Տոները և պահոց օրերը սահմանել են առաքյալները, իսկ հետագայում Եկեղեցու սուրբ հայրապետները նոր տոներ ու պահքեր են ավելացրել: Մեր Տիրոջ համբարձումից հետո առաքյալները, Սուրբ Հոգու հրամանով և Պետրոս առաքյալի ձեռքով, Հակոբոս Տյառնեղբորը կարգեցին Երուսաղեմի առաջին եպիսկոպոս ու քահանայապետ: Նա Հովսեփ Աստվածահոր հետ մասնակցել էր աշխարհագրին (տե՜ս Ղուկ. Բ 1-5), որի համար էլ գիտեր Տիրոջ ծննդյան օրն ու ամիսը: Վերջինս իր սքանչելի վարքի համար հրեաների կողմից Արդար անունն էր ստացել:
Առաջին անգամ Հակոբոս Տյառնեղբայրն է կարգել Եկեղեցու տաճարը օրհնելու, սուրբ Սեղան կանգնեցնելու կարգերը և Տիրոջից հետո Վերնատանը առաջինն ինքն է պատարագ մատուցել: Դա եղել է Հոգեգալուստից հիսուն օր անց՝ Վարդավառի տոնին:
Նա է օրինադրել խաչ, աղ և ժամհար օրհնելը: Նա է տոների սկիզբը Աստվածհայտնությունը դրել և տերունական տոների և Քառասնորդաց պահքի համար ընթերցվածներ կարգել. սկսելով Հայտնության ճրագալույցից՝ կարգել է մինչև Հարության ճրագալույցը: Աստվածպաշտության ընթացքում Սուրբ Գրքից հատվածներ ընթերցելու ավանդույթը գալիս է Հին Ուխտից (տե՜ս Հեսու Ը 34, Եզր. Թ 40, 49), և քրիստոնեական առաջին համայնքները դրան հետևելով (տե՜ս Ղուկ. Դ 16-17, Գործք ԺԵ 21), ընդհանրական աղոթքների ժամին կարդում էին Հին Ուխտի գրքերը (տե՜ս Գործք ԺԳ 14-15, 27): Հետագայում դրան ավելացան սուրբ Պողոս առաքյալի թղթերը (տե՜ս Կող. Դ 16, Ա Թես. Ե 27) և ավետարանները, ինչով Հին ու Նոր Կտակարանների ընթերցումները աստվածպաշտության անբաժանելի մասը դարձան: Սա հաստատված է Առաքելական կանոնով:
Երբ Երուսաղեմը ավերվեց (70թ.), քրիստոնյա հավատացյալները գնացին Եգիպտոս՝ իրենց հետ տանելով Հակոբոս Տյառնեղբոր կազմած ընթերցվածների մատյանը, որն այնտեղ անցավ Պետրոս հայրապետի ձեռքը: Վերջինիս մահից հետո այդ մատյանն Անտոն Անապատականի միջոցով անցավ Ալեքսանդր Ալեքսանդրացի հայրապետին ու Աթանաս սարկավագին, ովքեր էլ այն ներկայացրեցին Նիկիայի մեծ ժողովին (325թ.): Այս ընթերցվածի հիման վրա հաստատվեց աստվածային տոների կարգավորությունը, և ըստ այս ընթերցվածների կարգի՝ բոլոր տոների սկիզբը դրվեց Աստվածհայտնությունը: Ապա, Նիկիայի սուրբ ժողովի, հետո նաև սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի և Եկեղեցու մյուս վարդապետների կողմից, աստիճանաբար, կարգվեցին նոր տոներ և ավելացվեցին նոր ընթերցվածներ, որով ընթերցվածների մատյանը ստացավ իր այսօրվա տեսքը՝ Հայ Եկեղեցում անվանվելով Ճաշոց գիրք:
Այնուհետև աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին նորանոր եկեղեցիներ, և ամենուր հաստատվեցին առաքյալների ու հայրապետների կողմից սահմանված տերունական տոները: Այդպես եղավ և Հայաստանում. երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը դուրս ելավ Վիրապից և կենարար Ավետարանի խոսքով լուսավորեց Հայաստան աշխարհը, դրա հետ միասին հաստատեց նաև տերունական տոները:
Եկեղեցու տոները կարգավորվում և հրահանգավորվում են Տոնացույցի միջոցով, որտեղ կատարման հերթականությամբ ներկայացված են տոները, նրանց կատարման կարգը, հնչող շարականները, սաղմոսները և ընթերցվածները: Տոնացույցը Հայ Եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին սուրբ Սահակ Պարթևը (387-436 թթ.) և սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439 թթ.): Հետագայում Հայ Եկեղեցու հայրերը աստիճանաբար այն բարենորոգեցին: Այսպես՝ Գյուտ Արահեզացի (461-478 թթ.) և Հովհաննես Մանդակունի հայրապետները (478-490 թթ.) կարգավորել են տոների ծիսակարգը: Սուրբ Հովհաննես Օձնեցի հայրապետը (717-728 թթ.) ՙԱվագ տոներ՚ -ը կարգել է որպես Աստվածհայտնության տոնի նախատոնակ: Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը (1166-1173 թթ.) Հոգեգալստյան տոնի համար 7, իսկ Վերափոխման տոնի համար 9 տոնական օր է հատկացրել: Գևորգ վարդապետ Լամբրոնացին խմբագրել է Տոնացույցը և առանձին մասերը իրար միավորել: Իսկ Սիմեոն Երևանցի հայրապետը (1763-1780 թթ.) Տոնացույցը համալրել է նոր տոներով և վերջնական խմբագրելով՝ բերել այսօրվա տեսքին:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի