Ա Կր 14.18-25։ Մր 2.13-20։
Ա Կորնթացիներ
18Գոհութիւն Աստծու. ձեր բոլորից աւելի շատ լեզուներ եմ խօսում. 19բայց, որպէսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, եկեղեցու մէջ կամենում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր՝ լեզուով։ 20Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէ՛ք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէ՛ք չափահաս. 21քանզի օրէնքի մէջ էլ գրուած է. 22Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ հաւատացեալների, այլ՝ անհաւատների համար. իսկ մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ՝ հաւատացեալների։ 23Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքուի, եւ բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ, չե՞ն ասի, թէ՝ դուք գժուել էք։ 24Իսկ եթէ բոլորն էլ մարգարէանան, եւ այնտեղ մի անհաւատ կամ անգէտ մտնի, կը յանդիմանուի բոլորից եւ բոլորից կը հարցապնդուի, 25ու նրա սրտի գաղտնիքները յայտնի կը լինեն. եւ ապա երեսի վրայ ընկած՝ կ՚երկրպագի Աստծուն ու կը խոստովանի, թէ՝ արդարեւ ձեր մէջ է Աստուած։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
13Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց։ 14Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից։ Եւ Ղեւին վեր կացաւ գնաց նրա յետեւից։ 15Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում։ 16Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»։ 17Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»։ 18Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 19Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն։ 20Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն։