Սեպտեմբերի 12-14-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 27-րդ միջազգային համաժողովը՝ «Ազատությունն, ինչպես ես եմ ընկալում… Եվրոպան նոր զարթոնքի, հիասթափության և վտանգի միջև» խորագրի ներքո։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ միջազգային համագումարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Ամենամյա համաժողովին բարձրաձայնվում և քննարկվում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում առկա տարբեր խնդիրներ։ Այս առումով համաժողովը հանդիսանում է Արևելք-Արևմուտք երկխոսության կարևոր հարթակ։ Հայր Սուրբը համագումարի ընթացքում հանդես եկավ բանախոսությամբ՝ ներկայացնելով Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետը և կարևորեց համապատասխան գործողություններ ձեռնարկելու հրատապությունը։