Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության» հատորաշարի հերթական հատորը՝ «Տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեան (1866-1948), գիրք ԻԳ․, փաստաթղթերի ժողովածու» (կազմող՝ Գոհար Ավագեան, խմբագիր՝ Ամատունի Վիրաբեան):
Մատենաշարի ներկա հատորը նվիրված է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ականավոր եւ բազմերախտ անդամ Տ. Ներսես արք. Մելիք-Թանգյանին: Հրատարակված վավերագրերը լուսաբանում են ո՛չ միայն նրա կյանքի բոլոր փուլերը, այլեւ Հայ եկեղեցու այդ ժամանակաշրջանի պատմության գրեթե բոլոր առանցքային հարցերը: Ժողովածուի գիտատեղեկատու համակարգը բաղկացած է փաստաթղթերի բովանդակային ծանոթագրություններից, կենսագրական բառարանից, անձնանունների եւ տեղանունների բացատրագրերով ցանկերից, փաստաթղթերի ցանկից: Ծանոթագրությունների համար օգտագործվել են ինչպես եղած գրականությունը եւ տարբեր բառարաններ, այնպես էլ բազմաթիվ արխիվային սկզբնաղբյուրներ:
Հասցեագրվում է պատմաբաններին, աստվածաբաններին եւ ընդհանրապես հայագիտությամբ հետաքրքրվողներին: Գիրքն ունի հավելվածներ եւ ցանկեր: