Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնելու ու վերացնելու Արցախում հայկական ինքնությունը։
Այս համատեքստում էլ ավելի անիրատեսական են դառնում Արցախում հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցության մասին խոսակցությունները։ Մենք մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում կատարվածի վրա և պահանջում ենք, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի կատարվածին՝ կանխելու համար հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը։