«Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւն…» երգեցողության ժամանակ քահանան մասնավոր աղոթքով խնդրում է Աստծուց, որ իր Հոգու ներգործությամբ առաջադրված հացն ու գինին փոխակերպի Քրիստոսի Մարմնի և Արյան։ Հետևյալ աղոթքն է ասում. «Ով Հայր ամենակալ, այս հացն օրհնելով՝ խնդրում ենք, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմնի փոխարկես» (Երեք անգամ կրկնվում է)։ «Այս բաժակն օրհնելով՝ խնդրում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Արյան փոխարկես ստուգապես» (Երեք անգամ կրկնվում է)։ «Նույն ձևով այս հացն ու գինին օրհնելով՝ խնդրում ենք, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Մարմնի և Արյան վերածես՝ փոխարկելով քո Սուրբ Հոգով» (Երեք անգամ կրկնվում է)։ Սրբագործված հացի ու գինու այս հրաշալի փոխարկումով Քրիստոսը ներկա է՝ ոչ թե խորհրդանշական կամ պատկերավոր կերպով, այլ ճշմարտապես և իրապես. այնպես որ հացն ու գինին այլափոխվում են և դառնում Քրիստոսի իսկական Մարմինն ու Արյունը, սակայն՝ հացի ու գինու տեսակով, այսինքն՝ նյութական առումով հացը հաց է մնում, իսկ գինին՝ գինի, իրենց արտաքին ձևերով՝ համով ու հոտով նույնն են մնում։
Բայց արդեն վերածվում են Քրիստոսի Մարմնի ու Արյան, որը հավատացյալները ստանում են իբրև մեղքերի քավություն և թողություն, ինչպես նաև՝ իբրև հավիտենական կյանքի հոգևոր սնունդ։ Հավատացյալները պետք է սրտանց աղոթեն, որ Սուրբ Հոգին իրենց մեջ իջնի, որպեսզի արժանի լինեն Տիրոջ Մարմինը և Արյունը ճաշակելուն, ինչ պատարագիչն է ասում իր աղոթքի մեջ. «Որպէսզի եղիցի Սա՝ ամենեցուն մեզ մերձեցելոցս…», այսինքն՝ թող սա՝ հացն ու գինին, իր էությունը փոխի ճշմարտապես և ստուգապես, թող դրանք փոխակերպվեն, վերածվեն Քրիստոսի Մարմնի և Արյան, որպեսզի առանց դատապարտության մեզ՝ բոլոր նրան մոտեցողներիս համար մեղքերի քավություն և թողություն լինեն։
* * *
Հացի և գինու Քրիստոսի Մարմնի և Արյան վերածվելը մենք փոխարկում բառով ենք բացատրում, իսկ Կաթողիկե Եկեղեցին՝ գոյափոխություն բառով։ Մեր եկեղեցու վարդապետության հասկացողության համաձայն՝ Սուրբ Հոգին իջնում է և մեզ անհասկանալի եղանակով այս փոխարկումն իրագործում «Որդի Աստուծոյ» շարականի երգեցողության ընթացքում, ինչպես վերը տեսանք արդեն։ Փոխարկումից հետո հացը և գինին այլևս Քրիստոսի Մարմնի և Արյան «տիպարները» չեն, այլ՝ Նրա իսկական Մարմինը և Արյունը՝ հացի և գինու տեսակով։ Փոխակերպման այս կերպը մեզ համար միշտ «խորհուրդ խորին և անհաս» պիտի մնա։ Կաթողիկե եկեղեցին ասում է, որ հացի և գինու գոյացությունը փոխվում է, բայց նրանց սովորական հատկությունները, այսինքն՝ գույնը, համը և այլն, մնում են նույնը։ Անշուշտ, պետք է ասել, որ ըստ էության մեծ տարբերություն չկա մեր և Կաթողիկե Եկեղեցու հասկացողության միջև, որովհետև նրանք էլ են ընդունում, որ հացը և գինին վերածվում են Քրիստոսի Մարմնի և Արյան և միայն նրանց արտաքին ձևերն են մնում նույնը։ Տարբերությունը միայն բառերի բացատրությունների և բացատրելու ձևերի մեջ է կայանում։
* * *
Դրանից հետո պատարագիչը ձեռքերը Սկիհից՝ ընծայից ավելի չպետք է բարձրացնի։ Հիմա, երբ կատարվեց զոհաբերությունը, ճիշտ ժամանակն է, որ ժողովուրդն Աստծուն խնդրանքներ ներկայացնի և հիշատակություններ կատարի։