2018-ի վերջին Էջմիածնի Մայր տաճարի դռները փակվեցին, ու սկսվեցին նորոգման աշխատանքները։ Դրանք նախապես նախատեսված չէին. Մայր Աթոռի օրակարգում հիմնանորոգման հարց երբեք չի եղել։ Գմբեթին աճած խոտերը հեռացնելու նպատակով հրավիրված մասնագետներն էին ահազանգել՝ 1700-ամյա սրբությունը վտանգված է։
«Հրավիրեցինք վերականգնող ճարտարապետների, ուսումնասիրեցին ու էլ ավելի վատ գույներով ներկայացրեցին Մայր տաճարի վիճակը։ Շինարարներից մեկն ասաց՝ քարերը, կարծես, ցանցի պայուսակի մեջ լցված լինեին։ Կամոքն Աստծո, Մայր տաճարը մնացել էր կանգուն, եթե երկրաշարժ լիներ, կարող էր փլվել»,- ասում է Մայր տաճարի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ՝ ստեղծվեց վերականգնող ճարտարապետների խումբ, արտերկրից հրավիրվեցին սեյսմոլոգներ: Նրանք սկսեցին նախագծման ու նորոգման աշխատանքները։ Նախատեսվում էր տաճարը վերաբացել 2020-ի վերջին, բայց շինարարության ընթացքում անսպասելի խնդիրներ առաջ եկան։ Էջմիածնի Մայր տաճարը պատմական հուշարձան է, ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, ցանկացած փոփոխություն ու միջամտություն երկար քննարկվել, համաձայնեցվել է։
«Ժամանակի ընթացքում անձրեւաջրերի պատճառով կրաշաղախը լվացվել էր, ու, կարծես, քարը քարի վրա էր մնացել, մետաղական ամրանները, անկյունակները քայքայվել էին։ Դա անակնկալ էր բոլորիս համար, եւ ստիպված էինք նախագիծը փոփոխել։ Մի բան է, երբ տեղային զննում ես կատարում, դրա հիման վրա նախագիծ անում, այլ բան է, երբ աշխատանքի ընթացքում ամբողջ 700 քմ է բացվում։
Պատերի ամրակայման ժամանակ ի հայտ են եկել վաղ քրիստոնեական շրջանի խոյակներ: Դրանց մասին նախկին նորոգումներին վերաբերող արձանագրություններում չի հիշատակվել։ Երբ ամրակայման համար զանգակատան վեղարը եւ Սրբոց հրեշտակապետաց խորանի տանիքածածկը հանեցինք, կարասներ դուրս եկան, որոնց մասին պատկերացում չունեինք։ Աշխատանքը դադարեցվեց, համապատասխան մասնագետները չափագրեցին, նկարագրությունը կազմեցին։
Ամենամեծ անակնկալը որմնանկարներն էին։ Դարերի ընթացքում դրանք քայքայվել են, եւ չպահպանված հատվածներում նոր նկարազարդումներ են արվել՝ կրկնօրինակելով եկեղեցու մի այլ հատվածի զարդանախշը։ Երբ որմնանկարները մաքրեցին, ի հայտ եկան 17-րդ դարին թվագրվող երկրորդ, երրորդ շերտեր: Որմնանկարների 2-3 պատառիկներ կան, որ, ենթադրաբար, 12-րդ դարի են»,-ասում է Մուշեղ եպիսկոպոսը։
Անակնկալների պատճառով՝ հիմնանորոգման համար նախատեսված երկու տարին երկարեց։ Ավելացան նաեւ ծախսերը։ Մայր տաճարի շինարարության մեկնարկից մինչեւ օծում անհրաժեշտ 10 մլն դոլարը հավաքելու նպատակով համահայկական հանգանակություն հայտարարվեց։
«Միգուցե ավելի դյուրին կլիներ դիմել մի քանի կազմակերպությունների կամ անհատ բարերարների, որպեսզի հոգային հիմնանորոգման ծախսերը, բայց Վեհափառ հայրապետի հորդորով՝ որոշում կայացվեց համահայկական դրամահավաք կազմակերպել, որ յուրաքանչյուր հայորդի կարողանա իր մասնակցությունը, իր լուման բերել Մայր տաճարի կառուցման գործում»,- նշում է Մուշեղ սրբազանը։
Անհրաժեշտ գումարի 1/3-րդը հավաքվել էր, երբ համավարակը ուժգնացավ, շինարարությունը դադարեց, սահմանները փակվեցին։ Տարբեր երկրներում բարերարների ու հավատացյալների հետ նախատեսված հանդիպումները չեղարկվեցին։ Մայր Աթոռը կոչով դիմեց համայն հայությանը՝ օգնել Հայաստանին համավարակի պայմաններում, հետո երբ սկսվեց պատերազմը, նաեւ՝ Արցախին։
Ամիսներ անց դրամահավաքը վերսկսվել է, թեեւ՝ ոչ մեծ թափով։ Հավաքվել է անհրաժեշտ գումարի գրեթե կեսը՝ արդեն փոխանցված գումարների եւ տրված խոստումների ձեւով։ Մայր տաճարի շենքի հիմնանորոգումն էլ մոտ 80 տոկոսով ավարտված է։
«Տաճարի ամրակայման աշխատանքները ներսից եւ դրսից 90-95 տոկոսով ավարտված են։ Գմբեթները, զանգակատունն ամբողջությամբ վերաշարվել են։ Այս պահին ընթանում է տանիքի չորս կողմի ծածկերի քարերի փոխարինման աշխատանքը՝ նոր լուծումներով: Դրանց արդյունքում տաճարի տանիքը կդառնա առավել դիմացկուն: Որմնանկարների վերականգնման եւ ուսումնասիրման աշխատանքն ամբողջությամբ ավարտված է։ Տիրոջ կամքով, պատերից ապամոնտաժված մոտ 700 քմ որմնանկարները տարեվերջին նորից կտեղակայվեն։
Առաջիկայում կսկսվեն Մայր տաճարի ներքին սալահատակի նորոգման աշխատանքները։ Ջեռուցման եւ հովացման համակարգերի աշխատանքներն արդեն ընթանում են: Նախնական փուլն է: Կատարվում է արտաքին եւ ներքին ճարտարապետական եւ գեղարվեստական լուսավորության, ձայնային եւ տեսանկարահանման միջոցների ընտրություն: Դրանք անհրաժեշտ են միջոցառումների ժամանակ ուղիղ եթեր ապահովելու համար։
Երբ ասում ենք Մայր տաճար, նկատի ունենք ոչ միայն շենքը, այլեւ՝ Մայրավանքի տարածքն ամբողջությամբ։ Սկսելու ենք նաեւ տարածքի բարեկարգման, լանդշաֆտային դիզայնի աշխատանքները»։
Համահայկական դրամահավաքի համար գործարկվել է cathedral.am կայքը: Այստեղ կարելի է գտնել տեղեկություններ վերանորոգման ընթացքի մասին, հաշվեհամարներ՝ փոխանցումների համար, նաեւ՝ փոխանցման առցանց հնարավորություն: Լինում են նաեւ առձեռն փոխանցումներ՝ թեմերի, քահանաների միջոցով։ Մայր տաճարի լուսարարապետն ասում է, որ բոլորին ստացականներ է տրվում, գումարը, նվիրատուների տվյալների հետ, փոխանցվում է Մայր Աթոռի` հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին։
«Եղել է՝ մարդիկ եկել, ասել են՝ դրամով չեմ կարող օգնել, բայց կարող եմ քար, շաղախ, շինարարական տախտակներ բերել, կամ՝ կարող եմ այսինչ աշխատանքը կատարել։ Շինարարների հետ քննարկել ենք, որ մեկ օր մասնակցի շինարարությանը, ինքն էլ իր հոգու պարտքը տված լինի համայն հայության սրբություն սրբոցին՝ Մայր տաճարին»։
Մուշեղ եպիսկոպոսն ասում է՝ վերջում հաշվետվությամբ հանդես կգան՝ որքան գումար է հավաքվել, ինչպես է ծախսվել։ Եթե գումար ավելանա, կօգտագործեն Մայր տաճարի հետագա պահպանության համար։ Շինարարության ավարտին հուշամատյան է տպագրվելու՝ բոլոր նվիրատուների անուններով։
Լուսարարապետի խոսքով՝ առաջիկա 200-300 տարիների ընթացքում Մայր Տաճարի անվտանգության համար անհանգստանալու կարիք չի լինի։ Եթե ամեն ինչ ընթանա ծրագրվածի համաձայն՝ տարեվերջին Միածնաէջ տաճարը կբացվի հավատացյալների համար, երբեմն պատարագներ կմատուցվեն։ Օծումը նախատեսվում է 2022-ի ամռանը։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Ամբողջական հոդվածը կարդացեք www.mediamax.am կայքում