ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ տոնական օրերի կրճատումով տնտեսությունը կզարգանա։ Իսկ նախկինում Ամանորին հայ հասարակությունը հանգստանում էր ավելի քան մեկ շաբաթ՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը ներառյալ։ Մայր Աթոռը դիմել էր Ազգային ժողովին՝ առաջարկելով հունվարի 5-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային։
«Մայր Աթոռի առաջարկը, որ հունվարի 5-ը և 7-ը լինեն ոչ աշխատանքային օրեր, քննարկվել է թե՛ թիմի ներսում, թե՛ կուսակցության հետ։ Մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ՝ հետաքրքրվելու, թե ինչպես են գնահատում ԱԺ դիրքորոշումը, որով փաստացի Մայր Աթոռի առաջարկը մերժվեց։ «Մայր Աթոռը այդ առաջարկը իր համար չի արել, ժողովրդի համար է արել, որպեսզի ժողովուրդը կարողանա հանգիստ, անարգել հունվարի 5-ին մասնակցի ճրագալույցի պատարագին, հունվարի 7-ին իր հարազատների շիրիմին այցելել և առհասարակ հանգստանալ։ Մայր Աթոռը նեղ եկեղեցական շահ չի հետապնդում»,-ասաց Սրբազան Հայրը՝ հավելելով, որ եթե Կառավարությունը չի ուզում ժողովրդին տա այդ հնարավորությունը, ժողովուրդն է, որ պիտի դրա դեմ խոսի, ոչ թե եկեղեցին։
Իսկ հունվարի 5-ին և 7-ին պատարագները ամեն պարագայում լինելու են։
«Սովետի ժամանակ հունվարի 6-ն էլ էր աշխատանքային օր, եկեղեցին չէ՞ր անում պատարագ, անշուշտ եկեղեցին պիտի անի, ժողովուրդն էլ պիտի գործից փախչի գա պատարագին մասնակցի»,-եզրափակեց Միքայել Սրբազանը։
Սեդա Մակարյան