Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը… իր անձնական միջոցներով եկեղեցի է կառուցում Ամասիայում։
Մայիսի 15-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ տեղի ունեցավ հիմնարկեքի օրհնման արարողությունը։ Ամասիայում տարիներ շարունակ եկեղեցի չի եղել։
Կարլեն Ավետիսյանը, որն այժմ բնակվում է Երևանում, սակայն Ամասիայից է, ասաց, որ որպես եկեղեցի ծառայում է կենցաղ-կոմբինատի նախկին շենքը, որի մի հատվածն անկախության տարիներին տրվել է Շիրակի թեմին ու գործել է «Սուրբ Գևորգ» մատուռանման աղոթատեղին։
«Եկեղեցին կմաքրի մեզ, մի տեսակ չարացել ենք։ Շատերը չարանալը կապում են սոցիալական վիճակի հետ, բայց ես դրա հետ չեմ կապում։ 50-ական թվականներին, ես փոքր երեխա էի, կյանքն ավելի բարդ էր, ֆինանսական, նյութական խնդիրները՝ շատ խիստ, մարդկանց ձեռքը փող չկար, բայց այն ժամանակ էսքան թույն ու չարություն չկար մարդկանց մեջ», -ասաց Կարլեն Ավետիսյանը…..
Ինչևէ, Վահե Հակոբյանն ասաց, որ եկեղեցին բացառապես կառուցում է իր անձնական միջոցներով, այն իր նվերն է Ամասիայի ու ողջ Շիրակի ժողովուրդին։ Նա նաև նշեց, որ Սրբազանի հետ երկար քննարկումներ են ունեցել, խոսել են նաև այն մասին՝ ինչո՞ւ կառուցել հենց Ամասիայում։ «Ես պետք է խոստովանեմ՝ ես չգիտեի, որ Ամասիայում չկա եկեղեցի, և տեսնելով, թե ինչպես են շենքի վրա իմիտացիա արել․ այդ շենքի հակառակ կողմում, որտեղ մարդիկ իրենց աղոթքն են անում և մոմ են վառում, այդ իսկ պատճառով, որոշեցինք, որ եկեղեցին այստեղ պետք է լինի»,-ասաց Վահե Հակոբյանը։ Վահե Հակոբյանն ասաց, որ հյուսիսային այս կետում եկեղեցու կառուցմամբ՝ իրենք ցանկանում են ասել, որ պետք է ամբողջ Հայաստանը միասնական լինի՝ hյուսիսից-hարավ։ Նա նաև նշեց, որ ամեն ինչ անելու են, որ մեկ տարվա ընթացքում եկեղեցին պատրաստ լինի։
Միքայել Սրբազանն էլ իր ելույթում ասաց, որ Ամասիայում եկեղեցի ունենալը տարիների երազանքն է, որն այսօր իրականանում է։ «Համոզված եմ, որ Ամասիայի բնակիչների համար ուրախության առիթ է, նաև ինձ համար, որ անցնող 20 և ավել տարիների ընթացքում միշտ ցանկանալով ցանկացանք, երազեցինք, դիմեցինք, տարբեր դռներ բախեցինք, խոստումներ ստացանք, խոստումները կորսվեցին, մերժվեցինք կամ չմերժվեցինք և ահա եկանք հանգրվանին։ Երբ որ մեզ համար անակնկալ ցանկություն եղավ այստեղ եկեղեցի կառուցելու, դրա համար մեր շնորհակալությունը գնում է պարոն Վահե Հակոբյանին, ով իմանալով Ամասիայի համառոտ պատմությունը և իմանալով Ամասիայի եկեղեցական կարիքը՝ ցանկություն հայտնեց եկեղեցին կառուցելու, ինչի համար շնորհակալ ենք։ Եվ իմ շնորհակալությունը մեծանում է նաև նրանով, ինչը որ ակնարկեցի։ Ի՞նչ ակնարկեցի, այն, որ շատերին դիմել ենք և չի եղել, իրեն չդիմեցինք և եղավ»,-ասաց Սրբազանը։
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել www.aravot.am լրատվական կայքում