Աստված սքանչելի է իր սրբերի համար» (Սաղմ. ԿԷ. «Ա36),-այսպես է բարբառում աստվածահայր մարգարե ու Հոգու նվագարան Դավիթ արքան: Ու դարձյալ` «Կպանծան սրբերը փառքով և կցնծան իրենց հանգստի մեջ» (Սաղմ. ՃԽԹ. 5-6): Եւ ես հետևելով նրա խոսքերին` նվաստ մտքով [սուզվելով] նրա անբավ իմաստներով ծովացած խորքերը` նրբաձայն լեզվով կբարբառեմ: Եւ այսպես աղաղակելով կասեմ, որ «Սքանչելի է Աստված իր սրբերի համար»: Ինչպիսի՞ն է այս խոսքը. թե` Աստված սքանչելի է իր սրբերով, և երբ չկային սրբերը` սքանչելի չէ՞ր: Մերժիր ապիրատության այս միտքը: Երբ իր սրբերի միջոցով սքանչելիք է գործում, այդ ժամանակ նրա անունը փառավոր ու սքանչելի է լինում իր սրբերի մեջ, ինչպեսև Նաբուգոդունոսոր արքայի ժամանակ, երբ ուզեց Աստծուն հակադրել ոսկե արձանը` Աստված նրան հորդորեց հրով փորձել երեք մանուկներին, քանզի այն, ինչ ինքն Աստված էր պաշտում` արհամարհված էր տեսնում Աստծու ծառաների կողմից: Եւ այդպես սքանչելի էր երևում Աստված իր սրբերի մեջ: Իսկ ես, որ նվաստն եմ բոլորից և իմաստների դպրությունից անտեղյակ, աղաչում եմ երանելի Ակիփսիմային, որ ինձ խոսքի զորություն տա, և Այաթալային` մտքի պարզություն շնորհի, և սուրբ Հովսեփին` որ օժանդակի իմ տկարությանը` գրելու և հորինելու իրենց վկայության պատմության փառքը: Իսկ ձեզ աղաչում եմ, որ արթնացնեք ձեր մտքի ականջները` հոժարությամբ լսելու նրանց նահատակությունը և փառավորելու Աստծուն, որ փառավորում է իր փառավորիչներին (Հմմտ. Ա. Թագ. Բ.30):
Մեր հալածանքների 307-րդ տարին` անճառ Բան Աստծու ծագումից հետո, Շապուհ արքայից դառն հրաման ելավ, իշխանություն տրվեց մոգերին ու մոգպետներին` բոլոր քրիստոնյաների վրա, որպեսզի ամեն տեսակ տանջանքներով պատժվեն ու չարչարվեն հավատացյալները և սպանմամբ ու չարչարանքով մահվան վճիռ ստանան: Այն ժամանակ քրիստոնեական հավատի ժողովուրդների հոտապետներն ու գլխավորները` եկեղեցու առաջնորդները, հայտնապես, համարձակ արիությամբ իրենց անձը չէին թաքցնում անօրենների ու ամբարշտության սպասավորների հալածանքների պատճառով: Իսկ մոգերի բազմությունը այնուհետև նրանց մատնում էր դատավորների ձեռքը, և չարախոսում էին նրանց ու ասում. «Մշտապես մեր հավատի վարդապետությունը արհամարհում են նրանք: Եւ մարդկանց սովորեցնում են մի Աստված պաշտել և արեգակին չեն երկրպագում, չեն պատվում հուրն ու ջուրը: Եւ բոլոր չորքոտանիներն ու թռչունները առանց խորհրդական զոհերի մորթում են և ուտում: Եւ միայն այս չէ. մեռելներին թաղում են հողում և պղծում են երկիրը: Եւ ասում են, թե բոլոր կենդանիներին Աստված է ստեղծել և ոչ ուրիշ մեկը»: Երբ ամբարշտության դատավորներն այս լսեցին մոգերից` մեծ զայրույթով բորբոքվեցին: Եւ այս ժամանակ բռնվեց Ակիփսիմա եպիսկոպոսը, շատ ծեր, մոտ 80 տարեկան, բայց մարմնական ուժով պինդ և հավատով ջերմ ու ամրակազմ, նաև գեղեցիկ տեսքով. ծագումով ազնվական և երևելի ու հարուստ, արդարև ողորմած աղքատների ու տնանկների նկատմամբ: Եւ աստվածային շնորհների բերմամբ ու երկյուղով, որ նստած էին նրա մեջ, շատ հեթանոսներ դառնում էին առ Աստված` նրա վարդապետությամբ և ճշմարիտ ու անբիծ քաղաքավարության շնորհիվ, քանի որ խոսքով կատարյալ էր և Հոգով լի: Եւ միշտ ու հանապազ խոկում էր աստվածային բաներ և գիշեր-ցերեկ աղոթում էր արտասուքով: Նախ քան ամբարիշտ զինվորները կբռնեին երանելիին, մի օր եղավ, որ եղբայրներից մեկը մաքրեց նրա գլուխը, և քանի որ բնությամբ ճաղատ էր, ով որ մաքրում էր` համբուրում ու ասում էր. «Երանի այս գլխին, որ հանուն Քրիստոսի հատուցում է ստանալու վկայությամբ»: Իսկ նա գրկեց, համբուրեց նրան ու ասաց. «Ճշմարիտ կլինի քո մարգարեությունը, որդյակ, և Աստված կլսի քո բերանի խոսքը, և Աստված կպարգևե ինձ մի մաս այդ բարիքներից, որ ելան քո բերանից»: Այնտեղ նստած էր մի ուրիշ եպիսկոպոս, որ եկել էր Ակիփսիմային տեսնելու: Այս լսելով` իբրև ծաղր ընդունեց խոսքը և ասաց այն եղբորը. «Իսկ թե դա գիտես, ասա ինձ` ի՞նձ ինչ է պատահելու»: Պատասխանում է նրան. «Երբ գնաս այն երկիրը, որ կոչվում է Ադրանա` այնտեղ կվախճանվես»: Եւ ինչպես ասաց` այնպես եղավ. երանելի Ակիփսիմա եպիսկոպոսը այնտեղ վախճանվեց Քրիստոսի վկայությամբ, իսկ մյուսը գնալով Ադրանա` մահացավ: Իսկ սուրբ Ակիփսիմա եպիսկոպոսը ձերբակալվեց, ու երկաթե կապանքներով տանում էին նրան, գալիս անցնում է իր տան մոտով, նրա հետ եղածներից մեկը նրան ասում է ծածկաբար. «Ո՛վ երանելիդ վկաների մեջ, ահա մոտեցել է այս հանցավոր կյանքից քո ելնելու և հանդերձյալ [աշխարհ գնալու] ժամանակը. կարգադրիր քո տան համար, որ ավարի չենթարկվի»: Եւ նա, ձեռքը վեր տարածելով, ասում է. «Այս տունն իմ տունը չէ, և այս ժառանգությունը իմ ժառանգությունը չէ, այլ իմ տունն ու ժառանգությունը Քրիստոս է, որովհետև Նրանից բացի ոչ մեկի չսիրեցի»: Ու երբ տարան քաղաքը, որ կոչվում է Արբիլ, մոգպետի առջև էին, որ կոչվում էր Ադրաքուսիթ: Սա հարցրեց նրան. «Քրիստոնյա՞ ես»: Բարձր ձայնով պատասխանեց ու ասաց. «Այո՛, ճշմարիտ քրիստոնյա եմ, երկրպագում եմ Հայր Աստծուն և Որդուն` որպես Միածնի, և Սուրբ Հոգուն»: Եւ մոգպետն ասում է. «Ուրեմն ճշմարիտ են ասում, որ լսեցինք, թե մարդկանց սովորեցնում ես մեր օրենքներին հակառակվել և արհամարհել թագավորի հրամանները»: Ակիփսիմա երանելին ասաց. «Այդպիսի բաները, որ լսել ես մեր մասին` արդարև ճշմարիտ են. մարդկանց քարոզում ենք միայն մեկ Աստված, որպեսզի զղջան և դառնան չար ճանապարհներից դեպի Նա, կարոտեն ամեն ժամ Նրան հաճո բաներ, ինչպեսև գրված է մեր աստվածապատում Կտակարաններում»: Մոգպետն ասաց. «Քո մասին լսել եմ, թե իմաստուն մարդ ես, բազում տարիներ ապրելով, ինչո՞ւ մանկան պես մոլորյալ` չես երկրպագում արեգակին, չես պատվում հուրն ու ջուրը, ինչպես պատվում են թագավորները և ամբողջ Պարսից աշխարհը»: Սուրբ եպիսկոպոս Ակիփսիման ասաց. «Պարսից երկիրը լցրել են բազում հիմարություններով, թողել են իրենց արարող Աստծուն և երկրպագում են Նրա ստեղծածներին: Առաջ դուք մոլորվեցիք, ապա նրանց մոլորեցրիք ձեր չար ու անօրեն վարդապետությամբ, հաշվելով բազում աստվածներ, որոնք մեկ արարչի ստեղծածն են` Նա է Աստված ամեն ինչի»: Մոգպետն ասաց. «Անօրե՞ն ես անվանում մեր ճշմարիտ վարդապետությունը, որով հաստատուն կա և մնում է այսպիսի թագավորությունը` հաղթող բոլոր թագավորությունների, որ կան երկրի վրա, ո՛վ չար ծերուկ և արժանի մահի»: Եպիսկոպոսն ասաց. «Ո՞ւր է ձեր վարդապետության ճշմարտությունը, երբ ահա ճշմարտությունն եք ուրանում և արարածներին ու ստեղծածներին աստված եք համարում և նրանց եք երկրպագում»: Մոգպետն ասաց. «Այս պահին լսիր ինձ և երկրպագիր արեգակին և մնա և ազատվիր տանջանքներից, որ կան և սպասվում են քեզ, քանի որ ես ծերությունդ եմ խնայում, որ արյամբ դժոխք չիջնես»: Սուրբ Ակիփսիման ասաց. «Փակիր ամբարշտագույն բերանդ և մի շարունակիր խոսել կամ կրկնել անօրեն բաներ, ո՛վ բռնավոր, որովհետև ես մայրական խանձարուրից, իմ մանկությունից մինչև այժմ այս հավատով եմ սնվել ու զարգացել, իսկ այժմ, ծերությանս պարտավոր եմ քաջությամբ ու բարվոք խոստովանությամբ հաստատուն մնալ հավատիս մեջ, որ պսակվեմ իմ ճշմարիտ Աստծուց»:
Այնժամ կատաղությամբ և բարկությամբ լցված ամբարիշտ մոգպետը հրամայեց չարչարել նրան չորսկողմյան պրկմամբ և չարաչար հարվածներով ապտակել նրան, մինչև որ արյունը ոռոգեց հողը: Ամբարիշտը ասաց սրբին. «Ո՞ւր է քո Աստվածը, թող գա քեզ փրկի իմ ձեռքից»: Իսկ երանելի եպիսկոպոս Ակիփսիման ասաց. «Իմ Աստվածը երկնքում է և երկրի վրա և կարող է փրկել ինձ քո ձեռքից, ո՛վ ամենապիղծ և գարշելի: Եւ դու մի՛ պարծենա, քանի որ ծաղկի պես թառամելու ես, իսկ քո փառքը վայրի խոստի պես է անցնելու: Ամբարհավաճությամբ մի՛ ամբարտավանանա, որ մեռած ես ի կենդանության և հեռացած կենդանի Աստծուց, որին չես հավատում, չես երկրպագում մեր ճշմարիտ Աստծուն: Իսկ այս ժամանակավոր մահս հավիտենական չէ և ոչ կենդանությունս անվերջ: Նույնպես և այն կյանքն ու բարիքների հատուցումը, որ պատրաստել է մեզ Աստվածը մեր` անվախճան են: Իսկ ինչ ձեզ է պատրաստված` նույնպես վախճան չունի. անշեջ հուր` փոխանակ շիջանուտ հրի, որ դուք եք պաշտում, որ մաշում է ձեր հոգին ու մարմինը»: Այնժամ կատաղելով` մոգպետը հրամայեց նրան կապել ծանր շղթաներով և խավարչտին բանտ նետել կապանքներով: Իսկ մյուս օրը բռնեցին սուրբ Հովսեփ քահանային այն գյուղից, որ կոչվում է Բիթլաթուբա և թարգմանվում է Դպիրների գյուղ: Նա ևս ծեր էր շատ, յոթանասուն տարեկան, հարգված բոլորից և մեծ նախանձախնդրություն ու ջանք ուներ Աստծու հանդեպ և անպարսավելի կենցաղավարությամբ սպասավորում էր իբրև քահանա: Նույն օրը բռնվեց նաև Այիթալա սարկավագը, այն գյուղից, որ կոչվում է Բիթնեբրի, որ մոտ վաթսուն տարեկան ծեր մարդ էր և լցված էր Աստծու երկյուղով: Եւ ամբողջ հոգով և ուժով սիրում էր Աստծուն ջերմաջերմ հավատով: Եւ դեմքով ու երեսով պայծառ էր ու զվարթ, և խոսքով հանդիմանող: Նա համարձակ կանգնեց մոգպետի առջև Արբիլ կոչվող քաղաքում և ասաց. «Ո՛վ անօրեններ և չարամահներ, ինչո՞ւ եք մարդկանց մոլորեցնում սատանայական աղանդավորությամբ և անօրեն ու սնոտի վարդապետությամբ, և դարձնում գեհենի որդի ձեզնից ավելի»: Մոգպետն ասաց. «Իսկ ո՞ր վարդապետությունն է մեծ ու սքանչելի, ո՛վ անմիտներ, մե՞րը, որ բոլոր երկրների արքայից արքան` մեծամեծ իշխաններով ու զորքով պաշտում է, թե՞ ձերը, որ նվազ եք, և մեզնից պարտված և մեր լծի ու հարկի տակ ընկած»: Պատասխանեց երանելի Հովսեփն ու ասաց նրան. «Մեր Աստվածը հպարտություն չի սիրում, այլ հակառակ է ամբարտավաններին և սիրում է խոնարհություն: Դրա համար և մենք արհամարհում ենք աշխարհի մեծությունն ու փառքը, սիրում ենք աղքատություն, որպեսզի արժանի լինենք անանց փառքի և հավիտենական կյանքի»: Մոգպետն ասաց. «Որովհետև չեք սիրում աշխատել և վաստակով կերակրվել` ձեր ծուլության պատճառով, այլ` տնետուն շրջելով հաց մուրալ և պարծենալ աղքատությամբ»: Երանելի Հովսեփն ասաց. «Քանի որ մեզ նախատեցիր, անվանելով հեղգ և ծույլ և վատ, ո՛վ թշվառական, եթե ուզեինք վաստակի ու ձեռքի գործերի ետևից գնալ, մեծ ու փարթամ կլինեինք ավելի քան դուք, որ հափշտակությամբ և աղքատներին զրկելով եք հարստացել: Մենք ինչ որ հավաքել էինք` նվիրեցինք Քրիստոսին, բոլորը բաշխելով աղքատներին: Իսկ դուք ագահությունից կողոպտում եք աղքատներին ու տնանկներին»: Մոգպետն ասաց. «Շատերին ըղձալի ու սիրելի է հարստությունը, և չկա մարդ, որ ատե այն, որ սիրված է բոլորից: Եւ ինչպես կհավատա մեկը ձեզ և կատե այն»: Հովսեփն ասաց նրան. «Ճշմարտությամբ իմացանք, որ որևէ մեկին չի մնա հարստությունն ու մեծությունը երկրայիններիս, այլ իբրև ստվեր անցնում է, իբրև անիվ գլորվում է և չի մնա նա և քեզ մոտ, որ սիրում ես այն: Նույնպես և իշխանությունն ու թագավորությունը փախչում են նրանցից, և [նրանք] դժոխք են իջնում և հող դառնում: Սրա համար մենք չենք ցանկանում փառքը, որ անցնում է, այլ հավիտենականը, որ կա և հավիտյան կմնա, որն աչքը չի տեսել և ականջը չի լսել, որն Աստված պատրաստեց իր սիրելիներին»: Մոգպետն ասաց. «Թող այդ ամենը, որ անմիտ մարդկանց ավելորդ դատարկախոսություն է ու առասպել, և ինձ ասա` ինչ հարցնում եմ. թե կանե՞ս իմ կամքը և արքայի հրամանը, կերկրպագե՞ս մեծ արեգակին և կփրկես քո կյանքը դառնագույն տանջանքներից, որ պատրաստել ենք քեզ պատճառելու և ենթարկելու ավելի չար ու դառն տանջանքի»: Սուրբ Հովսեփը պատասխանեց. «Սրանով մի՛ մոլորվիր, ո՛վ ամենաամբարիշտ և մի՛ սպասիր, թե ես կերկրպագեմ արեգակին, որովհետև Աստված չէ, այլ Աստծու ստեղծածը»: Այնժամ մեծ զայրույթով լցված իշխանը հրամայեց նրան լարերով պրկել գետնին, և տասներկու տղամարդկանց` նրան չարչարել արջառաջիլով ու դժնիկ փշոտ գավազաններով: Եւ այսպես նրան հարվածում էին չարաչար տանջանքով` մինչև ավանդեր հոգին: Իսկ Քրիստոսի քաջամարտիկ վկան արիաբար դիմանում էր և տանջանքի մեջ բան չէր խոսում, այլ միայն երկինք նայելով` իր սրտում դիմում էր Աստծուն, օգնության կանչելով, որ ուժ տա համբերելու տանջանքներին: Բազում և չարաչար տանջանքներից արյունաներկ եղան մարմնի բոլոր մասերը: Այնժամ սուրբն սկսեց բարձր ձայնով աղոթել և ասաց այսպես. «Գոհանում եմ քեզնից, Քրիստոս, հույս իմ և ապավեն, Որդի կենդանի Աստծու, որ ինձ արժանացրիր այս երկրորդ մկրտությանը, որ լվացվեմ վկայությամբ և արյամբ մաքրվեմ իմ բոլոր անօրինություններից, որպեսզի տաճար և բնակարան լինեմ սուրբ Երրորդությանդ»: Այս լսելով` անօրենները ավելի սաստիկ ցասումով բարկացան, և [մոգպետը] դահիճներին հրամայեց նորանոր տանջանքով` երկաթե քերիչներով հասնեն մինչև ներքին անդամները, այնքան որ առողջ տեղ չմնաց սուրբ վկայի մարմնին: Եւ կապեցին երկաթե կապանքներով և երկաթի անուր դրին պարանոցին նրա և տարան բանտ նետեցին, որտեղ արգելված էր սուրբ եպիսկոպոս Ակիփսիման: Անօրեն մոգպետն ասաց երանելի վկա Այիթալային. «Իսկ դո՞ւ ինչ ես խորհում, ո՛վ Այիթալա, արքայի կա՞մքը կատարել և երկրպագել արեգակին և ճաշակել զոհերի արյունից, ամուսնանալ ըստ մեր օրենքների և ապրել մեծափառ և մեզ հետ վայելել կյանքը, թե նույնպես չարչարվել ու մեռնել չարագործի մահով»: Այիթալան պատասխանեց բարձր ձայնով և ասաց բռնավորին. «Ո՛վ անսուրբ և պիղծ շուն, դու երկրպագիր քո անշունչ աստված արեգակին և դու ճաշակիր նրա զոհերի աղտեղի արյունից, որ այդպես կուրացել ես անմտությամբ, որ չկարողացար նայել ու տեսնել Քրիստոսի անճառ ու անաղարտ լույսի պայծառությունն ու մշտնջենականությունը, որ ծագեց ամբողջ տիեզերքին, և սուրբ ավետարանի քարոզությունը, որ լսելի եղավ մինչև երկրի ծայրերը: Ինձ համար լավ է մեռնելը քո ձեռքով, որ փրկվեմ հավիտենական մահից ու գեհենի անշեջ հրից, քան սպասարկել քո աստվածների մարելի հրին ու մոխրին»: Երբ սա լսեց անօրեն բռնավորը` նրա երեսի գույնը փոխվեց սաստիկ զայրույթից, և ասաց. «Ո՛վ անմիտ և հղփացած դառնածեր, ահա շուտով կհրամայեմ շտապ կտրել քո գլուխը, և կզրկվես աշխարհի քաղցր լույսից` անմիտ խոսքիդ պատճառով, որ ասացիր»:
Սուրբ Այիթալան ասաց նրան. «Քեզ եմ անվանում հիմար և անմիտ, որ չճանաչեցիր Քրիստոսի ճշմարտությունը: Քանզի մեր փրկիչ Աստված այսպես է մեզ գրել` Սիրել կյանքը, որ դուք մահ եք կոչում, և ատել մահը, որ դուք կյանք եք անվանում: Որովհետև այս ժամանակավոր մահը մեզ տալիս է հավիտենական կյանքի փրկություն: Ովքեր մեռնում են բարեպաշտության համար` սրբերի հետ ստանալու են մշտնջենավոր ու անանց բրաբիոնը»:
Այնժամ դժնեմիտ ու անօրեն մոգպետը հրամայեց անօրեն դահիճներին` կապել նրա ձեռքերը ծնկներից ներքև և վեց զորավոր մարդկանց [ասաց, որ] հաստ փայտ կախեն ձեռքերի տակ, որ կապած էին ծնկներից ներքև: Իսկ մյուս կողմից ևս վեց մարդու [հրամայեց] ծեծել նրան փշոտ գավազաններով: Եւ չարաչար ու անագորույն էին այն տանջանքի հարվածները` անգութ ու անխնա: Իսկ Քրիստոսի ճշմարիտ վկա Այիթալան բարձրաձայն աղաղակում էր և անարգում մոգպետին, ասելով այսպես. «Պիղծ և անօրեն կատաղի շուն և վայրենամիտ անսուրբ գազան, որ ուտում ես անմեղների մարմինը, չեմ վախենում ես քո տանջանքներից և քո աստվածներին չեմ պաշտում: Եւ կրակին ու մոխրին չեմ երկրպագի, ո՛վ վայրենամիտ և անաստված, երիցս թշվառական»: Իսկ անօրեն բռնավորը զայրացած ատամներն էր կրճտացնում նրա վրա և բարկանում դահիճների դեմ ու ասում. «Ինչո՞ւ մեղմ եք տանջում մեր աստվածներին բամբասողին»: Իսկ երիցս երանելի վկայի ձեռքի բազուկները մանրվեցին չարաչար կապանքների խստությունից, և ջարդվեցին ոսկորների բոլոր հոդերը, և միմյանցից բաժանվեցին մարմնի մասերը, ապա նրան տարան նետեցին բանտ, ուր նրա ընկերներն էին:
Եւ հինգ օր հետո նրանց հանեցին այն բանտից: Եւ [մոգպետը] հրամայեց տանել նրանց բուրաստանը, որին մոտ էր հրո տաճարը, որտեղ երկրպագում էին: Այնտեղ դատաստանի ատյան նստելով` անօրեն մոգպետը հարցաքննեց նրանց և ասաց. «Ասացեք ինձ, ո՛վ անմիտներ, թե տակավին հաստա՞տ եք նույն համառությանը, չհնազանդվելով թագավորի հրամաններին և հիմարացած մնում եք նույն չար աղանդին, թե՞ այսուհետև զգաստացած կկատարեք նրա կամքը»: Իսկ սրբերը միաբերան պատասխանեցին. «Մենք մի խորհրդով և մի մտքով հաստատուն ենք մնացել և անշարժ այս հավատին, և այսպես կանք ու կմնանք այս հավատին մինչև վերջ: Եւ ճշմարիտ Աստծուն ենք երկրպագում` երկնքի և արեգակի և երկրի վրայի արարածների ստեղծողին: Իսկ ամբարիշտ և անաստված թագավորների հրամաններին չենք հնազանդվի և չենք լսի քեզ: Արդ, ինչ ուզում ես արա շտապով և ամեն հնարքի նեղություններով, որ մտածել ես, տանջիր մեզ, և մենք պատրաստ ենք հաղթել քեզ և քո խորհրդակից բանսարկուին»: Այնժամ առավել ևս զայրացավ անօրենը սրբերի վրա, հրամայեց բերել բարակ մանած այծաթելե պարաններ և դրանցով փաթաթել սրբերի թիկունքն ու կողերը և փայտով դաժանորեն ամրացնել այնքան, որ նրանց ոսկորները ճարճատում և փշրվում էին: Եւ ասաց նրանց. «Ամենաթշվառներ ու չարաբախտներ, կատարեցեք թագավորի կամքը և փրկեցեք ձեր անձը չար ու դառն տանջանքներից»: Իսկ սուրբ վկաները պատասխանեցին բարձր ձայնով. «Մենք կկատարենք մեր Աստծու և Փրկչի կամքը, իսկ անօրեն թագավորի կամքը չենք կատարի»: Եւ օրվա երրորդ ժամից մինչև իններորդ ժամը տանջվում էին սրբերը նույն տանջանքով հարցաքննվելով բռնավորից: Սակայն համբերում էին այնքան տանջանքներին, և սրբերն սքանչելի էին երևում անհավատների մեջ: Եւ Աստված փառավորվում էր նրանցով: Իսկ անօրեն դահիճները վերցրին նրանց մեռելների նման և նորից բանտ տարան և ոչ մեկին թույլ չէին տալիս բանտ մտնել նրանց մոտ և նրանց կերակրել մարմնական կերակրով: Այն հրամանն ստացան մոգպետից բանտապահները, որ սպառնալով ասում էր. «Եթե մեկը մտնի նրանց մոտ, նրանց այս պատուհասն է սահմանվում` դալար բրերով երկար կտանջվեն հարվածներով, և կկտրվեն ռունգերն ու ականջները»: Բայց շատ արի վկաները Քրիստոսի հոժարակամ կրում էին տեսակ-տեսակ տանջանքները` մերկ, քաղցած ու ծարավ` բանտում արգելված երեք տարի: Իսկ երբ սովը սաստիկ տանջում էր` նրանց հետ կալանավորվածները ելնում հաց էին մուրում և տանում նրանց և կերակրում չնչին կերակրով, սուղ միջոցներով: Մինչև որ բանտապահները տեսան անհնարին նեղություններն ու ողորմելի կյանքը` լալիս ու աշխարում էին նրանց հարազատների նման: Իսկ սուրբ վկաների չարչարանքի երեք տարին անցավ, արքան եկավ Դաբիդմադան կոչված գավառը և ազատեց նրանց կապանքներից: Եւ ահա կապանքների բազում նեղություններից նրանք նման էին գերեզմանի մեռելների, այնքան որ նույնիսկ անգութ հեթանոսները լալիս ու աշխարում էին նրանց համար: Եւ նրանց տարան պալատը և կանգնեցրին ամբողջ Արյաց աշխարհի մոգպետի առջև, որի անունը Դերսաբուր էր: Եւ նստեցին պարսից ավագանիի բոլոր մեծամեծները նրա մոտ և բազում այլ մոգեր: Եւ սրբերը մտան նրանց առջև, խոնարհվեցին նրան: Եւ ասում է նրանց. «Ասացեք ինձ, թե ո՞ր պաշտամունքին եք հնազանդ դուք և կամ ինչպես լսեցի` քրիստոնյա՞ եք»: Պատասխանեցին արիագույն վկաները. «Այո՛, քրիստոնյա ենք, և միակ Աստծուն ենք պաշտում ու երկրպագում»: Մոգպետն ասում է նրանց դարձյալ. «Ինչպես տեսնում եմ` ծեր մարդիկ եք և բազում ճիգ ու տանջանք կրած անձինք: Սրա համար ձեզ խորհուրդ եմ տալիս իբրև բարեկամ` լսեցեք ինձ, այսուհետև խնայեցեք ձեզ և իզուր մի՛ վախճանվեք: Հնազանդվեցեք թագավորի օրենքներին, երկրպագեցեք արեգակին և կփրկվեք: Քանի որ մահավճիռ է սահմանված բոլորին, ովքեր ընթանում են քրիստոնյաների ճանապարհով»: Երանելի Ակիփսիման պատասխանեց. «Գիտեմ, որ մեծ ցանկություն ունես վրեժխնդիր լինելու քո պաշտած աստծուն` ջախջախված իշխանությանդ համար. և արդ` մի՛ հապաղիր և մի՛ ուշացրու անօրեն խորհուրդդ, որ խրոխտանում ես մեր դեմ, ինչ անելու ես` արա իսկույն, մենք չենք զարհուրում քո սպառնալիքներից և չենք վախենում քո [պատճառելիք] տանջանքներից, որովհետև հաստատուն է մեր հույսը առ Քրիստոս Աստված մեր, իսկ անօրեն թագավորի հրամանները չենք հանձն առնում»: Ամբարիշտն ասում է. «Գիտեմ, որ դուք` քրիստոնյաներդ մահ եք փնտրում, որը հանգիստ եք համարում: Բայց ձեր ուզածն իսկույն չեմ անի, մինչև դարձյալ դառն տանջանքներով կտտամահ անեմ ձեզ: Ապա ձեր գլուխները սրով կհատեմ, որ բոլոր աղանդավոր քրիստոնյաները տեսնելով զարհուրեն և հակառակ չմնան մեր օրենքներին»: Երանելի եպիսկոպոս Ակիփսիման ասում է նրան. «Ոչ քո տանջանքներից ենք վախենում և ոչ քո սրից և մահվան վճռից, չենք զարհուրում: Ուստի, քանի որ մեզ զորացրեց Քրիստոս, ինչպես մինչև օրս դիմանալու ուժ տվեց մեզ` համբերելու վիշտ ու նեղություններին, այժմ նույնպես նա օգնում է քանի հուսացել ենք նրան: Այժմ փորձիր մեր ծերությունը, որ զորացած է Աստծով և ճանաչիր նրա աստվածության մեծագործությունը, ո՛վ թշվառական, որ հաղթվեցիր մեր հույսի համբերությամբ և կամաչես ունայն մտքերովդ: Եւ քո մոլորությունը կհանդիմանվի մեր ճշմարիտ հավատից»: Այնժամ ամբարիշտ և անօրեն իշխանը զայրույթով լցվեց ու մեծ ցասումով, հրամայեց բերել հաստ ճոպաններ և չորացրած արջաջիլ և ասաց նրանց. «Երդվել եմ մեծ աստված արեգակով և մեծ Շապուհ արքայից արքայի բախտով ու ճակատագրով, որ եթե չկատարեք արքայի կամքը, ձեր մարմինները կապականեմ տանջանքով, ձեր սպիտակ մազերը արյունով կներկեմ, և բնավ չեմ խնայի ձեզ, մինչև չարաչար տանջանքներով կարձակեք ձեր հոգիները»: Երանելի Ակիփսիման պատասխանելով ասաց. «Ինչի համար որ երդվեցիր աստծուն, տրտմեցի, որովհետև աստված չէ, և բռնավորի բախտովս թշվառական, վախենամ չկատարես երդումդ և օրինազանց լինես ու սուտ: Ահա ասացինք, որ մենք չենք ուրանա ճշմարիտ հավատը, որին մնացել ենք, այլ մեր մարմինները հանձնում ենք ձեր ձեռքը` տանջելու համար: Իսկ մեր հոգիներն ավանդում ենք Աստծու ձեռքը, որ տվեց սա: Ինչ որ անելու ես` մի՛ դանդաղիր, այլ կատարիր իսկույն, քանի որ մենք պատրաստ ենք»: Այնժամ ամբարիշտ բռնավորն աղաղակեց, և հրամայեց դահիճներին` երանելիին քառակուսի փռել գետնին, և զորավոր մարդկանց հրամայեց տանջել նրանց որովայնն ու թիկունքը, մինչև արյունախառն մարմինը կտոր-կտոր թափվեր գետին:
Իսկ մարդկային ամբոխը աղաղակում էր, ասելով` «Արա՛ թագավորի կամքը և քո անձը փրկիր այդ տանջանքներից»: Իսկ սուրբը մինչ տանջանքի մեջ էր, խոսելով դիմեց բազմությանը. «Ես իմ մանկությունից կատարեցի Աստծու կամքը և չեմ կատարի բռնավորների կամքը»: Իսկ երբ տան- ջանքների սաստկությունից դաղված` չէր կարողանում խոսել, այլ աչքով նկատում էր և իր սրտում աղաչելով Աստծուն` խոստովանում էր ճշմարիտ հավատը: Եւ տանջանքների մեջ ավանդեց հոգին: Նրա վախճանվելուց հետո փոխվեցին ծեծող դահիճները և դեռ տանջում էին մեռած մարմինը: Եւ բազում ժամեր տանջեցին նրան, մինչև որ փշրեցին բոլոր ոսկորները, և նրան բարձունքից ներքև գցեցին, և պոկվեց նրա պարանոցը, և քարշ տալով գցեցին քաղաքի փողոցի մեջտեղը, և պահապանները շուրջը նստած հսկում էին: Երեք օր հետո նրա պատվական նշխարները գողացան գաղտնաբար, արքայադստեր հրամանով, որ Հայոց ազգից էր, Քրիստոսին տալով առհավատչյա խաղաղություն աշխարհի: Երանելի Ակիփսիմա եպիսկոպոսը վկայեց հոկտեմբեր 10-րդ ամսին, Պարսից Շապուհի թագավորության շրջանում, իսկ մեզ թագավորում էր մեր Տեր Հիսուս Քրիստոս, որին, Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և հավիտյանս. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա – Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2009 – See more at: http://ter-hambardzum.com/news/2012-03-06-620#sthash.hX5VGzYN.dpuf