Անկեղծորեն չէի ցանկանա այս գրության կյանքի կոչվելը և նույնիսկ դժկամությամբ եմ այն շարադրում՝ մշտապես նկատի ունենալով, որ մարտնչող տգիտության ու լկտիության դիմաց ո՛չ բանականությունը, ո՛չ բացատրության տքնությունը, ո՛չ էլ տրամաբանական երկխոսությունն ու զրույցը որևէ արժեք կամ նշանակություն ունեն: Խոսակցության այս ժանրն էլ չեմ նախընտրում, այլ սկզբունքորեն հավատում եմ գործի անսուտ խօսքին: Պարզապես, հավանաբար մի վերջին անգամ կփորձեմ անդրադառնալ Կարապետյան Սամվելի կողմից 20.08.2013. «ԳԱԼԱ» TV-ին տրված հերթական հայհոյախառն և իրեն իսկ որպես գիտնականի պատիվ չբերող արտահայտություններին Հայ Եկեղեցու, նրա Գահակալի և ընդհանրապես եկեղեցականի հանդեպ և ընդ որում ոչ միայն ներկայի, այլև անցյալի:
Իմ առաջին անմիջական արձանգանքը պարզապես ամոթի և արգահատանքի զգացումն էր նշված հարցազրույցի նկատմամբ: Թող սխալ չհասկացվի. իւրաքանչիւր անձ անկախ իր հասարակական կարգավիճակից և հնարավորություններից, անկախ հավատքի, դավանանքի ըմբռնումներից և մերժումից իրավունք ունի ազատ արտահայտվելու՝ նույնիսկ ամենածանր կերպով՝ ըստ իր ըմբռնումների, հոգեբանական գոյավիճակի և որևէ հարցի նկատմամբ ունեցած իր պատկերացումների և հավատամքի, որն էլ բնականորեն բնութագրում է տվյալ անձի որակն ու նկարագիրը: Թող նաև տպավորություն չստեղծվի, թե մերժում եմ որևէ կառուցողական քննադատություն, քա՛վ լիցի: Այսինքն՝ ընդունելով հանդերձ որևէ օգտաշատ քննադատություն, մերժում եմ հայհոյանքն ու հարակից մեղքերը: Եվ ոչ էլ «սեփական շահերը» պաշտպանող «պաշտոնյայի» նեղսրտվածության պատճառով եմ անդրադառնում վերոնշյալ հարցազրույցին, որն ինքնին արժեք չունի, այլ պարզապես այդ ինքնահայհոյիչ խոսքը պարունակում է որոշակի տարրեր, որոնք տարբեր ուղղություններով կարծես ներդրվում են մեր հասարակության մեջ՝ փորձելով նոր չափանիշ և մտածողություն ձևավորել Հայ Եկեղեցու այսօրվա առաքելության և պատմական դերակատարության վերաբերյալ: Ցավալիորեն, այս վտանգավոր գործընթացին լծվել են զանազան տիպի ու տեսակի մարդիկ՝ մտավորական, գիտնական և քաղաքական գործիչ կոչվածներից մինչև անհասկանալի և անորոշ ինքնություն ունեցող անձինք: Այս «մարտիկներից» են նույնիսկ նրանք, որոնց համար այդ ժառանգությունն ու այն ստեղծողների կյանքն ու գործը «հացի փեշակ» են: Ես խորապէս հարգում եմ Կարապետյան Սամվելի ազատ խոսքի իրավունքը, սակայն հրաժարվում եմ այն գիտությունից ու մտավորական տեսակից, որի մարմնավորողն ինքն է: Այսու, ներքոբերյալ «մարգարիտները» Կարապետյան Սամվելի մտքերն են և բնականաբար ամբողջական ընկալումը Հայ Եկեղեցու մասին, որոնց հասկանալիորեն ի վիճակի չեմ նույն փողոցային լեզվով պատասխանել, բայց կփորձեմ առավել դրական լույսի ներքո արտահայտել մեր ասելիքը.
1. Նա, ով ասում է այդ խոսքը (Հայ Եկեղեցու պատմական դերի մասին), կամ պատշաճ ձևով չի ուսումնասիրել պատմությունը, կամ հետևել է կեղծ դրույթների, որոնց հեղինակները մեծամասամբ հենց հոգևորականներն են: Բայց իրականում այս կառույցը չէր հանդուրժում պետություն, և շատ դժվար էր ունենալ Հայ Առաքելական Եկեղեցի և միևնույն ժամանակ՝ պետություն, որովհետև եկեղեցին երբեք պետականամետ կառույց չի եղել, այն պետության ոտքի տակն է փորել, թագավորի է սպանել՝ թշնամու հետ բանակցելով, օրինակ՝ Պապ թագավորին: Նա ամեն ինչ արել է, որ մենք դարերի ընթացքում չունենանք ազգային հասարակություն:
Պարզից էլ պարզ է, թե ինչ է փորձում ակնարկել Կարապետյան Սամվելը: Սա կարծես անհաջող պատճենը լինի Բագրատյան Հրանտի թեզիսների, բնականաբար, կիսատ-պռատ, հատվածական և տպավորություն գործելու տրամադրությամբ (առաջիկային կանդրադառնանք նաև Բագրատյան Հրանտի վերջերս նորից շրջանառության դրված, կներեք, բացառիկ ապաշնորհ և անգրագետ հարցազրույցի որոշ դրույթներին 14.05.2011. religions.am կայքում): Այն տպավորությունն է ստեղծվում, թե այս մարդիկ Պապ թագավորի և Պետրոս Գետադարձի մասին (այն էլ ծանոթացած գեղարվեստական գործերից և ոչ բուն պատմական աղբյուրներից) հպանցիկ և հարևանցի ընթերցանությունից և միմյանց միջև բամբասելուց բացի ուրիշ ոչնչից տեղյակ չեն կամ միտումնավոր փորձում են շրջանցել ընդհանրական պատմության իսկությունը՝ բնականաբար այն ծառայեցնելով իրենց կամ իրենց տերերի ծրագիր նպատակին: Ես չեմ ջանում ո՛չ քարոզել և ո՛չ էլ համոզել որևէ մեկին, այլ սոսկ ցանկանում եմ հացադրումներ կատարել, որոնց պատասխաններն ինքնին կվկայեն հակառակ փաստարկների մասին:
Այսպես՝ Հայ Եկեղեցին իր բուն հոգևոր առաքելությունից զատ ապրել և ապրում է ազգաստեղծ ինքնության և ուժեղ պետականություն ունենալու տեսիլքով` այդ առաքելության մեջ ներդնելով իր լավագույնն ու բարձրագույնը: Այո՛, ես չեմ վարանում ասել, որ մեր Սուրբ Եկեղեցում հոգու փրկության առաքելությունը զուգակցվել է մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովության և անվտանգության հետ: Եթե մի պահ մոռանանք հոգևոր եզրաշերտը ինքնին, կարող ե՞ք ասել՝ ինչպիսի դեր խաղաց քրիստոնեության ընդունումը, որպես աշխարհաքաղաքական երևույթ, ովքե՞ր էին Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, Անանիա Շիրակացին, Մխիթար Գոշը, ովքե՞ր էին Մխիթար Հերացին ու Ամիրդովլաթ Ամասիացին, Գրիգոր Մագիստրոսն ու Լևոն Բ թագավորը, Շնորհալիներն ու Նարեկացիները, չեմ խոսում Տաթևի դպրոցի, Հակոբ Ջուղայեցի և Ներսես Աշտարակեցի հայրապետների մասին: Իսկ մեր վերջին շրջանի ողբերգական պատմության ընթացքին բացառիկ հերոսական դերակատարություն ունեցած, ըստ էության ազգին ոչնչացումից փրկած Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի սխրանքը վեր է ամեն պատկերացումից, ում պարտական ենք մեր այսօրվա գոյությունը: Արդյոք արժե՞ շարունակել շղթան… Ցույց տվեք մի ոլորտ, որտեղ պետականաստեղծման բարձրագույն գաղափարից և նրա զանազան քաղաքական և սոցիալական գործառույթներից սկսած մինչև եկեղեցիների ու «հուշարձանների» կառուցումը Հայ Եկեղեցին ի պահանջել հարկին պատասխանատվություն չի ստանձնել:
Հայ Եկեղեցին և եկեղեցականությունն իր 1700-ամյա փորձառությամբ և իմաստությամբ մշտապես ունեցել է մեկ կարևոր սկզբունք և մտածողություն. ի գին ամեն զրկանքի իր ժողովրդին պահել իր սեփական հողերի վրա՝ իր հարազատ բնակավայրում: Հակառակ տարատեսակ հալածանքների՝ այս ռազմավարությունը հաջողվեց մինչև 1915 թ.: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո, երբ եկեղեցին քարկոծվեց ու համարվեց հետադիմական, ստրկածին, կանացիազգեստ և այլն: Ցավոք եղավ այն, ինչ այսօր ունենք՝ դատարկված, ավերակ ու բնաջնջված Հայրենիք, որի ներկայության չար ինքնամխիթարությունը մեր բնօրրանը այցելության արցունքներով թրջելն է կամ էլ լավագոյն դեպքում բարձրագոչ հռետորաբանությունը, ինչպես 20-րդ դարասկզբին էր:
Հարազատ հողի վրա իր ժողովրդին պահելու ձգտման լավագույն վկայությունը Գևորգ Զ Չեորեքչյան Հայրապետի կողմից 1946-1949 թթ. ներգաղթի կազմակերպումն էր՝ պատմական ամենավտանգավոր և ռեպրեսիվ ժամանակներում, որը ընդհանրապես փաստացի ատաղձն ու հիմքը հանդիսացավ այսօրվա Հայաստանի Հանրապետության գոյության: Կարելի՞ է այս ամենը մերժել և ուրանալ… հավանաբար այո, երբ տգիտությունը թագավորում է, իսկ լկիտությունը սպասարկում նրան:
2. Բանակում Ավետարանի, Աստվածաշնչի ուսմունքը քարոզելու համար սևազգեստ ագռավների են ուղարկում (ինչ-որ հոգևորականներ են հայտնվել բանակում), որն արդեն կապիկության է նման: Մենք այս կառույցի տված ուսմունքի կարիքը չունենք մեր բանակում: Մենք ունենք Նժդեհի ուսմունքի կարիքը. այն արդեն իսկ ազգային Ավետարան է:
Խոստովանում եմ, որ նույնիսկ չեմ կարողանում հավատալ, (մի պահ մոռացեք մտաւորականին), որ հայ մարդը, անկախ իր հավատալիքներից, կարող է նման արտահայտություն թույլ տալ այն նվիրյալների հանդեպ, ովքեր գիշեր ու զօր կանգնած են հայ զինվորի կողքին, դիրքերում, թե այլուր, քաջալերելով և զորացնելով նրան իր ծառայության մեջ, ում շնորհիվ կարապետյան սամվելները պաշտպանված են զգում իրենց: Փառք Աստուծո, որ այդ «սև ագռավները» գոյություն ունեն, այլապես նույն կարապետյանական ոճաբանությամբ «անդեմ աղվեսները» վաղուց կազմալուծած կլինեին Հայոց բանակը:
Այստեղ, նաև անտեղի չեմ համարում նշել, թե ինչ առաքելություն է իրականացրել Հայ Եկեղեցին անկախությունից ի վեր և հատկապես վերջին 14 տարիներին՝ Գարեգին Բ Հայրապետի օրոք.
ա) ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչական Կենտրոնի վերաշխուժացումը, հոգևոր դաստիարակությանն ուղղված քարոզչությունը տարատեսակ հաստատութիւններում և շրջաններում, բազմաթիվ երիտասարդական ծրագրերի իրականացում, «Շողակաթ» և «Լույս» հեռուստաընկերությունները, Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգը, չափազանց անհրաժեշտ Հասարակական Հայեցակարգային նորահաստատ Գրասենյակը, թեմական նոր դրությունների և հովվությունների հաստատումը Արևմտյան և Արևելյան Եվրոպայում և այլուր (նոյն ինքն երկար տառապանքով Ֆրանսիայի թեմի պատմական հռչակում), կանոնադրական և կանոնական նույնականության գործադրությունն ամբողջ աշխարհում:
բ) ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Վազգենյան Հոգևոր Դպրանոցը, Հառիճա Վանքի Ավագ Դպրոցը, «Էօռնեկեան» Դպրոցը, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը, Մայր Աթոռի հովանու և խնամքի ներքո է սկսել գործել Կալկաթայի Մարդասիրական Ճեմարանը, Հայորդյաց Տների խնամքը, որտեղ անվճար ուսում են ստանում ավելի քան 20.000 պատանիներ ու երիտասարդներ, բազմաթիվ ճեմարանական ուսանողների և հոգևորականների կատարելագործումն արտերկրի զանազան բարձրագույն ուսումնական հաստատություններում, հարիւրավոր քահանայական ձեռնադրությունները և վերջապես պատմական այն իրողությունը, որ Հայ Եկեղեցի առարկան դասավանդվում է Հայաատանի բոլոր դպրոցներում որպես պարտադիր ծրագիր:
գ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայոց Բանակի հոգևոր հովվությունը, Բանտային հովվությունը, Ծնողածուրկ երեխաների խնակալ մարմինները, բազմաթիվ բարեգործական ճաշարանները, հիվանդանոցներին հոգևոր ծառայությունները, «Սբ. Ներսես» բժշկական կենտրոնը:
դ) ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հնարավոր և անհնար զանազան միջոցներով Արցախի ինքնորոշման և Հայաստանի Հանրապետության շրջափակման հարցերի արծարծումը միջազգային բոլոր քաղաքական և կրոնական ամենաբարձր մակարդակների վրա, նույն ուժականությամբ Ցեղասպանության ճանաչման գործընթացի և պահանջատիրության հետապնդումը, վիրահայության իրավունքների պաշտպանությունը և այլն:
3. Ինչ վերաբերում է Հայ Եկեղեցու ներկայ վիճակին, ցանկանում եմ շեշտել, որ ստեղծված այս արհեստական լարվածությունը, խոսակցությունները ներկլանային բախումների, ներքին խմբավորումների և շահերի մասին բացարձակ առնչություն չունեն իրականության հետ: Այո՛, առկա են բազմաթիվ ներքին և արտաքին, հոգևոր, բարոյական և վարչական խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք կարիք ունեն լուծումների և պատասխանների: Ես այս ամենն համարում եմ նոր ծնունդի երկունքի ցավերով ապրող իրավիճակ, որն իր ողջ բացասական և դժվար ընթացքով վստահ եմ վերածվելու է դրական ազդեցության և բարիքի: Եկեղեցին այլ կերպ չի կարող լինել ու ապրել, քանի որ նրա տերը Քրիստոս է և որքան էլ «անզգամն ասի իր սրտում, թե Աստված չկա» (Սաղմոս 13:1), այն շարունակելու է իր առաքելությունը՝ լինելով երկրի աղն ու աշխարհի լույսը: Տեղին է հիշել Գևորգ Ե Հայրապետի կողմից Սարդարապատի նախօրեին արտասանած նշանավոր խոսքը՝ ուղղված սահմռկած և շփոթված զորավարներին ու ժողովուրդին, որը դարձավ փաստական հիմնադրությունը Հայոց Պետականության. «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ Հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»:
Իսկ վերջում որպես ամփոփում դարձյալ ցանկանում եմ անդրադառնալ 1937թ. դեկտեմբեր 6-ին գնդակահարությամբ մարտիրոսացած Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանի ՆԳԺԿ-ում արտասանած մարգարեական խօսքին. «Էջմիածնի պատմությունը մեծ է հայ ազգի պատմության մեջ: Անցել են շատ թշնամական ժամանակներ, կանցնեն նորից, և մենք ձեզ հետ կանցնենք, իսկ Էջմիածինը կշարունակի իր գոյությունն ու առաքելությունը»:
Աղբյուր՝ Aysor.am
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան