և ընդհանրապես՝ անհասկանալի է, թե ինչպես կարող է որևէ ռեստորան գործել առանց հարկեր վճարելու։
Ինչ վերաբերում է որոշակի դրամական մուտքերին, այդ թվում՝ մոմ վաճառելուն, ապա այդպիսի հայտարարություն անելուց առաջ, հարկ է ոչ թե զգացմունքային հարթությամբ դատողություններ անել, այլ լիարժեք ու համալիր անդրադառնալ իրավիճակին։ Ահա այդ դեպքում, արդեն պարզ կդառնար, որ հենց պետական իշխանության իրավասու մարմիններն են խուսափում իրենց օրենսդրական պարտավորությունների կատարումից։ Խոսքը, հատկապես՝ վերաբերում է սրբավայրերի կարգավիճակ ունեցող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը։ Ուստի եթե խոսում ենք Հայ Եկեղեցու եկամուտների մասին, ապա հարկ էր շարունակել միտքը և հստակ նշել, որ Հայ Եկեղեցին այդ միջոցները ոչ թե պահում է, ոչ թե դրանցով հարստանում է, այլ կամավոր ստանձնել է այդ միջոցներով հիշյալ հուշարձանների պահպանության առաքելությունը։ Որպեսզի առարկայական լինեմ, հղում անեմ «Պատմության և մշակութային անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին, ըստ որի՝ Կառավարությունը «ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին»։ Ուսումնասիրեք, խնդրեմ պետական բյուջեի մասին օրենսդրությունը և փորձեք գտնել գեթ մի տող, որը կվերաբերի վերը նշված հուշարձանների պահպանության ֆինանսավորմանը։
Հետևողական անհիմն քարոզչությունը, ցավոք, տվել է իրականության հետ աղերսներ չունեցող պտուղներ, ըստ որոնց՝ իբր Հայ Եկեղեցին մեծ հարստություն ունի, սոցիալական աջակցության փոխարեն եկեղեցիներ է կառուցում և նմանաբնույթ այլ հորինված մտքեր։ Մինչդեռ՝ Հայ Եկեղեցին նոր եկեղեցիներ չի կառուցել, այլ սոսկ օծել է մասնավոր անձանց կողմից կառուցվածները, իրականացրել և հենց այս պահին էլ իրականացնում է մեծածավալ սոցիալական ծրագրեր, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայնել, իսկ պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ Մայր Աթոռի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ինչպես սեփական սուղ միջոցների, այնպես էլ բաբերարների աջակցությամբ։ Մի համեմատություն միայն՝ Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին տարեկան Վատիկանին փոխանցում է տասն անգամ ավելի գումար, քան ընդհանրապես ունի Հայ Եկեղեցին՝ իր անթիվ հոգսերով հանդերձ։
– Պարոն Դանիելյան, Դուք նշեցիք, որ առանձին հարկային արտոնությունները հավասարապես վերաբերում են բոլոր կրոնական կազմակերպություններին, կարո՞ղ եք մատնացույց անել որևէ օրենսդրական ակտ։
– Թեկուզ նույն ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, որով հստակ ամրագրված է, որ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծումը, մատակարարումը և այլն ազատվում են ավելացված արժեքի հարկից անխտիր բոլոր «կրոնական կազմակերպությունները»։ Ընդ որում, եթե նախկինում Հայ Եկեղեցուն այդ նպատակով մատակարարվող ապրանքների ներմուծումը ճանաչվում էր բարեգործություն, ապա սկսած 2018 թվականից այն ակնհայտ անհիմն մերժվում է։ Ի դեպ, Մայր Աթոռի հիմնավորված հարցումները մնում են անպատասխան, ինչն արդեն վարչարարության տարրական կանոնների խախտում է։
Հավելեմ, որ սահմանված աննշան հարկային արտոնությունները ուղղակի բխում են Հայ Եկեղեցու կառուցվածքի և գործունեության առանձնահատկություններից։ Այսպես, նույն հոդվածի 2-րդ մասի 43-րդ կետի համաձայն, Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորները ազատվում են այլ երկրներում ծառայությունն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալիս անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքից։ Ակնհայտ է, որ Հայ Եկեղեցին թեմեր ունի մի քանի տասնյակ երկրներում, ուստի հիշյալ արտոնությունը տրամաբանական է։ Ընդ որում, այն նախատեսված է նաև դիվանագետների, դիվանագիտական, ռազմական, առևտրային և այլ կցորդների համար։
– Համամիտ ենք, որ դա էական չէ, բայց մյուս կողմից՝ նշում եք արտասահմանում ծառայություն իրականացնող հանրային պաշտոնյաների։ Որքանո՞վ է հիմնավորված այդ անձանց հոգևոր սպասավորների հետ համեմատելը։
– Այնքանով, որքանով, որ Սահմանադրության ուժով Հայ Եկեղեցին ոչ միայն համարվում է ազգային, այլև վերջինիս վերապահված է բացառիկ առաքելություն՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Սրանք այն ոլորտներն են, որոնցում անխուսափելիորեն անհրաժեշտ է պետության և Հայ Եկեղեցու համագործակցությունը։ Մինչդեռ՝ մենք դեռևս չեն տեսնում այդպիսի համագործակցության նշույլներ անգամ։ Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե այս չափազանց բարդ ու անվտանգային սպառնալիքներով հղի իրավիճակում ինչպես կարելի է խույս տալ սփյուռքում անասելի մեծ հեղինակություն վայելող այնպիսի հզոր կառույցից, ինչպիսին Հայ Եկեղեցին է։
– Եւ վերջին հարցը` խոսում եք արտասահմանյան փորձի մասին, մինչդեռ՝ Ձեր հակառակորդները պնդում են, որ եվրոպական երկրներում խղճի ազատության իրավունքի համատեքստում չի թույլատրվում արտոնություններ սահմանել որևէ եկեղեցու համար։
– Դրանք ևս հերթական անհիմն, իրականության հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող պնդումներ են։ Նախ, մի շարք ԵՄ անդամ երկրներում անգամ պետական կրոն է հռչակված։ Ցավալի է, որ անգամ մասնագետներն են շփոթում և խղճի ազատությունը դիտարկում են սոսկ կրոնական կազմակերպությունների իրավահավասարության համատեքստում։ Նախ, խղճի ազատության իրավունքի իրացումը որևէ առնչություն չունի կրոնական այս կամ այն կազմակերպության կարգավիճակի հետ, ուստի առնվազն տեղին չէ խոսել խտրականության արգելքի սկզբունքի իբր խաթարման մասին։ Վերջին հաշվով, յուրաքանչյուր ոք անարգել լրիվ ծավալով իրացնում է իր իրավունքը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգավիճակ ունի կրոնական կազմակերպությունը։ Մյուս կողմից որևէ կրոնական կառույցի համար արտոնություններ սահմանելը բխում է վերջինիս իրականացրած փաստացի առաքելությունից, ավանդույթներից ու հավատացյալների շրջանակից։
Ահա վերը նշված դիրքորոշումների տեսանկյունից Հայ Եկեղեցին հայտնվել է ամենախոցելի ու ամենաանտեսված վիճակում։ Բնորոշ է այն, որ օրինակ՝ Բելգիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Հունաստանում, Դանիայում, Շվեդիայում և այլ երկրներում եկեղեցին ոչ միայն ազատված է ավելի լայն շրջանակով հարկերից, այլև օրենքով նախատեսված են պետական աջակցության ազդեցիկ ծրագրեր։
Վերջում կամենում են նաև շեշտել, որ անընդունելի էր նաև 2020 թվականին, պատերազմից առաջ «Կրոնական ազատության դաշինքին միանալը», քանզի այդ դաշինքն ուղղված էր առավելապես այնպիսի երկրների (Չինաստան, Հնդկաստան, Իրան, Իրաք և այլն) դեմ, որոնցում մենք ընդհանրապես չունենք կրոնական ազատության խնդիրներ։ Օրինակ, Իրաքում մեր թեմն ունի ավելի լայն հարկային արտոնություններ և պետական պահպանություն, քան՝ Հայաստանում Մայր Աթոռը, սա պարադոքս է, բայց փաստ։ Մինչդեռ՝ հիշյալ դաշինքը շրջանցել է այնպիսի երկրների, ինչիպսիք են Ադրբեջանը և Թուրքիան։
Ինչևէ, հուսանք, որ գոնե մեր սեփական երկրում քաղաքական տարաձայնությունները, ցանկացած բնույթի իրադարձությունները կընթանան բացառապես քաղաքակիրթ հունով, այլապես մենք չենք էլ կարողանա դույզն ինչ արձագանքել թուրք-ադրբեջանական նույնաբնույթ քարոզչությանը։
Աղբյուր` Փաստինֆո