Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը`Ծաղկազարդը։ Տերունական տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր:
Այս առիթով Առավոտյան ժամերգության ավարտին, Սուրբ Գայանե վանքի շրջափակում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված բազում մանուկներին: Վերջում հավատացյալներին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:
Բերկրառատ տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Արտակ Սրբազանն իր քարոզում, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Երբ Տերը մուտք է գործում Երուսաղեմ, մարդիկ ամենայն ուրախությամբ և անկեղծ ցնծությամբ օվսաննաներ էին բացականչում, սակայն նույն այդ ժողովուրդն ամբոխ դարձած մի քանի օր անց Պիղատոսի առջև կանգնած պիտի սառնասրտորեն պահանջեր ու գոչեր. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան» (Հովհ. ԺԹ 6): Հիսուս ամեն ինչ գիտեր, սակայն տեղյակ լինելով հանդերձ, մարդ արարածի հանդեպ Իր անհուն սիրով լցված և հնազանդվելով Հոր կամքին` Քրիստոս ուղղեց Իր քայլերը դեպի մահ, որը կյանք պիտի տար ողջ մարդկությանը»:
Անդրադառնալով եկեղեցիներում Ծաղկազարդի առիթով տեղի ունեցող արարողություններին՝ Սրբազան Հայրը նշեց. «Եկեղեցիների այս շքեղ ծաղկազարդումը այսօր պարզապես օրինակ է, առիթ և ներշնչման գրգիռ՝ հավատքի ծաղկուն ոստերով ծաղկազարդելու ինքներս մեզ, մեր ներքին ու հոգեկան և բարոյական անձը:
Հավատքով ծաղկուն ոստերը մեր բարությամբ օծված մտածումներն ու զգացումներն են, մեր աստվածահաճո խոսքերն ու գործերը, առաքինությամբ լցված մեր կենցաղն ու վարմունքը, մեր խաղաղասեր ու խաղաղարար հոգին և մեր սիրով զեղուն նվիրումը, մեր բարեգործ գթածությունն ու առատաձեռն ողորմածությունը, մեր ճշմարիտ աստվածպաշտությունն ու մարդասիրությունը»:
Արտակ Սրբազանը անդրադարձավ նաև վերջին տարում աշխարհը փոթորկող համավարակին և պատերազմներին՝ ընդգծելով. «Այս օրերին, երբ բոլորիս մտքերն ու աղոթքներն ուղղված են ներկա կացությունը փոխելուն, մեր ներքին խռովքը փարատելուն, այսօր առավել քան կարիքն ունենք մեր հայացքները դեպի երկինք՝ դեպի մեր Աստծուն ուղղելու, զղջումի, դարձի և ապաշխարության, կարիք ունենք մեր ներքին բարոյական Գողգոթայի ապրումի, բարոյապես նորոգվելու և նոր ոճ ու մնայուն արժեքներ ստեղծելու, որպեսզի Տերը երկնքից լսի մեր աղոթքը, ների մեզ, բժշկի աշխարհը խռոված համավարակը և դադարեցնի ազգամիջյան պատերազմները»:
Քարոզի ավարտին Սրբազան Հայրը, մեկ անգամ ևս աղոթք վերառաքելով առ Աստված, հայցեց Տիրոջ օրհնոթյունը ամենքի համար, ապա հորդորեց ներկաներին. «Սիրելի մեր ժողովուրդ, այսօր դուք ևս, ձեր հոգևոր պարտեզից վերցված և օրհնված ոստերով ընդունելով Տիրոջը ձեր սրտերում, փառաբանեք և օվսաննաներ վերառաքեք երկնքի ու երկրի Արարչին` չմոռանալով երբեք, որ ամեն ինչում միշտ հավատարիմ պիտի մնանք Նրան, Ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար և Նա՝ Ով լինի խաչին գամված և կամ Հարություն առած, մշտապես գրկաբաց սպասում է մեզ այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից. ամեն»:
Սուրբ Պատարագի ավարտից հետո Ս. Տրդատի բաց խորանի առջև կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնությունը բաշխեց տոնի առիթով Մայր Աթոռ ժամանած երեխաներին՝ այս կապակցությամբ նրանց ընծայելով խաչիկներ: