Դեկտմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նույն օրը Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․ Էջմիածին) սարկավագական ձեռնադրության արժանացած Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 19, ինչպես նաև Զ լսարանի սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։
Հանդիպմանը Հայր Շահեն Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ վստահեցնելով, որ նրանք պատրաստ են Սուրբ Ստեփանոսի նման իրենց անձերը նվիրաբերել հանուն Քրիստոսի։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ճեմարանական սարկավագներին՝ շնորհավորելով Ե լսարանի սաներին սարկավագ ձեռնադրվելու կապակցությամբ։ Նորին Սրբությունը պատգամեց ուսանող սարկավագներին ուսումնառության ընթացքում գիտելիքներ ամբարել, որպեսզի կարողանան իրենց նվիրական ծառայությունը բերել Եկեղեցուն և հայ ժողովրդին։ Հայոց Հայրապետը ընդգծեց, որ հայ ազգի համար ստեղծված ծանր ու դժվարին ժամանակներում առավել անհրաժեշտ է դառնում հոգևոր խնամքի և կրթադաստիարակչական գործունեության իրականացումը հայորդիների կյանքում։ Այս առիթով Նորին Սրբությունը հորդորեց ճեմարանական սարկավագներին լավագույնս պատրաստել իրենց անձերն այդ սրաբազան առաքելությունն իրականություն դարձնելու համար։