Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Ստավրոս Կալանձակիսի «Հին Կտակարանի ներածություն» (հունարենից թարգմանեց՝ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, խմբագիր՝ Սոֆյա Առուշանյան) ուսումնասիրությունը:
Կալանձակիսի վերոնշյալ աշխատությունը հեղինակի դասախոսական և գիտահետազոտական գործունեության հանրագումարն է: Գիրքում կարևորվում են ոչ միայն Հին Կտակարանի զուտ գիտաքննական և տեքստաբանական առանձնահատկությունները և դրանցից ածանցված հիմնախնդիրները, այլ նաև Եկեղեցում և աստվածաբանության մեջ Հին Կտակարանի կիրառության հիմնական գծերը:
Թարգմանաբար ներկայացված սույն ուսումնասիրությունը բաղկացած է երկու մասից՝ Ընդհանուր ներածությունից և Մասնավոր ներածությունից: Առաջին մասում ներկայացվում է Հին Կտակարանի կանոնի պատմությունը, բնագրի պատմությունը, մատնացույց է տրվում հրեա ժողովրդի պատմությունը՝ կարեևորելով այն հանգրվանային փուլերեը, որոնց ընթացքում ձևավորվել են Հին Կտակարանի գրքերի ժողովածուները: Այս մասում նաև մանրամասն ներկայացվում է բնագրերի հնագույն և նորագույն թարգմանությունների պատմությունները: Հեղինակը ներկայացնում է կանոնական և պարականոն գրքերը՝ համեմված համառոտ մեկնաբանություններով: Առաջին մասը եզրափակվում է Կումրանում հայտնաբերված ձեռագրերի մասին ընդարձակ տեղեկություններ հաղորդելով: Երկրորդ մասում Հին Կտակարանի յուրաքանչյուր գիրք քննության է առնվում առանձնաբար՝ անդրադառնալով գրքի հեղինակին, անվանը, կանոններում նրանց տեղին ու դերին, գրման թվականին և տեղին, նպատակին, բնագրին, լեզվին և այլն: Այս մասում հեղինակը ներկայացնում է նաև յուրաքանչյուր գրքի ուսուցման կաևորագույն առանձնահատկությունները: Գիրքը եզրափակվում է Հին Կտակարանում տեղ գտած աստվածաբանական բառերի բացատրական բառարանով:
Գրքի հայերեն թարգմանությունն արված է խնամքով, առկա են ծանոթագրություններ` հայ ընթերցողի համար:
Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար ։
Թարգմանիչը սույն հրատարակությունը նվիրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 70-ամյակին։