Զարմանալի անտարբերություն է մեր ժողովրդի մեջ Արցախի շրջափակման կապակցությամբ: Ես հիշում եմ 1988-ից մինչև 1994 թվականները: Մեր ժողովուրդը միաբանվել էր, դարձել էր մի ընտանիք և մի հոգի։ Դրա համար էլ Աստված ընդառաջեց մեզ։ Ազգային-ազատագրական շարժումը ծունկի բերեց Խորհրդային պետության նման հզոր կառույցին։ Մենք բազմաթիվ հաղթանակներ ունեցանք։ Ավելին կունենայինք, եթե միաբանությունը չձախողվեր, եթե Աստված կանչելու, Աստծով առաջնորդվելու փոխարեն չընկնեինք մեր մանր սեփականատիրական ցանկությունների ետևից, երկիրը թալանելու,ծախելու և բաժանելու ետևից։
Պետք է ասեմ, որ միաբանությունը մեր ազգին միշտ չէ տրվում, միաբանվելը մեր ազգին հատուկ չէ: Ամեն հայ առանձին պետություն է: Հայի համար կարևոր է իր ընտանիքը, իր տունը: Հայրենասիրության և միաբանության մասին մեր հերոսները, մեր ազգային գործիչները միշտ խոսել են: Այն ազգերը, ովքեր միաբանվում են ազգի, հայրենիքի պաշտպանության շուրջ, միաբանության մասին այդքան չեն խոսում, դա իրենց արյան մեջ կա, դա իրենց էությունն է: Իսկ այ մենք խոսում ենք: Խոսել է Վարդան Մամիկոնյանը, խոսել են Դավիթ Բեկը, Անդրանիկ զորավարը, Գարեգին Նժդեհը… Միաբանության շնորհիվ ռուսները մեծ կայսրություն ստեղծեցին /Աստված առաջնորդեց/, միաբանության շնորհիվ հույները դեռևս 1820-ական թվականներին ազատագրվեցին Թուրքական սուլթանության լծից /Աստված կրկին առաջնորդեց/: Ի դեպ Թուրքիան այն ժամանակ ավելի հզոր էր, քան հիմա: Միաբանությունը մեծ ուժ է, միաբանությունը հրաշքներ է գործում: Աստված ձրի ոչինչ չի տալիս: Մենք մեր հսկայական հողատարածությունները դարերի ընթացքում կորցրինք անմիաբանության պատճառով: Ո՞ւմ վրա ենք հույս դրել։ Երբ թուրքերը սկսեն մեզ կոտորել, տեղահան անել կամ իրենց ձուլել, կրկին, ինչպես Եղեռնի ժամանակ, ասելու ենք․ «Այս թուրքերը լավն են, մեզ ձեռք չե՞ն տա», կամ՝ «Հարևանիս սպանեն, ինձ չե՞ն սպանի»։ Ինչի՞ վրա է խարսխված այս համատարած անտարբերությունը։ Արցախում մեր հայ ընտանիքները շուտով սովի, բժշկական օգնության բացակայության առաջ են կանգնելու, իսկ մենք քեֆեր ենք անում, ծնունդներ ենք նշում, պատրաստվում ենք Նոր տարվա ուրախություններին, կարծես ոչինչ տեղի չի ունենում։ Որպես հոգևորական եմ ասում՝ այս ամենը մեր քթից կգա։ Աստված քնած չէ, նա առայժմ մեր երիկամներն է քննում։ Առայժմ։
Տեր Թովմա քահան Անդրեասյանի ֆեյսվուքյան էջից