Հոկտեմբերի 27-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար Կլաուս Պավելին և նրա գլխավորած պատվիրակությանը։
«Գթության խոհանոց» կառավարման կոմիտեն քսան տարուց ավելի բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։
Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կառավարման կոմիտեի ղեկավարին և նրա անդամներին Հայաստանում սոցիալական աջակցության ծրագրեր նախաձեռնելու և կյանքի կոչելու համար։
Իր հերթին պրն․ Կլաուս Պավելն ընդգծեց, որ «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի առաքելությունն է, բարեգործական ծրագրերի իրականացմամբ, օգնել կարիքավորներին և սոցիալապես բարելավել նրանց կյանքը։ Կոմիտեի ղեկավարը նաև հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ նախաձեռնված աջակցության ծրագրերը լինելու են շարունակական։
Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ արցախյան 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամաբ սանձազերծած ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչներին, զոհված և վիրավորում ստացած զինվորականների, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած հայորդիների ընտանիքներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցության ու աջակցության ծրագրերին։