Հունիսի 5-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց միաբանական համագումարը, որին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։ Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից:
Միաբանական համագումարը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունեց համագումարի ատենապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Հայր Սուրբն իր ուրախությունը հայտնելով համագումարի անցկացման առիթով՝ միաբաններին փոխանցեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի սերն ու օրհնությունը։ Հայր Գարեգինն ընդգծեց, որ այս համագումարը լավագույն հնարավորություն է միասնաբար ու միատեղ քննարկելու Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները և ուղիներ գտնելու դրանց հաղթահարման գործում։
Բացման խոսքին հաջորդեց համագումարի օրակարգի քննարկումն ու հաստատումը։
Համագումարի առաջին նիստը վարում էր Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Հայ Առաքելական Եկեղեցու քարոզչական ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ» թեմայով զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբն ի մասնավորի անդրադարձավ երիտասարդների հոգևոր դաստիարակության կարևորությանը, նրանց բարոյական և ազգային կերտվածքի ձևավորմանը, հոգևոր անվտանգության ապահովմանը, աղանդավորական շարժումների դեմ պայքարին, ինչպես նաև հոգևոր ուսումնական հաստատություններում կրթության արդյունավետության բարձրացմանը։
Զեկույցից հետո տեղի ունեցան խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, ելույթներ և ամփոփումներ, որոնք առնչվում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քարոզչական գործունեության առավել արդյունավետ իրականացմանն ուղղված քայլերին։
Վեցօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կքննարկեն նաև Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերներ, կլսեն տարբեր զեկույցներ: Հունիսի 6-ին համագումարի մասնակից միաբանները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Հունիսի 7-8 հովվական առաքելությամբ կմեկնեն Տավուշի և Գեղարքունյաց թեմերի տարբեր համայնքներ, այցելություններ կկատարեն մասնավորապես արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների ու Արցախից տեղահանված ընտանիքներին: