Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին՝ առաջնորդությամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի:
Ներկայացնելով ուխատվոր հայորդիներին՝ Աբգար Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց տիկնանց միության կողմից թեմական կյանքում և հայրենիքում իրականացվող ծրագրերի մասին։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բաշխելով ներկաներին, բարձր գնահատեց տիկնանց միության անդամների նվիրումն ու սերը հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ։
Անդրադառնալով հայրենիքում տիրող ծանր իրավիճակին՝ Նորին Սրբությունն ընդգծեց ներկայիս մարտահրավերների դիմագրավման գործում աշխարհասփյուռ հայության միասնականության անհրաժեշտությունը, դրսևորումը նվիրումի և հանձնառության, ինքնազոհողության ոգու:
Կարևորելով առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ միջազգային հանրության դերակատարությունը՝ Հայոց Հայրապետը ներկաներին հորդորեց իրենց համայնքներում անել կարելին, որպեսզի երկրի իշխանությունների կողմից դատապարտության արժանանա Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը և հայատյացության սերմանումը:
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին հայաստանյան ներկա իրավիճակին, տարբեր ոլորտներում իրականացվող Մայր Աթոռի ծրագրերին և Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներին: